• am
  • ru
  • en
Версия для печати
21.07.2008

ԻՐԱՆ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ

   

Սևակ Սարուխանյան

Մայիսի 28-ին Իրանի նորընտիր խորհրդարանն ընտրեց իր նոր խոսնակին: Քվեարկության արդյունքում մեջլիսի առաջնորդ դարձավ Իրանի Հանրային հեռուստաընկերության եւ ռադիոյի նախկին նախագահ, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Ալի Լարիջանին: Լարիջանիի հաղթանակը կարեւոր ազդեցություն կարող է ունենալ թե՛ մեջլիսի գործունեության, թե՛ եկող տարի սպասվող նախագահական ընտրությունների ընթացքի վրա:

Իրանի նոր խորհրդարանը եւ գալիք նախագահական ընտրությունները

Թեեւ Ա.Լարիջանին աջ պահպանողականների քաղաքական թեւի ներկայացուցիչ է եւ մեջլիսի խոսնակի ընտրություններին վայելում էր նախագահ Մ.Ահմադինեժադի աջակցությունը, սակայն իր մի շարք մոտեցումներով նա տարբերվում է վերջինիս քաղաքական թիմի ներկայացուցիչներից:

Առաջին. Ալի Լարիջանին, աշխարհիկ քաղաքական գործիչ լինելով, անմիջականորեն կապված է Իրանի հոգեւոր իշխանությունների հետ: Բացի նրանից, որ ծնվել է հոգեւորականի ընտանիքում, նա նաեւ իսլամական հեղափոխության խոշոր գաղափարախոս Մ.Մոտախարիի փեսան է: Սա կարեւոր հանգամանք է, քանի որ ժամանակակից Իրանի քաղաքական դաշտը գնալով կտրվում է հոգեւոր իշխանությունների հետ կապից, ինչի դրսեւորումներից էին թե՛ աշխարհիկ Մ.Ահմադինեժադի ընտրությունը երկրի նախագահի պաշտոնին, թե՛ Իրանի վերջին մեջլիսի կազմը, որում հոգեւորականների թիվը հազիվ հասնում է 10 տոկոսի: Այսպիսով, ի տարբերություն Իրանի ներկայիս քաղաքական դաշտի մեծամասնության, աշխարհիկ Ա.Լարիջանին հենց հոգեւորականների թեւի ներկայացուցիչ է, այլ ոչ միայն այդ թեւի գաղափարական հետեւորդ:

Երկրորդ. Ա.Լարիջանին, ունենալով բավական պահպանողական քաղաքական գաղափարներ, ավելի քան ընդունելի է միջազգային հանրության կողմից: Սրա վկայությունն է արեւմտյան մամուլի հաղորդագրություններում եւ վերլուծություններում առկա դրական ենթատեքստը` կապված Ա.Լարիջանիի` մեջլիսի նախագահ ընտրվելու հետ: Միջուկային հիմնախնդրով արտերկրի հետ բանակցողների թիմի ղեկավարը լինելով` Ա.Լարիջանին աչքի է ընկել համեմատաբար մեղմ դիրքորոշմամբ եւ բազմիցս քայլեր է իրականացրել միջուկային հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Երրորդ. Ա.Լարիջանին Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնից հեռացվել է նախագահ Մ.Ահմադինեժադի կողմից, եւ դրա հիմնական պատճառներից են եղել, ինչպես հաղորդում էին մի շարք միջազգային աղբյուրներ, նախագահի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի միջեւ եղած հակասությունները եւ բարդ անձնական հարաբերությունները: Այս առումով, Ա.Լարիջանիի ընտրությանը Մ.Ահմադինեժադի հավանությունը պետք է համարել ավելի շատ որպես քարոզչական քայլ, քանի որ խորհրդարանում մեծամասնություն կազմող պահպանողականների ընդամենը մի փոքր հատվածն է համարվում նախագահի աջակից, եւ նրանց դիրքորոշումը չէր կարող ազդել պահպանողականների ընդհանուր զանգվածի` Ա.Լարիջանիին մեջլիսի նախագահ ընտրելու որոշման վրա:

Այս ամենը խոսում է այն մասին, որ Իրանի խորհրդարանի ղեկին է հայտնվել բավական ազդեցիկ քաղաքական գործիչ, որի գործունեությունը կարող է լրջորեն բարձրացնել խորհրդարանի դերը երկրի քաղաքական կյանքում: Իրանի պետական համակարգի բավական կարեւոր հատկանիշներից է հենց այն, որ խորհրդարանի ղեկավարի անձից է մեծ մասամբ կախված խորհրդարանի դերը: Հիշենք 1980–1989 թվականները, երբ խորհրդարանն առաջնորդում էր Ա.Ա.Հաշեմի-Ռաֆսանջանին, որն Իրանի պետական համակարգի կարեւորագույն գործող անձանցից մեկն էր եւ անմիջականորեն ազդում էր ոչ միայն երկրի ներքին, այլ նաեւ արտաքին քաղաքականության վրա:

2009-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքը զգալի չափով կախված է լինելու խորհրդարանից, նրա անդամների եւ նախագահի դիրքորոշումներից: Շատ մեծ է հավանականությունը, որ Ա.Լարիջանին նախագահական ընտրությունների ժամանակ կարող է դառնալ պահպանողականների մի զգալի մասի թեկնածուն` բարդացնելով Մ.Ահմադինեժադի վերընտրման հնարավորությունը:

Թեհրանի քաղաքապետ Մ.Քալիբաֆը մեկ այլ հնարավոր թեկնածու է համարվում, սակայն նրա առաջադրման հնարավորությունը մեծ մասամբ կախված կլինի հենց Ա.Լարիջանիի հետ պայմանավորվածություններից, քանի որ վերջին խորհրդարանական ընտրություններում Թեհրանի քաղաքապետն ու մեջլիսի նորընտիր նախագահը հանդես են եկել մեկ քաղաքական դաշինքի շրջանակներում:

Արտաքին մարտահրավերները

Վերջին ամիսների ընթացքում բավական բարդ են Իրանի շուրջ ընթացող արտաքին քաղաքական զարգացումները: Միջուկային հիմնախնդրի վերաբերյալ Իրանի կոշտ դիրքորոշումը գրեթե փոփոխության չի ենթարկվել, ինչի արդյունքում հուլիս–օգոստոս ամիսների ընթացքում Իրանի միջուկային հիմնախնդիրը, հավանաբար, նորից կքննարկվի ՄԱԿ ԱԽ-ում: Եթե դատենք Իրանի նախագահի հայտարարություններից, ապա դիրքորոշման մեղմացում մոտակա ամիսների ընթացքում սպասել չի կարելի: Իսկ սա կարող է բերել նոր պատժամիջոցների եւ Իրանի հետագա մեկուսացման: Պատժամիջոցների նոր փաթեթը, որը կարող է օգտագործվել Իրանի դեմ, հնարավոր է անմիջականորեն ազդի Իրանի` արտաքին աշխարհի հետ ֆինանսական հարաբերությունների վրա: Սրա վկայությունն է հունիսի 9-ին նախագահ Մ.Ահմադինեժադի կոչը Իրանի գործարարներին, պետական եւ մասնավոր կառույցներին` բոլոր ֆինանսական միջոցները եվրոպական բանկերից դուրս բերելու մասին: Ըստ որոշ տվյալների, եվրոպական բանկերում իրանական հաշիվները կազմում են շուրջ 80 մլրդ ԱՄՆ դոլար, եւ իրանական հաշիվների հնարավոր «ձերբակալումը» կարող է լուրջ հարված հասցնել իրանական տնտեսությանը: Այստեղ պետք է հաշվի առնել եւս երկու հանգամանք.

  • Իրանական միջոցների դուրսբերումը եվրոպական բանկերից կարող է վնաս հասցնել նաեւ ֆինանսական կայունությանը բուն Եվրոպայում: Սա նշանակում է, որ Իրանի նախագահի կոչը կարող է ունենալ նաեւ քարոզչական բնույթ եւ եվրոպացիների դիրքորոշման վրա ազդեցության լծակ հանդիսանալ:
  • Իրանի նախագահի քաղաքականությունից բավական դժգոհ են իրանական գործարար շրջանակները, որոնք անմիջականորեն կապված են ԵՄ երկրների հետ, քանի որ հենց Եվրոպան է Իրանի առաջին տնտեսական գործընկերը թե՛ ապրանքների ներկրման, թե՛ դրանց արտահանման առումով: Ուստի, նախագահի կոչը նաեւ հարված է Իրանի գործարար շրջանակներին, որոնք չեն կարող գալիք նախագահական ընտրություններին պասիվ մասնակցություն ունենալ` չպաշտպանելով այս կամ այն թեկնածուին: Բացառված չէ, որ Իրանի նախագահի մոտեցումը երկրի գործարարների վրա լուրջ լծակ ձեռք բերելու հետ է կապված նաեւ:

Իրանի համար բավական կարեւոր հիմնախնդիր է, թե ինչպես կընթանա իրանական հարցի հերթական քննարկումը ՄԱԿ ԱԽ-ում: Հայտնի է, որ վերջին երկու տարվա ընթացքում Իրանի դեմ լուրջ պատժամիջոցների կիրառումը հնարավոր չի եղել ԱԽ մշտական երկու անդամներ Ռուսաստանի եւ Չինաստանի դիրքորոշման պատճառով: Այս երկու երկրների դիրքորոշման հնարավոր փոփոխության մասին մտահոգվելու համար կան լուրջ պատճառներ:

Առաջին. Ռուսաստանում կա ընտրված նոր նախագահ, որը չի կարող սեփական մոտեցումներ չունենալ արտաքին քաղաքական հարցերի շուրջ: Բացի այդ, ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ արտերկրում Դ.Մեդվեդեւի հետ են կապում Ռուսաստան–Արեւմուտք հարաբերություններում լարվածության թուլացման հնարավորությունը, իսկ լարվածության թուլացումն անմիջականորեն կապված է միջազգային սուր հարցերի վերաբերյալ դիրքորոշումների հետ: Իրանի համար կարեւորագույն խնդիր է, թե ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա ընթացքն ինչպես կարող է ազդել իրանական հարցերում Ռուսաստանի դիրքորոշման վրա:

Երկրորդ. Չինաստանում սպասվելիք Օլիմպիական խաղերի նախօրեին ԱՄՆ-ի կողմից հակաչինական քարոզչությունը Վաշինգտոնի ձեռքին դարձել է ոչ միայն ԱՄՆ–Չինաստան, այլ նաեւ Չինաստան-արտերկիր հարաբերությունների վրա ազդեցություն գործելու լրջագույն լծակ: Հակաչինական քարոզչությունը համաշխարհային տեղեկատվական դաշտում գերակշիռ դիրքեր ունեցող ԱՄՆ-ի կողմից ստիպել է Պեկինին ակտիվացնել չին-ամերիկյան բանակցությունները տարբեր մակարդակներում, որոնք կոչված են լուծելու Վաշինգտոնի եւ Պեկինի համար խնդրահարույց մի շարք հարցեր: Եվ այս պարագայում Իրանի համար խիստ կարեւոր է, թե ինչ փոփոխություն կկրի Պեկինի դիրքորոշումը իրանական միջուկային հիմնախնդրի վերաբերյալ:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր