ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ. ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ
Սեպտեմբերի երկրորդ կեսին Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային քաղաքական նոր իրավիճակ ստեղծվեց։ Աշխարհի 20 առաջատար պետությունների ղեկավարների մասնակցությամբ ամերիկյան Պիթսբուրգում ընթացող գագաթաժողովի օրերին ԱԷՄԳ-ը հայտարարեց, որ Իրանը ուրանի հարստացման նոր գործարան է կառուցում Ղոմ քաղաքի մոտ։ Այս հայտարարությունը կրկին ակտուալացրեց «իրանական հիմնախնդիրը»` Իրան–«վեցնյակ» բանակցությունների վերսկսման հիմք ստեղծելով։
Այն, որ ԱԷՄԳ հայտարարությունը հնչեց «քսանյակի» գագաթաժողովի օրը, հավանաբար, արդյունք էր ԱՄՆ-ի կողմից ԱԷՄԳ ղեկավար Մ.Էլ-Բարադեյի դեմ սկսված տեղեկատվական եւ քարոզչական պայքարի, որի հիմնական բովանդակային հիմքն էր կազմում ԱԷՄԳ-ին ներկայացված մեղադրանքներն այն մասին, թե այս կառույցը միջազգային հանրությունից թաքցնում է Իրանի միջուկային ծրագրին վերաբերող կարեւոր փաստեր։ ԱԷՄԳ «հակաիրանական» հայտարարությունը, հավանաբար, այս մեղադրանքներից «արդարանալու» միջոց դարձավ: Այն, որոշ վերապահումներով, պայթող ռումբի ազդեցություն ունեցավ միջազգային լրատվական դաշտում, իսկ Փիթսբուրգում աշխարհի առաջատար պետությունների ղեկավարները ստիպված եղան հայտարարություններով հանդես գալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ։ Նման քայլից չկարողացան խուսափել նաեւ Իրանի ավանդական գործընկերներ եւ «պաշտպաններ» Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարները։
Չինաստանի ղեկավարը բավարարվեց «Իրանի նոր քայլերը մեզ լրջորեն անհանգստացնում են» հայտարարությամբ, իսկ ՌԴ նախագահի գնահատականը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, թերեւս, ամենակոշտն էր պաշտոնական Մոսկվայի կողմից երբեւէ հնչեցվածներից։ Դ.Մեդվեդեւն ասաց, որ Իրանը քայլեր է ձեռնարկում, որոնք հարվածում են այդ թվուն նաեւ այն պետություններին, որոնք ցանկություն ունեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ խաղաղ հանգուցալուծում գտնել եւ օգնել այդ երկրին։
Նշենք, որ, համաձայն պաշտոնական Թեհրանի տարածած տեղեկատվության, կառուցվող գործարանի մասին ԱԷՄԳ-ը տեղեկացվել է 8 ամիս առաջ, եւ գործակալության բոլոր ղեկավարներն ու անդամ երկրների համապատասխան կառույցներն իրազեկված են եղել այդ ձեռնարկության մասին։ Դժվար է ասել, թե որքանով է Թեհրանի հայտարարությունը համապատասխանում իրականությանը, սակայն ակնհայտ է, որ եթե անգամ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես նշում են իրանցիները, Վաշինգտոնը փորձել է ակտիվացնել «իրանական հիմնախնդիրը` ձգտելով այն վերադարձնել միջազգային քաղաքական օրակարգի առաջին պլան։ Պիթսբուրգի գագաթաժողովը Վաշինգտոնին այդ հնարավորությունը տվեց. հմուտ դիվանագիտության շնորհիվ ամերիկացիներն ունեցան քիչ թե շատ ընդհանուր միջազգային գիծ Իրանի եւ նրա միջուկային ծրագրի վերաբերյալ, որի ընդհանրական հիմնաքարն է «Թեհրանը բոլորին հիասթափեցնում է» սկզբունքը։
Արդյունքում` հոկտեմբերի 1-ին Ժնեւում Իրան–«վեցնյակ» (Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան) ձեւաչափով անցկացված բանակցություններում իրանական կողմը բախվեց միջազգային հանրության հիմնականում համախմբված տեսակետին։ Սակայն բանակցությունները եւ անգամ ամերիկացիների տված «լավ» եւ «դրական» գնահատականներն իրականում ցույց տվեցին, թե վերջին մեկ տարվա ընթացքում (Իրան–«վեցնյակ» վերջին բանակցությունները տեղի են ունեցել 2008-ի ամռանը) փոխվել է ոչ այնքան Իրանի միջուկային քաղաքականությունը, որքան միջազգային հանրության դիրքորոշումն Իրանի հանդեպ։
Այսպես, ժնեւյան հանդիպման ժամանակ առաջին անգամ բանակցություններում չքննարկվեցին Իրանի՝ ուրանի հարստացման իրավունքը եւ ծրագիրը։ Առաջին անգամ միջազգային հանրությունը պահանջ ներկայացրեց Իրանին ոչ թե փակել Նաթանզի ուրանի հարստացման գործարանը, այլ անխափան մուտք ապահովել ԱԷՄԳ աշխատակիցներին նոր կառուցվող գործարաններում ստուգումներ իրականացնելու համար։
Բանակցություններից հետո միջազգային լրահոսում տարածվեց տեղեկատվություն, թե Իրանը համաձայնել է իր տարածքում արտահանվող ուրանը հարստացնել արտասահմանյան գործարաններում, սակայն ոչ իրանական, ոչ էլ արտասահմանյան պաշտոնական աղբյուրները տեղեկատվությունը չհաստատեցին։ Դրա փոխարեն հոկտեմբերի 3-ին Մ.Էլ-Բարադեյը հայտարարեց, որ պաշտոնական Թեհրանը նոր եւ «հետաքրքիր» առաջարկություն է ներկայացրել «վեցնյակին». իր գործարաններում հարստացնել ուրանը մինչեւ 3-5 տոկոս, հետո տեղափոխել արտասահմանյան գործարաններ, որտեղ այն կվերահարստացվի մինչեւ 20 տոկոս (միջուկային-վառելիքային եւ բժշկական նշանակության հարստացման մակարդակ) եւ հետ կդարձվի Իրան։ Այս ամբողջ ընթացքը կգտնվի ԱԷՄԳ ընդհանուր հսկողության տակ։ Սա Իրանի առաջին եւ միակ լուրջ զիջումն է միջուկային բանակցություններում։
«Վեցնյակի» պետությունները համաձայնել են քննարկել Իրանի «դրական նշանակություն ունեցող» առաջարկությունը մինչեւ հոկտեմբերի 19-ը, իսկ այդ օրը նրանց պետք է միանա Իրանի ներկայացուցիչը՝ համապատասխան փաստաթուղթ, հավանաբար համաձայնագրի տեսքով, ստեղծելու համար։
Փաստորեն, ժնեւյան բանակցությունները, որոնք ստացան բոլոր կողմերի բարձր գնահատականը, փոխզիջումային ֆոն ստեղծեցին երկու՝ Իրան–միջազգային հանրություն, կողմերի համար էլ։ Եթե բանակցությունների արդյունքում ձեռք բերվի վերջնական համաձայնություն, ապա Իրանը կպահպանի իր՝ ուրանի հարստացման ծրագիրը, իսկ արեւմուտքը կկարողանա առավելագույն չափով վերահսկել այն։
Սակայն այստեղ բավական շատ են հարցերը, որոնք քննարկման եւ վերլուծման կարիք ունեն։ Դրանցից ամենակարեւորը, մեր կարծիքով, հետեւյալն է. ինչո՞ւ են Թեհրանն ու Վաշինգտոնը մեղմում իրենց դիրքորոշումները։ Այստեղ կարող են լինել մի քանի հնարավոր պատասխաններ, որոնցից երկուսն առավել հնարավոր են թվում.
1. Հոկտեմբերի 3-ին «New York Times» հեղինակավոր պարբերականը տեղեկություն հրապարակեց, որ համաձայն ԱԷՄԳ փակ աշխատանքային փաստաթղթի, Իրանն արդեն տիրապետում է միջուկային զենքի արտադրման տեխնոլոգիաներին։ Նման կարծիք ունի նաեւ հեղինակավոր «Գիտական եւ միջազգային ինֆորմացիայի ինստիտուտը» (ISIS): Այս պարագայում, հնարավոր է, որ Իրանի դիրքորոշման մեղմացումը պայմանավորված է նրանով, որ Թեհրանն արդեն իսկ ունի բավարար կարողություն միջուկային զենք ստեղծելու համար եւ կարիք չունի հետագա սուր հակամարտության, իսկ Վաշինգտոնն, իր հերթին, սկսել է միջուկային Իրանի հետ համակերպվելու քաղաքականություն վարել՝ հաշվի առնելով, որ դեռեւս չկա «իրանական հիմնախնդրի» լուծման ռազմական այլընտրանք։
2. Իրանն ու ԱՄՆ-ը, մեղմացնելով դիրքորոշումները, դրական հող են ստեղծում հարաբերությունների լիարժեք կարգավորման համար։ Ակնհայտ է, որ Իրանում ծավալված ներքաղաքական ճգնաժամը, որը բերեց մարդկային զոհերի, ձերբակալվածների եւ նրանց խոշտանգումների, ԱՄՆ-ի համար լավ հնարավորություն ստեղծեց` ցույց տալու միջազգային հանրությանը եւ առաջին հերթին` ԵՄ-ին, թե որքան ճիշտ եւ հիմնավորված էին ամերիկյան ճնշումները երրորդ պետությունների վրա՝ ուղղված Իրանի հետ նրանց համագործակցությանը խոչընդոտելուն։ Այսօր Իրանը գիտակցել է, որ ներքաղաքական անբարենպաստ պայմանների պատճառով գրեթե անհնար է դարձել ֆինանսատնտեսական եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացումը ԵՄ-ի հետ ու ստիպված է համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ։
Իր հերթին` Վաշինգտոնի տարածաշրջանային քաղաքականության ողջ փիլիսոփայությունն այսօր ԱՄՆ վարչակարգին ստիպում է զիջումների գնալ Իրանի հետ հարաբերություններում։ ԱՄՆ-ին գուցե անհրաժեշտ է ստանալ Թեհրանի համաձայնությունը եւ, հնարավոր է, օգնությունը` Աֆղանստանում, Իրաքում եւ անգամ Պակիստանում ամերիկյան ռազմավարության իրականացման եւ իրավիճակի կայունացման գործում։ Նույն Աֆղանստանում, ստեղծված խայտառակ իրադրության պատճառով, արդեն ամսից ավելի չի հայտարարվում նախագահական ընտրություններում հաղթողի անունը` քաղաքացիական պատերազմից խուսափելու համար, եւ այստեղ, առանց Իրանի միջամտության եւ աջակցության դժվար է հասնել իրադրության անգամ մասնակի կարգավորման։ Ինչ վերաբերում է Պակիստանին, ապա, մեր համոզմամբ, հեռու չէ այն օրը, երբ ԱՄՆ-ը ստիպված է լինելու «զինաթափել» պակիստանյան միջուկային զինանոցը, քանի որ օրեցօր աճում է դրա՝ միջազգային ահաբեկիչների ձեռքն ընկնելու հնարավորությունը։ ԱՄՆ տարածաշրջանային կարեւոր խնդիրներն անհնար է իրականացնել առանց Իրանի հետ հարաբերությունների կարգավորման եւ համագործակցության։
Այսօր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը բավական լավ հիմք է ստեղծում Իրանի միջուկային հիմնախնդրի կարգավորման համար։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը նման ցանկություն ունի, նրան անհրաժեշտ է ամեն կերպ «վերաբեռնավորել» հարաբերությունները Թեհրանի հետ։ Հավանաբար, նման ցանկություն ունի նաեւ Իրանի ղեկավարությունը։ Թե ինչպես կընթանան գործընթացները հետագայում, ցույց կտա ժամանակը։
Իսկ այսօր ակնհայտ է, որ Իրանի շուրջ ծավալվող գործընթացներից հիմնականում դժգոհ է Իսրայելը։ «Haaretz» պարբերականում սեպտեմբերի 30-ին հրատարակված մի նյութում Բ.Օբամայի «իրանական քաղաքականությունը» համեմատվեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենի «գերմանական քաղաքականության» հետ, որն ի վերջո հանգեցրեց նացիզմի հզորացմանը։ Նույն պարբերականը մեկ օր անց հրատարակեց հայտնի իսրայելցի վերլուծաբան Ա.Բենի հոդվածը, որում նշվում էր, որ միջազգային հանրությունը կարծես թե հաշտվել է Իրանի սպասվելիք միջուկային կարգավիճակի հետ, իսկ Իսրայելին մնում է կամ հարվածել Իրանին, կամ սպասել այնքան ժամանակ, մինչեւ որ ամերիկյան վարչակարգը համաձայնի դա անել։ Իսկ Իսրայելի արտաքին հետախուզության նախկին ղեկավար Դ.Յատոմը, իսրայելական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, մեկնաբանելով Իրան–«վեցնյակ» բանակցությունները, ասաց. «Թող խոսեն, միեւնույն է, անհրաժեշտ է լինելու ռմբակոծել»։
Իրականում այսօր Իսրայելը գտնվում է տարածաշրջանային առումով բավական բարդ իրավիճակում։ Տեղի վերլուծաբաններն արտահայտում են այն կարծիքը, թե Բ.Օբամայի տարածաշրջանային քաղաքականությունը դադարել է հաշվի առնել Թել Ավիվի շահերը։ Այս առումով, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունները լինելու են այն հիմնական փորձաքարը, որը պետք է ստուգի Վաշինգտոն–Թել Ավիվ հարաբերությունների ռազմավարական ամրությունը։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]