
ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ
2009-ի վերջին քաղաքական անկայունությունն Իրանում նոր ցույցերի և բախումների հանգեցրեց։ Դեկտեմբերի 16-ին, օգտվելով Աշուրայի1 կապակցությամբ անցկացվող զանգվածային միջոցառումներից, իրանական ընդդիմության կողմնակիցները դուրս եկան ցույցերի։ Դեկտեմբերի 20-ին ներկայիս հոգևոր իշխանություններին ընդդիմադիր դիրքորոշում ունեցող այաթոլա Մոնթազերիի մահը և թաղման արարողությունն էլ ավելի ուժեղ լիցք հաղորդեցին ընդդիմադիրների գործողություններին։
Հակակառավարական ցույցերի պատրաստվածությունը
Դեկտեմբերին և հունվարին տեղի ունեցած ցույցերը և բախումները ցույց տվեցին, որ իրանական ընդդիմության գործողությունները բավական լավ կազմակերպում էին անցել։ Առաջին հայացքից ինքնաբուխ բնույթ ունեցող բողոքները, որոնք անցնում էին իրանական գրեթե բոլոր մեծ քաղաքներում, անկասկած, կազմակերպված էին մեկ ընդհանուր կենտրոնից, ինչի վկայությունն էին նույնատիպ կարգախոսները, նույնաոճ քաղաքական պաստառները, տարբեր քաղաքներում ընթացող հակակառավարական գործողությունների մեթոդները։ Բացի այդ, ընդդիմությունը նախօրոք կարողացել էր ապահովել ապագա բողոքի, բախումների և զոհերի մասին տեղեկությունների անխափան մատակարարումն արևմտյան առաջատար լրատվամիջոցներին, դրանց տարածումը համացանցում՝ հիմնականում սոցիալական ցանցերի միջոցով։ Արդյունքում՝ ընդդիմությունը կարողացավ շրջանցել տեղեկատվական շրջափակումը, ինչը, ամենայն հավանականությամբ, տեղի ունեցավ ոչ առանց երրորդ կողմերի օժանդակության։
Ինչ վերաբերում է իրանական իշխանություններին, ապա նրանք նույնպես պատրաստված էին հնարավոր ցույցերին և բախումներին։ Հավանաբար անցած ամիսների ընթացքում կատարված ձերբակալությունները, կոշտ հարցաքննությունները, որոնք ուղեկցվում էին նաև մահվան դեպքերով, իրանական հատուկ ծառայությունների համար լավ տեղեկատվական բազա էին ստեղծել, ինչի արդյունքում ցույցերի սկսման հենց հաջորդ օրը ոստիկանությունը և անվտանգության կառույցները սկսեցին իրականացնել ամենաակտիվ ընդդիմադիր երիտասարդ առաջնորդների ձերբակալություններ իրենց իսկ տներում՝ խուսափելով ավելի անհարմար փողոցային գործողություններից և ավելի մեծ քանակության զոհեր ունենալուց։
Դիտարկելով իրանական ընդդիմության գործելաոճը՝ կարելի է ենթադրել, որ այն ձևավորվել էր հետևյալ համոզմունքով. ցույցերը կարող են հաջողությամբ ավարտել և ստիպել իշխանություններին գնալ լուրջ քաղաքական զիջումների։ Այսօրինակ ենթադրություն կարելի է անել այն փաստից, որ ընդդիմադիր առաջնորդներ Մ.Հ.Մուսավին, Մ.Խաթամին և Մ.Քյարուբին ցույցերի առաջին իսկ օրից աջակցություն հայտնեցին ցուցարարներին, միացան նրանց, չնայած անցած ամիսներին ցուցաբերել էին ընդգծված զգույշ պահվածք։ Ցույցերի կազմակերպմանն ակտիվ մասնակցություն էին ցուցաբերում նաև Մուսավիի և Քյարուբիի ազգականները։ Առաջինի քրոջորդին բախումների ժամանակ զոհվեց։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ անցած ամիսների ընթացքում Մ.Խաթամին և Մ.Քյարուբին այցելել էին իրանական շրջաններ՝ հավանաբար տեղի ակտիվ շրջանակներին գալիք ցույցերին նախապատրաստելով։
Ամենայն հավանականությամբ, ընդդիմության ղեկավարները համոզված էին, որ վերջին ամիսներին Իրանում իրենց կատարած կազմակերպչական աշխատանքները, քարոզչությունը, իրանական բանտերում ընդդիմադիրների դեմ կիրառվող բռնությունները, որոնց փաստն արդեն իսկ ընդունվել է նաև իշխանությունների կողմից, խոշոր հասարակական բողոքի ալիք են բարձրացնելու։
Սակայն, չնայած սրան և իսկապես մեծաքանակ ցույցերին, հասարակական պոռթկում իսլամական հանրապետությունում տեղի չունեցավ։ Մի կողմ թողնելով այն տեղեկատվական հնչեղությունը, որով միջազգային հանրությանը ներկայացվեց իրանական քաղաքական ճգնաժամի հերթական հանրահավաքային փուլը, իրանական ընդդիմության ծրագրերը, մեր համոզմամբ, տապալվեցին։ Կարելի է սպասել, որ հերթական բողոքի խոշոր գործողություններ իրանական ընդդիմությունը կփորձի անցկացնել արդեն գարնանը, Նոուրուզի տոների ժամանակ և, հավանաբար, ամռանը, երբ կլրանա նախագահական ընտրությունների մեկ տարին։ Այս գործողություններն անհրաժեշտ կլինեն պահպանելու ընդդիմադիր շարժումը մինչև 2011 և 2012թթ., երբ տեղի կունենան, համապատասխանաբար, ինքնակառավարման մարմինների և խորհրդարանի նոր ընտրությունները։
Իշխանության քայլերը
Իրանի իշխանությունները վերջին իրադարձությունների ընթացքում բավական սառնասիրտ կեցվածք ցուցաբերեցին։ Բախումների օրերին Իրանի հոգևոր առաջնորդ Ա.Խամենեին ոչ մի հայտարարությամբ հանդես չեկավ։
Միայն հունվարի 10-ին Ղոմում ելույթի ժամանակ նա ներկայացավ կարևոր հայտարարություններով, որոնցից հիմնականը երեքն էին.
- ամեն ինչ կազմակերպված է դրսից,
- իշխանությունը շարունակելու է նույն կերպ պատասխանել անօրինականություններին՝ կիրառելով բոլոր հնարավոր միջոցները,
- ընդդիմության ոչ մի առաջարկ չի քննարկվելու, իսկ քաղաքական ճգնաժամը լուծվելու է իշխանության ընտրած ճանապարհով։ Այդ ճանապարհը ենթադրում է «համաձայնություն ժողովրդի կամքի հետ, օրինապաշտություն և հարգանք սեփական պարտության նկատմամբ»։
Խամենեիի ելույթն ավելի քան վստահ էր։ Հատկանշական է, որ Իրանի առաջնորդն ընդդիմության հիմնական ղեկավարների անուններն անգամ չհնչեցրեց՝ անպատասխան թողնելով նրանց՝ նախօրեին իրեն ուղարկված «երկխոսության և ճգնաժամի հաղթահարման առաջարկը», որը ենթադրում էր նոր նախագահական ընտրությունների կազմակերպման պահանջ։ Մուսավիի առաջարկը սուր քննադատության արժանացավ միայն խորհրդարանի ղեկավար Ա.Լարիջանիի կողմից, որն այն բնորոշեց որպես «ակնհայտ քայլ, ինչը վկայում է քաղաքական երկխոսությունից խուսափելու և անպատասխանատվության մասին»։ Իրանական լրատվամիջոցները ողջ գործընթացը ներկայացրին որպես արտաքին ուժերի կողմից կազմակերպված դավադրություն, իսկ բախումների ժամանակ զոհվածների մի մասին բնորոշեցին որպես «ահաբեկչական կազմակերպությունների մարտիկներ»։
Հունվարին Իրանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցավ շատ կարևոր մեկ իրադարձություն ևս. ընթացող գործընթացներին մանրամասն անդրադարձ կատարեց և գնահատականներ տվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Մ.Ա. Ջաաֆարին։
Պետք է նշել, որ իրանա-իրաքյան պատերազմի ավարտից հետո Իրանի այն ժամանակվա նախագահ Ա.Ա.Հաշեմի-Ռաֆսանջանիի ջանքերով իրանական ընտրանին համաձայնության եկավ, որ ԻՀՊԿ-ն պետք է հեռու մնա ներքաղաքական գործընթացներից և, առավել ևս, քաղաքական բնույթի հայտարարություններ չանի։
Մ.Ահմադինեժադի օրոք, որին շատերը համարում են ԻՀՊԿ շահերի ներկայացուցիչ, 80-ականների վերջին ստեղծված իրավիճակը սկսել է փոխվել։ Եվ այս տարվա հունվարի 13-ին ԻՀՊԿ ղեկավարը հանդես եկավ զուտ ներքաղաքական բնույթի ելույթում՝ չվարանելով սուր գնահատականներ հնչեցնել տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ. «Տեղի ունեցող գործընթացների հիմնական նպատակն է թուլացնել հոգևոր առաջնորդի դիրքերը և նրա իշխանությունը դարձնել զուտ արարողակարգային, ինչը հակասում է մեր երկրի իսլամական բնույթին /.../ Մեր թշնամիներն ուզում են այստեղ թավշյա հեղափոխություն կազմակերպել, ուզում են հարվածել իշխանությանը և առաջին հերթին մեր հոգևոր առաջնորդին /.../, այն, որ մեր ընտրանու մի մասը հեռացել է հեղափոխության արժեքներից, նոր փաստ չէ։ Բայց այսօր մեր թշնամիները կասկած և անվստահություն են սերմանում մեր ժողովրդի մեջ՝ օգտագործելով հենց այդ մարդկանց, որոնց նրանք իրենց տեղի և արտասահմանցի լրտեսների միջոցով նախօրոք ներքաշել են տնտեսական և քաղաքական դավադրությունների մեջ։ /.../ Մ.Խաթամին նպատակադրվել էր տապալել Մ.Ահմադինեժադին, որպեսզի հարվածի Առաջնորդին։ Դա չի ստացվի»։
Այն, որ ԻՀՊԿ-ն Իրանում կարևորագույն դերակատարի է վերածվել, կարող է խոսել միայն այն մասին, որ իշխանությունն էլ ավելի է կենտրոնանում ծայրահեղական պահպանողականների ձեռքերում։ Շարունակվող ձերբակալությունները, ահաբեկչությունները, հետապնդումները բերելու են միմիայն քաղաքական ուժի կենտրոնացման ուժային կառույցների ձեռքերում, որը պետք է օգտագործվի Իրանի քաղաքական կյանքի կարևորագույն իրադարձության ժամանակ՝ նոր հոգևոր առաջնորդի ընտրության օրը։ Իրանի համար կարևորագույն հարցն այսօր այն է, թե ով է Ա.Խամենեիից հետո դառնալու երկրի ղեկավարը։
Հարկ է նշել, որ վերջին իրադարձությունների ժամանակ Իրանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներն ավելի համեստ հայտարարություններով հանդես եկան ընթացող գործընթացների և բախումների վերաբերյալ։ Սա, հավանաբար, արդյունքն է այն բանի, որ իշխանություններն անցած ամիսների ընթացքում ակտիվ ճնշում են գործադրել քաղաքական ուժերի ներկայացուցիչների վրա։ Մի քանի ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները զսպիչ ազդեցություն են ունեցել քաղաքական ուժերի վրա։
Գնահատելով քաղաքական իրավիճակն Իրանում՝ այն, առանց կասկածի, կարելի է շարունակել անվանել քաղաքական ճգնաժամ։ Սակայն դեկտեմբերին և հունվարին տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ փողոցային գործողությունները և զանգվածային բողոքները չեն կարող լուծել իշխանական բարդ տարաձայնությունները։
1680թ. սպանված իմամ Հուսեյնի հիշատակի օրը, որը սուրբ է բոլոր մահմեդականների համար։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]