Իրանական զարգացումներ. ռազմական հարվածի հավանականությունը

Մարտի 24-ին ՄԱԿ Անվտանգության խորհուրդն (ԱԽ) ընդունեց թիվ 1747 բանաձևը, որով խստացվում են Իրանի նկատմամբ դեռևս 2006թ. դեկտեմբերի 23-ի նմանատիպ փաստաթղթով հաստատված պատժամիջոցները։
Ըստ նոր բանաձևի՝ Իրանին արգելվում է զենքի, զինտեխնիկայի արտահանումը, ինչպես նաև սառեցվում են մի շարք կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց բանկային հաշիվները, որոնք որոշակի առնչություն ունեն իսլամական հանրապետության միջուկային ծրագրի հետ։ Էլ ավելի կարևոր է, որ ՄԱԿ ԱԽ-ը սահմանել է 60-օրյա ժամկետ, որի ընթացքում Թեհրանը պետք է բավարարի բանաձևով առաջ քաշված պահանջները. առաջին հերթին դադարեցնի ուրանի հարստացման աշխատանքները։ Հակառակ պարագայում, ՄԱԿ ԱԽ-ը անցնելու է նոր միջոցների կիրառման հարցի քննարկմանը։
Սկզբունքային նորությունն այն է, որ պատժամիջոցների խստացմանը կողմ է արտահայտվել նաև Ռուսաստանը։ Կարևորն այստեղ ոչ այնքան կոնկրետ բանաձևի նկատմամբ Մոսկվայի մոտեցումն է, որքան ընդհանուր՝ իրանական հարցի վերաբերյալ ռուսական դիվանագիտության փոփոխությունը։ Եթե նախկինում միջազգային մակարդակում կար ազդեցիկ երկրների մի խումբ (Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա), որոնք փաստացի համաձայն էին իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթի հետ, ապա վերջին ամիսներին խնդրի առնչությամբ եվրոպական դիրքորոշման կոշտացման ֆոնին ռուսական քաղաքականության մեջ նման տեղաշարժը, իրականում, փոխում է իրավիճակը կամ առնվազն կարող է վկայել իրավիճակի փոփոխության մասին։ Պատահական չէ, որ թիվ 1747 բանաձևի օգտին կողմ են քվեարկել ՄԱԿ ԱԽ բոլոր 15 անդամները, այդ թվում՝ իրանական հարցի առնչությամբ մեղմ դիրքորոշումներով առանձնացող Կատարը, Ինդոնեզիան և Իտալիան1։
Առկա է նաև ժամանակի գործոնը։ Իրանական հարցի առնչությամբ միջազգային քաղաքականության մեջ վերոհիշյալ փոփոխությանը զուգահեռ, արդեն իսկ հայտնի է նոր իրավիճակի նկատմամբ Իրանի քաղաքական ղեկավարության կոշտ դիրքորոշումը2։ Քանի որ ընդհանուր լարվածությունն աճել է, և գոյություն ունի «վերջնաժամկետ» տարրը, ապա 60-օրյա փուլի ավարտից հետո իրավիճակը չի կարող նույնը մնալ։ Հաշվի առնելով ներկայացվածը՝ իրավիճակի հետագա զարգացման մեջ ներկայումս աճում է հենց ռազմական հարվածի հավանականությունը։ Այսինքն՝ ժամանակն աշխատում է այդ տարբերակի օգտին։
Փոփոխություն Ռուսաստանի քաղաքականության մեջ
Թեև իրանական հարցի առնչությամբ Ռուսաստանը դեմ է ռազմուժի կիրառմանը և իսլամական հանրապետությունը դիտարկում է որպես Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ամերիկյան ազդեցության ընդլայնման կարևոր խոչընդոտ, սակայն խնդրի առնչությամբ ռուսական քաղաքականության մեջ տեղի են ունեցել փոփոխություններ։
2007թ. հունվարի 17-ից իրանական կողմը դադարեց վճարել Բուշեհրի ԱԷԿ-ի շինարարությունն իրականացնող ռուսական «Атомстройэкспорт» ընկերությանը՝ պատճառաբանելով աշխատանքների դանդաղ ընթացքը։ Չնայած մարտի 26-ին «Атомстройэкспорт»-ը հայտարարեց, թե հունվարից ի վեր ստացել է դրամական առաջին փոխանցումը, սակայն հարցը վերջնականապես փակված չէ, քանի որ ռուսական կողմի ներկայացմամբ՝ չի կատարվել անհրաժեշտ վճարումների ողջ ծավալը։
Երկրորդ կարևոր հանգամանքը. 2006թ. սեպտեմբերի 26-ին կնքված ռուս-իրանական պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանը 2007թ. մարտից պետք է սկսեր Բուշեհրի ԱԷԿ-ի գործարկման համար նախատեսված վառելիքի մատակարարումը։ 2007թ. մարտին վառելիքի մատակարարումը տեղի չունեցավ։ Ներկայումս անհայտ են հարցի կարգավորման ժամկետները3։
Երրորդ՝ նոր պայմաններում, հետևաբար, անորոշ են դարձել նաև Բուշեհրի ԱԷԿ-ի աշխատանքների, այսպես կոչված, ֆիզիկական ու էներգետիկ մեկնարկների ժամկետները (նախկինում որպես ժամկետներ նշվում էին, համապատասխանաբար, 2007թ. սեպտեմբեր ու նոյեմբեր ամիսները)4։
Չորրորդ՝ այդ ամենի ֆոնին 2007թ. փետրվարի 26-ին Իրանի խորհրդարանը հավանության արժանացրեց կառավարության առաջարկը՝ միջուկային էներգիայի ոլորտում հետազոտությունների խթանման ու նոր ատոմակայանների շինարարության համար։ Սյդ նպատակով իրանցի օրենսդիրներն առանձնացրին $1.3 մլրդ։ Արդեն մարտի 6-ին Իրանի փոխնախագահ ու Ատոմային էներգիայի իրանական կազմակերպության ղեկավար Գոլամռեզա Աղազադեն հայտարարեց նոր ԱԷԿ-ի կառուցման մեկնարկի մասին5։
Հինգերորդ՝ մարտի 13-ին Ռուսաստանի Ատոմային էներգիայի դաշնային գործակալության6 մամլո քարտուղար Սերգեյ Նովիկովը հայտարարեց, թե Բուշեհրի ԱԷԿ-ի շինարարության վրա աշխատող ռուս մասնագետներն աստիճանաբար լքում են Իրանը։ Թեև մարտի 20-ին «Атомстройэкспорт» ընկերությունը հերքեց այդ տեղեկությունը, սակայն ուշադրություն են գրավում հետևյալ կետերը.
- հայտարարությունը չի հերքվել գործակալության կողմից,
- հայտարարությունը չէր կարող լինել թյուրիմացության արդյունք, քանզի կատարվել է Ռուսաստանում ատոմային էներգիայի ոլորտը վերահսկող պետական կազմակերպության մամլո քարտուղարի կողմից,
- «Атомстройэкспорт» ընկերությունը նման կարևոր հայտարարությունը հերքեց միայն յոթ օր անց։
Եվ վեցերորդ՝ ոչ պակաս կարևոր հանգամանք է այն, որ ծագած հարցերի առնչությամբ կողմերը սկսեցին վարել տրամագծորեն հակառակ տեղեկատվական կամպանիաներ։ Ընդհանուր առմամբ, ռուս-իրանական միջուկային համագործակցության մեջ առաջացած տարաձայնությունների հրապարակումն աննախադեպ է, ինչը կարող է վկայել այլ նպատակների մասին։
Հայտնի է, որ Բուշեհրի ԱԷԿ-ի շինարարության ընթացքը և կայանին վառելիքի մատակարարումը Մոսկվան շատ հաճախ օգտագործել է որպես ճնշամիջոց Թեհրանի նկատմամբ։ Սակայն ներկա իրավիճակը բնութագրվում է նրանով, որ տարաձայնություններին զուգահեռ՝ Մոսկվան իրանական հարցի առնչությամբ սկսեց հանդես գալ քաղաքական բնույթի նոր հայտարարություններով։ Հետևաբար, ի հայտ եկած ռուս-իրանական հակասությունները դժվար թե վկայեն բուն Բուշեհրի ԱԷԿ-ի կառուցման հարցի հետ կապված հերթական ակցիայի մասին։
2007թ. մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնային խորհրդի Միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ և հասարակական դիվանագիտության ոլորտում Կրեմլի տեսակետը ներկայացնող Միխայիլ Մարգելովը Վաշինգտոն ու Թեհրան կատարած իր այցերից հետո հայտարարեց, թե հնարավոր է, որ իրանական միջուկային ծրագիրը կրում է ռազմական բնույթ, և այդ առումով չի բացառվում Իրանի դեմ ամերիկյան ռազմուժի կողմից կետային հարվածների իրականացումը։
Մարտի 18-ին ՌԴ ԱԱԽ քարտուղար Իգոր Իվանովը հայտարարեց բառացիորեն հետևյալը. «18 տարվա ընթացքում Իրանում [միջուկային ոլորտում] ընթացել են մշակումներ, որոնք չեն գտնվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) վերահսկողության ներքո։ Եվ մենք պնդում ենք, որ առաջացած հարցերին պատասխան տրվի»։
Ուշադրության է արժանի նաև մարտի 21-ին Ռուսաստանի Աշխարհաքաղաքական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, ռուսական Գլխավոր սպայակույտի Միջազգային հարաբերությունների բաժնի նախկին պետ Լեոնիդ Իվաշովի հրապարակումը «РИА-Новости» գործակալությունում, թե առաջիկայում Պենտագոնը ծրագրում է օդային զանգվածային հարվածներ հասցնել Իրանին։
Եվ վերջապես, մարտի 26-ին Մոսկվայում Ռուսաստանի ու Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Հու Ձինտաոյի համատեղ հռչակագրում կողմերը կոչ են անում Իրանին իրականացնել ՄԱԿ ԱԽ և ԱԷՄԳ Տնօրենների խորհրդի պահանջները՝ ուրանի հարստացման աշխատանքների դադարեցման մասին։
Հետևություններ
Ստեղծված իրավիճակում ոչ միայն աճել է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից Իրանին ռազմական հարվածներ հասցնելու հավանականությունը, այլև առկա հանգամանքներն այնպիսին են, որ ժամանակի ընթացքում այդ հավանականությունն ավելի է մեծանալու։
Ներկայումս ռուս-իրանական հարաբերություններում չկա խնդրահարույց այնպիսի ուղղություն, որը պատճառ հանդիսանար վերը նշված հակասությունների համար։ Այդ իմաստով հակասությունների պատճառը պետք է նախևառաջ փնտրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող զարգացումներում։
Պատժամիջոցների ընդլայնմանը կողմ քվեարկելով՝ Մոսկվան հրապարակավ ընդունում է, որ իրանական միջուկային ծրագիրը որոշակիորեն ռազմական բնույթ ունի, ինչը չի կարող չխոսել ԱՄՆ օգտին, իսկ այդ հանգամանքը չեն կարող չհասկանալ Ռուսաստանում։
Թեև չի բացառվում, որ Մոսկվայում փորձում են Իրանի նկատմամբ նման ճնշման միջոցով նվազեցնել ռազմական հարվածի կիրառման հավանականությունը (հետևաբար, Մոսկվայում իրատեսական են համարում ռազմական հարվածի տարբերակը), սակայն ռուսական քաղաքականության մեջ վերը ներկայացված փոփոխությունը լիովին կարող է վկայել, թե Կրեմլում վստահ են, որ Իրանը շատ մոտ է միջուկային զենքի ստեղծմանը կամ առավել ևս՝ ձեռնամուխ է եղել արդեն իսկ առկա միջուկային ռազմական կարողությունների ընդլայնմանը։
Բացի այդ, հեռանկարային առումով Ռուսաստանին ձեռնտու չէ միջուկային Իրանի երևան գալը, որը կթուլացնի սեփական կախվածությունը Մոսկվայից և Ռուսաստանի համար կարևոր՝ հարավկովկասյան ու կենտրոնաասիական տարածաշրջաններում կարող է վարել ռուսական շահերին չհամընկնող քաղաքականություն։
Իրավիճակի սրացման և ռազմական հարվածի հավանականության աճի մասին են վկայում նաև Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական կարողությունների7 ու Իրանի դեմ տարվող տեղեկատվական-հոգեբանական կամպանիայի ընդլայնումը, ինչպես նաև Իրանին հարակից Իրաքում ու Աֆղանստանում անկայուն իրավիճակի խորացումը8։
Նշվածի համատեքստում, հատկապես Իրաքում որպես ահաբեկչական գործողությունների թիրախ-խումբ բարձրաստիճան պաշտոնյաների առանձնացումը (ինչն, ընդհանուր առմամբ, նոր երևույթ է) կարող է խոսել առաջիկայում իրավիճակը կտրուկ կերպով ապակայունացնելու մասին.
- փետրվարի 26-ին Բաղդադում կայացած ահաբեկչական գործողության արդյունքում վիրավորվեց Իրաքի փոխնախագահ Ադել Աբդուլ-Մահդին,
- փետրվարի 27-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից հյուսիս գտնվող ամերիկյան օդուժի «Բաղրամ» հենակետի նկատմամբ, ուր այդ պահին գտնվում էր ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնին, ահաբեկչական խոշոր գործողություն կատարվեց,
- մարտի 22-ին մահափորձ կազմակերպվեց Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքի ու այդ պահին վերջինիս հետ մամլո ասուլիսին մասնակցող ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի դեմ (հրթիռը պայթել էր վարչապետի՝ Բաղդադում գտնվող տնից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա),
- մարտի 23-ին դարձյալ Բաղդադում կայացած ահաբեկչական գործողության արդյունքում վիրավորվեց Իրաքի փոխվարչապետ Սալյամ ազ-Զուբաին։
1 Նշված երկրները ներկայումս մտնում են ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամների (10 երկիր) ցանկի մեջ, որոնց անդամությունը ժամանակավոր է։
2 Մարտի 23-ին Պարսից ծոցում իրանցիների կողմից բրիտանացի 15 նավաստիների ձերբակալությունը և թիվ 1747 բանաձևի ընդունման հաջորդ օրը Մահմուդ Ահմադինեժադի հայտարարությունը, թե ՄԱԿ ԱԽ բանաձևը «ոչ մի վայրկյան չի դադարեցնի» իրանական միջուկային ծրագրի ընթացքը, իրանական դիրքորոշման ցուցիչներն են։
3 Մարտի 19-ին ամերիկյան «The New York Times»-ը գրեց, թե իրանցիների հետ մարտի կեսերին կայացած բանակցություններում Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ՌԴ ԱԱԽ) քարտուղար Իգոր Իվանովը միջուկային վառելիքի մատակարարման դիմաց պահանջել է դադարեցնել Իրանում ընթացող ուրանի հարստացման աշխատանքները։
4 Այսօր ռուսական կողմը խոսում է նշված մեկնարկների առնվազն երկամսյա հետաձգման մասին։
5 Ըստ որոշ տեղեկությունների՝ նոր ԱԷԿ-ը գտնվելու է Իրանի Խուզեստան նահանգում (սահմանակից է Իրաքին ու Պարսից ծոցին)։
6 Գործակալությունը, որի ղեկավարն է Ռուսաստանի նախկին վարչապետ Սերգեյ Կիրիենկոն, պատասխանատու է նաև ատոմային ոլորտում Ռուսաստան-արտերկիր համագործակցության համար։
7 Հարկ է նաև այս համատեքստում դիտարկել Հարավային Կովկասում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի մասը հանդիսացող ռադարի տեղակայման մասին տեղեկատվությունը։
8 Որոշ տեղեկությունների համաձայն՝ Թեհրանում գտնվող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները ձեռնամուխ են եղել ռազմական գործողությունների դեպքում Իրանի մայրաքաղաքից սեփական անձնակազմի դուրսբերման ծրագրերի մշակմանը։ Եթե սույն տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա այն կարող է լուրջ ցուցիչ լինել Իրանի դեմ հավանական ռազմական ակցիայի առումով։ Ի դեպ, նույն կարգի ցուցիչ կարող է լինել Բուշեհրի ԱԷԿ-ից ռուս մասնագետների հեռացումը։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՌՈՒՍԱՍՏԱՆ–ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[10.07.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ [19.03.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ [05.03.2009]
- ԱՄԵՐԻԿԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈՒՐՋ [02.02.2009]
- ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՐԵԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[22.01.2009]
- ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻ՞Ն[27.12.2008]
- ԴԻՏԱՐԿՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԱՍԻԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Կենտրոնական Ասիայի նոր վերաձևո՞ւմ[15.12.2008]
- ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ» [27.11.2008]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ[03.11.2008]
- ԻՐԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ[27.10.2008]
- ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.09.2008]