ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ ԻՐԱՆՈՒՄ
2009թ. հունիսին սպասվող նախագահական ընտրություններն Իրանում եւ դրանց հնարավոր ընթացքն այն հիմնական գործընթացներն են, որոնք գալիք ամիսների ընթացքում անմիջականորեն ազդելու են այս երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա:
Բարեփոխիչների «անակնկալը»
Հունվարի 13-ին Իրանի նախկին նախագահ Մ.Խաթամին հանդես եկավ անսպասելի հայտարարությամբ, թե ինքն անպայման մասնակցելու է գալիք նախագահական ընտրություններին, իսկ եթե ինչ-որ պատճառներով նրա մասնակցությունը տեղի չունենա, ապա ինքը եւ բարեփոխիչների ճամբարը ներկայացնող «Պայքարող հոգեւորականների միությունը» նախագահական աթոռի համար պայքարում կունենան ուրիշ թեկնածու` նախկին վարչապետ Հոսեյն Մուսավին:
Խաթամիի հայտարարությունը բավական լուրջ փոփոխություններ կարող է մտցնել Իրանի ներքաղաքական կյանքում: Մինչեւ վերջերս կարծիք կար, թե նախագահական աթոռի համար հիմնական պայքարն ընթանալու է պահպանողականների ճամբարը ներկայացնող թեկնածուների միջեւ, իսկ բարեփոխիչների ճամբարից հիմնական թեկնածու էր համարվում «Պայքարող հոգեւորականների միությունը» ներկայացնող Մ.Քյարուբին, որի հեղինակությունը Իրանի բնակչության շրջանում բավական ցածր է:
Մ.Խաթամիի հնարավոր վերադարձը Իրանի ներքաղաքական կյանք լուրջ ազդեցություն կարող է ունենալ նախագահական ընտրությունների ընթացքի եւ արդյունքի վրա: Իշխանության 8 տարիներին (1997–2005) Մ.Խաթամին, իհարկե, չի կատարել նախընտրական խոստումների մեծ մասը, սակայն նրա հեղինակությունն իրանական հասարակության մեջ շարունակել է մնալ բարձր: Նշենք, որ 2005-ին, երբ Մ.Խաթամին թողնում էր պաշտոնը, իրանցիների շրջանում կատարված սոցիոլոգիական հարցումները ցույց տվեցին, որ հարցախույզի մասնակիցների կեսից ավելին կցանկանար, որ Խաթամին շարունակի զբաղեցնել նախագահի պաշտոնը, թեեւ դա արգելված է սահմանադրությամբ:
Կարեւոր է նաեւ, որ բարեփոխիչների մյուս թեկնածուն, որը Խաթամիի` նախագահական ընտրություններին չմասնակցելու դեպքում դնելու է թեկնածությունը, Հ.Մուսավին է: Թեեւ Մուսավին ներկայացնում է բարեփոխիչների ճամբարը, նրան կարելի է համարել նաեւ սահմանափակ պահպանողական եւ հին հեղափոխական: 1981–1989 թվականներին Հ.Մուսավին եղել է Իրանի վարչապետը եւ գտնվել Իրանի այն ժամանակվա նախագահ, այժմ` հոգեւոր առաջնորդ Ա.Խամենեիի ենթակայության տակ, ով եւ անմիջականորեն ղեկավարել է կառավարության աշխատանքները:
Ներկայումս զբաղեցնելով Արվեստների իրանական ակադեմիայի նախագահի պաշտոնը` Հ.Մուսավին ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցերով վարչապետի պաշտոնից դուրս գալուց հետո երբեք հանդես չի եկել ոչ մի հայտարարությամբ: Այսօր նա ստվերում գտնվող քաղաքական գործիչ է, որի մասին հայտնի է միայն այն, որ կարողանում է լավ հարաբերություններ պահպանել թե՛ Ալի Խամենեիի, թե՛ նախկին ու ներկա նախագահներ Ա.Հաշեմի-Ռաֆսանջանիի, Մ.Խաթամիի եւ Մ.Ահմադինեժադի հետ: Բացառված չէ, որ թեժացող նախընտրական պայքարի պայմաններում Հ.Մուսավիի թեկնածությունը կարող են պաշտպանել ոչ միայն բարեփոխիչները, այլեւ հին պահպանողականները, որոնք Մ.Ահմադինեժադի արտաքին քաղաքական եւ սոցիալ-տնտեսական բարեփոխումների հարցերում դրսեւորվող ծայրահեղականության հակառակորդներ են: Շատ բան, իհարկե, կախված կլինի նրանից, թե կկարողանան արդյոք գործող նախագահից դժգոհ պահպանողականները սեփական այլընտրանքային թեկնածու առաջադրել:
Նշենք, որ Հ.Մուսավին ազգությամբ ադրբեջանցի է, սակայն նրա վարչապետության շրջանի հետ կապված հիմնական սկանդալը եղել է այն, որ պաշտոնական այցով ժամանելով Թուրքիա` հրաժարվել է այցելել Ք.Աթաթյուրքի դամբարան եւ ծաղկեպսակ դնել նրա շիրմին:
Պահպանողականների հնարավոր թեկնածուները
Պահպանողականների ճամբարի կողմից գալիք նախագահական ընտրությունների հիմնական հնարավոր թեկնածուներ ներկայումս, համաձայն իրանական լրատվամիջոցների, համարվում են իրանական խորհրդարանի խոսնակ Ա. Լարիջանին եւ Թեհրանի քաղաքապետ Մ.Քալիբաֆը: Վերջիններս մասնակցել են 2005թ. ընտրություններին, սակայն առաջին փուլում տանուլ են տվել Ա.Հաշեմի-Ռաֆսանջանիին եւ Մ.Ահմադինեժադին: Թե՛ Լարիջանիի, թե՛ Քալիբաֆի կողմից դեռեւս պաշտոնական հայտարարություններ չեն արվել նախագահական ընտրություններին մասնակցության մասին: Սակայն երկու գործիչների համար կան բոլոր քաղաքական հիմքերն իրենց թեկնածություններն առաջադրելու համար:
Ալի Լարիջանին անցած տարի ամրապնդել է սեփական դիրքերը Իրանի քաղաքական դաշտում` ընտրվելով իսլամական հանրապետության խորհրդարանի խոսնակի պաշտոնում: Անցած ամիսների ընթացքում Ա.Լարիջանին կարողացել է նոր լիցք հաղորդել խորհրդարանի աշխատանքներին, ակտիվացրել է օրենսդիր գործունեությունը եւ մեծ ուշադրություն է սկսել հատկացնել սոցիալական հարցերի լուծմանն ուղված քննարկումներին ու որոշումների կայացմանը, ինչը մեծացրել է իր եւ խորհրդարանի հեղինակությունը հասարակության շրջանում:
Ա.Լարիջանին ակտիվ է նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում, ինչի վկայությունն է արաբա-իսրայելական վերջին ռազմական հակամարտության կարգավորման հարցերի քննարկման նպատակով նրա կատարած այցն Անկարա եւ Թուրքիայի վարչապետ Ռ.Էրդողանի հետ բանակցությունները:
Բավական ամուր են Ա.Լարիջանիի կապերը հոգեւոր-կրոնական կառույցներում: Բացի նրանից, որ Լարիջանին բարձրաստիճան շիա հոգեւորականի զավակ է, նա նաեւ մեծ հեղինակություն վայելող այաթոլա Մ.Մոտահարիի փեսան է, իսկ նրա եղբայրը` Ս.Լարիջանին, մեծ ազդեցություն վայելող Պահապանների խորհրդի անդամ է: Ա.Լարիջանին դասական պահպանողական է, որոնց հիմնական բնորոշիչներից է ամուր կապը կրոնական ինստիտուտների եւ գործիչների հետ: Այս պայմաններում կարելի է ակնկալել, որ գալիք նախագահական ընտրություններին Ա.Լարիջանիի մասնակցության պարագայում նրան կաջակցեն բավական ազդեցիկ կրոնական գործիչներ, որոնք գոհ չեն Մ.Ահմադինեժադի իշխանության տարիներին տեղ գտած ներքին զարգացումներից:
Նշենք, որ այդ զարգացումների հիմնական դրսեւորումներից է այն, որ գործող նախագահի աջակցությամբ եւ միջամտությամբ Իրանի խորհրդարան եւ իշխանական համակարգ թափանցեցին մեծ թվով նախկին ռազմական գործիչներ, հետախույզներ, ոստիկանության նախկին աշխատակիցներ, եւ այս ամենը տեղի ունեցավ հիմնականում կրոնական գործիչների ազդեցության նվազման հաշվին:
Ինչ վերաբերում է Մ.Քալիբաֆին, ապա նա եւս բավական լուրջ սպառնալիք է ներկայացնում Մ.Ահմադինեժադի վերընտրմանը: Չնայած անցած ընտրություններում Մ.Քալիբաֆը պարտվել է, ներկայումս նրա ընտրման հնարավորություններն անհամեմատ ավելին են: Սա պայմանավորված է նրանով, որ 2005 թվականից զբաղեցնելով Թեհրանի քաղաքապետի պաշտոնը` նա լուրջ հաջողությունների է հասել բազմամիլիոնանոց մայրաքաղաքի եւ դրա արվարձանների (ընդհանուր բնակչությունը` 20 միլիոն) սոցիալական, բնապահպանական, տրանսպորտային, սպորտին եւ երիտասարդությանն առնչվող հարցերի լուծման ուղղությամբ:
2008թ. Մ.Քալիբաֆը ճանաչվել է աշխարհի 8 լավագույն քաղաքապետերից մեկը: Նրա հեղինակությունը երկրի մայրաքաղաքում բավական մեծ է: Բարձր է նաեւ նրա հեղինակությունն ուժային կառույցներում, քանի որ Մ.Քալիբաֆը վեց տարի ղեկավարել է Իրանի ոստիկանությունը:
Չնայած Թեհրանի քաղաքապետը պաշտոնապես չի հայտարարել, թե մասնակցելու է նախագահական ընտրություններին, նրա թեկնածության առաջադրումն առավել քան հավանական է: Անցած տարվա ընթացքում Մ.Քալիբաֆն ակտիվացրել է գործունեությունը արտաքին քաղաքականության ոլորտում, հարցազրույցներով եւ հայտարարություններով հանդես է եկել արեւմտյան մամուլում, ինչը կարող է վկայել նրա հավակնությունների մասին:
Ուշագրավ է նաեւ, որ Թեհրանի քաղաքապետն այն եզակի պահպանողականներից է, ով հրապարակայնորեն հանդես է գալիս ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման օգտին: 2008թ. հոկտեմբերի 13-ին Քալիբաֆը հայտարարեց, որ իրանա-ամերիկյան երկխոսությունից եւ հարաբերությունների կարգավորումից «կշահի աշխարհը, կշահեն ամերիկյան եւ իրանական հասարակությունները»:
Հետեւություններ
Նշված գործընթացներն ու զարգացումները խոսում են Իրանի ներքաղաքական կյանքում եւ իշխանական համակարգում հնարավոր վերադասավորումների մասին: Գալիք նախագահական ընտրությունների արդյունքը եւ դրանցում գործող նախագահ Մ.Ահմադինեժադի հաղթանակը չի կարելի կանխատեսելի համարել: Շատ բան կախված կլինի իրանա-ամերիկյան հարաբերություններում հնարավոր դրական փոփոխություններից, ինչպես նաեւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի` Իրանի հասարակության սոցիալական վիճակի վրա բացասական ազդեցության չափերից: Վերջիններս կարող են նախընտրական գործընթացները տանել ոչգծային ուղղությամբ եւ սոցիալ-քաղաքական ցնցումների կամ վերադասավորումների հիմք հանդիսանալ:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]