• am
  • ru
  • en
Версия для печати
06.07.2006

Ղարաբաղյան հիմնախնդիր. իրավիճակային վերլուծություն

EnglishРуский

   

Սարգիս Հարությունյան

Զարգացումներ Ռամբույեից հետո

Ռամբույեում տեղի ունեցած բանակցությունների գլխավոր արդյունքը եղավ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբից, փաստորեն, առանձնացավ ամերիկյան դիվանագիտությունը։ Ռամբույեի արդյունքները Վաշինգտոնի համար կարծես թե դարձան հարմար փաստարկ՝ հիմնավորելու սեփական միակողմանի քայլերը Ղարաբաղյան հարցում։

2006թ. մարտից-մայիս ընկած ժամանակահատվածում Հարավային Կովկաս այցելեցին ԱՄՆ պետքարտուղարությունում Ղարաբաղյան հարցով զբաղվող բոլոր բարձրաստիճան ներկայացուցիչները` Քոնդոլիզա Ռայսի եվրոպական ու եվրասիական հարցերով օգնական Դենիել Ֆրիդը, նրա տեղակալ Մեթյու Բրայզան և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը1:

Այդ այցելությունների գագաթնակետ, թերևս, պետք է համարել մայիսի 24-25-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների` Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի, Դենիել Ֆրիդի և Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Պիեր Մորելի, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Սթիվեն Մանի (ԱՄՆ) ու Բեռնար Ֆասյեի (Ֆրանսիա) Բաքու և Երևան կատարած այցերը։ Ըստ էության, այդ այցերի ժամանակ վերջնականապես հստակեցվեցին միջնորդ կողմերի այն առաջարկությունները, որոնք նախապես քննարկվել էին մայիսի 18-ին Ստրասբուրգում կայացած Օսկանյան–Մամեդյարով հանդիպման ընթացքում և որոնք պետք է ներկայացվեին հունիսի սկզբին Բուխարեստում սպասվող Ռոբերտ Քոչարյան–Իլհամ Ալիև հանդիպմանը։

Ղարաբաղյան հիմնախնդրի կապակցությամբ` ԱՄՆ քաղաքականության բնորոշ տարր պետք է համարել նաև ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հետ մարտի 27-ին Հայաստանի կնքած համաձայնագիրը (որի արդյունքում առաջիկա հինգ տարիներին Երևանը կարող է ստանալ ավելի քան $236.5 մլն), ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության` աշխարհում թմրամիջոցների ապօրինի շրջանառության վիճակի մասին զեկույցում ԼՂՀ (որպես տարանցիկ երկիր) մատնանշումը, և ավելի ուշ` հունիսի 5-ին, ԱՄՆ պետքարտուղարության հրապարակակած մարդկանց առևտրի (թրաֆիկինգի) հինգերորդ ամենամյա զեկույցում Հայաստանը որպես «սկզբնաղբյուր երկիր» նշելը։

Ռամբույեից հետո ընկած ժամանակաշրջանում ավելի որոշակի դարձավ այն աջակցությունը, որը եվրոպական դիվանագիտությունը ցույց է տալիս Վաշինգտոնին Ղարաբաղյան իրավիճակի փոփոխության գործում։ Մասնավորապես, դրա օգտին են խոսում փետրվարին տարածաշրջան կատարած Եվրամիության (ԵՄ) արտաքին հարաբերությունների ու եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտո Ֆերերո-Վալդների այցը, ինչպես նաև մարտին և մայիսին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբեի հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման առումով իր ներկայացրած կառույցը պատրաստ է շրջան ուղարկել խաղաղապահ առաքելություն, ինչպես և` նպաստել հետկոնֆլիկտային իրավիճակի կարգավորմանը։

Նույն համատեքստում պետք է դիտարկել 2006թ. ապրիլի 11-13-ը Բեռնար Ֆասյեի այցերը Բաքու ու Երևան, մայիսի 4-ին Վիլնյուսում ԵՄ արտաքին ու անվտանգության քաղաքականության գծով հանձնակատար Խավիեր Սոլանայի հայտարարությունը («ԵՄ-ը շարունակելու է ակտիվորեն մասնակցել Հարավային Կովկասում սառեցված հակամարտություններիի հանգուցալուծմանը»), և վերջապես, մայիսի 30-ին Փարիզում կայացած Ժակ Շիրակ–Իլհամ Ալիև հանդիպումը։

Ռամբույեից հետո Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված հաջորդ կարևոր տեղաշարժը Ռուսաստանի ազդեցության մեծացումն էր Հայաստանում։ Ս.թ. ապրիլի 6-ին Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի և Իրան–Հայաստան գազամուղի հայկական հատվածի հանձնումը Մոսկվային հարկ է դիտարկել նաև Ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում։ Երևանի կողմից Մոսկվայի օգտին նման որոշում կայացնելը կարող էր վկայել Վաշինգտոնի ու Փարիզի հետ ունեցած խնդիրների մասին։

Նույն տրամաբանության ներքո է ընկնում մարտի 13-14-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի այցը Երևան, ինչպես նաև ապրիլի 20-ին Հայաստանի մայրաքաղաքում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի գլխավորությամբ կայացած Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում և Հայաստանում Ռուսաստանի դեսպանների խորհրդակցությունը։

Միևնույն ժամանակ, սակայն, Ռուսաստանը լուրջ փորձեր կատարեց ընթացող զարգացումների համատեքստում մեծացնել իր ազդեցությունը Ադրբեջանում։ Ս.թ. փետրվարի 21-22-ը Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի և մայիսի 30-31-ը պաշտպանության նախարար Ս. Իվանովի այցերը Բաքու և այստեղ արված հայտարարությունները վկայում են միայն այդ մասին։

Ընդհանուր առմամբ, բուխարեստյան հանդիպումից առաջ պահպանվում էր աշխարհաքաղաքական այն տրամաբանությունը, որն առկա էր Ռամբույեի նախօրեին` Ղարաբաղյան հիմնախնդրում իրավիճակը փոխելու ամերիկա-եվրոպական նախաձեռնությանը զուգահեռ հանդես էին գալիս status quo-ն նույնը պահելուն միտված Մոսկվայի և Թեհրանի քաղաքականությունները։

Բուխարեստյան հանդիպում. դիտարկումներ

Ինչ վերաբերում է բուխարեստյան հանդիպման «ակնկալիքներին», ապա հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղարաբաղյան բանակցությունների ներկայիս ակտիվացման հիմնական նպատակը հարավկովկասյան status quo-ի փոփոխությունն է` քիչ հավանական էր, որ մինչև հուլիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Մեծ ութնյակի գագաթաժողով որևէ լուրջ տեղաշարժ գրանցվեր տարածաշրջանային փոխդասավորվածությունում։

Այդ առումով` գլխավոր ցուցիչը իրանական հարցն է։ Վիեննայում կայացած «վեցնյակի» հանդիպումից և իրանական կողմին ներկայացված առաջարկությունների փաթեթից հետո փոքր է հավանականությունը, թե ընդհանուր զարգացումների համատեքստում նաև այդ հարցի առնչությամբ որևէ կոնկրետ փոխհամաձայնություն ձեռք բերվի մինչև պետերբուրգյան գագաթաժողով:

Բնականաբար, թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմերին պարզապես ձեռնտու չէր աննախադեպ պայմանավորվածությունների միջոցով որոշակիացնել իրենց դիրքորոշումը տարածաշրջանային զարգացումներում, երբ անհայտ են պետերբուրգյան հանդիպումների արդյունքները:

Երկրորդ` գաղտնիք չէ, որ հատկապես ադրբեջանական կողմը մեծ հույսեր էր կապում անցած ապրիլի 28-ին Վաշինգտոնում կայացած Բուշ-Ալիև հանդիպման հետ: Սակայն իրականում պետք չէ բացառել այն հանգամանքը, որ առավելագույնը, ինչ ստացել էր Ալիևը այդ հանդիպումից` հենց հանդիպման փաստն էր: Այլ պարագաներում նմանատիպ մի հանդիպում պարզապես չէր էլ կարող լինել` հաշվի առնելով 2003թ. հոկտեմբերին և 2005թ. նոյեմբերին Ադրբեջանում կայացած համապետական երկու ընտրությունները, որոնց արդյունքում իշխանությունը Ալիև-ավագից փոխանցվեց որդուն` Իլհամին: Հետևաբար Բուշի վարչակազմի իրական զիջումը Ալիև-կրտսերին (օրինակ, իրանական հարցի դիմաց) կարող է կայանալ զուտ հանդիպման (այսինքն` Իլհամի լեգիտիմացման) փաստի մեջ: Մի հանդիպում, որի պատճառով ևս մեկ անգամ անտեսվեց Բուշի դոկտրինի հիմնական տարրը` «ժողովրդավրության տարածումը ողջ աշխարհով» և որի արդյունքում Սպիտակ տունը հայտնվեց Կոնգրեսի սուր քննադատության ներքո:

Այդ իմաստով, կարելի է կարծել, որ ամերիկյան ու եվրոպական դիվանագիտությունների նախաձեռնությամբ Ռամբույեում և Բուխարեստում կայացած հայ-ադրբեջանական բարձր մակարդակի քննարկումների` այս ժամանակահատվածի կտրվածքով առաջնային նպատակն էր հուլիսի կեսերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Մեծ ութնյակի հանդիպումից առաջ Ռուսաստանի նկատմամբ ճնշում բանեցնելը։ Սակայն, մյուս կողմից, անցած կես տարում Վաշինգտոնը կարող էր ամրագրած լինել մի շատ էական հանգամանք` ցանկացած ճնշում Երևանի ու Բաքվի ուղղությամբ միայն մեծացնում է Մոսկվայի դերակատարությունը Հարավային Կովկասում:

Հեռանկարներ

Հեռանկարների առումով` որպես առաջնային կարևորության հանգամանք պետք է առանձնացնել Մեծ ութնյակի առաջիկա գագաթաժողովից հետո ստեղծվող իրավիճակը։ Ապրիլ-մայիս ժամանակահատվածում իրանական հարցի, ռուս-ամերիկյան և չին-ամերիկյան հարաբերություններում նկատված` վերջին տարիների կտրվածքով աննախադեպ լարվածությունից հետո, ներկայում միջազգային նշանակության մի շարք հարցերի առնչությամբ ընթանում են նախակոնսենսուսային զարգացումներ. ամերիկա-իրանական հավանական պայմանավորվածությունը, ԱՄՆ կողմից իրաքյան կամպանիայի ռազմավարության վերանայումը, իրավիճակի անորոշությունը Ուկրաինայում, Ղազախստանի շուրջ ընթացող զարգացումները (այդ երկրի էներգակիրների արտահանման խնդիրն ու աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցում միմյանց հնարավորինս հավասարակշռող տարրերի երևան գալը) ևն։

Պետերբուրգյան գագաթաժողովը փորձելու է գտնել որոշակի հարցերի առնվազն միջնաժամկետ պատասխանները։ Սակայն Սանկտ Պետերբուրգում կայանալիք քննարկումների ցանկացած ելք կարող է ուղղակիորեն անդրադառնալ հարավկովկասյան աշխարհաքաղաքական փոխդասավորվածության տրամաբանության, հետևաբար` Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակի վրա։

Ղարաբաղյան հիմնախնդրի առումով` հաջորդ կարևոր գործոնը տարածաշրջանային մի շարք գործընթացների հեռանկարն է։ Այդ տեսակետից` հատկապես կարևորություն են ներկայացնում ռուս-ադրբեջանական հարաբերություններում նկատվող զարգացումները, Վրաստանի և Ռուսաստանի միջև լարվածության հավանական մեծացումը: Եվ վերջապես, ուշադրություն է գրավում Ղարաբաղի շուրջ զարգացումներում Թուրքիայի «պասիվ» դերակատարությունը. այդ առումով, թերևս, պետք է սպասել Անկարա–Երևան հարաբերություններում նոր տարրերի ի հայտ գալուն։

1Ընդամենը երեք ամսվա ընթացքում Ֆրիդը և Բրայզան տարածաշրջան այցելեցին երկուական անգամ, Մանը` երեք։ Բացի այդ, նշված ժամանակահատվածում Բաքվում էին նաև ԱՄՆ պետքարտուղարության քաղաքական ծրագրավորման բաժնի ղեկավար Սթեֆըն Կրասները և պետքարտուղարության առևտրական ու գործարարական հարցերով հատուկ բանագնաց Ֆրենկ Մերմուդը։ Օրերս հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Սթիվեն Մանին փոխարինելու է Մեթյու Բրայզան: Հիշեցնենք, որ Մանը հրաժարական էր տվել բուխարեստյան հանդիպումից անմիջապես հետո:

15 հունիսի, 2006թ.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր