Արցախյան խնդիրը. իրավիճակային վերլուծություն


Այսօր Արցախի խնդիրը հայտնվել է Սև ծով-Կովկաս-Իրան-Կասպյան ավազան-Կենտրոնական Ասիայի շուրջ ընթացող միջազգային գործընթացների կիզակետում, և խնդրի հետ կապված զարգացումներն անհրաժեշտ է դիտարկել այդ համատեքստում։ Նշված տարածաշրջանում իրականացվող նախագծերից ամենածավալունը ԱՄՆ կողմից Արևելյան Եվրոպա-Սև ծով (կամ Թուրքիա)-Հարավային Կովկաս-Կասպյան ավազան-Կենտրոնական Ասիա աշխարհառազմավարական գծի ստեղծումն է (տրանսեվրասիական նախագիծ), որն ունի աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական հստակ նպատակներ։
Այդ նախագծի իրականացման գործում Միացյալ Նահանգների հետ հաճախ նույն դիրքերից է հանդես գալիս նաև Եվրամիությունը, ինչը պայմանավորված է Եվրոպայի էներգետիկ անվտանգության և սեփական ազդեցության հաստատմանն առնչվող խնդիրներով։ Այս իրողությունն ամրապնդում է (գուցե փոքր-ինչ մեխանիկորեն) հյուսիսատլանտյան փոխգործակցությունը` ԱՄՆ-ի համար ապահովելով գլոբալ մակարդակում գործելու լրացուցիչ ռեսուրսներ։
Հիշյալ տարածաշրջանում անհամեմատ ավելի փոքր դերակատարում ունի Ռուսաստանը, որը, սակայն, իր տնտեսական հզորացմանը զուգահեռ, ցուցադրում է մեծ քաղաքականություն վերադառնալու միտումներ։
Հակիրճ ներկայացվածի իրադրությունում տպավորություն է ստեղծվում, որ դեռևս 2005թ. ԱՄՆ և ԵՄ նախաձեռնությամբ մշակվել էր Արցախյան խնդրի «կարգավորման» մի մոդել` ըստ Հարավային Կովկասում տրանսեվրասիական նախագծի տրամաբանության։
Նախաձեռնության շուրջ
Վերոհիշյալ մոդելի դիվանագիտական և տեղեկատվական սպասարկումը սկսվեց ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ղեկավար լորդ Ռասել Ջոնսթոնի՝ հունվարի 9-ի զեկույցով, Ստրասբուրգում (կապված 2005թ. ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հետ) և ԵԱՀԿ նոր գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարլ դը Գուխտի հայտարարությունով։ Համաձայն ներկայացվածի, 2006թ. փետրվարին Ռ.Քոչարյանն ու Ի.Ալիևը խաղաղության պայմանագիր պետք է կնքեին, իսկ հակամարտության գոտում տեղակայվեին խաղաղապահ զորամիավորումներ։
Տեղեկատվական նախապատրաստման խնդիրներ էին իրագործում նաև փոքր-ինչ պայմանականորեն ոչ կառավարական1 կոչվող կազմակերպությունները` International Crisis Group, Eurasia Group և Jane’s Information Group, որոնց ներկայացուցիչներն էլ տեղեկատվական դաշտ նետեցին հավանական կարգավորման մեխանիզմի հետևյալ դրույթները.
- Հայաստանը դուրս է բերում իր զորամիավորումները Արցախի ազատագրված տարածքներից,
- այնտեղ տեղակայվում են միջազգային խաղաղապահ զորամիավորումներ, որոնք չպետք է լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և Հարավային Կովկասին անմիջական հարևան երկրների զորամիավորումներ,
- տեղի է ունենում փախստականների վերադարձ,
- որոշ ժամանակ անց Արցախում կայանում է հատուկ հանրաքվե, որն էլ հստակեցնելու է երկրամասի միջազգային կարգավիճակը։
Ընդ որում, ուշադրություն էր գրավում այն հանգամանքը, որ ներկայացվածը ոչ թե դատողությունների ընդհանուր շարադրանք էր, այլ` Արցախի խնդրի «կարգավորման» կոնկրետ նախագիծ-պայմանագրի կետեր2, որոնց շուրջ, այդ կազմակերպությունների ներկայացուցիչների հավաստմամբ, Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան պաշտոնյաներն արդեն իսկ տվել էին իրենց համաձայնությունը։
Այդ համատեքստում պետք է դիտարկել նաև փետրվարի 10-11-ը Փարիզից մոտ 40կմ հեռու գտնվող Ռամբույե ամրոցում տեղի ունեցած Քոչարյան-Ալիև բանակցություններից առաջ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հեռախոսազանգերը Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին։
Ռուսական գործոնը
Ռուսական գործոնը կարևորվում է այն առումով, որ վերը ներկայացված զարգացումների համատեքստում Մոսկվայի մոտեցումները, թերևս, միակ նշանակալից այլընտրանքային ուղղությունն էին, ինչն էլ հնարավորություն էր տալիս Երևանին ու Բաքվին մանևրելու3։
Ընդհանուր առմամբ, տարածաշրջանային վերջին զարգացումներում Ռուսաստանի քաղաքականության տարր, թերևս, պետք է համարել գազի գնի բարձրացմանը զուգահեռ ընթացող գործընթացները։ Մասնավորապես, Հայաստանի պարագայում այդ հանգամանքը կարող էր Մոսկվայի համար ապահովել լրացուցիչ ազդեցություն Արցախյան բանակցություններում։ Թերևս, այդ էր պատճառը, որ պաշտոնական Երևանն առանձնացրեց հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունը ռուսական գազի գնի շուրջ առկա հակասություններից. ռուսական կողմի համար դա նշանակում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում սեփական դիրքերի ամրապնդում4։
Արդեն այս տարվա հունվարին ռուսական կողմի դիրքորոշումն արտահայտվեց ավելի որոշակի ձևով` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և Ռուսաստանի առաջին փոխվարչապետ, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի հայտարարությունների տեսքով։
Հունվարի առաջին կեսին Բորդյուժան ռուսական Независимое военное обозрение թերթին տված հարցազրույցում նշեց, որ ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի (տվյալ դեպքում նկատի ունենալով Հայաստանը) դեմ ռազմական հարձակումը մեխանիկորեն կդիտարկվի որպես հարձակում կազմակերպության մյուս անդամների դեմ։
Հունվարի 23-ին պաշտոնական այցով գտնվելով Բաքվում՝ Սերգեյ Իվանովը հայտարարեց, որ Արցախյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորումից հետո «կարելի կլինի խոսել խաղաղապահ առաքելության, այդ թվում՝ Ռուսաստանի հավանական մասնակցության մասին»։ «Սակայն առաջին հերթին պետք է կարգավորել հակամարտությունը»,- կրկնել է Իվանովը։
Եվ վերջապես, ԶԼՄ-ում հայտնված տեղեկությունների համաձայն, Ռամբույեի բանակցություններից առաջ կայացել էր Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որը մեծ մասով նվիրված էր Արցախյան խնդրին։
Ընդհանրացնելով` պետք է նշել, որ Ռուսաստանի քաղաքականության նպատակն է թույլ չտալ հակամարտության կարգավորման վերոհիշյալ մոդելի իրագործումը, քանի որ գերազանցապես եվրոպական (ՆԱՏՕ-ական) երկրների զորամիավորումներից կազմավորված «խաղաղապահների»՝ Արցախում տեղակայվելուց Մոսկվան կզրկվեր Հարավային Կովկասում ներկա գտնվելու միակ լուրջ կարողությունից` ՀՀ-ի հետ ռազմաքաղաքական հարաբերություններից։ Հայաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների կորստի դեպքում քիչ հավանական է, որ առաջիկայում Ռուսաստանը վերադառնա Հարավային Կովկաս։
Այսպիսով, Ռուսաստանն Արցախյան խնդրում գործում է «հականախագծային» տրամաբանությամբ, այսինքն՝ չառաջարկելով սեփական մոդելը, այդ տերությունը փորձում է խոչընդոտել արևմտյան նախագծերի իրականացմանը։ Նկատենք, որ Ռուսաստանը նման քաղաքական տրամաբանություն է կիրառում նաև Հարավային Օսիայի և Աբխազիայի հիմնախնդիրներում։ Պետք է ընդունել նաև, որ այդ քաղաքականությունն առայժմ գործում է ի նպաստ ազգերի ինքնորոշման սկզբունքի։
Ռամբույեից հետո
Բանակցությունները Ռամբույեում, ինչպես հայտնի է, ավարտվեցին անարդյունք։ Ըստ էության, Արցախյան հակամարտության ներկայիս «կարգավորման» գերնպատակն է ամերիկյան ու եվրոպական ռազմաքաղաքական կառույցների վերահսկողության հաստատումը հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների վրա, ինչը կարող է արմատապես փոխել ընդհանուր իրավիճակը տարածաշրջանում։ Արցախյան հակամարտության նման «կարգավորումը» նշանակում է Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, Իրանի և Մերձավոր Արևելքի ուղղությամբ աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական անդրատլանտյան նախագծերի էքսպանսիա։
Հստակ է, որ Ռամբույեի բանակցություններին նախորդող ամերիկա-եվրոպական նախաձեռնություններն ի սկզբանե իրենց բովանդակության մեջ չեն էլ կրում հակամարտությունն իրապես կարգավորված տեսնելու նպատակ։ Այլապես Ռամբույեից դեռ շատ առաջ և անգամ մինչև 2005թ. ամառը խնդիր կդրվեր կողմերի միջև առկա շփումների, ինչպես նաև յուրաքանչյուր կողմի ներհասարակական հարաբերությունների հոգեբանական-տեղեկատվական մշակման իրականացումը։ Բացի այդ, նման նպատակի առկայության պարագայում, թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում մենք ականատես կլինեինք ներիշխանական, ինչպես նաև իշխանություն-ընդդիմություն փոխգործակցության տրամաբանությունների որոշակի փոխոփությանը, ինչը չնկատվեց Ռամբույեից առաջ5։
Ռամբույեի բանակցությունների ձախողումից հետո Հայաստանի ԱԳՆ արտահայտած լավատեսությունը զուգորդվեց եվրոպական ու ամերիկյան ներկայացուցիչների արտահայտած դժգոհությունների հետ։ Այդ հանգամանքը կարող է նշանակել, որ առաջիկայում պաշտոնական Երևանի ուղղությամբ, թերևս, կիրառվեն որոշ ճնշամիջոցներ6։ Միևնույն ժամանակ, անկնհայտ է, որ Բաքվում նույնպես համաձայն չէին «խաղաղապահ առաքելության» գաղափարին։ Հետևաբար, առաջանում է մանևրելու հնարավորություն։
Հունվարի 24-ին Բաքվում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի` ադրբեջանական կողմին արված առաջարկությունը («Կասֆորի» ստեղծման վերաբերյալ) նույնպես հարկ է դիտարկել Արցախյան խնդրի շուրջ ծավալվող գործընթացների համատեքստում։ Բացառված չէ, որ Մոսկվայում փորձում են «Կասֆորի» միջոցով ապահովագրվել Արցախյան հարցում արևմտյան կողմի ցանկացած «ճեղքման» արդյունքում Հարավային Կովկաս-Կասպյան ավազան-Կենտրոնական Ասիա գծում սեփական դիրքերի թուլացումից։ Հետևաբար, «Կասֆորը» դիտարկվում է որպես ամերիկա-եվրոպական հավանական առաջընթացին խոչընդոտող լրացուցիչ համակարգ։
Իրանի պարագայում ուշագրավ էին փետրվարի 14-ին Երևանում այդ երկրի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքիի հայտարարությունները` կապված Իրան-Հայաստան նավթամուղի կառուցման և երկու երկրների միջև երկաթգծային հաղորդակցության վերականգնման հետ։ Ակնհայտ է, որ Արցախյան խնդրի «կարգավորումը» (խաղաղապահների տարբերակ և աշխարհաքաղաքական շրջափակում) Թեհրանում դիտարկում են որպես ուղղակի սպառնալիք սեփական ազգային անվտանգությանը։ Այդ առումով պաշտոնական Երևանը պետք է որ զգա իրանական կողմի առնվազն անուղղակի աջակցությունը։ Ի դեպ, նույնը կարելի է ասել նաև Բաքվի դեպքում։ Ադրբեջանական կոշտ դիրքորոշումը նպաստում է, որպեսզի «կարգավորման» վերաբերյալ որևէ փոխհամաձայնություն ձեռք չբերվի, ինչի առնչությամբ էլ մտահոգված են Թեհրանում7։
Արցախի խնդրի համատեքստում շատ կարևոր են Կոսովոյի շուրջ ընթացող զարգացումները։ Ըստ որոշ տեղեկությունների, փետրվարի սկզբին Լոնդոնում կայացած Կոսովոյի հարցով Կոնտակտային խմբի նիստի արդյունքում որոշում է կայացվել արդեն 2006թ. ընթացքում ավարտին հասցնել երկրամասին միջազգային կարգավիճակի շնորհման գործընթացը։ Այդ առումով հարկ է հիշեցնել Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի հայտարարությունը, թե Կոսովոյի հարցի լուծումը պետք է կրի ունիվերսալ բնույթ. այլ չճանաչված պետություններ նույնպես կարող են ստանալ միջազգային կարգավիճակ։ Ենթադրելի է, որ ռուսական դիվանագիտությունը կարող է Արցախյան խնդրի շուրջ ընթացող բանակցություններում ակտիվ կերպով օգտագործել այդ բանաձևը։
Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել Ռամբույեից հետո տեղեկատվական դաշտում մի պահ տիրապետող դարձած այն լուրերին, թե Ռամբույեում Հայաստանի նախագահը կիսատ է թողել բանակցությունները` պատճառաբանելով Հայաստանի պաշտպանության նախարարի աներոջ մահը։ Այդ տեղեկությունը, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, թե փոխհամաձայնություն է ձեռք բերվել բանակցությունների սեղանին առկա ինը կետերից յոթի վերաբերյալ, տեղեկատվական դաշտում, առաջին հերթին, ներկայացվեց որպես հայկական կողմի թուլության նշան։
Զգացվում է, որ փորձ է արվում Հայաստանի դեմ վարել տեղեկատվական-հոգեբանական բնույթի ավելի կատարյալ գործողություններ։ Ընդ որում՝ մեծ է հավանականությունը, որ այդ գործողությունների հետևում կանգնած լինեն ոչ միայն ադրբեջանական կառույցները։ Այդ տեսակետի օգտին է խոսում այն փաստը, որ Ռամբույեից Ռ.Քոչարյանի իբր անակնկալ կերպով մեկնելու մասին տեղեկությունը չափից դուրս մեծ արձագանք գտավ տեղեկատվական դաշտում։
Եվ վերջապես, ներկայում առաջնային կարևորություն են ստացել խնդրի կապակցությամբ Միացյալ Նահանգների, Եվրամիության և Ռուսաստանի միջև տարվող հետկուլիսային բանակցությունները8, որի արդյունքները կարող են ի հայտ գալ մարտի սկզբին Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ժամանակ։
1 Հակամարտության կարգավորման ակտիվ միջնորդի, իսկ ավելի լայն առումով` ամերիկյան ու եվրոպական շահերի առաջամարտիկի դերում փորձարկվեց «ոչ կառավարական» կազմակերպությունների ձևաչափը։ Պետք է ենթադրել, որ արևմտյան դիվանագիտությունների կողմից «ոչ կառավարական», վերլուծական կազմակերպությունների ներգրավումը միջազգային հիմնախնդիրներում դեռ կունենա իր շարունակությունը, և այստեղ նկատելի են մեթոդաբանական նմանությունները այլ երկրներում ամերիկյան կամ եվրոպական հովանավորությամբ գործող հասարակական կազմակերպությունների աշխատանքի բնույթի հետ։
2 Մասնավորապես, նման ենթադրության կարելի է հանգել նյույորքյան Eurasia Group խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Յան Բրեմերի հայտարարությունից. «Բուշի վարչակազմի մարդկանց հետ իմ խոսակցություններից պարզ է, որ կողմերը շատ մոտ են նախնական համաձայնության կնքմանը։ Կարծում եմ, որ պայմանագիրը, փաստորեն, պատրաստ է»:
3 Անշուշտ, այս դեպքում գոյություն ունի նաև Իրանի գործոնը, սակայն խնդիրը հանգում է միջազգային համակարգում այդ երկրի ունեցած ազդեցությանը, ինչը պարզապես անհամեմատելի է Ռուսաստանի կարողությունների հետ։
4 Ի դեպ, 2005թ. հոկտեմբերին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի այցը Պենտագոն կարելի է դիտարկել որպես Արցախյան խնդրի կապակցությամբ ԱՄՆ-Հայաստան-Ռուսաստան եռանկյունում որոշակի առումով նոր զարգացումների մեկնարկային կետ։
5Խնդրի վերաբերյալ ադրբեջանական կամ հայկական տեղեկատվական դաշտերում նկատվող «որակական» տեղաշարժը կամ տվյալ երկրի քաղաքական ու հասարակական ուժերի միջև առկա փոխգործակցության տրամաբանության փոփոխությունը կարող են ընկալվել որպես Արցախյան խնդրի կարգավորման գործընթացի` իրավիճակը բնութագրող ցուցիչներ։
6 Հարկ է նշել, որ տարբեր ժամանակներում իսլամական մի քանի միջազգային կազմակերպությունների կողմից Արցախի խնդրի վերաբերյալ հակահայկական բանաձևերի ընդունման (որով երբեմն-երբեմն հպարտանում են Բաքվում) հետևում կարող է կանգնած լինել ամերիկյան կամ եվրոպական դիվանագիտությունը, նպատակը Երևանի ուղղությամբ ճնշման բանեցումն է։
7 Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված միջազգային լարված իրադրության համատեքստում Արցախյան խնդրի «կարգավորումը» կարող էր նշանակել ԱՄՆ կողմից իսլամական հանրապետության աշխարհաքաղաքական շրջափակման գործում գրանցված առաջընթաց։
8 Այդ բանակցություններն արդեն իսկ սկսվել են։ Փետրվարի 16-ին Վիեննայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ու «Եվրոպական եռյակի» (ներկայացնում էին Եվրամիության ներկա և ապագա նախագահներ՝ Ավստրիայի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարներ Ուրսուլա Պլասնիկն ու Էրկի Տուոմիոյան, արտաքին կապերի և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդները, ինչպես նաև ընդլայնման ու անվտանգության հարցերով հանձնակատար Խավիեր Սոլանան) միջև կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, այդ թվում` Արցախյան հակամարտությանն առնչվող հարցեր։
Թեմայի վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացրել նաև «Նորավանք» հիմնադրամի փորձագետ Կարեն Վերանյանը։
Ի տարբերություն հետխորհրդային այլ հակամարտությունների, Արցախի հիմնախնդիրը քաղաքական, իրավաքաղաքական տեսանկյունից ստացել է առավել միջազգայնացված բնույթ։ Այն դեպքում, երբ աբխազական կամ հարավօսական հակամարտությունները, գտնվելով տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների հարթությունում, ներկայումս ընդունել են համեմատաբար տեղայնացված բնույթ՝ գերազանցապես դրվելով ռուս-վրացական դիվանագիտական և ոչ դիվանագիտական հարաբերությունների հարթություններում։ Կարելի է ասել, որ ի տարբերություն ԱՊՀ տարածքում գործող հակամարտությունների, Ղարաբաղյան հիմնախնդիրը գտնվում է բազմակողմանի համագործակցության հարթությունում, ինչն իր հերթին էապես մեծացնում է հակամարտության դերակատարումը հարավկովկասյան և, ի վերջո, եվրասիական աշխարհառազմավարական գործընթացներում։
Չնայած արտաքին այլ կենտրոնների, որոնք հարավկովկասյան հակամարտություններում գերազանցապես ներգրավված են Արցախյան հիմնախնդրի կարգավորման մեջ, ռուսական կողմն, ըստ էության, ուղղակի մասնակցություն ունի աբխազական ու հարավօսական հակամարտություններում։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՌՈՒՍԱՍՏԱՆ–ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[10.07.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ [19.03.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ [05.03.2009]
- ԱՄԵՐԻԿԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈՒՐՋ [02.02.2009]
- ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՐԵԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[22.01.2009]
- ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻ՞Ն[27.12.2008]
- ԴԻՏԱՐԿՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԱՍԻԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Կենտրոնական Ասիայի նոր վերաձևո՞ւմ[15.12.2008]
- ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ» [27.11.2008]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ[03.11.2008]
- ԻՐԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ[27.10.2008]
- ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.09.2008]