• am
  • ru
  • en
Версия для печати
Iran28.12.2009

ԻՐԱՆ. ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

EnglishРуский

   

Սևակ Սարուխանյան

2009 թվականը Իրանի հետհեղափոխական պատմության մեջ ամենակարեւոր տարիներից մեկը կարող է համարվել։ Ներքաղաքական ճգնաժամը, արտաքին քաղաքականության ոլորտում իրանա-ամերիկյան հարաբերությունների հնարավոր կարգավորման հետաձգումը, միջուկային հիմնախնդրում սեփական դիրքերի պահպանումն ու շարունակական ամրապնդումը կարող են լուրջ ազդեցություն ունենալ Իրանի հետագա իրավիճակի եւ կարգավիճակի վրա։ Հոդվածում անդրադարձ է կատարվում 2009թ. ընթացքում Իրանի համար, մեր կարծիքով, կարեւոր զարգացումներին։

Քաղաքական ճգնաժամը եւ նոր ընդդիմության ձեւավորումը

Նախագահական ընտրություններն արձանագրեցին իսլամական հեղափոխության տարիներից հետո ամենասուր քաղաքական ճգնաժամի սկիզբն Իրանում։ Բախումներն ընդդիմադիրների եւ անվտանգության ուժերի միջեւ, մահվան դեպքերը, հետագա ձերբակալությունները, ի վերջո, հանգեցրին նրան, որ Մ.Հ. Մուսավիի շուրջ նոր քաղաքական դաշտ ձեւավորվեց, որն առաջիկա տարիներին ինստիտուցիոնալացման կարեւոր փուլ կանցնի։ Շարունակվող բախումները ցուցարարների եւ ոստիկանության ուժերի միջեւ կարող են երկարաժամկետ բնույթ ունենալ, քանի որ դրանք քաղաքականապես եւ բարոյապես սպասարկում են Ա.Ա. Հաշեմի-Ռաֆսանջանիի, Մ.Հ. Մուսավիի, Մ.Խաթամիի եւ նախկին ու ներկա հարյուրավոր բարձրաստիճան գործիչների կողմից ղեկավարվող շարժումը, որի հեռավոր նպատակը պահպանողականների հեռացումն է իշխանությունից։ Տվյալ դեպքում խոսքը ոչ թե հեղափոխության, այլ հեղաշրջման մասին է, որի համար առաջիկա տարիներին ներքին եւ արտաքին հարմար ազդակներ կարող են առաջ գալ։

Որպես հիմնական ներքին ազդակ անհրաժեշտ է նշել Իրանի նոր հոգեւոր առաջնորդի հնարավոր ընտրությունը, որպես արտաքին՝ ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից հնարավոր հարվածն Իրանին։ Նշենք, որ երկրորդի հնարավորությունն այսօր աստիճանաբար աճում է՝ հաշվի առնելով այն, որ Թեհրանն անընդմեջ տապալում է ԱԷՄԳ-ի եւ «վեցնյակի» հետ բանակցությունները։ Եթե մեկ կամ երկու տարի առաջ դժվար էր ասել, որ ամերիկյան կամ իսրայելական օդուժի հարվածն Իրանի միջուկային կառույցներին ներքաղաքական անկայունության կամ հեղաշրջման փորձի կհանգեցնի, ապա անցած նախագահական ընտրություններից հետո ձեւավորված եւ քաղաքական ու հոգեւոր շրջանակներում ամուր դիրքեր ունեցող ընդդիմադիր կենտրոնի ձեւավորումից հետո նման բան ասելու հնարավորությունն առկա է։ Իհարկե, սա չի նշանակում, թե Իրանում ներքաղաքական անկայունության հետեւում կանգնած են արտաքին ուժերը։ Սակայն փաստ է, որ վերջիններիս համար այս անկայունությունը դրական հետեւանքներ կունենա։ Խոսքն այդ թվում ԱՄՆ-ի մասին է, որը նոր նախագահի օրոք եւս շարունակում է հակամարտությունն Իրանի հետ։

Իրան–ԱՄՆ հարաբերությունները

2009-ը վերջնականապես բացահայտեց այն պարզ ճշմարտությունը, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունները Ջ.Բուշ-կրտսերի հեռանալուց եւ ԱՄՆ նոր նախագահի ընտրվելուց հետո լուրջ փոփոխություններ չեն կրի։ Չնայած ԱՄՆ նախկին վարչակազմը բացահայտ հակաիրանական քաղաքականություն էր վարում, սակայն դա արտահայտում էր ԱՄՆ բնական շահերը, որոնցից էլ հենց բխում է գերիշխանության հաստատումը Մերձավոր Արեւելքում եւ Պարսից ծոցում։ Այսօր նույն տարածաշրջանում նույնպիսի գերիշխանության է ձգտում նաեւ Թեհրանը, որի իրավունքներն ու դիրքերը պակաս հիմնարար չեն, քան Վաշինգտոնինը։ Այս պարագայում չի կարելի խոսել իրանա-ամերիկյան մերձեցման մասին` անկախ այն հանգամանքից, թե ով է նախագահում Միացյալ Նահանգներում կամ Իրանում։

Թեհրանի փողոցներում ծավալված բախումների օրերին ԱՄՆ մի շարք լրատվականներ հարց բարձրացրին. արդյո՞ք Օբաման պետք է հարաբերություններ կարգավորի այս իշխանությունների հետ։ Հակաիրանական քարոզչության պայմաններում բացասական պատասխանն այս հարցին ակնհայտ էր։ Սակայն պետք է նշել, որ մինչեւ նախագահական ընտրություններն Իրանում, մինչեւ բախումներն ու զոհերը, Բ.Օբամայի վարչակազմի կողմից ոչ մի իրական քայլ Իրանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ չարվեց։ Արդյունքում` մայիսին ուրբաթօրյա աղոթքներից մեկի ժամանակ Իրանի առաջնորդ Ա.Խամենեին Օբամայի քաղաքականության մասին ասաց. «Մարդու մասին պետք է դատել ոչ թե նրա տեսքով կամ խոսքերով, այլ մտադրություններով ու գործերով։ Վերջիններս բացարձակապես չեն տարբերվում նախկինում եղածից»։

Իրանա-ամերիկյան հակամարտությունը կշարունակվի առաջիկա տարիներին, իսկ սահմանափակ համագործակցության եւ դիրքորոշումների փոխադարձ ճշտման դաշտը երկու պետությունների միջեւ կմնա նույնը, ինչ վերջին տարիների ընթացքում՝ Իրաք եւ Աֆղանստան։ Ամենայն հավանականությամբ, կողմերը ստիպված կլինեն բանակցել եւ մասամբ համագործակցել նաեւ Պակիստանի շուրջ ընթացող գործընթացներում, որոնք կարեւոր են ե՛ւ Իրանի, ե՛ւ ԱՄՆ-ի համար։

Իրան–Թուրքիա հարաբերությունները

2009-ը կարեւոր եղավ նաեւ Իրան–Թուրքիա հարաբերությունների զարգացման եւ խորացման տեսանկյունից։ Դեռ երկու տարի առաջ Թեհրանի եւ Անկարայի միջեւ դեկլարատիվ բնույթ կրող հարաբերությունների խորացումն այս տարի իրական միս ու արյուն ստացավ։ 2009-ի հունվարին Թուրքիայի վարչապետ Ռ.Թ. Էրդողանը Բրյուսելում հայտարարեց, թե անիմաստ է խոսել «Նաբուկկո» գազատարի մասին, եթե նախագծին չի մասնակցելու Իրանը. «Առանց Իրանի նախագիծն անիմաստ է»։ Թուրքիայի համար, որը նպատակ ունի դառնալ տարածաշրջանի խոշորագույն էներգատրանսպորտային հանգույցը, Իրանը կարեւոր նշանակություն ունի։ Այս պետությունը հսկայական նավթի պաշարներ ունի, ապագայում դառնալու է ԵՄ հիմնական գազամատակարարը, նրա միջոցով մուտքը Կենտրոնական Ասիա ավելի ապահով է, քան Վրաստանի ու Ադրբեջանի միջոցով։ Իրանի համար Թուրքիան, իր հերթին, կարեւոր նշանակություն ունի, քանի որ իրանական գազի համար ամենակարեւոր ճանապարհը դեպի ԵՄ շուկա այս պետության տարածքով է անցնում, Թուրքիան կարեւոր տարածաշրջանային խաղացող է, որին ձեռնտու չէ իրավիճակի հետագա ապակայունացումն ու անկախ Քուրդիստանի ստեղծումը։

Արդյունքում` թուրք-իրանական հարաբերությունները 2009-ին թեւակոխեցին նոր փուլ, որը կարելի է ռազմավարական գործակցություն, իսկ Թուրքիայի վարչապետի հոկտեմբերին Թեհրան կատարած պաշտոնական այցը` պատմական համարել։ Վերջինիս արդյունքում Իրանն ու Թուրքիան պայմանավորվեցին եւ համապատասխան համաձայնագրեր կնքեցին «Հարավային Փարս» գազի հանքավայրի համատեղ շահագործման, գազատարների եւ ավտոճանապարհների համատեղ կառուցման, թուրքական մեքենաշինական ապրանքներն Իրան ներկրելու, իրանական գազը Թուրքիա արտահանելու մասին։ Բացի այդ, կողմերը պայմանավորվեցին փոխադարձ առեւտուրն իրականացնել միայն իրանական ռիալով եւ թուրքական լիրայով՝ հրաժարվելով ԱՄՆ դոլարից1, եւ քայլեր ձեռնարկել թուրք-իրանական սահմանից ոչ հեռու, հավանաբար Իգդիրի շրջանում, համատեղ օֆշորային արդյունաբերական գոտի ստեղծելու ուղղությամբ2:

Բացի այդ, Թուրքիան պարտավորվել է 2011-ից Իրանից տարեկան 35 մլրդ մ3 բնական գազ գնել, ինչն Անկարային թույլ կտա սեփական ուժերով եւ առանց Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ապահովել «Նաբուկկո» գազատարի աշխատանքը3:

Միջուկային հիմնախնդիրը

2009թ. արդյունքում Իրանը կատարեց միջուկային հիմնախնդրի շուրջ բանակցությունների ամենակարեւոր քայլը. նոյեմբերին «պաշտոնապես եւ վերջնականապես» հրաժարվեց դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները, ինչն, իհարկե, բանակցությունները «վեցնյակի» հետ կմտցնի փակուղի, որից դուրս գալու հնարավորությունները պետք է բավական արագ փնտրվեն։ Սա պայմանավորված է նրանով, որ նախագահ Մ.Ահմադինեժադի հայտարարությունը, թե Իրանը պատրաստվում է ուրանի հարստացման նոր գործարաններ կառուցել, կարող է իրավիճակն էլ ավելի սրել։ Իսրայելում ակտիվացել են Իրանի միջուկային ենթակառուցվածքին հարվածելու կողմնակիցները, նրանց ձայնն ավելի լսելի եւ ընդունելի է դառնում հասարակության ու քաղաքական ուժերի տարբեր շրջանակների համար։ Իհարկե, չի բացառվում, որ Մ.Ահմադինեժադը շարունակում է Իրանի համար արդեն իսկ դասական դարձած «բանակցիր այնքան, որքան կարող ես» քաղաքականությունը եւ նպատակ ունի ավելի շատ բան կորզել միջազգային հանրությունից ուրանի հարստացման դադարեցման փոխարեն, սակայն, միեւնույն ժամանակ, Թեհրանը մոտենում է այն շեմին, որից այն կողմ արդեն իսկ երեւում է միջուկային ռումբի հնարավոր ստեղծումը։ Գալիք տարին բավական կարեւոր է լինելու Իրանի միջուկային ծրագրի համար։ Բացառված չէ, որ իրադարձություններն Իրանի համար ընթանան ոչ ամենաբարենպաստ սցենարով։

Տնտեսական քաղաքականությունը

2009-ին Իրանն ընդհանուր առմամբ կարողացավ հաղթահարել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները։ Սակայն խնդիրները երկրի ներսում բավական շատ են։ Ցանկանալով խուսափել երկրի ներսում ֆինանսական լուրջ ճգնաժամից` իրանական ղեկավարությունը սկսեց վերաֆինանսավորել ազգային բանկերը՝ պահանջելով նրանցից հետաձգել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վարկերի մարման ժամկետները եւ շարունակել էժան վարկեր տրամադրել։ Արդյունքում` 2009-ի հոկտեմբերի տվյալներով իրանական բանկերում չմարված վարկերի գումարը հասավ 38 մլրդ դոլարի, ինչը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել ապագայում։

Միեւնույն ժամանակ, Իրանում 2009-ին սկսվեց պետական բանկերի մասնավորեցման կարեւոր գործընթացը, որը զուտ տնտեսական իմաստով նպատակ ունի մեծացնել բանկերի կապիտալացումը, դրանց մրցունակությունը եւ կառավարման արդյունավետությունը։ Մասնավորապես, վաճառքի հանվեցին Mellat, Tejarat եւ Saderat բանկերի 5-ական տոկոս բաժնետոմսերը, որոնք այսօր շրջանառվում են Թեհրանի բորսայում։ Մինչեւ 2010թ. մարտը եւս 8-ական տոկոս բաժնետոմսեր կհանվեն վաճառքի։ Նշենք նաեւ, որ բանկերի հիմնական բաժնետերեր են դառնում իրանական քաղաքական եւ հոգեւոր ընտրանու հետ անմիջական կապ ունեցող ընկերությունները եւ անձինք։

Սակայն հեռանկարային առումով Իրանի համար կարեւոր իրադարձությունը հոկտեմբերի 19-ին Քիշ կղզում իրանական նավթային բորսայի բացումն էր, որի նախապատրաստական աշխատանքները կատարվում էին վերջին մի քանի տարիների ընթացքում։ Չնայած առեւտուրը բորսայում դեռեւս բավական փոքր ծավալներով է ընթանում, սակայն չինական եւ հնդկական ընկերություններն արդեն իսկ ցանկություն են հայտնել 2010-ից իրանական նավթը գնել հենց իրանական բորսայից՝ առեւտուրն իրականացնելով եվրոյով եւ իրանական ռիալով։ Դեռեւս պարզ չէ, թե ինչ ազդեցություն կունենա նոր նավթային բորսայի գործունեությունը համաշխարհային տնտեսության վրա, սակայն դրա գործունեության սկիզբը գոնե տեղեկատվական իմաստով արդեն իսկ հարվածում է ԱՄՆ դիրքերին, որի NYSE բորսան նավթի վաճառքի համաշխարհային առաջատարն է եւ որոշ չափով ապահովում է ԱՄՆ դոլարի գերիշխանությունը։

1Նույնպիսի համատեղ որոշում են կայացրել նաեւ Թուրքիան եւ Չինաստանը։

2 Թուրքիայի արդյունաբերության նախարար Ն.Էրգունի խոսքերով` այս գոտուն կարող են միանալ նաեւ Սիրիան եւ Հայաստանը։

3 Միեւնույն ժամանակ, նոյեմբերին թուրքական կառավարությունը թույլատրեց շվեյցարական EGL (Elektrizitats-Gesellschaft Laufenburg) ընկերությանը իր տարածքով բնական գազ ներկրել Իրանից Եվրոպա։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր