• am
  • ru
  • en
Версия для печати
19.06.2008

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՆՊԱՍՏԵՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ՞Ն, ԹԵ՞ ՀԵՏԸՆԹԱՑԻՆ

English

   

Ռիչարդ Գիրագոսյան

Giragosian_Richard (original)Պաշտոնապես նախագահի պարտականությունները մոտ երկու ամիս առաջ ստանձնելուց հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բախվեց ներքին քաղաքական ճնշման հետևանքով առաջացող մի շարք բարդ մարտահրավերների, որոնց արդյունքում ստեղծված ճգնաժամը հանգեցրեց սննդամթերքի և էներգիայի գների կտրուկ աճի, ինչը մոտակա ամիսներին միայն ավելի կխորանա։

Սակայն, չնայած ներքին մարտահրավերների արդյունքում ստեղծված ծանր իրավիճակին, վերջերս Հայաստանի համար Թուրքիայի հետ լարված հարաբերությունները բարելավելու հնարավորություն է ստեղծվել։ Նախքան նախագահ ընտրվելը Ս.Սարգսյանը ներկայացրել էր իր տեսակետն այն մասին, թե ինչ դրական փոփոխություններ կարող են լինել հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու պարագայում։ 2006թ. դեկտեմբերին «The Wall Street Journal»-ում տպագրված հոդվածում, իսկ մեկ տարի անց "Financial Times" լրագրին տված հարցազրույցում Ս.Սարգսյանն իր աջակցությունն է հայտնել Թուրքիային ԵՄ անդամակցության հարցում, չնայած զուտ պրագմատիկ, աշխարհաքաղաքական պատճառներից ելնելով ակնարկել էր, որ ԵՄ-ին անդամակցությունը Թուրքիային «ավելի կանխատեսելի» կդարձնի, ուստի և կամրապնդի Հայաստանի ազգային անվտանգությունը։

Փետրվարի 21-ին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջիններից մեկն էր, որ շնորհավորական ուղերձ հղեց նորընտիր նախագահին՝ հույս հայտնելով, թե Սարգսյանի հաղթանակը «կնպաստի թուրք և հայ ժողովուրդների հարաբերությունները կարգավորելուն անհրաժեշտ մթնոլորտի ստեղծմանը, քանի որ դարավոր հարևանությունն ապացուցել է, որ այս երկու ժողովուրդները կարող են կողք կողքի խաղաղ ու ներդաշնակ ապրել»։ Գյուլը նաև ավելացրել էր. «Ես իրոք հույս ունեմ, որ փոխադարձ վստահության և համագործակցության արդյունքում ստեղծված մթնոլորտը միայն կնպաստի տարածաշրջանի բարգավաճմանն ու խաղաղությանը»։ Ավելի ուշ՝ անցած ամիս, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտաքին գործերի նախարար Ալի Բաբաքանի նամակներում նույնպես նշվում է Հայաստանի հետ նոր «երկխոսություն» հաստատելու անհրաժեշտությունը։

Ի պատասխան այս նամակների՝ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը (որը ոչ մի ազգակցական կապ չունի նախագահի հետ) շտապեց «հաստատել» «կառուցողական երկխոսության և առանց նախապայմանների նորմալ հարաբերություններ հաստատելու» Հայաստանի ցանկությունը։ Սա հաստատվեց նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից երկրորդ պաշտոնական նամակով, որն ընդունում էր, որ հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու նախկին փորձերը «ձախողվել» են, և անհրաժեշտ է կիրառել դեռևս չորոշակիացված «դրական քայլերին» հաջորդող նոր մոտեցում և «նոր ոճ»։ Մայիսի 28-ին Բրյուսելում տեղի ունեցած Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի ժամանակ Նալբանդյանը կրկին շեշտեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը ոչ մի նախապայման չի դնում։ Այնուհետև նա ավելացրեց, որ 2005թ. ՆԱՏՕ-ի հետ ստորագրած Առանձին համագործակցության գործողության պլանի (ԱՀԳՊ) համաձաջն՝ «Հայաստանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ և նպատակ ունի կառուցողական, առանց միջնորդների երկխոսություն վարել Թուրքիայի հետ»։ Մի կողմից՝ նամակների փոխանակումն ու նոր երկխոսություն սկսելու ցանկության ակնհայտ դրսևորումը լավատեսության թվացյալ տպավորություն են թողնում, հատկապես եթե հաշվի առնենք Հայաստանի հավաստիացումներն այն մասին, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար ոչ մի նախապայման չի պահանջվում։ Սակայն նման լավատեսությունը, եթե, իհարկե, անկեղծ է և ոչ ձևական, կարելի է համարել անտեղին մինչ այդ անհամարձակ դիվանագիտական նախաձեռնությունների և երկու երկրների հարաբերությունները կարգավորելու ոչ պաշտոնական անհաջող փորձերի լույսի ներքո։

Վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանի և Թուրքիայի միջև շփումը նվազագույն է եղել։ Պաշտոնական հարաբերությունների բացակայությունը պայմանավորված է երկու պատճառով. Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանին Թուրքիայի աջակցությամբ և Հայության՝ 1915թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման փորձերին Թուրքիայի հակազդեցությամբ։ Այս երկու գործոնները գերակայող դեր ունեն փոքր հարևանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունում, որի հետևանքը 1993թ. տնտեսական շրջափակումն էր և պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործում Թուրքիայի համառ մերժումները։

Սակայն առ այսօր Թուրքիան շատ բան չի շահել իր վարած քաղաքականությունից, իրականում նա կորցրել է մի շարք դիվանագիտական և տնտեսական հնարավորություններ։ Ավելին, բազմաթիվ թուրք պաշտոնյաներ ոչ պաշտոնապես ընդունել են, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ դարձել է չափազանց սահմանափակ՝ հավանաբար կուլ գնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որևէ փորձ կատարելու Ադրբեջանի խիստ դիմադրությանը։

Չնայած վերոնշյալին՝ երկու երկրներն էլ գիտեն, թե ինչ պոտենցիալ հնարավորություններ կընձեռեն նրանց շփման նույնիսկ ամենատարրական եզրերը։ Հայաստանի հետ սահմանները բացելով՝ Թուրքիան նոր հնարավորություն կստանա ակտիվացնելու երկրի արևելյան աղքատ հատվածների տնտեսությանը, ինչը կարող է կարևոր դեր ունենալ հիմնականում քրդաբնակ և անհանգիստ արևելյան նահանգների տնտեսական կայունացման հարցում՝ ի հակադրություն քրդական ահաբեկչության և անջատողականության։

Թուրքիայի հետ բաց սահմանները Հայաստանին նույնպես ոչ միայն հնարավորություն կընձեռեն հաղթահարել տարածաշրջանային մեկուսացումն ու մարգինալացումը, այլ նաև ճանապարհ կհարթեն դեպի տնտեսական աճի և զարգացման համար այդքան կարևոր շուկաները։ Բացի այդ, սահմանների բացման արդյունքում ստեղծված առևտրային և տնտեսական ակտիվությունը կնպաստի երկու երկրների միջև հետագա առևտրային կապերի հատատմանը, ինչը կբերի մաքսային և սահմանային անվտանգության հիմնական ոլորտներում առավել պաշտոնական համագործակցության։ Երկկողմանի խորացող առևտրային կապերն ու cross-border համագործակցությունը, անշուշտ, պետք է հանգեցնեն նորմալ դիվանագիտական հարաբերությունների հաստատման։

Այսպիսով, հայ-թուրքական սահմանի բացումը ոչ միայն էական առաջընթաց կապահովի՝ նպաստելով առևտրային կապերի և տնտեսական հարաբերությունների հաստատմանը, այլ նաև կարող է հակամարտությունների հակված Հարավային Կովկասի առավել ընդգրկուն կայունության ու անվտանգության խթան հանդիսանալ։

Մինչդեռ, ինչպես մայիսի 20-ին Երևանում տեղի ունեցած թուրք-հայկական հարաբերություններին նվիրված կոնֆերանսի մասնակիցները նշեցին, իրականի և պոտենցիալի միջև անջրպետն ավելի մեծ է, քան երբևէ։ Կոնֆերանսը կազմակերպել էր Երևանի Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը, Եվրասիայի համագործակցության հիմնադրամի ու ԱՄՆ միջազգային զարգացումների գործակալության աջակցությամբ։ Ի մի բերելով հայ և թուրք առաջադեմ փորձագետներին և վերլուծաբաններին՝ կոնֆերանսը նպատակ ուներ բաց քննարկումներ ծավալել երկու երկրների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ և ցրել թուրքերի մասին հայերի ունեցած մտահոգիչ կարծրատիպերը։

Ինչպես մասնակիցներից մեկը հետագայում նշել էր «Թրքիշ դեյլի նյուզ»-ի մայիսի 22-ի համարում, «կոնֆերանսը կարողացավ վերհանել հռչակագրերի և դրանց իրականացման միջև եղած անհամատեղելիությունն ու անհստակությունը»։ Եվրոպական կայունության նախաձեռնություն կազմակերպության գլխավոր վերլուծաբան և անգլիալեզու "Turkish Policy Quarterly"-ի գլխավոր խմբագիր Դիբա Նիգար Գոքսելը, ավելի մեծ լավատեսության տեղ թողնելով, շեշտը դրել էր այն բանի վրա, որ «մենք նաև հույս ունեինք, թե կողմերը կկիսեն պատմության վերաբերյալ իրենց տեսակետները, քանի դեռ նրանք ներկայացնում էին խելամիտ ակնկալիքներ», և ավելացրել էր. «երբեմն պետք է ճանապարհորդություն կատարել դեպի արևելք՝ գնահատելու համար, թե Թուրքիան ինչքան հեռու է գնացել, և դեռ ինչքան չբացահայտված ներուժ ունի առավել մեծ ազդեցության հասնելու համար»։

Միևնույն ժամանակ, թվում էր, թե կոնֆերանսը հաստատեց, որ յուրաքանչյուր հետընթաց հայ-թուրքական հարաբերություններում առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ մեկ անգամ չէ, որ կողմերից յուրաքանչյուրը փորձել է հաշտության ձեռք մեկնել, սակայն նրանց փորձերը երբեք չեն համընկել։ Այս անհամաձայնությունը խթանեց քաղաքական նոր ուղղության ձևավորմանը. Հայաստանի նոր կառավարությանը չափազանց անհրաժեշտ է ռազմավարական առաջընթաց արտաքին քաղաքականության մեջ, քանի որ այն պայքարում է առկա միջազգային քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար։

Ինչևէ, նույնիսկ առաջընթացի համար այս նախապայմանը Հայաստանի կողմից բավարար չէ հարաբերությունների փակուղին հաղթահարելու համար, քանի որ այս պահին ընթացքի մեջ գտնվող արմատական փոփոխությունները Թուրքիայի հետ հարաբերություններում հազիվ թե առաջընթաց խոստանան։ Եվ մինչ Թուրքիայի ազգային ինքնության ու ռազմավարական կողմնորոշման մոտեցումների վերաձևակերպման ու վերագնահատման դինամիկ գործընթացը կարող է նոր հնարավորություն ընձեռել Հայաստանի հետ չհաջողված հարաբերությունները վերափոխելու ուղղությամբ, թվում է, թե Թուրքիան խուսափում է երես թեքել իր ավանդական դաշնակցից՝ Ադրբեջանից։ Թուրքական «Զաման» օրաթերթի մայիսի 26-ի համարում մեջբերվում են տնտեսական նախարար Մեհմեթ Սիմսեքի խոսքերն այն մասին, որ Հայաստանի հետ սահմանները չեն բացվի այնքան ժամանակ, քանի դեռ Երևանը չի լուծել իր խնդիրները Անկարայի և Թուրքիայի «տարածաշրջանային դաշնակից» Ադրբեջանի հետ։ Սիմսեքը նաև ավելացրել է, որ Հայաստանն ավելի շատ բան կարող է շահել երկու երկրների միջև «նորմալ հարաբերությունների» հաստատման արդյունքում, ահա թե ինչու նա էլ պետք է կատարի հարաբերությունների վերականգնման ուղղությամբ առաջին քայլը։

Այսպիսով, չնայած շատ ավելի հեշտ է Թուրքիային մեղադրել նախաձեռնություն չցուցաբերելու և Հայաստանի նկատմամբ նոր մոտեցումները կյանքի չկոչելու համար, բայց իրական պատճառը Թուրքիայի ցանկությունն է՝ «հանգստացնել» Ադրբեջանի մտավախությունները, գոնե՝ մի կարճ ժամանակով։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր