Ադրբեջանական սփյուռք. իրականություն և հեռանկարներ

Ադրբեջանական սփյուռքը որպես «ռազմավարական ռեսուրս»
Ադրբեջանի ազգային անվտանգության հայեցակարգի մշակումներում և ընդհանրապես` երկրի զարգացմանն առնչվող դրույթներում կարելի է հանդիպել այն ձևակերպմանը, որ էներգակիրներից զատ Ադրբեջանի համար էական նշանակություն ունի սեփական ժողովրդագրական ռեսուրսը, որը, մահմեդական միջավայրին բնորոշ հանգամանքներից ելնելով, միտում ունի համեմատաբար արագ բազմանալու։
Սակայն այդ երկրի հատկապես մարզերում առկա սոցիալ-տնտեսական ծանր պայմանների պատճառով անցած տասնհինգ տարիների ընթացքում Ադրբեջանը գրեթե կիսով չափ կորցրել է իր ազգաբնակչությունը։ Ադրբեջանական ընդդիմության, ամերիկյան և ռուսական փորձագիտական տվյալների համաձայն՝ ներկայումս Ադրբեջանի Հանրապետության բնակչությունը կազմում է 4-4.5 միլիոն մարդ։ Ընդ որում՝ արտագաղթը շարունակվում է, չնայած ավելի փոքր չափերով։ Ըստ ռուսական իրավապահ մարմինների գնահատականի՝ այսօր միայն Մոսկվայի շրջանում փաստացի բնակվում ու աշխատում են մոտ մեկ ու կես միլիոն ադրբեջանցիներ, իսկ ողջ Ռուսաստանում` երեք միլիոն։ Ղազախստանում նրանց թիվը կազմում է 150 հազար, Ուկրաինայում ու Ուզբեկստանում՝ 100-հազարական և այսպես շարունակ։ Մինչդեռ ադրբեջանցիներ են արտագաղթել նաև Եվրոպա, Միացյալ Նահանգներ և Թուրքիա (վերջինիս պարագայում՝ հատկապես Նախիջևանից)։
Նման պայմաններում «ժողովրդագրական ռեսուրս» հասկացությունը վերջին տարիներին ադրբեջանական իշխանությունների կողմից ենթարկվեց որոշակի ձևափոխման։ Ներկայումս այդ եզրի ներքո առաջին հերթին հասկացվում է անցած տասը-տասնհինգ տարիների ընթացքում հախուռն կերպով գերազանցապես հետխորհրդային տարածքում ձևավորված սփյուռքը, որի ռեսուրսների օպտիմալ օգտագործումը դարձել է Ադրբեջանի Հանրապետության ազգային զարգացման ռազմավարական պատկերացումների բաղկացուցիչ մաս։
Այդ ամենից զատ, զարգացման որոշակի սցենարների պարագայում, «ժողովրդագրական ռեսուրս» հասկացության սահմաններում է նաև ներառվում այսօր Իրանում բնակվող, Բաքվի պատկերացմամբ, 25 միլիոնանոց ադրբեջանական համայնքը, որը դիտարկվում է որպես «ռազմավարական պահուստ»։
Այս տրամաբանության ներքո են ընկնում նաև Վրաստանում բնակվող մոտ 400 հազար ադրբեջանցիները, որոնց ուղղությամբ տարվող աշխատանքներում վերջին 3-4 տարիներին էապես ակտիվացել են Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը և նրա փաստացի վերահսկողության ներքո գտնվող, Արտերկրում բնակվող ադրբեջանցիների հարցերով զբաղվով պետական կոմիտեն։
Ադրբեջան–սփյուռք կապերի ձևավորումը
Դեռևս խորհրդային տարիներից Ադրբեջանում գործում էր «Վաթան» (ադրբ.` հայրենիք) միությունը, որը Բաքվի համար միակ մարմինն էր շփվելու արտերկրում գտնվող ադրբեջանցիների հետ։
Միևնույն ժամանակ, Երկրորդ աշխարհամարտից հետո գլխավորապես ամերիկյան և թուրքական հետախուզությունների օժանդակությամբ ստեղծվեցին ադրբեջանական ազգային և մշակութային մի շարք կազմակերպություններ (Ադրբեջանական մշակութային միություն, Ադրբեջանցի վտարանդիների կազմակերպություն, Ադրբեջանական ազգային կոմիտե և այլն), որոնց հիմնական նպատակն էր հակախորհրդային, իսկ որոշ դեպքերում՝ նաև հակաիրանական քարոզարշավի անցկացումը։ Այդ կազմակերպությունների թվին պետք է դասել նաև 1920թ. Ադրբեջանի խորհրդայնացումից հետո գերազանցապես Թուրքիայում հաստատված «Մուսավաթ» կուսակցությունը։
Արդեն 1980-ական թթ. կեսերին այդ կազմակերպությունների շնորհիվ ամերիկյան, թուրքական և արևմտաեվրոպական հատուկ ծառայությունները ակտիվ կերպով ներթափանցեցին Ադրբեջան` կապեր հաստատելով վերելք ապրող ազգայնական շարժման և, մասնավորապես, «Ադրբեջանի ազգային ճակատի» ակտիվիստների հետ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ 1979թ. ստեղծված «Ադրբեջանական ազգային կոմիտեի» անդամների միջոցով թուրքական հատուկ ծառայությունները 1980-ական թթ. վերջին «մշակման» էին ենթարկել ներկայումս Ադրբեջանում բավականին հայտնի քաղաքական գործիչների` Իսա Ղամբարին, Էթիբար Մամեդովին, Զուրդուշտ Ալիզադեին, հանգուցյալ Աբուլֆազ Էլչիբեյին և այլոց։
Ադրբեջանական սփյուռքի նույն կազմակերպությունները շոշափելի դերակատարություն են ունեցել Արցախյան պատերազմի ժամանակ` շատ հաճախ ստանձնելով կամուրջի դեր Ադրեջանին թուրքական ուժային կառույցների ցուցաբերած օգնության հարցում։ Նրանք նաև կոնկրետ դերակատարություն են ունեցել Բաքվի մոտ գտնվող Գյուզդեկ, Նասոսնի, Շիխովո բնակավայրերի և Բելոկանի քաղաքի մոտ գործող ռազմաուսումնական կենտրոնների գործունեության խնդրում։
Ադրբեջանական սփյուռքի հիմնական կառույցները
Ադրբեջանական սփյուռքով Բաքվում պետական մակարդակով սկսեցին զբաղվել միայն 2000-ական թթ. սկզբներից։ 2001թ. մայիսի 23-ին լույս աշխարհ եկավ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևի հրամանագիրը «Աշխարհի ադրբեջանցիների առաջին համագումարի անցկացման մասին»։ Համագումարը կայացավ նույն թվականի նոյեմբերի 9-10-ը Բաքվում` 36 երկրներից հավաքված մոտ 1.150 պատվիրակների ու Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։ Թեև համագումարի ավարտին խոսք էր գնում «Աշխարհի ադրբեջանցիների համակարգող խորհրդի» ստեղծման մասին, որի առաջնային նպատակներից մեկը պետք է լիներ միջազգային ուժի կենտրոններում ադրբեջանական լոբբիի ստեղծման աշխատանքը, սակայն հետագայում, հարցի վերաբերյալ ի հայտ եկած տարակարծությունների արդյունքում՝ «համակարգող խորհրդի» գաղափարը հանգեց սոսկ Արտերկրում բնակվող ադրբեջանցիների հարցերով զբաղվով պետական կոմիտեի ստեղծմանը` Հեյդար Ալիևի 2002թ. հուլիսի 5-ի հրամանագրով։
Համաձայն կոմիտեի ներկայացրած տվյալների, անցած ժամանակահատվածում այն կարողացել է կազմակերպչական շոշափելի աշխատանքներ տանել մի շարք երկրներում գտնվող ադրբեջանական համայնքների համակարգման և տեղերում առկա կառույցներն ավելի գործուն դարձնելու ուղղությամբ։ Կոմիտեի աջակցության շնորհիվ անցած երեք տարիներին Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում ստեղծվել են ադրբեջանական հասարակական ավելի քան 80 կառույցներ։ 2003թ. ապրիլին Գերմանիայի Մայնց քաղաքում կայացել է աշխարհի ադրբեջանական համայնքների կազմակերպությունների ղեկավարների Առաջին համաժողովը, իսկ 2004թ. մայիսին Բեռլինում հիմնադրվել է «Եվրոպայի ադրբեջանական կոնգրես» կազմակերպությունը։
Եթե փորձենք ընդհանրացնել, ապա կոմիտեն իր հիմնական առաքելությունը տեսնում է սփյուռքում գործող ադրբեջանական կառույցների համակարգման մեջ` գերնպատակ ունենալով ադրբեջանական միջազգային լոբբիստական ցանցի ստեղծումը և դրա արդյունավետ կառավարումը։
Կոմիտեի գործունեության չհայտարարված մասը կազմում է Բաքվի օգտին լրտեսական աշխատանքի վարումը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ադրբեջանա-իսրայելական հատուկ ծառայությունների համագործակցության տարրերից մեկն էլ հրեական լոբբիստական և հետախուզական կառույցների փորձի փոխանցումն է Բաքվի իրենց գործընկերներին (մասնավորապես, իսրայելական «Մոսադը» Իրանի դեմ հետախուզական գործունեության հարցում հատուկ տեղ է հատկացնում նաև Ադրբեջանի հետախուզական մարմինների միջոցով Իրանի ադրբեջանական համայնք ներթափանցմանը)։
Մերձավոր Արևելքում, նախկին Խորհրդային Միության տարածքում, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում առկա ադրբեջանական սփյուռքի համակարգման ավելի ընդգրկուն փորձ արվել էր դեռևս պաշտոնական Բաքվի վերը նշված նախաձեռնություններից մի քանի տարի առաջ։ 1997թ. Միացյալ Նահանգներում ստեղծվեց Աշխարհի ադրբեջանցիների կոնգրես (ԱԱԿ) կազմակերպությունը։ Նույն` 1997թ., Լոս Անջելոսում կայացավ նրա առաջին համագումարը։ Կազմակերպության ղեկավար մարմիններում գերակշռում են տարբեր տարիների Իրանից արտագաղթած ադրբեջանցիները։ ԱԱԿ նախագահն է Ջավադ Դերյախտին։
Անգամ բուն Ադրբեջանում առկա մի շարք հրապարակումների համաձայն, կազմակերպության ստեղծման և ընթացիկ ֆինանսավորման գործում որոշակի դերակատարություն ունեն ամերիկյան հատուկ ծառայությունները։ Արդեն 1990-ական թթ. կեսերից իրանական թեման Վաշինգտոնի արտաքին քաղաքականության մեջ կրկին ստանում էր առաջնահերթի կարգավիճակ, ուստի նոր ճնշամիջոցի ձեռքբերումը Թեհրանի նկատմամբ կարող էր միայն նպաստավոր լինել ամերիկյան քաղաքականության համար։
Մյուս կողմից՝ ԱԱԿ նկատմամբ անտարբեր չեն նաև իրանական հատուկ ծառայությունները, որոնց հիմնական նպատակն է ոչ թե նվազեցնել ԱԱԿ-ից եկող հավանական վտանգը, այլ` իրանական ազդեցության ներքո գցել կազմակերպությունը։ Եղել են դեպքեր, երբ ԱԱԿ ղեկավար մարմնի այս կամ այն անդամը մեղադրվել է իրանական հետախուզության հետ համագործակցելու մեջ։ Ըստ ամենայնի, պետք է այդ լույսի ներքո դիտարկել 2003թ. աշնանից ԱԱԿ ներսում ի հայտ եկած տարաձայնությունները։ Նախկինում կազմակերպության Բաքվի բաժանմունքի, իսկ հետագայում ԱԱԿ մամլո ծառայության ղեկավար Թեյմուր Էմինբեյլիի գլխավորությամբ ԱԱԿ ղեկավար խորհրդի մի շարք անդամներ 2004թ. հունվարի 30-ից փետրվարի 1-ը Ստրասբուրգում անցկացրին ԱԱԿ հերթական՝ յոթերորդ համագումարը, որի արդյունքում ԱԱԿ նախագահ ընտրվեց Մուհամեդ Ռզա Խեշտին։ Սակայն պաշտոնական Բաքուն ճանաչում է Ջ.Դերյախտիի գլխավորած կազմակերպությունը։
Ի սկզբանե Ռուսաստանի ադրբեջանական համայնքը Բաքվի կողմից դիտարկվում էր որպես սփյուռքի ուղղությամբ տարվող աշխատանքների գլխավոր նպատակակետ։ Պատճառն, անշուշտ, այդ երկրում հանգրվանած միլիոնավոր ադրբեջանցիներն էին և այն հանգամանքը, որ այդ զանգվածը մշակութային առումով առայժմ նույնն է, ինչ Ադրբեջանի բնակչությունը (օրինակ` ի տարբերություն իրանաբնակ ադրբեջանական համայնքի)։
Մյուս կողմից՝ 2000-ական թթ. սկզբներից ԱՊՀ երկրների նկատմամբ վարվող Մոսկվայի քաղաքականության մեջ ավելի ակնառու դարձան Ռուսաստանում գտնվող համայնքները որպես լծակ օգտագործելու տարրերը։ Բացառություն չէր նաև Ադրբեջանը։
2001թ. հոկտեմբերի 4-ին Մոսկվայում Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Հեյդար Ալիևի մասնակցությամբ կայացավ Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի (ՀԱԿ) հիմնադիր համագումարը։ Կոնգրեսի ղեկավար մարմնում ներառված են Ռուսաստանի գործարար, մշակութային, իրավական բնագավառները ներկայացնող՝ ազգությամբ ադրբեջանցի մի շարք գործիչներ («ԼուկՕՅԼ» նավթային հսկայի նախագահ Վագիթ Ալեքպերովը, Մոսկվայում գործող «Կինոգործիչների միջազգային միության» նախագահ Ռուստամ Իբրահիմբեկովը և այլք)։ Կազմակերպության նախագահն է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր Մամեդ Բաղիր Ջավադ-օղլու Ալիևը։ Չնայած այն հանգամանքին, որ ներկայումս Ռուսաստանում գործում են այդ երկրի ադրեջանական համայնքը ներկայացնող բազմաթիվ կազմակերպություններ, սակայն ՀԱԿ-ը, փաստորեն, համարվում է մայր կազմակերպություն։
Ըստ որոշ տեղեկությունների՝ դեռևս 2002թ. գարնանը հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի ցուցումով Ադրբեջանի նախագահական աշխատակազմում ստեղծվել էր հատուկ մի հիմնադրամ, որի տրամադրության ներքո կուտակվող միջոցները պետք է ծառայեին Ռուսաստանի հասարակական-քաղաքական, մշակութային ազդեցիկ ներկայացուցիչների հետ համապատասխան «աշխատանքների» վարմանը, ռուսական ԶԼՄ-ում PR-ակցիաների կազմակերպմանը, Ադրբեջանին վնասող տեղեկատվության չեզոքացմանը և այլն։ Այդ առումով, որպես գործառնական մեխանիզմ հանդես էր գալու ՀԱԿ-ը։ Պատահական չէ, որ ստեղծվելուց շատ չանցած ՀԱԿ-ը կազմավորեց իր սեփական տեղեկատվական-վերլուծական կառույցը, որն իրականում զբաղված է հատուկ ծառայություններին բնորոշ գործունեությամբ։ Հատկանշական է, որ ռուսական մամուլի ներկայացմամբ, ՀԱԿ ֆինանսական միջոցներով զբաղվում են Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության Առաջին վարչության (պատասխանատու է հետախուզության համար) աշխատակիցները, իսկ ՀԱԿ ֆինանսական միջոցների մի զգալի մասը ձևավորվում են ռուսական քրեական դաշտում գործող ադրբեջանական հանցավոր խմբերի հատկացումներից։
Հետևություններ
Այսօր որպես ադրբեջանական սփյուռքը միավորող գաղափարներ ներկայացվում են բաժանված ազգ լինելու (1828թ. Թուրքմենչայի պայմանագրի արդյունքում) և Ղարաբաղի «ազատագրման» դրույթները։ Այդ իմաստով փորձ է արվում ազգային նպատակ հռչակել «Մեծ Ադրբեջանի» ստեղծումը։
Ընդհանուր առմամբ, ադրբեջանական սփյուռքը դեռևս գտնվում է ձևավորման նախնական փուլում։ Այդ առումով, գոյություն ունի բաժանարար հստակ գիծ հետխորհրդային ադրբեջանցիների և պատմականորեն Խորհրդային Ադրբեջանի հետ կապ չունեցող (օրինակ` իրանական կամ թուրքական ադրբեջանական համայնքներ) ադրբեջանցիների միջև։
Վերոհիշյալի լույսի ներքո կարելի է ասել, որ առայժմ պաշտոնական Բաքուն կարողանում է որոշակի հաջողությունների հասնել միայն ադրբեջանական «հարազատ» համայնքների հետ շփման գործում։ Մյուս կողմից՝ օրինակ, ծագումով իրանական ադրբեջանցիների շրջանում ավելի շատ ներկայացված է Թեհրանը, քան Բաքուն։
Եթե ընդունենք այն տեսակետը, որ այսօր ողջ աշխարհում բնակվող ադրբեջանցիների թիվը կազմում է 35-40 միլիոն և այն իրողությունը, որ այսօր Ադրբեջանը հայտնվել է ռազմավարական բնույթ ունեցող մի շարք միջազգային գործընթացների գրեթե կիզակետում, ապա տարօրինակ չպետք է թվա այն հանգամանքը, որ մեծ տերությունները շահագրգռված են տիրանալ ադրբեջանական սփյուռք կոչվող «ռեսուրսին»։
Այսօրվա պաշտոնական Բաքվի համար կարևոր է ներգրավված լինել ադրբեջանական սփյուռքի շուրջ ընթացող զարգացումներում` ոչ միայն «ներկա գտնվելու» կամ «ռեսուրսին» տեր կանգնելու նպատակով, այլև` այնտեղից (մասնավորապես, Ռուսաստանի համայնքից) եկող հավանական սպառնալիքները չեզոքացնելու համար։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՌՈՒՍԱՍՏԱՆ–ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[10.07.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ [19.03.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ [05.03.2009]
- ԱՄԵՐԻԿԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈՒՐՋ [02.02.2009]
- ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՐԵԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[22.01.2009]
- ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻ՞Ն[27.12.2008]
- ԴԻՏԱՐԿՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԱՍԻԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Կենտրոնական Ասիայի նոր վերաձևո՞ւմ[15.12.2008]
- ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ» [27.11.2008]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ[03.11.2008]
- ԻՐԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ[27.10.2008]
- ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.09.2008]