• am
  • ru
  • en
Версия для печати
20.04.2009

ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ

EnglishРуский

   

Սևակ Սարուխանյան

M.Mousav (original)Իրանում եւ նրա շուրջ ընթացող քաղաքական եւ միջազգային զարգացումները վերջին շրջանում կապված են հիմնականում երկու կարեւոր գործոնների հետ: Դրանք են` գալիք նախագահական ընտրությունները եւ Իրանի նկատմամբ ամերիկյան նոր վարչակազմի դեռեւս ձեւավորվող քաղաքականությունը: Միեւնույն ժամանակ, նկատելի են որոշակի զարգացումներ «միջուկային հիմնախնդրի» ուղղությամբ` հաշվի առնելով Իրան–«վեցնյակ» բանակցությունների վերսկսումը:

Նախագահական ընտրություններ

Մարտ ամսին Իրանի ներքաղաքական կյանքում գլխավոր նորությունն ու զարգացումը կարելի է համարել նախկին վարչապետ Մ.Մուսավիի հայտարարությունն այն մասին, որ նա պատրաստվում է մասնակցել գալիք նախագահական ընտրություններին: Իրանի նախկին նախագահ Մ.Խաթամին, իր խոստումի համաձայն, Մ.Մուսավիի առաջադրվելուց հետո հայտարարեց, որ հրաժարվում է գալիք պայքարից եւ աջակցելու է նախկին վարչապետի թեկնածությանը:

Դժվար է ասել, թե ինչ հունով կընթանա նախընտրական պայքարն Իրանում եւ ով ընտրությունների արդյունքում կստանա ընտրողների մեծամասնության աջակցությունը: Մ.Մուսավին առավելապես ստվերում գտնվող քաղաքական գործիչ է եւ իրանական հասարակության շրջանում, որի մեծ մասը երիտասարդներ են, մեծ ճանաչում չունի: Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ գրեթե նույնպիսի պայմաններում 1997թ. հաղթանակել է Մ.Խաթամին:

Բարդ քաղաքական եւ տնտեսական զարգացումներ ապրող մերօրյա Իրանում, միգուցե, Մ.Մուսավիի նման նոր, սակայն միեւնույն ժամանակ բավական փորձված քաղաքական գործչի հրապարակ գալը կարող է հասարակական աջակցություն ստանալ: Իրանա-իրաքյան պատերազմի եւ իսլամական հեղափոխության «հաղթարշավի» տարիներին վարչապետ եղած, սակայն այսօր այսպես կոչված «բարեփոխիչների» ճամբարը ներկայացնող Մ.Մուսավին կարող է զբաղեցնել իրանական քաղաքական դաշտի «կենտրոնը»:

«Բարեփոխիչներ-պահպանողականներ» երկբեւեռ քաղաքական պայքարի մոդելն Իրանում այսօր չունի այն այժմեականությունը, որն ուներ տասը կամ հինգ տարի առաջ. երկու տարբեր ճամբարներ ներկայացնող Մ.Խաթամին եւ Մ.Ահմադինեժադը, չնայած իրենց իշխանության տարիներին ունեցած որոշ հաջողություններին, իշխանության վերջին տարիներին արձանագրել են իրենց, ինչպես նաեւ իրենց պաշտպանող քաղաքական ուժերի նկատմամբ հասարակության վստահության անկում: Այս տեսանկյունից, հնի եւ նորի միջեւ գտնվող Մ.Մուսավին կարող է բավական հմայիչ եւ վստահելի թվալ իրանցիների համար: Հատկանշական է, որ իրանական գրեթե բոլոր քաղաքական ուժերը դրական են արձագանքել նախկին վարչապետի որոշմանը` մասնակցել գալիք ընտրություններին: Միաժամանակ, այս ընտրությունների ընթացքի վրա մեծ ազդեցություն կարող է ունենալ իրանա-ամերիկյան երկխոսությունը:

Իրան–ԱՄՆ

Գրեթե բոլոր միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են Նոուրուզի կապակցությամբ Իրանի ժողովրդին ԱՄՆ նախագահ Բ.Օբամայի վիդեո-ուղերձին, որը գնահատվել է հիմնականում որպես քայլ` ուղղված Իրան–ԱՄՆ երկխոսության աջակցությանը: Միեւնույն ժամանակ, «Մեծ քսանյակի» եւ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ ԱՄՆ նախագահի հայտարարությունը, թե ԱՄՆ Հակահրթիռային պաշտպանության համակարգը ստեղծվում է հիմնականում Իրանի եւ Հյուսիսային Կորեայի կողմից հնարավոր հարձակումը կանխարգելելու նպատակով, ցույց է տալիս, որ երկխոսությունն, այնուամենայնիվ, ընթանում է ոչ միանշանակ ուղղությամբ: Կարելի է ենթադրել, որ ի տարբերություն իրաքյան հիմնախնդրի շուրջ իրանա-ամերիկյան անցած տարիների բանակցությունների, որոնք անցել էին Բաղդադում, այսօր երկխոսության եւ բանակցությունների առարկան ավելի գլոբալ է եւ ռազմավարական, իսկ բանակցային գործընթացի մեջ է մտել, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, նաեւ իսրայելական կողմը: Այս մասին կարող է վկայել այն, որ Նոուրուզի կապակցությամբ Իրանի ժողովրդին բավական «խաղաղասեր» շնորհավորական ուղերձ հղեց նաեւ Իսրայելի նախագահ Շ.Պերեսը, ով իսրայելցիների եւ իրանցիների հարաբերությունների հույս եւ բարեմաղթանք հայտնեց: Միեւնույն ժամանակ, մարտի 29-ին լիբանանյան «Ալ-Լավա» թերթը հրատարակեց տեղեկատվություն, որ վերջին օրերի ընթացքում Բեյրութում` սկզբում ամերիկյան, իսկ հետո նաեւ իրանական դեսպանատների տարածքում ընթացել են գաղտնի իրանա-ամերիկյան բանակցություններ` նվիրված միջպետական հարաբերությունների կարգավորմանը:

Բեյրութի, այլ ոչ թե Բաղդադի կամ Իսլամաբադի ընտրությունը, թերեւս, պայմանավորված կարող է լինել արաբա-իսրայելական խնդրի` որպես բանակցությունների հիմնական թեմաներից մեկի առկայությամբ:

Ապրիլի 8-ին Իրանի նախագահ Մ.Ահմադինեժադը Սպահանում հայտարարեց, որ Իրանը «իհարկե, սեղմելու է իրեն մեկնված ձեռքը»` նկատի ունենալով Բ.Օբամայի շնորհավորանքը եւ կոչը: Սակայն նշեց, որ եթե այն անկեղծ չլինի, ապա Բ.Օբաման կստանա նույն պատասխանը, ինչ եւ ստացել էր Ջ.Բուշը:

Բուն ԱՄՆ-ում իրանական խնդրի շուրջ զարգացումները նույնպես բավական հետաքրքիր են: Առաջին հերթին, աչքի է ընկնում ԱՄՆ փոխնախագահ Ջ.Բայդենի ապրիլի 7-ին արած հայտարարությունն այն մասին, որ նա չի հավատում, թե Իսրայելի նոր վարչապետ Բ.Նաթանյահուն կհրամայի օդային հարված հասցնել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, եւ նրան նման առաջարկներ անելը` «խորհուրդ է հիվանդների կողմից»: Սա ամերիկյան ղեկավարության` այսպիսի բարձր մակարդակով արտահայտված, կարելի է ասել, առաջին հայտարարությունն է, որը բացառում եւ քննադատում է Իրանի դեմ ռազմական գործողության իրականացումը:

Սակայն, չնայած Ջ.Բայդենի այս հայտարարությանը, ամերիկյան Պետական դեպարտամենտում նկատելի է «իրանամետ» աշխատակիցների հեռացում: Աֆղանստանի եւ Պակիստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռ.Հոլդբրուքի եւ Պարսից ծոցի գծով հատուկ ներկայացուցիչ Դ.Ռոսի հրամաններով` Պետդեպարտամենտի համապատասխան վարչությունների գլխավոր փորձագետների պաշտոններից մարտի վերջին եւ ապրիլի սկզբին ազատվեցին Իրանի հարցերով պատասխանատուներ Վ.Նասրը եւ Ռ.Թաքեյը` երկու բավական հայտնի եւ հեղինակավոր վերլուծաբաններ, որոնք վերջին տարիներին հանդես են եկել Իրանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության դիրքորոշմամբ, մշակել հարաբերությունների զարգացման ռազմավարական նշանակության փաստաթղթեր:

Ջ.Բայդենի հայտարարությունը եւ Պետական դեպարտամենտում տեղ գտած կադրային փոփոխությունները, հավանաբար, վկայում են այն մասին, որ ԱՄՆ իշխանական վերնախավի տարբեր թեւերի միջեւ, այնուամենայնիվ, դեռեւս չկա վերջնական մշակում ստացած «իրանական քաղաքականություն»: Այն հավանաբար կձեւավորվի Իրանում նախագահական ընտրություններից հետո, երբ պարզ կլինի` պահպանելո՞ւ է արդյոք Մ.Ահմադինեժադն իր աթոռը, թե՞ ոչ: Իսկ ներկայումս ընթացող բանակցություններն ու կապերը ստեղծում են այն հողը, որի վրա կընթանա իրական երկխոսությունը, եթե այն, այնուամենայնիվ լինի:

Միջուկային հիմնախնդիր

Առաջիկա երկու ամիսներին կարելի է ակնկալել նաեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների ակտիվացում, որը պայմանավորված կլինի այսպես կոչված «վեցնյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան)` Իրանին արվելիք նոր առաջարկությամբ: Առաջարկության փաթեթն, ըստ լրատվամիջոցների, արդեն պատրաստ է եւ մոտակա շրջանում դառնալու է բանակցությունների առարկա: Իրանը պաշտոնապես համաձայնել է քննարկել այն, սակայն դեռեւս կոնկրետ տեղեկատվություն չկա այն մասին, թե ինչ է «վեցնյակի» առաջարկությունների այս փաթեթը:

Բուն «վեցնյակի» ներսում տարաձայնությունները բավական շատ են: Ռուսաստանը եւ Չինաստանը շարունակում են հանդես գալ նախկին «իրանամետ» դիրքերից, սակայն ամենից մեծ անակնկալը կապված է Գերմանիայի հետ: Մարտի վերջին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆ.Շտայնմայերը գերմանական խորհրդարան (Բունդեսթագ) օրինագիծ մտցրեց, համաձայն որի Գերմանիան պատժամիջոցներ պետք է կիրառի Իրանի նկատմամբ` կապված վերջինիս միջուկային ծրագրի հետ: Սակայն ապրիլի 6-ին Բունդեսթագի բոլոր հանձնաժողովները բացասական եզրակացություն տվեցին օրինագծին, իսկ վարչապետ Ա.Մերկելի քրիստոնեա-դեմոկրատական միության քարտուղարը հայտարարեց, թե իրենք թույլ չեն տա, որ նման օրենք ընդունվի: Նույնպիսի հայտարարությամբ հանդես եկան նաեւ «կանաչները», որոնք պատժամիջոցները բնութագրեցին «անհիմն եւ վտանգավոր»:

Համաշխարհային ներկա ճգնաժամի պայմաններում` կարելի է սպասել, որ արեւմտյան երկրների ճնշումն Իրանի վրա որոշակիորեն կթուլանա, քանի որ պատժամիջոցները, ապրանքաշրջանառության անկումը եւ, որպես պատժամիջոցներին ուղղված հակաքայլ, Իրանի կողմից Քիշ կղզում սեփական նավթային բորսայի բացումն ու նավթի` եվրոյով վաճառքի կազմակերպումը կարող են նոր հարված հասցնել համաշխարհային տնտեսական անվտանգությանը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր