• am
  • ru
  • en
Версия для печати
30.08.2010

ՀՀ-ՌԴ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

EnglishРуский

   

Գագիկ Տեր–Հարությունյան

ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևի օգոստոսյան այցը Երևան, որի արդյունքում երկարաձգվեց (մինչև 2044թ.) և նոր բովանդակություն ստացավ (այն ապահովելու է նաև ՀՀ անվտանգությունը) ռուսաստանյան ռազմակայանի վերաբերյալ պայմանագիրը, քաղաքական շրջանակներում լայն քննարկումների արժանացավ։ Դրական արձագանքներին զուգահեռ կարելի է հանդիպել նաև բացասական կարծիքների, համաձայն որոնց՝ այդ պայմանագիրը ոչ միայն չի համընկնում մեր ազգային շահերին, այլև զգալիորեն սահմանափակում է ՀՀ ինքնիշխանությունը։ Այդ ամենի առիթով փորձենք ներկայացնել որոշ փորձագիտական նկատառումներ, որոնք, թերևս, կնպաստեն խնդիրն ավելի համալիր ընկալելուն։

Թուրքիա. ՀՀ ազգային անվտանգության առաջնային խնդիրը. ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի հիմնական նպատակը ՀՀ ռազմական անվտանգության ապահովումն է Թուրքիայի հնարավոր ագրեսիայից։ Վերջինս ռազմական տեսանկյունից հզոր, արդիական զենքի տիրապետող և մեծաթիվ բանակ ունեցող պետություն է։ Միայն թուրքական ցամաքային ուժերի թվաքանակը (որն ամենամեծն է ՆԱՏՕ-ում) կազմում է շուրջ 450 հազար զինծառայող, չհաշված ժանդարմերիայի ստորաբաժանումները։ Այսինքն՝ պետք է արձանագրել, որ ՀՀ ԶՈւ ներուժն այսօր և տեսանելի ապագայում անհամադրելի է Թուրքիայի ԶՈւ-ի հետ։

Միևնույն ժամանակ, ռազմական խնդիրները կարևորվում են գլխավորապես քաղաքական համատեքստում, և անհրաժեշտ է գնահատել, թե որքանով է իրատեսական թուրքական ԶՈւ-ի սպառնալիքը ՀՀ անվտանգությանը։ Այդ խնդրում, չանդրադառնալով ավելի վաղ պատմական նախադեպերին, դիտարկենք ԼՂՀ-ի շուրջ զարգացումներով պայմանավորված ժամանակաշրջանը։

Հայտնի է, որ Թուրքիան ԼՂՀ-ի շուրջ ընթացող հակամարտության փաստացի կողմ է, որը սկզբից առայսօր սպասարկում է Ադրբեջանին ռազմական տեխնիկայով և «խորհրդականներով» (նախկինում նաև՝ պատերազմական գործողություններին մասնակցող «կամավոր» զինծառայողներով)։ Սակայն թուրքական աջակցությունը դրանով չէր սահմանափակվում։ 1992թ. գարնանը, երբ իրադրությունը Ղարաբաղյան ճակատում սկսեց փոխվել ի վնաս ադրբեջանցիների (մասնավորապես, ազատագրվեց Շուշին և բացվեց Լաչինի միջանցքը), Թուրքիան որոշեց անմիջականորեն միջամտել անցանկալի զարգացումներին և ռազմական հարձակում կատարել ՀՀ-ի վրա։ Անկարան հայտարարեց, որ ՀՀ-ն Նախջևանի դեմ ագրեսիա է պատրաստում, մինչդեռ համաձայն 1921թ. Ղարսի պայմանագրի՝ Թուրքիան Նախջևանի անվտանգության երաշխավորն է։ Հայ–թուրքական սահմանին (հատկապես Նախջևան-ՀՀ սահմանագծում) կենտրոնացվել էին 3-րդ դաշտային բանակի ստորաբաժանումները, մեծ քանակությամբ զրահատեխնիկա և ավիացիա, իսկ ՀՀ ԶՈւ-ում հայտարարվել էր պատերազմական իրավիճակ։ Բախումն անխուսափելի կլիներ, եթե ԱՊՀ երկրների զինված ուժերի գլխավոր հրամանատար, ավիացիայի մարշալ Ե.Շապոշնիկովը մայիսի 20-ին «Զվարթնոց» օդանավակայանում չհայտարարեր, որ «եթե այնտեղ (հայ-ադրբեջանական հակամարտությանը) ավելանա ևս մեկ կողմ, ապա մենք կհայտնվենք Երրորդ համաշխարհային պատերազմի եզրին»։

Պատերազմական իրավիճակ էր ձևավորվել նաև 1993-ին, երբ Անկարան, հույս ունենալով, որ ՌԴ-ում ծագած ներքաղաքական ճգնաժամը («պառլամենտական խռովությունը») թույլ չի տա այդ տերությանը «զբաղվել» հայ-թուրքական խնդիրներով, մեղադրեց ՀՀ-ին իր տարածքում քրդական զինյալների հենակետեր պահելու մեջ և կենտրոնացրեց զորքերը սահմանին։ Զարգացումներն ընթանում էին 1992-ի սցենարով (դրանք, ի դեպ, համակողմանի ներկայացված են այն տարիներին ՀՀ-ում Հունաստանի դեսպան Լեոնիդաս Խրիզանտոպուլոսի հուշերում)։ Սակայն ՌԴ կոշտ միջամտությունն այս անգամ ևս կանխեց պատերազմը։

Ինչպես տեսնում ենք, ՌԴ-ի հետ ձևավորված դաշնակցային-ռազմավարական հարաբերություններն էին, որ ապահովեցին մեր անվտանգությունը ոչ վաղ անցյալում։ Հայտնի է նաև, որ ներկայիս Թուրքիայի քաղաքական դիրքորոշումները Հայաստանի նկատմամբ, ինչպես դա ցույց տվեց հայ-թուրքական վերջին բանակցությունների ընթացքը, ամենևին չեն փոխվել և լիովին պայմանավորված են ԼՂՀ և ադրբեջանական գործոններով։ Միևնույն ժամանակ, գլոբալ հարթությունում ընթացող գործընթացների արդյունքում, այդ երկիրն ավելի պակաս է վերահսկվում ԱՄՆ-ի կողմից, քան նախկինում։ Այդ հանգամանքը, ինչպես նաև ներքին քաղաքական դաշտում ռազմատենչ կրոնական և ազգայնամոլական գաղափարախոսական ուղղությունների զարգացումը, դարձնում են Թուրքիան ագրեսիվ և անկանխատեսելի մի երկիր, որն առնվազն տեսանելի ապագայում շարունակելու է մնալ մեր ազգային անվտանգության առաջնային սպառնալիքը։

Վերոնշյալին զուգահեռ պետք է հաշվի առնել, որ ներկայումս արձանագրվող ամերիկյան նահանջը տարածաշրջանից կարող է հանգեցնել քաոտիկ իրադրության Մեծ Մերձավոր Արևելքում, և այդ համատեքստում նույնպես հայ-ռուսական ռազմավարական դաշինքը հնարավորինս նպաստելու է, որ Հայաստանը զերծ մնա անցանկալի սցենարներից։

Ինքնիշխանության խնդիրը. Ընթացող բանավեճերում շահարկվում է նաև այն թեզը, թե 102-րդ ռազմակայանի առկայությունը սահմանափակում է ՀՀ ինքնիշխանությունը։ Այդ առիթով նկատենք, որ օտարերկրյա ռազմակայանների առկայությունը տարբեր երկրներում, որպես կանոն, ենթադրում է երկուստեք շահեր։ Օրինակ, ԱՄՆ–ը այսօր աշխարհի տարբեր մասերում ունի, կախված հաշվարկման չափանիշներից, 600-800 ռազմակայան, որոնց մոտ կեսը գտնվում է Եվրոպայում։ Մասնավորապես, 70 հազարից ավելի ամերիկյան զինծառայող տեղակայված է Գերմանիայում, 12 հազարական՝ Մեծ Բրիտանիայում և Իտալիայում, ամերիկյան ռազմակայաններ կան Բելգիայում, Իսպանիայում, Լեհաստանում և եվրոպական այլ երկրներում։ Սակայն այդ երկրների հանրությունները չեն համարում, որ դրանց առկայությունն ինչ-որ կերպ սահմանափակում է իրենց ինքնիշխանությունը։

Նշենք նաև, որ քննարկման առարկա դարձած ՀՀ ինքնիշխանության մակարդակը, շնորհիվ վարվող բազմավեկտոր արտաքին քաղաքականության, բավական բարձր մակարդակի վրա է։ Մասնավորապես, «օտար երկրների միջամտությունից» կամ «արտաքին գործոններից» ՀՀ կախվածությունը, համաձայն «Foreign Policy Magazine» և «The Fund for Peace» հեղինակավոր կազմակերպությունների 2009թ. հրապարակած վարկանիշային տվյալների, էապես ցածր է տարածաշրջանային մեր հարևաններից1։ ՀՀ-ի համար վերոնշյալ չափանիշներով հաշվարկված ցուցանիշը կազմում է 5.9, մինչդեռ Թուրքիայինը՝ 6.2, Ադրբեջանինը՝ 7.0, (որտեղ, ի դեպ, դեռևս գործում է ՌԴ ռազմակայանը՝ Գաբալայի ռադարային համակարգը)։ Ամենաբարձրը Վրաստանի ցուցանիշն է՝ 9.5, այսինքն՝ այդ երկիրը կարելի է դասել «արտաքին կառավարում» ունեցող «չկայացած» երկրների շարքին։ Համեմատության համար նկատենք, որ Գերմանիայի (որտեղ, ինչպես արդեն նշել ենք, տեղակայված է ամերիկյան շուրջ 70 հազար զինծառայող) համապատասխան ցուցանիշը կազմում է 2.4։

Այսպիսով, ռազմակայանի տեղակայման և ինքնիշխանության խնդիրները ՀՀ-ում, ինչպես և այլ երկրներում, միմյանց հետ փոխկապակցված չեն։

Ադրբեջանական գործոնը. Հայ-ռուսական հարաբերությունների քննարկումների ընթացքում հաճախ է հնչում այն միտքը, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը չի ապահովում ԼՂՀ անվտանգությունն Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմում։ Անշուշտ, իրավաբանական տեսանկյունից ԼՂՀ-ն հայ-ռուսական հարաբերությունների սուբյեկտ չի հանդիսանում, և 102-րդ ռազմակայանն իրավասու չէ միջամտելու ԼՂՀ-Ադրբեջան հակամարտությանը։ Սակայն կոնկրետ պարագայում պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները.

  • Ի տարբերություն Թուրքիայի, Ադրբեջանի և ՀՀ-ԼՂՀ–ի ռազմական հնարավորությունները համադրելի են, այսինքն՝ հայկական կողմը կարող է նվազագույնը համարժեք պատասխան տալ Ադրբեջանի ոտնձգություններին։
  • ԼՂՀ–Ադրբեջան հնարավոր ռազմական բախման պարագայում ՀՀ անվտանգության երաշխավորումը ՌԴ-ի կողմից զգալիորեն կնպաստի, որպեսզի ՀՀ-ն կենտրոնացնի իր ուժերը ԼՂՀ անվտանգության (որի փաստացի երաշխավորն է) ապահովման ուղղությամբ, քանի որ նկատելի չափով ձերբազատված կլինի ոչ միայն ՀՀ-Թուրքիա, այլև ՀՀ-Ադրբեջան սահմանների պաշտպանության խնդիրներից։
  • ՀՀ-ՌԴ պայմանագիրն ունի քաղաքական նշանակություն, և նման պայմանագրի առկայությունն արդեն իսկ նվազեցնում է պատերազմի հավանականությունը ԼՂՀ-ի դեմ։ Այդ հանգամանքը լավագույնս ըմբռնել են Բաքվում, որտեղ պաշտոնական մակարդակով հայտարարում են, թե Մինսկի խմբի երկրի նախագահի կողմից կնքված պայմանագիրը չափազանց մեծ առավելություններ է տալիս Հայաստանին, և որ նման քայլը վկայում է Ռուսաստանի կողմնակալ դիրքորոշման մասին։

Ուշագրավ է նաև այն փաստը, որ ռազմակայանի վերաբերյալ պայմանագրի ստորագրումը տեղի ունեցավ ս.թ. հունիսին Դ.Մեդվեդևի միջնորդությամբ կայացած Սարգսյան–Ալիև պետերբուրգյան հանդիպումից ընդամենը երկու ամիս հետո։ Ինչպես հայտնի է, այդ հանդիպումից անմիջապես հետո Ալիևը ցուցադրաբար լքեց Սանկտ Պետերբուրգը, ինչն էլ առիթ տվեց վերլուծաբաններին ենթադրելու, որ բանակցություններում ՌԴ նախագահը առաջարկել է ադրբեջանական կողմին նոր և ոչ այնքան նպաստավոր մոտեցումներ (ոմանք դրանք անվանեցին «պետերբուրգյան սկզբունքներ»)։ Այդ համատեքստում չի կարելի բացառել, որ երևանյան պայմանագրի կնքումը յուրովի պատասխան էր Ադրբեջանի նախագահին՝ նրան ավելի հանդուրժողական դարձնելու նկատառումով։

Պատահական չէ նաև այն փաստը, որ ՌԴ նախագահի Երևան այցի նախօրեին Ադրբեջան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, և կողմերը ստորագրեցին «Ռազմավարական համագործակցության և փոխօգնության մասին» պայմանագիրը2։ Բնորոշ է, որ այդ օրերին տեղեկատվական դաշտում դարձյալ սաստկացան Նախիջևանում թուրքական ռազմական հենակետեր տեղակայելու մասին հաղորդումները։

Համադրելով հայ-ռուսական և թուրք-ադրբեջանական պայմանագրերը՝ կարելի է գալ այն եզրահանգման, որ համաձայն ավանդական աշխարհաքաղաքականության (բավական է հիշել, որ 18-րդ դարից սկսած Ռուսաստանը 12 պատերազմ է վարել Թուրքիայի դեմ)՝ մեր տարածաշրջանում նկատվում են քաղաքական բևեռների՝ ՌԴ–ՀՀ և Թուրքիա–Ադրբեջան, բյուրեղացման միտումներ։ Սա կարևոր հանգամանք է ապագա զարգացումների տեսակետից և կարծես թե հաստատում է այն վերլուծաբանական կանխատեսումները, համաձայն որոնց՝ միաբևեռից բազմաբևեռ աշխարհակարգի անցման փուլին բնորոշ «բաժանման» և «տրոհման» գործընթացները փոխարինվելու են քաղաքակրթական հատկանիշների վրա հենված ինտեգրացիոն գործընթացներով։ Այդ նույն համատեքստում պետք է դիտարկել նաև Մերձավոր Արևելքում նկատվող Թուրքիա–Իրան և Իսրայել-ԱՄՆ հակասությունների խորացումը։ Նկատենք, որ տարածաշրջանում ձևավորվող նոր քաղաքական տրամաբանությունը պետք է որ մեղմի ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի նախկինում եղած խնդիրների նկատմամբ հակադիր դիրքորոշումները (իսկ նման միտումներն արդեն նկատելի են), ու դա վերաբերում է նաև ԼՂՀ–ին։ Նման իրադրությունն արժևորում է նաև այն հավասարակշռված հարաբերությունները, որոնք զարգանում են ՀՀ-ԱՄՆ-ՆԱՏՕ– ԵՄ հարթությունում։

Որոշ հետևություններ. Հայտնի է, որ շահավետ պայմանագրերը և օտարերկրյա հզոր ռազմակայանները կարող են ընդամենը բարձրացնել տվյալ պետության ապահովության մակարդակը, սակայն ազգային անվտանգության հիմնական երաշխիքը շարունակում է մնալ սեփական ռազմաքաղաքական, մտավոր–հոգևոր և սոցիալ-տնտեսական ռեսուրսների անհրաժեշտ և բավարար քանակը։ Այդ առումով այսօր հատկապես կարևորվում են մտավոր ռեսուրսների խնդիրները, քանի որ ապագայի հակամարտությունների արդյունքները, ավելի քան նախկինում, պայմանավորված են լինելու առաջին հերթին այդ ռեսուրսների քանակից և որակից։ Նման ռեսուրսների ցուցանիշ է հանդիսանում հանրության կողմից մարտավարական և ռազմավարական հեռանկարների վերաբերյալ կանխատեսումներ կատարելու կարողությունը։ Դա հատկապես կարևոր է ներկայիս անցումային շրջանում, երբ տեղի են ունենում աշխարհաքաղաքական տեղաշարժեր և հաստատուն թվացող պատկերացումների ու աշխարհընկալումների կտրուկ փոփոխություններ։ Սպասվող փոփոխությունների պատՃառով է, որ այսօր առաջատար երկրներում էապես աճել է կանխատեսումային և սցենարային մշակումների ծավալը։ Ավելորդ չէ նաև նշել, որ որպես ԽՍՀՄ փլուզման պատճառներից մեկը փորձագետները դիտարկում են այն հանգամանքը, որ այդ տերության ղեկավարությունն անուշադրության մատնեց կանխատեսային հետազոտությունների ոլորտը և այդ իսկ պատճառով պատրաստ չեղավ ադեկվատ գործել նոր իրավիճակներում։

1 http://www.fundforpeace.org/web/index.php?option=com_content&task=view&id=391&Itemid=549

2 http://www.regnum.ru/news/armenia/1315425.html


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր