
Տարածաշրջանային նոր գործոն Հարավային Կովկասում Առնչություններ Հայաստանի ազգային անվտանգությանը

ԽՍՀՄ փլուզումից ի վեր առաջին անգամ Հարավային Կովկասում երևան է գալիս տարածաշրջանային քաղաքականության նոր տիպի ու ձևաչափի գործոն։
2007թ. փետրվարի 7-ին Վրաստանի մայրաքաղաքում Հայաստանի չորս հարևաններից երեքը` Վրաստանի ու Ադրբեջանի նախագահները և Թուրքիայի վարչապետը, ստորագրեցին «Թբիլիսյան հռչակագիրը», որով շեշտը դնելով միմյանց միջև խորացող հաղորդակցային ու էներգետիկ համագործակցության վրա` իրականում, սակայն, հրապարակեցին տարածաշրջանում երեք երկրների միջև ընթացող, փաստորեն, ռազմավարական բնույթի համագործակցության վերաբերյալ իրենց քաղաքական դիրքորոշումը։
Թեև անմիջական առիթը «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի1 շինարարության մեկնարկի վերաբերյալ պայմանագրի կնքումն էր2, սակայն թե՛ այդ երկաթգծի շինարարության վերաբերյալ Անկարայի, Թբիլիսիի ու Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածության փաստը և թե՛ հատկապես «Թբիլիսյան հռչակագրով» տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ համատեղ պատկերացումների ներկայացումը խոսում են Հարավային Կովկասում նոր իրավիճակի ի հայտ գալու մասին։
Չնայած Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև համագործակցության խորացումը և ինստիտուցիոնալ տարրերի ձեռքբերումը ներկայումս լուրջ ազդեցություն չունի հարավկովկասյան զարգացումների վրա, սակայն հիմքեր կան պնդելու, թե առաջիկայում այն կարող է առաջնային ներգործություն թողնել Հայաստանի ազգային անվտանգության վրա՝ առնվազն հետևյալ երեք պատճառներով.
- ուրվագծվող ձևաչափը տարածաշրջանում դուրս է թողնում միայն Հայաստանին, հետևաբար՝ մեծանում է հավանականությունը, որ մենք ստանալու ենք Հարավային Կովկասում հայկական ազգային շահերի գրեթե երաշխավորված ոտնահարում,
- ստեղծվող ձևաչափում ներառված երեք պետություններից երկուսը Հայաստանի նկատմամբ վարում են առճակատման գիծ. Ադրբեջանը Հայաստանը դիտարկում է որպես սեփական ազգային անվտանգությանն ուղղված առաջնային մարտահրավեր, իսկ Թուրքիան շարունակում է Հայաստանի մեկուսացմանը միտված իր քաղաքականությանը,
- հաշվի առնելով ներկայացվածը՝ նշված պայմաններում էլ ավելի է առանձնանում Վրաստանի աշխարհառազմավարական նշանակությունը Հայաստանի համար, հետևաբար՝ անգամ միջնաժամկետ հեռանկարում Թբիլիսիում թուրքական և ադրբեջանական ազդեցությունների աճն ուղղակի սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը։
Նոր ձևաչափի ստեղծման հիմնական մեխանիզմները
Առայժմ որպես տարածաշրջանային նոր ձևաչափի ի հայտ գալու հիմնական մեխանիզմներ են հանդես գալիս Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև ընթացող էներգետիկ-հաղորդակցային համագործակցության ընդլայնումը և Թուրքիայի հետ Ադրբեջանի ու Վրաստանի ռազմաքաղաքական փոխգործակցությունը։
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի կառուցման վերաբերյալ 2007թ. փետրվարի 7-ին Թբիլիսիում կնքված եռակողմ պայմանագիրը Հայաստանի հարևան երեք երկրների միջև առկա էներգետիկ-հաղորդակցային համագործակցության վերջին օրինակն է։
Ըստ պայմանավորվածության՝ նախատեսվում է կառուցել Թուրքիան Վրաստանին կապող 98կմ ընդհանուր երկարությամբ երկաթգիծ, որից 68կմ-ը՝ թուրքական տարածքում, իսկ 30կմ-ը՝ վրացական3։ Բացի այդ, նախատեսվում է վերանորոգել վրացական երկաթգծի, ընդհանուր առմամբ, 192կմ-ոց հատված։ Նախագծի արժեքը կազմում է մոտ $600 մլն, որից Թուրքիան ծախսելու է մոտ $220 մլն, Վրաստանը` $202 մլն4, ևս $178 մլն նախատեսվում է հարակից ենթակառուցվածքների կառուցման համար։ Շինարարական ու վերակառուցողական աշխատանքներն սկսվելու են այս տարվա հունիսի վերջին-հուլիսի սկզբին։ Ըստ նախագծի, «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծով առաջին գնացքը պետք է ընթանա 2010թ. մայիսին՝ ապահովելով տարեկան մոտ 30 մլն տոննա բեռնափոխադրություն5։
Ինչպես հայտնի է, «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի նախագիծը եկավ գումարվելու 1990-ական թթ. երկրորդ կեսից Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի միջև ձևավորված էներգետիկ-հաղորդակցային համագործակցությանը։
1999թ. ապրիլի 17-ին շահագործման հանձնվեցին «Բաքու-Սուփսա (Վրաստան)» 926 կմ-ոց նավթամուղը և վրացական Սուփսա բնակավայրի6 մոտ կառուցվող նավթային տերմինալը։ Նախագիծն արժեցավ մոտ $320 մլն։ Տարեկան այդ նավթամուղով հնարավոր է տեղափոխել մոտ 5 մլն տոննա նավթ։
2006թ. հուլիսի 13-ին Միջերկրական ծովի ափին գտնվող թուրքական Ջեյհան նավահանգստում Ադրբեջանի ու Վրաստանի նախագահների և Թուրքիայի վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցավ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի բացման արարողությունը։ Նավթամուղը, որի երկարությունն է 1767 կմ և որի շինարարության վրա ծախսվել է մոտ $4 մլրդ, տարեկան Կասպիցից դեպի Միջերկրական ծով` Ջեյհանի նավթային տերմինալներ կարող է տեղափոխել մոտ 50 մլն տոննա նավթ։
Երրորդ` նախատեսվում է այս տարի շահագործման հանձնել «Բաքու-Թբիլիսի-Էրզրում (Թուրքիա)» գազամուղը, որը Կասպիցում գտնվող ադրբեջանական «Շահ-Դենիզ» գազահանքից բնական գազը պետք է տեղափոխի Վրաստան ու Թուրքիա։ Ենթադրվում է, որ «South Caucasus Pipeline» անվամբ այդ գազամուղը կարող է հետագայում միանալ Եվրամիության կողմից իրականացվելիք «Nabucco» նախագծին, որը կենտրոնաասիական ու մերձավորարևելյան մի շարք երկրներից բնական գազը պետք է տեղափոխի Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանը, կամ «GREU» նախագծին, որը նույն կապույտ վառելիքը՝ Վրաստանով, Սև ծովի հատակով ու Ռումինիայով պետք է հասցնի եվրոպական շուկա։ Ծրագրվում է, որ «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազամուղը տարեկան կարող է տեղափոխել մոտ 20 մլրդ մ3 բնական գազ, կառուցվող գազամուղի ընդհանուր երկարությունը կազմելու է մոտ 800 կմ, իսկ արժեքը` շուրջ $1 մլրդ։
Եվ վերջապես, կողմերի ծրագրերի մեջ կա երեք երկրները միմյանց կապող բարձրավոլտ էլեկտրագծերի անցկացման կետը։
Ներկայացվածի իմաստով պակաս կարևոր չէ Թուրքիայի հետ Ադրբեջանի ու Վրաստանի ռազմաքաղաքական համագործակցությունը։ Եթե թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցության մակարդակը և ծավալները հայտնի են, ապա Երևանին հարկ է հատուկ ուշադրություն դարձնել նշված ոլորտում Անկարայի ու Թբիլիսիի միջև ընթացող փոխգործակցությանը։
Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգում Թուրքիան ներկայացված է որպես տարածաշրջանային առաջատար գործընկեր, իսկ վերջինիս հետ Թբիլիսիի հարաբերությունները բնութագրված են՝ ռազմավարական։ Առանձին երկրների հետ հարաբերությունների առումով վրաց-թուրքական հարաբերությունները պաշտոնական Թբիլիսին, փաստորեն, դնում է երրորդ տեղում՝ Միացյալ Նահանգներից և Ուկրաինայից հետո։ Աչքի է զարնում ռազմական ոլորտում երկու երկրների միջև ընթացող փոխգործակցությունը։ 1997թ. ռազմական համագործակցության վերաբերյալ թուրք-վրացական պայմանագրի կնքումից ի վեր Միացյալ Նահանգներից հետո Թուրքիան դարձել է Վրաստանին ռազմական օգնություն ցույց տվող երկրորդ երկիրը. միջազգային գնահատականների համաձայն՝ 1998-2005թթ. ընթացքում Վրաստանի զինված ուժերին թուրքական ռազմատեխնիկական օգնության ծավալը կազմել է $37 մլն։
Նոր ձևաչափի ստեղծմանը նպաստող հիմնական գործոնները
Նոր ձևաչափի կազմավորմանը նպաստող առանցքային գործոն են ռուս-վրացական լարված հարաբերությունները։ Եթե 2003թ. Սահակաշվիլու վարչակազմի իշխանության գլուխ գալուց հետո Վրաստանում ամերիկյան ազդեցության աճը նպաստեց 1991-ից ի վեր Մոսկվայի ու Թբիլիսիի միջև հակասությունների աննախադեպ խորացմանը, ապա տարածաշրջանային հարթությունում այդ հակասություններն անուղղակիորեն պատճառ հանդիսացան Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան համագործակցության ընդլայնմանը, քանի որ տարածաշրջանային առումով ռուս-վրացական հարաբերությունների վատթարացումը նպաստեց Թբիլիսիում առաջին հերթին Թուրքիայի արժևորմանը։
Մյուս կողմից՝ Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի էներգետիկ ճնշման մարտավարության կիրառումը հանգեցրեց Ադրբեջանից Թբիլիսիի էներգետիկ կախվածության մեծացմանը։ Տարածաշրջանային հարաբերությունների առումով այդ հանգամանքը միայն նպաստում է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան փոխգործակցության խորացմանը։
Եվ վերջապես, երրորդ՝ ոչ պակաս կարևոր գործոն կարող է հանդիսանալ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը։ Թեև հիմնավորված է թվում այն գնահատականը, ըստ որի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցությունը բերելու է այդ երկրում թուրքական ազդեցության նվազում7, սակայն այստեղ պետք է հաշվի առնել նաև հետևյալը.
- ՆԱՏՕ-ին Թբիլիսիի անդամակցությունն առնվազն միջնաժամկետ հեռանկարում էլ ավելի է սրելու ռուս-վրացական հարաբերությունները,
- այդ պայմաններում տարածաշրջանային աջակցության ապահովման խնդիրը կարող է էլ ավելի կարևորվել Թբիլիսիում, քան առկա է այսօր։
Հետևություններ
Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող համագործակցության խորացումը և ձեռք բերվող նոր պայմանավորվածությունների բնույթը հիմք են տալիս ենթադրելու, որ երեք երկրներին առնչվող զարգացումներից Անկարա-Թբիլիսի-Բաքու գիծն աստիճանաբար ձևափոխվում է տարածաշրջանային մեկ ընդհանուր գործոնի։ Այդ առումով, «Թբիլիսյան հռչակագրի» ի հայտ գալը բավական հստակ ցուցիչ է։
Անշուշտ, Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռյակի միջև ընթացող համագործակցությունը նոր չէ, սակայն նորությունն այն է, որ նման մակարդակի այն հասել է այժմ, և որն էլ ավելի կարևոր է` միտում ունի խորանալու։
Մյուս կողմից՝ Հարավային Կովկասը գտնվում է տարածաշրջանային անվտանգության նոր համակարգի ձևավորման փուլում։
Թեև քիչ հավանական է, որ մոտ ապագայում ողջ տարածաշրջանն ընդգրկվի անվտանգության մեկ ընդհանուր համակարգի մեջ, սակայն մեծ է հավանականությունը, որ առաջիկայում հարավկովկասյան երկրները վերանայեն իրենց անվտանգության ռազմավարությունները։ Այդ առումով որոշիչ գործոն կարող է դառնալ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը կամ նրա անհաջողությունն այդ գործում։
Նշված իմաստով պարզ է դառնում, որ միջնաժամկետ հեռանկարում որպես Հայաստանի ազգային անվտանգությանն առնչվող ռազմաքաղաքական հիմնական խնդիր առանձնանալու է Հարավային Կովկասում անվտանգության համակարգի ընթացող տրանսֆորմացիայի հարցը՝ հետ մղելով բուն Ղարաբաղյան հիմնախնդիրը։
1Չնայած տեղեկատվական դաշտում ավելի տարածված է «Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգիծ» անվանումը, սակայն ուշագրավ է, որ իրենք` նախագծի մասնակիցները, որոշել են այն կոչել «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծ»։
2Պայմանագիրը կնքվեց նույն օրը` 2007թ. փետրվարի 7-ին, Թուրքիայի ու Ադրբեջանի տրանսպորտի նախարարների և Վրաստանի տնտեսական զարգացման նախարարի միջև։
3Վրաստանի միջոցով թուրքական երկաթուղային ցանցը կկապվի ադրբեջանական ցանցին՝ շրջանցելով Հայաստանը։
4Հարկ է նշել, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի կառուցման կապակցությամբ վրացական կողմի մոտ ծագած ֆինանսական խնդիրը լուծվեց ադրբեջանական վարկի միջոցով։ Ըստ 2007թ. հունվարի 13-ին Թբիլիսիում Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի ու Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Գեորգի Արվելաձեի կողմից ստորագրված համաձայնագրի՝ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի կառուցման համար Ադրբեջանը 25 տարով Վրաստանին տրամադրեց $220 մլն վարկ` տարեկան 1% տոկոսադրույքով։
5Համեմատության համար նշենք, որ արդեն իսկ գոյություն ունեցող, սակայն Անկարայի կողմից արգելափակված Գյումրի (Հայաստան) - Կարս (Թուրքիա) երկաթգծով կարելի է տարեկան տեղափոխել մոտ 10 մլն տոննա բեռ։
6Գտնվում է վրացական Փոթի նավահանգստից մոտ 15 կմ հարավ։
7Քանի որ նվազելու է Վրաստանի անվտանգության ապահովման գործում Թուրքիայի այսօրվա դերակատարությունը՝ իր տեղը զիջելով կազմակերպությանը՝ ՆԱՏՕ-ին։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՌՈՒՍԱՍՏԱՆ–ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[10.07.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ [19.03.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ [05.03.2009]
- ԱՄԵՐԻԿԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈՒՐՋ [02.02.2009]
- ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՐԵԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[22.01.2009]
- ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻ՞Ն[27.12.2008]
- ԴԻՏԱՐԿՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԱՍԻԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Կենտրոնական Ասիայի նոր վերաձևո՞ւմ[15.12.2008]
- ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ» [27.11.2008]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ[03.11.2008]
- ԻՐԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ[27.10.2008]
- ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.09.2008]