«Ուղեղային» կենտրոնների մասին


Տեղեկատվական դաշտում հաճախ են հոլովվում «մտքերի ֆաբրիկա», «վերլուծական» կամ «ուղեղային» կենտրոն (ՈւԿ) հասկացությունները։ Հաճախ որպես ՈւԿ ընկալվում են զուտ քաղաքական կամ տնտեսական վերլուծությամբ զբաղվող կառույցները։ Մինչդեռ իրականում ՈւԿ-ներն ուսումնասիրում և լուծումներ են առաջարկում մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներում` սկսած կենցաղային մանր թվացող հարցերից, վերջացրած աերոկոսմիկ հետազոտություններով և գլոբալ ռազմավարության հայեցակարգերի մշակումով։ Նման կենտրոնների ծառայություններից օգտվում են գրեթե բոլոր երկրների կառավարական կառույցները և քիչ թե շատ խոշոր մասնավոր ընկերությունները։ Նրանք, ովքեր տիրապետում են անհրաժեշտ նյութական և ինտելեկտուալ ռեսուրսների, ձգտում են ձևավորել իրենց շահերը սպասարկող սեփական ՈւԿ-ներ։
ՈւԿ-ների թվի բազմացումը և ժամանակակից գլոբալացման գործընթացներում դրանց դերակատարման մեծացումը պայմանավորված են ներկայիս ինֆորմացիոն դարաշրջանով և ինֆորմացիոն հասարակության ձևավորմամբ։ Իր հերթին, ՈւԿ-ների գործունեությունը զգալիորեն նպաստում է նման հասարակության կայացմանը։ Այս համատեքստում ՈւԿ-ների պահանջվածությունը ցուցանիշ է հանդիսանում, թե որքանով են այս կամ այն երկրի իշխանությունները և հանրությունը համապատասխանում տեղեկատվական հասարակության բովանդակությանը, որի տակ, համաձայն դասական ձևակերպումների, հասկանում են տվյալ հանրության ընդհանրական գիտելիքների չափը։
ՈւԿ-ների պատմությունն ուսումնասիրող գրականությունում ընդունված է համարել, թե պետություն–ՈւԿ հարաբերությունների հիմքը դրվել է 1832թ., երբ ԱՄՆ ֆինանսների նախարարը դիմել է Ֆիլադելֆիայում գտնվող Ֆրանկլինի ինստիտուտին` առաջարկելով հետազոտել և պարզել ամերիկյան շոգենավերում կաթսաների հաճախակի դարձած պայթյունների պատճառները. գիտնականները կարողացան լուծել խնդիրը։ Այդ հաջողված փորձից հետո ամերիկյան կառավարության համագործակցությունը գիտական կենտրոնների հետ ընդունեց մշտական, անընդհատ զարգացող և ընդլայնվող բնույթ։
Անշուշտ, պետություն-գիտություն հարաբերությունների կայացման մասին վերոհիշյալ շարադրանքը պատմության ամերիկակենտրոն մեկնաբանության արգասիք է. նման բազմաթիվ օրինակներ կարելի է բերել այլ ժողովուրդների պատմությունից ևս (բավական է հիշել Արքիմեդի արդյունավետ համագործակցությունը Սիրակուզայի իշխանությունների հետ ռազմական-պաշտպանական խնդիրներում)։
Միևնույն ժամանակ պետք է ընդունել, որ Միացյալ Նահանգներն այն տերությունն է, որը, թերևս, լավագույնն է ըմբռնել գիտելիքների կարևորությունը և այն օգուտները, որ կարելի է ստանալ գիտական հետազոտությունները գործնական կյանքում ներդնելու արդյունքում։ Չափազանցություն չի լինի, եթե պնդենք, որ այդ գերտերության հզորությունը, առաջին հերթին, պայմանավորված է այն բարձր կարգավիճակով, որ ունի գիտական-ստեղծագործական գործունեության ոլորտը ամերիկյան հանրությունում։ Այս համատեքստում չպետք է մոռացության մատնվի նաև ԽՍՀՄ փորձը, որը ժամանակին տիրապետում էր հսկայական գիտական ներուժի և ավելի քան հաջող մրցակցում էր ԱՄՆ-ի հետ։ Փորձագետների կարծիքով` կրթության, հիմնարար գիտությունների և տեխնոլոգիական մշակումների մի շարք ոլորտներում այդ գերտերությունն անգամ գերազանցում էր մրցակցին (հիշենք առաջին արհեստական արբանյակները և տիեզերագնացների թռիչքները)։
Սակայն խորհրդային ղեկավարությունն առանձնապես չէր կարևորում հասարակագիտական և ընդհանրապես մարդկային գործոնի հետ կապված գիտությունները։ Այդ բնագավառում շեշտը դրվել էր զուտ գաղափարախոսական, կամ եթե ավելի ճշգրիտ` կաղապարված կուսակցական մոտեցումների վրա, և որևէ շեղում այդ գծից գրեթե անհնարին էր։ Նման դրվածքի հետևանքով հասարակագիտական ոլորտը և դրա հետ կապված խնդիրների ողջ համախումբը հայտնվել էին փակուղային վիճակում։ Այդ հանգամանքը պետք է համարել խորհրդային գերտերության կազմալուծման հիմնական պատճառներից մեկը։
Իրադրությունն էապես այլ էր Արևմուտքում և հատկապես ԱՄՆ-ում, որտեղ քաղաքականության, հասարակագիտության խնդիրներին ու, այսպես կոչված, «մարդկային» գործոնին նախկինում և այսօր առաջնահերթ տեղ է հատկացվում։ Բավական է նշել, որ այդ բնագավառներում Միացյալ Նահանգներում գործում են մոտ 2000 ՈւԿ, որոնց մի մասն արդեն հարուստ պատմություն և ավանդույթներ ունի։ Քարնեգիի միջազգային խաղաղության հիմնադրամը, օրինակ, ստեղծվել էր դեռևս 1910թ.` «պատերազմների պատճառները և հակամարտությունների հնարավոր կարգավորումները» հետազոտելու նպատակով։ Մեկ այլ հանրահայտ կենտրոն` Բրուկինգսի ինստիտուտը, հիմնվել է 1916թ. (սկզբնական շրջանում այն կոչվում էր Պետական հետազոտությունների ինստիտուտ և իր ներկայիս անվանումը ստացել է 1927-ին)։ ՈւԿ-ներն առանձնահատուկ կարևորություն ձեռք բերեցին Առաջին համաշխարհային պատերազմի և դրան հաջորդած տարիներին։ Մասնավորապես, 1921թ. Փարիզի խաղաղության կոնֆերանսում ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ձևավորեց քաղաքագետներից կազմված մի խումբ, որը բանկիրների, ձեռնարկատերերի և իրավաբանների հետ համատեղ խորհրդատվական ծառայություններ էր մատուցում ամերիկյան պատվիրակությանը։ Աշխատանքային այդ խումբը ստացավ «Հետազոտություն» անվանումը, և հետագայում հենց այդ միջավայրից գոյացավ հանրահայտ Միջազգային հարաբերությունների խորհուրդը (ՄՀԽ), որն ամերիկյան քաղաքականության ուղենիշների ձևավորողներից է առայսօր։
Հատկանշական է, որ պատերազմները խթանել և խթանում են ՈւԿ-ների գործունեությունը։ ՈւԿ-ների ստեղծման հաջորդ ալիքը պայմանավորվեց Երկրորդ աշխարհամարտով։ Այդ տարիներին վերոհիշյալ ՄՀԽ-ն նախաձեռնեց մի մեծ նախագծի իրականացում, որի անվանումն էր «Պատերազմի և խաղաղության հիմնախնդիրների ուսումնասիրություն»։ Նախագծի նպատակն էր մշակել հետպատերազմյան կարգավորման սցենարները, առաջարկել ԱՄՆ-ի համար այն ցանկալի սկզբունքները, որոնցով պետք է ձևավորվեր նոր աշխարհակարգը։ Նախագծի շրջանակներում, մասնավորապես, կազմվեցին մոտ 700 հուշագրեր Պետական դեպարտամենտի համար, որոնք գործնական առաջարկներ էին, օրինակ, Գերմանիայի օկուպացման, հետպատերազմյան Եվրոպայի վերականգնման և ՄԱԿ ստեղծման վերաբերյալ։ Պատերազմից երկու տարի հետո ՄՀԽ-ի կողմից հրատարակվող «Արտաքին քաղաքականություն» ամսագրում լույս տեսավ Ջորջ Քենանի «Խորհրդային (սովետական) վարքագծի ակունքները» խորագրով հոդվածը, որտեղ ներկայացված մոտեցումները հիմք հանդիսացան սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ի կողմից կիրառվող «զսպման քաղաքականություն» կոչվող ռազմավարության համար։ Բնորոշ է, որ սառը պատերազմի ավարտից հետո` 1993-ին, նույն ամսագրում տպվեց Սամուել Հանտինգտոնի «Քաղաքակրթությունների բախում» հոդվածը, որն ԱՄՆ ժամանակակից գլոբալ ռազմավարության գաղափարական հենքն է։
Խոսելով Երկրորդ համաշխարհայինից հետո ԱՄՆ-ում հիմնված, այսպես կոչված, «երկրորդ սերնդի» ՈւԿ-ների մասին` անհնարին է շրջանցել հանրահայտ ՌԵՆԴ (անգլերեն research and development -հետազոտություն և մշակում բառերի հապավումն է) կորպորացիան։ Այն ստեղծվեց 1948թ., երբ ԱՄՆ ցամաքային ուժերի ռազմաօդային հրամանատարությունը որոշեց «Դուգլաս» ավիաընկերության շրջանակներում ստեղծել մի կազմակերպություն, որը պետք է իրագործեր «վերլուծությունների և հետազոտությունների» մի ծրագիր` կապված «միջմայրցամաքային ռազմական գործողությունների հետ»։ Հատկանշական է, որ 1948թ. կնքված պայմանագրի այս առանցքային բառերն առայսօր գրեթե չեն փոխվել և պահպանվում են ՌԵՆԴ-ի ու ռազմաօդային ուժերի միջև ներկայումս կնքվող համաձայնագրերում։ Աշխատանքային պայմանագրում նման ոչ կոնկրետ ձևակերպումը նպատակ ունի չկաշկանդել ՌԵՆԴ-ի վերլուծաբանների երևակայությունը և հնարավորություն է ընձեռում նրանց ազատ արտահայտել իրենց մտքերը և առաջարկվող վարկածներն ու սցենարները։
ՌԵՆԴ-ի առաջին իսկ մշակումները խիստ արդյունավետ էին և դրական արձագանք ստացան ամերիկյան քաղաքական ու զինվորական ընտրանու կողմից։ Իր հիմնման արդեն երկրորդ տարում այդ ՈւԿ-ն դուրս եկավ «Դուգլաս»-ի կազմից և ինքնուրույն կարգավիճակ ձեռք բերեց։ Ներկայումս ՌԵՆԴ-ն ունի բազմաթիվ մասնաճյուղեր, նրա բյուջեն հասնում է տասնյակ միլիոնների, իսկ անձնակազմը ներառում է հազարավոր փորձագետների։ ՌԵՆԴ-ում մշակվում են ամենազանազան նախագծեր, որոնց զգալի մասը վերաբերում է ռազմաքաղաքական ոլորտին։ Օրինակ, Քենանի առաջարկած «զսպման քաղաքականությունը» մանրակրկիտ մշակվեց հենց ՌԵՆԴ-ի մասնագետների կողմից և, փաստորեն, դարձավ գործնական ձեռնարկ ամերիկյան իշխանությունների համար։
ՌԵՆԴ-ը հատուկ ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաներին, և նրա փորձագետներն են, որ շրջանառության մեջ են մտցրել ու բովանդակություն հաղորդել այսօր արդեն սովորական դարձած տեղեկատվական գործողություն և տեղեկատվական պատերազմներ հասկացություններին։ Իր գործունեության ընթացքում ՌԵՆԴ-ը կազմել է տասնյակ հազարավոր հուշագրեր, զեկուցագրեր, հաշվետվություններ և այլ «թղթային» արտադրանք, որոնք, համաձայն փորձագետների կարծիքի, սկզբունքորեն փոխել և լայնացրել են ամերիկյան ընտրանու մտածելակերպը և աշխարհայացքը։
Ինչպես արդեն նշել ենք, պատերազմները և ընդհանրապես արտակարգ իրավիճակները խթանել են նոր ՈւԿ-ների ստեղծումը և եղածների դերակատարման մեծացումը։ Այս առումով բացառություն չի կազմում նաև այն «հակաահաբեկչական» պատերազմը, որը 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո վարում է Միացյալ Նահանգները։ Ամերիկյան հակաահաբեկչական ռազմավարության մշակողների թվում են Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնը, Նիքսոնի կենտրոնը, Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտը (AEI), Ժառանգություն (Heritage) հիմնադրամը. վերջին երկուսին են, մասնավորապես, վերագրվում Իրաքի գրավման ռազմական, տնտեսական և գաղափարական հիմնավորումները: Նկատենք նաև, որ Heritage-ը և AEI-ն ավանդաբար սպասարկում են ԱՄՆ Հանրապետական կուսակցությանը, մշակում, զարգացնում են պահպանողական և նեոպահպանողական գաղափարախոսության դրույթները։
ՈւԿ-ների ստեղծման ամերիկյան փորձն այսօր ձգտում են կիրառել նաև այլ երկրներում։ Մասնավորապես, վերջին 20-25 տարում ԱՄՆ-ից դուրս 3000-ից ավելի ՈւԿ-ներ են ստեղծվել։ Սակայն այս հարցում ծագել են խնդիրներ, որոնք կարիք ունեն առանձին քննարկման։ Նկատվում է միտում, որ հատկապես տնտեսապես ոչ այնքան բարվոք երկրներում հիմնադրվում են ՈւԿ-ներ, որոնց գործունեությունը գլխավորապես պայմանավորված է օտարերկրյա ներդրումներով կամ դրամաշնորհներով։ Երբեմն այդ դրամաշնորհները տալիս են, մասնավորապես, նույն ամերիկյան ՈւԿ-ները։ Բնական է նաև, որ նման աջակցություն ցուցաբերող կազմակերպությունները, որպես կանոն, պետք է հետապնդեն սեփական հետաքրքրությունները և շահերը։
Անշուշտ, հնարավոր է, որ դրամաշնորհ ստացողի և տվողի շահերը համընկնեն, և այս դեպքում նրանց համագործակցությունը խիստ արդյունավետ է։ Բացի դրանից, կան նաև համամարդկային խնդիրներ, որոնց շուրջ համախմբվում են տարբեր երկրների հետազոտողներ։ Սակայն անգամ թռուցիկ դիտարկումները ցույց են տալիս, որ նման նորաստեղծ ՈւԿ-ների օտարերկրյա պատվերով կատարվող աշխատանքները միշտ չէ, որ բխում են սեփական երկրի շահերից։ Այսինքն` մտավոր ռեսուրսները պետք է ֆինանսավորվեն պետության կողմից, քանի որ այլ պարագաներում դրանք կարող են աշխատել ուրիշ երկրների շահերի համար:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]