• am
  • ru
  • en
Версия для печати
03.11.2008

ՋԱՎԱԽՔԸ ՎՐԱՑ-ՕՍԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՍՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

   

Վահրամ Հովյան

Javakhk (medium) Վրաց-օսական հակամարտության սրումը և դրա շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումները հասարակական հնչողության առումով ստվեր նետեցին այդ օրերին Ջավախքում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Հայ հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրությունը սևեռված էր հիմնականում վրաց-օսական հակամարտության շուրջ տեղի ունեցող տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների վրա՝ երկրորդական պլանում թողնելով Ջավախքի և ջավախահայության հիմնախնդիրները։

Մինչդեռ Վրաստանի վարչական սահմաններում գտնվող հայահոծ բնակչությամբ այդ երկրամասը բավական լուրջ տարածաշրջանային գործոն է։ Այն ռազմավարական մեծ նշանակություն ունի ՀՀ անվտանգության ապահովման համար։ Նախ՝ ջավախահայությունը (ինչպես նաև վիրահայությունն ընդհանրապես) իր կենսունակությամբ և ակտիվ գործունեությամբ կարող է կանխել Վրաստանի իշխանությունների հակահայկական քայլերը։ Բացի այդ, ջավախահայությունն է, որ, բնակվելով ՀՀ հյուսիսային սահմաններին կից տարածքներում, ապահովում է այդ տարածքներով հաղորդակցության ուղիների անվտանգությունը Հայաստանի համար։ Եթե ՀՀ հյուսիսային սահմաններին հարակից այդ տարածքները հայաթափվեն և բնակեցվեն թուրքերով, Հայաստանի համար Ջավախքով անցնող հաղորդակցության ուղիների անվտանգությունն էապես կվտանգվի։ Պատահական չէ, որ Ջավախքը համարվում է Հայաստանի հյուսիսային դարպասը։

Մյուս կողմից, Ջավախքի և ջավախահայության հիմնախնդիրների դիտարկումը վրաց-օսական հակամարտության վերջին սրման համատեքստում թույլ է տալիս կատարել ընդհանրական եզրակացություններ այնտեղ տիրող իրավիճակի վերաբերյալ։ Հոդվածը նվիրված է վրաց-օսական հակամարտության վերջին սրման համատեքստում ջավախահայության խնդիրների քննարկմանը։

Հոդվածի աղբյուրագիտական հենքը կազմում է հիմնականում համացանցում առկա նյութը։ Մասնավորապես, շեշտը դրվել է BAGIN լրատվական կենտրոնի հաղորդած տեղեկատվության վրա։ Վերջինս զբաղվում է Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի մասին տեղեկատվության տարածմամբ և, ըստ էության, հանդիսանում է այդ տարածաշրջանից հիմ¬նական տեղեկատվության աղբյուրը։ Քանի որ վրաց-օսական հակամարտության վերջին սրման օրերին գրեթե բոլոր լրատվամիջոցների ուշադրությունը կենտրոնացած էր տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների վրա, BAGIN լրատվական կենտրոնն այդ օրերին, ըստ էության, հանդիսանում էր Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանից միակ տեղեկատվության աղբյուրը։

Գլխավորը, որ ցույց տվեց ջավախահայության վարքագծի դիտարկումը վրաց-օսական հակամարտության վերջին սրման համատեքստում, վերջինիս գրեթե լիակատար օտարվածությունն է Վրաստան պետությունից։ BAGIN լրատվական կենտրոնի հաղորդած նյութերն ակնհայտորեն ցույց են տալիս, որ ջավախահայությունը Վրաստանը չի համարում իր երկիրը, հանուն որի կարելի է գնալ որևէ զոհողության կամ որևէ դրական քայլ կատարել։ Ջավախահայերն իրենց չեն զգում որպես Վրաստանի քաղաքացիներ։ Վրաստանը ջավախահայության համար ներկայանում է որպես ճնշման գործիք, որի դեմ ստիպված են պայքարել։

Օտարվածության այս զգացումը երևաց վրաց-օսական հակամարտության նկատմամբ ջավախահայության վերաբերմունքից։ Հիմնվելով BAGIN-ի տեղեկատվության վրա՝ վստահաբար կարելի է ասել, որ ջավախահայության վերաբերմունքը վրաց պետության և վրացական իշխանությունների հանդեպ եղել է պասիվ բացասական։ Իսկ օսերի, ինչպես նաև Ռուսաստանի կողմից իրականացված գործողությունների նկատմամբ ջավախահայությունը դրսևորել է պասիվ դրական վերաբերմունք։ Նշանակում է` ջավախահայությունը չի դիմել ակտիվ գործողությունների ընդդեմ Վրաստանի կամ հօգուտ Հարավային Օսիայի, ինչպես դա արեց, օրինակ, Աբխազիան՝ Կոդորի կիրճը մաքրելով վրացական զորքերից։ Ջավախահայությունը վրացական պետության դեմ ինչպես նախկինում, այնպես էլ այս դեպքում չգնաց որևէ ոտնձգության։

Համաձայն BAGIN-ի՝ ջավախահայությունը գտնում էր, որ վրաց-օսական հակամարտության գոտում իրավիճակի սրումը վրացական իշխանությունների ագրեսիայի արդյունքն էր։ Ըստ Ջավախքում իշխող տրամադրությունների՝ Վրաստանի ազգայնական իշխանությունները՝ նախագահ Մ.Սահակաշվիլու գլխավորությամբ, ցանկանում էին ռազմական ճանապարհով իրենց օգտին լուծել Հարավային Օսիայի խնդիրը՝ փորձելով բռնի ուժով կրկին Վրաստանին միացնել այդ երկրամասը։ Իսկ Հարավային Օսիայի բնակչության նկատմամբ Վրաստանի իշխանություններն, ըստ ջավախահայության ընկալման, իրականացնում էին էթնիկ զտումների ու բռնության քաղաքականություն։ Ջավախահայերը վրացական իշխանությունների կողմից նման քաղաքականության սպառնալիք զգում էին նաև իրենց նկատմամբ։ Նրանք ամենևին չէին բացառում, որ Վրաստանի իշխանությունները զենքի ուժով նույն էթնիկ զտումների, հալածանքների ու բռնության քաղաքականությունը կիրականացնեն նաև Ջավախքում, ինչը կհանգեցնի հայկական այդ երկրամասի հայաթափմանը։

Ինչ վերաբերում է Հարավային Օսիայի և Ռուսաստանի գործողություններին, ապա BAGIN-ի նյութերի դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ջավախահայությունը դրանք ընկալում էր որպես անհրաժեշտ և արդարացված հակաքայլ վրացական ագրեսիվ գործողությունների դեմ և ողջունում էր դրանք։

Գործնականում ջավախահայության պասիվ բացասական վերաբերմունքը վրացական պետության դեմ դրսևորվեց հետևյալ կերպ.

1. Ջավախահայ երիտասարդությունը վրաց-օսական հակամարտության օրերին զանգվածաբար խուսափում էր բանակ զորակոչվելուց ռուսական զորքերի ու օսական զինված խմբավորումների դեմ կռվելուց։ Այս հանգամանքն ամենաակնառու փաստն էր, որը ցույց տվեց ջավախահայության օտարվածությունը վրացական պետությունից և նրա պասիվ բացասական վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ։ Սովորաբար հայերն օտար պետություններում ունեցել են օրինապաշտ քաղաքացիների համբավ։ Մինչդեռ ջավախահայությունը վրաց-օսական հակամարտության օրերին դրսևորեց լիովին հակառակ վարքագիծ։ Ըստ BAGIN-ի` ջավախահայ երիտասարդները զորակոչից խուսափելու նպատակով զանգվածաբար իրենց բնակավայրերից հեռանում էին դեպի լեռները կամ ապաստան գտնում Հայաստանում։

Եթե վրացական իշխանություններին, այնուամենայնիվ, հաջողվում էր բանակ զորակոչել ջավախահայ երիտասարդներին, դա վրդովմունք էր առաջացնում Ջավախքի հայության շրջանում։ Ջավախահայության շրջանում վրդովմունք էր առաջացնում նաև այն, որ վրացական իշխանությունները ռազմաճակատ էին ուղարկում մինչ ռազմական գործողությունների սկիզբը բանակ զորակոչված հայերին, ինչպես նաև Ջավախքի ոստիկանության ուժերին։

Վրաստանն իրենց երկիրը չէ, և իրենց երեխաները չէ, որ պետք է զոհվեն վրացիների երջանկության համար, կարծում են ջավախահայերը։

2. Ջավախահայությունը պասիվ մասնակցություն ցուցաբերեց վրացական իշխանությունների կազմակերպած զանգվածային հրապարակային միջոցառումներին։ Օրինակ՝ սեպտեմբերի 1-ին Վրաստանի իշխանությունները ողջ երկրի տարածքում կազմակերպել էին «Կենդանի օղակ» բողոքի ակցիան, որի մասնակիցները ձեռք ձեռքի տված պետք է շրջանաձև կանգնեին։ «Կենդանի օղակի» նպատակն էր մի կողմից՝ արտահայտել վրաց հասարակության բողոքն ընդդեմ երկրի տարածքային ամբողջականության խախտման, մյուս կողմից՝ ցույց տալ վրաց հասարակության միասնականությունն ու վճռականությունը` պայքարելու Վրաստանի տարածքային ամբողջականության համար։

Սակայն Ախալքալաքում «Կենդանի օղակ» ակցիան ձախողվեց։ Այն, ինչ տեղի ունեցավ այնտեղ, չի կարելի զանգվածային ու միասնական համարել։ Աչքի էին զարնում ակցիայի մասնակիցների սակավությունը և անկազմակերպվածությունը։ «Կենդանի օղակը» բաղկացած էր հիմնականում Ախալքալաքում բնակվող վրացիներից և տեղի պաշտոնյաներից։ Իսկ հայ բնակչությունը, որը կազմում է Ախալքալաքի բնակչության ջախջախիչ մեծամասնությունը, հիմնականում չմասնակցեց այդ հրապարակային միջոցառմանը։ Դրանով ակնհայտ երևաց հայերի ու վրացիների միասնության, եղբայրության և հանուն Վրաստանի միասնաբար պայքարելու վճռականության վերաբերյալ «Կենդանի օղակ» ակցիայի ժամանակ հնչեցված դատողությունների չհիմ¬նավորվածությունը։

3. Վրաց-օսական հակամարտության սրման օրերին ավելի ակնհայտ դարձավ ջավախահայության շրջանում Վրաստանի հայազգի բարձրաստիճան պաշտոնյաների և նշանավոր դեմքերի նկատմամբ առանց այդ էլ առկա հակակրանքը։ BAGIN լրատվական կենտրոնի հրապարակած նյութերը ցույց են տալիս, որ ջավախահայությունը բացասաբար է վերաբերվում հայազգի այնպիսի նշանավոր դեմքերի ու նրանց գործունեությանը, ինչպիսիք են Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Արմեն Բայանդուրյանը, «Վրաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ Գենա Մուրադյանը, «Թբիլիսիի հայերի միություն» և «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպությունների ղեկավար Առնոլդ Ստեփանյանը։ Ջավախահայերը հիշյալ գործիչներին ընկալում են որպես Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչներ, իսկ նրանց գործունեությունը՝ որպես Վրաստանի շահերին նպատակաուղղված և ապազգային գործողությունների ամբողջություն։

Վրաց-օսական հակամարտության սրման օրերին ջավախահայության զայրույթն առաջացրեց այն, որ օգոստոսի 12-ին Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում կազմակերպված հանրահավաքում Վրաստանի պետական դրոշների կողքին փողփողում էր նաև հայոց եռագույնը։ Հայաստանի պետական դրոշը, ըստ BAGIN-ի, Ռուսթավելու պողոտայում էր հայտնվել Վրաստանի նախագահի հայազգի խորհրդական Վան Բայբուրդի ջանքերով1։ Ջավախահայությունը դա դիտեց որպես հայոց պետական դրոշի պղծում և անթույլատրելի համարեց հայ ժողովրդի ներքաշումը վրացական իշխանությունների սադրիչ գործողություններում։

Ջավախահայության զայրույթը հարուցեց նաև օգոստոսի 17-ին վերոհիշյալ գործիչների կողմից Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական թատրոնի շենքում կազմակերպված հավաքը, որտեղ նրանք վիրահայության անունից պահանջեցին վերջ դնել իրենց կարծիքով ռուսական ագրեսիային և ստորագրահավաք սկսեցին։

Ջավախքի մեր հայրենակիցների վրդովմունքն առաջացրեց նաև այն, որ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Արմեն Բայանդուրյանը, հավաքելով մի խումբ հայերի, գնաց Գորիի շրջանի Իգոեթի գյուղի մերձակայք, ուր ռուսական զորքեր էին գտնվում, և այնտեղ կազմակերպեց հրապարակային միջոցառում՝ «Վրաստանի հայ սփյուռքը պահանջում է ռուսական զորքերի դուրսբերումը երկրից» խորագրով2։ Հրապարակային միջոցառման մասնակիցները թափահարել են «Ռուսաստան, դադարեցրու Վրաստանի դեմ ագրեսիան», «Այսօր մենք բոլորս վրացիներ ենք» գրություններով պաստառներ։ Այս անգամ էլ Վրաստանի պետական դրոշի հետ միասին փողփողացել է հայոց եռագույնը։

Այս իրադարձություններին ջավախահայերի բացասական վերաբերմունքը բացատրվում է նրանով, որ նրանք Վրաստանն իրենց երկիրը չեն համարում։ Ջավախահայերի ընկալմամբ՝ Վրաստանի հիմնախնդիրները նրա ներքին գործն են, որին միջամտելու ցանկություն հայերը չունեն։

Հնարավոր է, որ թիֆլիսահայության և ջավախահայության միջև առկա է մոտեցումների և շահերի որոշակի տարբերություն, որով էլ, թերևս, կարելի է բացատրել վերոհիշյալ միջոցառումների անցկացումը թիֆլիսահայության կողմից։ Բացի այդ, թիֆլիսահայությունը և ջավախահայությունը գտնվում են տարբեր տեղեկատվական հոսքերի ազդեցության տակ։ Թիֆլիսահայությունը հիմնականում գտնվում է վրացական պետական քարոզչամեքենայի ազդեցության տակ, ինչը չի կարելի ասել ջավախահայության մասին՝ առաջին հերթին վրացերենին չտիրապետելու պատճառով։

Սակայն սույն հոդվածի տեսանկյունից գլխավորն այն է, որ վերոհիշյալ միջոցառումների անցկացումը վրդովմունք առաջացրեց ջավախահայության շրջանում։

Մտահոգության լուրջ աղբյուր է նաև այն, որ Գորիի վերոհիշյալ հրապարակային միջոցառման ժամանակ վիրահայությունը համարվել է ոչ թե Վրաստանի ազգային փոքրամասնություն, այլ ընդամենը «Վրաստանի հայ սփյուռք»։ Ազգային փոքրամասնության և սփյուռքի տարբերությունը կարգավիճակի առումով էական է։ Փաստորեն, այդպիսով վիրահայությունը և մասնավորապես՝ ջավախահայությունը, դիտվում էր ոչ թե որպես իր բնօրրանում ապրող ազգային ընդհանրություն, այլ օտար երկիր (տվյալ դեպքում՝ Վրաստան) ներգաղթած հայերի ամբողջություն։ Այդպիսով, Ջավախքը հավասարեցվում է սփյուռքի մյուս հայկական համայնքների, օրինակ՝ Ֆրանսիայի, Լիբանանի կամ Կիպրոսի հայկական համայնքների հետ։

Մինչդեռ իրականում ջավախահայությունը Վրաստանի կազմում իր բնօրրանում հոծ ապրող ազգային ընդհանրություն է, ինչպես, օրինակ, բասկերը՝ Իսպանիայում կամ հյուսիսային իռլանդացիները՝ Մեծ Բրիտանիայում։ Տարօրինակ կլիներ, եթե բասկերը կամ հյուսիսային իռլանդացիները համարվեին սփյուռք, համապատասխանաբար՝ Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում։

Սփյուռքի համայնքի և ազգային փոքրամասնության կարգավիճակների տարբերությունից բխում է նաև նրանց արտոնությունների տարբերությունը։ Ջավախահայությունը, համարվելով «հայկական սփյուռք», այլ ոչ թե ազգային փոքրամասնություն Վրաստանի կազմում, ըստ էության, զրկվում է ինքնավարության, հայոց լեզուն որպես տարածաշրջանային լեզու ունենալու և այլ իրավունքներից։

Ի դեպ, վիրահայությունը որպես սփյուռք դիտարկելն ամենևին էլ նորարարություն չէր Գորիում վերոնշյալ քաղաքական ակցիայի կազմակերպիչների կողմից։ Դա առհասարակ վրացական ԶԼՄ-ի կողմից հետևողականորեն իրականացվող միտումնավոր քաղաքականություն է։ Իսկ Գորիում կազմակերպված այդ միջոցառման կազմակերպիչները կամա թե ակամա շարունակել են վրացական ԶԼՄ-ի գործը։

Ինչպես վկայում են BAGIN-ի հրապարակած նյութերը, վրաց-օսական հակամարտության սրման համար ջավախահայերը հիմնականում մեղադրում էին Վրաստանի իշխանություններին՝ մեղադրելով նրանց Հարավային Օսիային զենքի ուժով վերատիրանալու և այնտեղ բռնի էթնիկ զտումների քաղաքականություն իրականացնելու մեջ։ Իսկ Ռուսաստանի, ինչպես նաև Հարավային Օսիայի գործողությունները ջավախահայությունը դրական էր գնահատում՝ հավանություն տալով դրանց։ Այս ամենով էլ բացատրվում է գործնականում ջավախահայության պասիվ բացասական վերաբերմունքը՝ Վրաստանի և պասիվ դրական վերաբերմունքը Ռուսաստանի ու Հարավային Օսիայի նկատմամբ։

Հետաքրքիր է, որ ջավախահայությունը որևէ վերաբերմունք չդրսևորեց Արևմուտքի (ՆԱՏՕ, Եվրոպական միություն, ինչպես նաև առանձին պետություններ՝ ԱՄՆ, Ֆրանսիա և այլն) գործողությունների նկատմամբ։ Ջավախքի մեր հայրենակիցներին այդ պահին չէին հետաքրքրում աշխարհաքաղաքական խնդիրները։ Նրանք ուշադրությունը կենտրոնացրել էին միայն իրենց հիմնախնդիրների վրա։ Ուստի ջավախահայությունը վրաց-օսական հակամարտությանը նայում էր շատ նեղ՝ միայն իր հիմնախնդիրների, այլ ոչ թե Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների կամ ընդհանրապես աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից։

Ջավախահայության օտարվածությունը Վրաստանից ունի իր հիմնավոր պատճառը. տարիներ շարունակ Վրաստանի իշխանությունների կողմից հետևողականորեն իրականացվող հակահայկական քաղաքականությունը ինչպես ողջ վիրահայության, այնպես էլ Ջավախքի նկատմամբ։ Այդ հակահայկական քաղաքականությունը դրսևորվել է ազգային խտրականության, հալածանքների, հայկական եկեղեցիների ու մշակութային այլ արժեքների դեմ ոտնձգությունների և այլ ձևերով։

Վրաց-օսական հակամարտության վերջին սրմանն անմիջականորեն նախորդեցին մի շարք մտահոգիչ իրադարձություններ Ջավախքում՝ պայթյուն Ախալքալաքի ոստիկանապետի տան մերձակայքում, դրան հաջորդած բռնարարքներ «Միասնական Ջավախք» հասարակական կազմակերպության առաջնորդների ու ակտիվիստների նկատմամբ՝ ի դեմս նրանց և նրանց հարազատների ձերբակալության, հարձակում «Միասնական Ջավախք» հասարակական կազմակերպության գրասենյակի վրա, երկու հայ ոստիկանների մահ, շուրջ քսան մարդու ձերբակալություն և այլն։ Այս մտահոգիչ իրադարձություններն ու դրանց հետևանքները նույնպես երկրորդական պլան մղվեցին վրաց-օսական և ռուս-վրացական պատերազմի օրերին։ Սակայն դրանք էական ազդեցություն ունեցան վրաց-օսական հակամարտության վերաբերյալ ջավախահայության դիրքորոշումների ձևավորման վրա։

Վրաց-օսական հակամարտության վերջին սրման հետևանքները փոխեցին իրադրությունն ինչպես ողջ Վրաստանի, այնպես էլ նրա ազգային փոքրամասնությունների համար։ Որպես լուծում սկսեց շրջանառվել Վրաստանը դաշնային (ֆեդերատիվ) կամ համադաշնային (կոնֆեդերատիվ) պետության վերածելու գաղափարը։ Ի դեպ, սույն թվականի օգոստոսի 19-ին Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման համար հարկ է երկիրը վերածել դաշնային (ֆեդերատիվ) պետության։ Իսկ ներկայիս Սամցխե-Ջավախքից և Քվեմո-Քարթլիի՝ նրան սահմանակից առավելապես հայերով բնակեցված շրջաններից պետք է ստեղծել մեկ վարչական միավոր և այն վերածել Վրաստանի դաշնային պետական կառուցվածքի առանձին սուբյեկտի՝ օժտված ինքնակառավարման լայն լիազորություններով։

Թե ինչ հեռանկար է սպասվում Վրաստանը դաշնային կամ համադաշնային պետության վերածելու գաղափարին, այսօր դժվար է ասել։ Սակայն ակնհայտ է, որ բազմազգ պետություններում ազգային փոքրամասնությունների իրավունքների շարունակական ոտնահարումները հանգեցնում են երկրի ներսում ազգամիջյան լարվածության աճին, ինչն էլ կործանարար հետևանքների աղբյուր է տվյալ պետության համար։ Ահա այս հանգամանքը, ինչպես նաև վրաց-օսական հակամարտության վերջին սրման դառը փորձը պետք է հաշվի առնեն Վրաստանի իշխանություններն ազգային քաղաքականության հարցերում։

1Հնարավոր է, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Սակայն այստեղ, թերևս, դա չէ կարևորը։ Կարևորն այն է, որ հայերի կողմից ցանկացած վրացամետ քայլ ջավախահայության մոտ նույնացվում է Վան Բայբուրդի և մյուս հայազգի գործիչների անվան հետ։

2BAGIN լրատվական կենտրոնը հաղորդում է, որ Արմեն Բայանդուրյանի այդ խումբը հավաքվել է հիմնականում Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական թատրոնի աշխատակիցներից՝ աշխատանքից հեռացվելու սպառնալիքի տակ։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր