
ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ
Սևակ ՍարուխանյանԻրանի Իսլամական Հանրապետությունն այսօր ապրում է զարգացման մի կարևոր փուլ, որը բնորոշվում է տարածաշրջանային և միջազգային քաղաքականության մեջ Թեհրանի դիրքերի ամրապնդմամբ։
Զարգացումներն Իրանի միջուկային ծրագրի շուրջ ցույց են տալիս, որ միջազգային հանրությունը չի կարող կասեցնել Իրանի միջուկային հետազոտություններն ու տեխնոլոգիաների զարգացումը, ինչը կարող է հանգեցնել Իրանի՝ միջուկային տերության վերածման։
Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանային գործընթացներին իր մասնակցությամբ նույնպես կարևոր զարգացումների մեջ է ընդգրկված. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, ԼՂՀ հարցի շուրջ բանակցություններ, ակտիվ արտաքին քաղաքականություն, դաշնակցային հարաբերությունների ամրապնդում Ռուսաստանի, հարաբերությունների խորացում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի, Չինաստանի և կարևոր դերակատարություն ունեցող մի շարք այլ պետությունների և կազմակերպությունների հետ։
Չնայած այն վերադասավորումներին, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում, հարաբերություններն Իրանի հետ Հայաստանի համար շարունակում են հատուկ տեղ զբաղեցնել։ Դրանց ընթացքն այսօր բավական ակտիվացել է, քանի որ արդեն գրեթե 20 տարվա պատմություն ունեցող ՀՀ-ԻԻՀ կապերը վերջին մի քանի տարում բավական լուրջ տնտեսական լիցք են ստացել, իսկ Իրանի ակտիվացումը ԼՂՀ կարգավորման գործընթացում նոր քաղաքական բնույթի կարևորություն է տալիս Երևան-Թեհրան հարաբերություններին։ Ստորև անդրադառնանք հայ-իրանական հարաբերությունների մի քանի կարևոր հիմնախնդիրների։
Իրանի հնարավոր միջնորդությունը ԼՂՀ-ի շուրջ ընթացող բանակցություններում
Վերջին ամսվա ընթացքում Իրանը տարածաշրջանային գործընթացներում ավելի ակտիվ մասնակցության հայտ ներկայացրեց։ 2009թ. Թեհրանի կողմից Երևանի և Բաքվի ուղղությամբ մի քանի անգամ հնչեցված պատրաստակամությունը` աջակցել ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացին, 2010-ի ապրիլին ձևափոխվեց պաշտոնական առաջարկության՝ դառնալ հակամարտության կարգավորմանը և բանակցություններին աջակցող միջնորդ։ Իրանի ԱԳՆ ղեկավար Մ.Մոթաքիի խոսքերով, Թեհրանը Երևանին և Բաքվին է ներկայացրել ԼՂՀ հարցին առնչվող առաջարկություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, սահմանափակվում են ԱԳՆ ղեկավարների մակարդակով եռակողմ բանակցությունների անցկացման առաջարկությամբ։
Իրանի այսօրինակ ակտիվացման պատճառների բացահայտումը բավական կարևոր է, որն անհրաժեշտ է դիտարկել՝ հասկանալու համար, թե իրականում ինչի է ձգտում Իրանը ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացում։ Իրանի ակտիվացումը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ մի քանի պատճառ ունի, որոնցից, մեր կարծիքով, հիմնականներն են.
- Չնայած Թեհրան-Երևան և Թեհրան-Բաքու հարաբերությունները, առաջինի դեպքում, բավական զարգացած են, երկրորդի դեպքում՝ առնվազն նորմալ, Թեհրանը տեղեկացված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող հայ-ադրբեջանական բանակցությունների մասին։ Իրանի տեղեկությունները բանակցային գործընթացի բնույթի և արդյունքների մասին բավական մակերեսային են, քանի որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը և ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Թեհրանին տեղյակ չեն պահում բանակցությունների ընթացքի և իրական բովանդակության մասին։ Այս պայմաններում Իրանի տեղեկացվածությունը ԼՂՀ կարգավորման հարցի շուրջ հիմնականում ձևավորվում է հայաստանյան և ադրբեջանական մամուլում հրատարակվող նյութերից, տարբեր վերլուծաբանների, քաղաքական, այդ թվում նաև ընդդիմադիր գործիչների կողմից հնչեցվող կարծիքներից։ Իսկ դրանք հիմնականում վերջին տարվա ընթացքում ասում են, որ հայերն ու ադրբեջանցիները մոտ են հակամարտության հանգուցալուծմանը։ Եվ այստեղ կարևոր չէ, թե որքանով են դրանք մոտ իրականությանը։ Կարևորն այն է, որ Թեհրանը սկսում է լուրջ մոտենալ հակամարտության մոտակա կարգավորման հնարավորությանը և անհանգստանում է այն կապակցությամբ, որ նման կարգավորումը կարող է բերել իր դիրքերի թուլացմանը (խոսքն առաջին հերթին հակամարտության գոտում միջազգային խաղաղապահների տեղակայման հարցին է վերաբերում), ինչն Իրանին ստիպում է միջոցներ գտնել մասնակից դառնալու բանակցային գործընթացին՝ փորձելով նվազեցնել հնարավոր կորուստները։
- Երկրորդ կարևոր պատճառ պետք է դիտարկել Թուրքիայի ակտիվացումը տարածաշրջանում։ Չնայած Թեհրանի հարաբերություններն Անկարայի հետ վերջին շրջանում բավական ջերմացել են, Իրանը Թուրքիային երկարաժամկետ կտրվածքով դիտարկել և դիտարկում է որպես հիմնական մրցակից Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ազդեցության տարածման գործում։ Այս տեսանկյունից Թուրքիայի կողմից անընդհատ հնչող հայտարարությունները, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառել է հնարավորությունները, առաջացնում են Իրանի կասկածները, թե Անկարան փորձում է ստանձնել նոր միջնորդային առաքելություն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում։ Ակնհայտ է, որ Երևանը նման միջնորդություն թույլ չի տա, սակայն Բաքվի և Անկարայի կողմից Մինսկի խմբի դեմ տարվող գիծը Թեհրանին ստիպում է փորձել տեղ զբաղեցնել «նոր միջնորդության» համար սկսված գործընթացում։
Այն, որ Բաքուն Իրանի միջնորդության առաջարկությանը դրական պատասխան է տվել, չի նշանակում, թե Իրանը մերձեցել է Ադրբեջանի հետ։ Սակայն դա չի էլ նշանակում, որ, հաշվի առնելով Թեհրանի հետ ունեցած ռազմավարական հարաբերությունները, Երևանը պետք է իրանական առաջարկությանը դրական պատասխան տա։ Բաքվի դրական արձագանքը Թեհրանի առաջարկությանը, ամենայն հավանականությամբ, բացատրվում է ոչ թե նրանով, որ ԻԻՀ-ի միջոցով Ադրբեջանը կարող է հասնել իր ուզած կարգավորման տարբերակին, այլ Բաքվի ցանկությամբ տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի «միջնորդական մենաշնորհը»։ ԻԻՀ-ՀՀ-ԱՀ առաջին իսկ բանակցությունները հարված են լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքերին և Բաքվին հետագայում հիմք են տալու փորձել Թուրքիային ներքաշել ԼՂՀ հիմնախնդրի լուծման գործընթացի մեջ։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ պետք է ասենք, որ ՀՀ-ի համար Թեհրանի առաջարկությունը հեռանկարային չի կարելի համարել։
Առևտրատնտեսական hարաբերությունների հիմնախնդիրներ
Հայաստան-Իրան գազատարի կառուցման ավարտից հետո հայ-իրանական հարաբերությունները թևակոխել են նոր փուլ, ինչը բնորոշվում է տնտեսական գործոնի ակտիվացմամբ։ Չնայած Հայաստանը Ռուսաստանից բնական գազ է ներկրում աննախադեպ ցածր գներով և դեռևս Իրանից Հայաստան գազ չի ներկրվում, գազատարը կարևոր ռազմավարական նշանակություն ունի ՀՀ-ի համար, քանի որ այն լուծում է առաջնային նշանակության մի շարք խնդիրներ.
- Ստեղծում է Վրաստանի տարածքով գազի ներկրման այլընտրանք՝ ապահովելով մեր էներգետիկ անվտանգությունը հարավկովկասյան հնարավոր նոր ապակայունացման դեպքում։
- Հնարավորություն է տալիս Հայաստանին, օգտագործելով ներկրվող բնական գազը, մեծացնել արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալները։
Վերջին հանգամանքը Հայաստանի համար կարևոր է, քանի որ այն հնարավորություն կտա ավելացնել Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները և վաղ թե ուշ բացման ենթակա Թուրքիայի էլեկտրաէներգիայի շուկայի գրավման պոտենցիալ ստեղծել։ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից մինչև տարեվերջ շահագործման հանձնվելիք Հրազդանի ՋԷԿ-ի նոր 5-րդ՝ հզոր և ժամանակակից էներգաբլոկի հնարավորություններն էլ ավելի են ամրապնդելու ՀՀ էներգետիկ անվտանգությունը, իսկ այստեղ արտադրվող էլեկտրաէներգիան, ամենայն հավանականությամբ, կարտահանվի Իրան՝ ավելացնելով մեր ազգային էներգետիկ ընկերությունների մասնաբաժինն Իրանի շուկայում։ Իսկ այն կայուն կերպով աճում է. չնայած իրանական իշխանությունների քաղաքականությանը, երկրում էլեկտրաէներգիայի սպառումը շարունակում է աճել։ 2009-ին այն արձանագրել է 4,2% աճ, ինչը շատ բարձր ցուցանիշ է։
ՀՀ-Իրան տնտեսական հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ է նաև Արաքսի վրա նոր ՀԷԿ-ի կառուցման նախագիծը, որն իրականություն կդառնա մոտակա տարիներին։
Սակայն առևտրատնտեսական համագործակցության ոլորտի ամենամեծ և հավակնոտ ծրագիրն, իհարկե, Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումն է։ Այս նախագծի իրականացման գործընթացում կան մի քանի` օբյեկտիվ բնույթի խնդիրներ։ Դրանք են.
- Ֆինանսավորման խնդիր. Երկաթգծի կառուցման ծախսերը տարբերվում են՝ կապված այն բանի հետ, թե որ տարածաշրջանում են իրականացվում շինարարական աշխատանքները։ Չինաստանում և Ռուսաստանում 1 կմ երկաթգծի կառուցումն արժե $1,5-ից մինչև 12 մլն, Շվեյցարիայում՝ մոտ 30 մլն։ Մեր տարածաշրջանի համար հիմնարար թիվ կարող է ընդունվել Իրանի տարածքում կառուցվող Ղեզվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի 1 կմ արժեքը, որը հավասար է $14 մլն-ի։ Ամենահամեստ հաշվարկներով՝ Հայաստան-Իրան երկաթուղային կապի ստեղծման համար անհրաժեշտ է կառուցել մոտ 250 կմ նոր երկաթգիծ, ինչի ընդհանուր արժեքը կարող է հասնել մինչև $4 մլրդ-ի։ Սա բարձր գին է, որի հայթայթման խնդիրը բավական բարդ է լինելու։
- Բեռնափոխադրման ծավալների ապահովում. ՀՀ-Իրան բեռնափոխադրման ծավալները բավական ցածր են և կազմում են տարեկան մոտավորապես 600 հազար տ (ընդհանուր բեռնափոխադրման ծավալը 2009թ.՝ 4,571 մլն տ)։ Ըստ տարբեր վերլուծությունների և տվյալների՝ աշխարհում նոր երկաթգծի կառուցման շահավետության համար անհրաժեշտ է, որ ամեն նոր կառուցվող երկաթգծային կիլոմետրին տարեկան բաժին ընկնի մոտ 30.000 տ բեռնափոխադրում։ Այս տեսանկյունից Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման շահավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է ապահովել մոտ 7,5-8 մլն տ բեռնափոխադրում այս երկաթուղով, ինչը մոտ 2 անգամ գերազանցում է ՀՀ բեռնափոխադրման տարեկան ընդհանուր ծավալները և ավելի քան 10 անգամ՝ Հայաստան-Իրան ուղղությամբ ընթացող բեռնափոխադրման չափերը։
Երկրորդ հանգամանքը հիմնական բացասական դերն է խաղալու երկաթգծի շինարարության համար ֆինանսավորում հայթայթելու գործում։ Սակայն գործընթացն, այնուամենայնիվ, հնարավոր է դրական հունով տանել, քանի որ երկաթգիծը զուտ տեխնիկապես կարող է անհրաժեշտ բեռնափոխադրման ծավալներ ապահովել Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային հանգույցի սպասարկման շնորհիվ՝ կապելով այս երկու տարածաշրջանները մեկ ընդհանուր երկաթուղային գծով։ Սակայն նման արդյունքի համար Հայաստանն ու Իրանն առաջիկա տարիներին պետք է ակտիվ բանակցություններ վարեն այն տարածաշրջանային պետությունների հետ, որոնք կարող են օգտագործել նոր երկաթուղին. Հնդկաստան, Պակիստան, Վրաստան, Ուկրաինա, Ռումինիա, Ռուսաստան և Բուլղարիա։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` 2010թ. մայիսին Չինաստան կատարած այցի ընթացքում Պեկինը հետաքրքրություն հայտնեց երկաթգծի կառուցման ծրագրի վերաբերյալ, ինչը ՉԺՀ-ը դարձնում է երկաթգծի կառուցման մեջ շահագրգիռ կողմ։ Այս գործընթացը բարդ և երկար է լինելու, սակայն դրա դրական ավարտի համար բավարար հիմքեր կան։
Ամփոփելով՝ նշենք, որ առաջիկայում Իրանի դեմ կարող են կիրառվել նոր պատժամիջոցներ։ Հայաստանում շատ է խոսվում այն մասին, որ դրանք կարող են ազդել ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների վրա։ Սակայն պատժամիջոցների այն հիմնական փաթեթը, որի նախնական տարբերակը դրված է քննարկման, չի անդրադառնում ՀՀ-ԻԻՀ համագործակցության հիմնական ոլորտներին՝ էներգետիկա, առևտուր և տարանցիկ բեռնափոխադրումներ։ Այսպիսով, դրանք որևէ լուրջ ազդեցություն չեն ունենա Հայաստան-Իրան հարաբերությունների վրա։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]