• am
  • ru
  • en
Версия для печати
12.10.2009

ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ

Руский

   

Սևակ Սարուխանյան

Sevak SarukhanyanԻրանում ներքաղաքական ճգնաժամը, որի ակտիվ շրջանն ավարտվեց հուլիսին, բերեց իսլամական հանրապետության շուրջ արտաքին քաղաքական նոր զարգացումների։ ԵՄ քաղաքացիների ձերբակալումների արդյունքում` սրվեցին հակասություններն Իրանի և եվրոպական պետությունների միջև։ Միևնույն ժամանակ, ակտիվացան գործընթացներն իրանական միջուկային ծրագրի շուրջ։

Ս.թ. օգոստոսին ԱՄՆ նախագահ Բ.Օբաման անուղղակի պահանջ ներկայացրեց Թեհրանին` ակտիվացնել համագործակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ և բավարարել ԱԷՄԳ ու միջազգային հանրության` իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջները և մինչև սեպտեմբերի վերջը վերացնել բոլոր մտահոգությունները։

Օգոստոս ամսվա երկրորդ կեսն ու սեպտեմբերի սկիզբը վերածվեցին իրանական միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների, Իրանի դեմ հնարավոր ռազմական հարվածի և տնտեսական պատժամիջոցների կիրառման ակտիվ քննարկման շաբաթների, որոնք ի հայտ բերեցին ոչ միայն բուն միջուկային ծրագրին, այլ նաև միջազգային քաղաքականությանն ու անվտանգությանը վերաբերող հակասությունների մի մեծ փունջ: Միաժամանակ, ԱԷՄԳ գլխավոր քարտուղարի անվան և «իրանական հիմնախնդրում» նրա անաչառության շուրջ ֆրանսիական և ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունների կողմից հրահրվեց լուրջ սկանդալ։ Օգոստոսի 25-ին Ֆրանսիայի փոխարտգործնախարարը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր գերատեսչությունն ունի բոլոր հիմքերը` մեղադրելու ԱԷՄԳ-ին և նրա գլխավոր քարտուղար Մ.Էլ-Բարադեյին` Իրանի միջուկային ծրագրին վերաբերող մի շարք կարևոր փաստեր միջազգային հանրությունից թաքցնելու մեջ։ Համաձայն ֆրանսիական, իսկ հետո նաև ամերիկյան դիվանագետների, Իրանի միջուկային գործունեությանը վերաբերող շատ կարևոր տեղեկատվություն, որին տիրապետում է ԱԷՄԳ-ն, չի ընդգրկվել գործակալության վերջին զեկույցում, իսկ այս տեղեկատվության մասին հայտարարությունները գործակալության գլխավոր քարտուղարն արել է միայն իր մամլո ասուլիսների ժամանակ, որոնք, չլինելով իրավական նշանակության միջոցառումներ, փաստորեն, միջազգային հանրության համար հիմք չեն ստեղծում Թեհրանի նկատմամբ իրավաբանորեն հիմնավորված պատժամիջոցներ կիրառելու համար։ Իր հերթին ԱԷՄԳ գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ այս մեղադրանքները «քաղաքական հիմք ունեն»` ավելացնելով, որ «նման հայտարարությունները, որոնք ուղղված են մասնագետների աշխատանքը խանգարելուն և նպատակ ունեն զրկել գործակալությանը անկախ և անաչառ կառույցի հեղինակությունից, խախտում են գործակալության կանոնադրությունը և պետք է անմիջապես կանխարգելվեն»։

Սակայն հետագա զարգացումները, այդ թվում ԱԷՄԳ-ում ամերիկյան ներկայացուցչի նոր մեղադրական հայտարարությունները, ցույց տվեցին, որ սկանդալը մարման միտում չունի։ Անդրադառնալով այն փաստերին, որոնց վերաբերյալ ԱԷՄԳ գլխավոր քարտուղարը լռել է, ամերիկյան ներկայացուցիչն ասաց, որ խոսքը վերաբերում է Բարադեյի վերջին այն հայտարարությանը, թե «հարաբերություններն Իրանի հետ մտել են փակուղի» և որ այդ հայտարարությունը չի մտել ԱԷՄԳ վերջին զեկույցի մեջ։ Սակայն իրականում ԱԷՄԳ-ն իր զեկույցը նվիրել է Իրանի միջուկային հետազոտություններին, անդրադարձել դրանց տեխնիկական կողմին և անգամ մեծ ցանկության դեպքում իր զեկույցում չէր կարող ոչ տեխնիկական բնույթի այնպիսի գնահատական տալ, ինչպիսին «հարաբերությունները մտել են փակուղի»-ն է։ Որպես կանոն, նման գնահատականները միշտ էլ տրվել են ԱԷՄԳ գլխավոր քարտուղարի մամլո ասուլիսների և հաղորդագրությունների ժամանակ, ինչն, իսկապես, զրկում է դրանց իրավական կարգավիճակից և վերածում քաղաքական բնույթի գնահատականի։ Այս մասին, իհարկե, հայտնի է թե՛ ֆրանսիացիներին, թե՛ ամերիկացիներին, և այս պատճառով սխալ կլիներ Էլ-Բարադեյին ուղղված մեղադրանքները դիտարկել իրավական տեսանկյունից։ Խնդիրն ավելի քաղաքական է և պայմանավորված կարող է լինել հետևյալ կարևոր գործոններով.

  1. ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան նպատակ ունեն ՄԱԿ ԳՎ և ԱԽ նիստերում բարձրացնել Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների հարցը։ ԱԷՄԳ վերջին զեկույցը նման պատժամիջոցների համար իրավական հիմք չի ստեղծում, քանի որ Իրանի ողջ միջուկային գործունեությունը, այդ թվում` ուրանի հարստացումը, չեն խախտում միջազգային իրավական նորմերը և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։ Այս պարագայում, խոսելով «թաքցված փաստերի մասին», արևմտյան պետությունները հիմք են ստեղծում ԱԷՄԳ զեկույցի վրա չհենված պատժամիջոցների կիրառման քննարկումներ սկսելու համար։
  2. Բուն Ֆրանսիան վերջին տարիներին ակտիվացրել է «իրանական քաղաքականությունը», քայլեր է ձեռնարկում Թեհրանի վրա լրացուցիչ ճնշումներ գործադրելու համար, ինչը պայմանավորված է նրանով, որ Մ.Ահմադինեժադի կառավարությունն անում է ամեն ինչ ֆրանսիական «Տոտալ» նավթագազային ընկերությանը Իրանի հետ ունեցած բազմամիլիարդ արժողությամբ պայմանագրերից զրկելու և իրանական էներգետիկ ոլորտից դուրս մղելու համար։
  3. Վաշինգտոնն իր հերթին շարունակում է ԱԷՄԳ հեղինակազրկման` դեռևս Ջ.Բուշ-կրտսերի նախագահության ժամանակ որդեգրած քաղաքական գիծը, որի նպատակն է ԱԷՄԳ-ին զրկել միջուկային զենքի տարածման դեմ տարվող պայքարի մենաշնորհից և այդ պարտականությունը վերաբաշխել առանձին պետությունների միջև, ինչը թույլ կտա նույն ԱՄՆ-ին միջուկային պոտենցիալի ստեղծման կանխարգելման նպատակով ինքնուրույն, այդ թվում նաև ռազմական միջոցառումներ իրականացնել այս կամ այն պետության դեմ։

Ինչ վերաբերում է բուն Իրանին, ապա ԱԷՄԳ-ի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակը բավական դրական ֆոն ստեղծեց Թեհրանի համար սեփական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ավելի նպաստավոր դիրքերից շարունակելու համար։ Մ.Էլ-Բարադեյն ու ԱԷՄԳ-ն անուղղակիորեն դարձան Իրանի դատապաշտպանները, իսկ միջազգային հանրության շրջանում ստեղծված անհամաձայնության մթնոլորտն էլ ավելի մեծացրեց Թեհրանի մանևրելու շրջանակները։

Իրանում միջուկային ծրագրի քննարկումներն ակտիվացան հիմնականում օգոստոսի վերջերին, քանի որ հուլիս–օգոստոս ամիսներին Իրանում ներքաղաքական զարգացումները միջուկային ծրագիրը և արտաքին քաղաքական հիմնախնդիրները մղել էին հասարակական քննարկումների հետին պլան։ Նախագահական ընտրությունների նախկին մասնակից Մ.Քյարուբիի բաց նամակը Փորձագետների վեհաժողովի նախագահ Ա.Ա. Հաշեմի-Ռաֆսանջանիին, որում նա բազում օրինակներ և փաստեր բերեց ձերբակալված ընդդիմադիրների դեմ բռնությունների և իրանական բանտերում կանանց զանգվածային բռնաբարությունների մասին, իրանական քաղաքական և լրատվական դաշտից դուրս մղեց մնացած գործընթացների քննարկումները, այդ թվում նաև միջուկային ծրագրի շուրջ։ Դրան նպաստեց նաև օգոստոսին կառավարության ձևավորման գործընթացը։

Սակայն արդեն օգոստոսի վերջին, երբ Իրանը ևս մեկ անգամ մերժեց ԱԷՄԳ առաջարկը և Բ.Օբամայի պահանջը, միջուկային հիմնախնդիրը նորից իր կարևոր տեղը զբաղեցրեց իրանական քաղաքական գործընթացներում։

Այսպես, արդեն սեպտեմբերի 9-ին իրանական կողմը ԱԷՄԳ-ին և «վեցնյակին» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան) ներկայացրեց հերթական «փոխզիջումային առաջարկը» միջուկային խնդրի վերաբերյալ, որը նպատակ ուներ «վերացնել բոլոր անհամաձայնություններն Իրանի և «վեցնյակի» միջև»։ Չնայած իրանական առաջարկությունները պաշտոնապես չեն հրապարակվել, սակայն համաձայն եվրոպական դիվանագետների, դրանք «որևէ նոր բան» չեն պարունակում և չեն ենթադրում Իրանի կողմից ուրանի հարստացման կասեցում կամ ծավալների սահմանափակում, ինչը Թեհրանին ներկայացվող հիմնական պահանջն է։ Չնայած Իրանը համաձայնել է բանակցել իր կողմից ներկայացված առաջարկությունների փաթեթի շուրջ, որևէ լուրջ փոփոխություն Իրանի դիրքորոշման մեջ սպասել չի կարելի։ Սրա վկայությունն է Իրանի առաջնորդ Ա.Խամենեիի հայտարարությունը, որը նա արեց սեպտեմբերի 11-ին իր ուրբաթօրյա աղոթքի ժամանակ. «Պետք է մնալ կուռ քո օրինական իրավունքների պաշտպանման գործում, բոլոր ոլորտներում, այդ թվում նաև միջուկային։ Հրաժարումը դրանցից պարտություն է նշանակում»։

Նշենք, որ Իրանի արդեն ավանդական դարձած այս մոտեցումը ներկա փուլում պայմանավորված է ոչ միայն բուն միջուկային ծրագրով, այլև այն ներքաղաքական զարգացումներով, որոնք տեղ են գտել իսլամական հանրապետությունում։ Հակասությունների սրումը Արևմուտքի հետ հարաբերություններում կարող է մասամբ շեղել հասարակության ուշադրությունը ներքաղաքական զարգացումներից, մասամբ լիցքաթափել ներքաղաքական հակասությունները։

Ներկայումս Իրանի համար առաջնային նշանակություն ունի ՄԱԿ ԳՎ և ԱԽ նիստերում նոր պատժամիջոցների մասին հնարավոր որոշումների ընդունումից խուսափելը։ Նման հեռանկարից, չնայած կոշտ հայտարարություններին, ցանկանում են խուսափել նաև ԵՄ-ը և ԱՄՆ-ը, քանի որ երկու տարի առաջ մտցված վերջին պատժամիջոցներից հետո հաջորդ քայլը պետք է դառնան իրանական նավթի գնման սահմանափակումները, ինչին Արևմուտքը պատրաստ չէ, մանավանդ համաշխարհային ներկա ճգնաժամի պատճառով ստեղծված գլոբալ ֆինանսատնտեսական անկայունության պայմաններում։

Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումից խուսափելու նպատակով է հավանաբար պայմանավորված Ֆրանսիայի առաջարկը` մինչև սեպտեմբերի 1-ը հանդիպում անցկացնել Իրանի և «վեցնյակի» բարձրաստիճան ներկայացուցիչների միջև, որի կազմակերպմամբ է ներկայումս զբաղվում ԵՄ Արտաքին քաղաքականության գծով հանձնակատար Խ.Սոլանան։ Մինչդեռ տեղեկատվությունն այն մասին, որ Իրանը ուրանի հարստացման նոր գործարան է կառուցում, էլ ավելի է բարդացնում ապագա բանակցությունները։

Ինչևէ, չնայած նման հանդիպման ժամանակ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձևավորված սառույցը դժվար թե հալվի, սակայն այն կարող է արևմտյան պետությունների համար Իրանի նկատմամբ լուրջ պատժամիջոցներ չկիրառելու հիմք հանդիսանալ։ Իսկ Թեհրանին միջազգային հարթությունում իր միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը միայն ձեռնտու է, քանի որ վերսկսված ակտիվ բանակցությունները, հանդիպումներն ու նոր պաշտոնական առաջարկները լեգիտիմացնում են Իրանի վերընտրված նախագահին և նրա կառավարությանը, ինչն այժմեական է դարձել երկրի ներսում վերջին բախումներից, զոհերից և ձերբակալություններից հետո։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր