Հայաստանը միջազգային վարկանիշային հրապարակումներում

Առնոլդ Թոյնբիի այն թեզը, թե քաղաքակրթությունների հաջող գործառնությունը ենթադրում է նետված մարտահրավերներին համարժեք պատասխաններ, այսօր էլ չի դադարում արդիական մնալ։ Հիմք վերցնելով Թոյնբիի այս պնդումը` փորձենք Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները գնահատել այդ համատեքստում։ Հարկ է հավելել միայն, որ մի շարք հետազոտությունների համաձայն` Հայաստանն ունի ինքնուրույն քաղաքակրթական միավոր լինելու բոլոր հատկանիշները, եւ դրա համար էլ հայկական հիմնախնդիրներին Թոյնբիի եզրաբանությամբ մոտենալը միանգամայն արդարացված է։
Վերջին 20 տարիներին հայ հասարակությունը, անցնելով իր պատմության չափազանց դժվար մի փուլ, ավելի համատեղելի է դարձել իրեն շրջապատող արտաքին աշխարհի հետ եւ, որ ամենակարեւորն է, ավելի համարժեք է արձագանքում տեղի ունեցող գործընթացներին։ Տեղի է ունենում որոշակի դրական շարժ հայ հասարակության գիտակցության մեջ։ Օրինակ, Էականորեն նվազել են խորհրդային-սոցիալիստական անցյալի «սեւացման» կամ հակառակը` իդեալականացման միտումները, զուգահեռ` ձեւավորվում է ժողովրդավարական համակարգի առավելությունների եւ թերությունների ավելի սթափ ընկալում։ Համապատասխանաբար, զարգացում է ապրել նաեւ քաղաքական ընտրանին. հայտնի բոլոր հիմնախնդիրների առկայությամբ հանդերձ` այն ձեռք է բերել պետական եւ քաղաքական կառավարման որոշակի հմտություններ, որոնք այնքան պակասում էին հետհեղափոխական առաջին տարիներին։ Այս ամենը ցուցիչներն են այն բանի, որ Հայաստանում ձեւավորվում է մի հասարակություն, որն ավելի համարժեք է գնահատում սեփական հնարավորությունները եւ իր տեղը գլոբալ աշխարհում։
* * *
Որպես վերոնշյալ դիտարկումների քանակական արտահայտություն կարող է ծառայել համաշխարհային մի քանի վարկանիշային հրապարակումների տվյալների վերլուծությունը։ Մենք կսահմանափակվենք վարկանիշային երկու հրապարակումների արդյունքների դիտարկմամբ։ Foreign Policy հեղինակավոր հանդեսը, Thomson Dialog կազմակերպության հետ համատեղ, հրապարակում է Failed States Index-ը: Այն տարբեր կերպ են թարգմանում. անգործունակության ինդեքս, անկայունության ցուցանիշ, սակայն բոլոր պարագաներում դրանք արտացոլում են այս կամ այն պետության կայացած-չկայացած լինելը։ Որպես երկրորդ վարկանիշային հրապարակում մենք վերցրել ենք Economic Freedom Index-ը` տնտեսական ազատության ինդեքս, որն ամեն տարի կազմում է Heritage (ժառանգություն) հիմնադրամը։ Այս վարկանիշի տվյալները, մեր կարծիքով, արտահայտում են այս կամ այն հասարակությունների ազատության ոչ դեկլարատիվ, այլ նյութականացված մակարդակը։
Դիտարկելով հենց այս վարկանիշային հրապարակումները` մենք ելակետ ենք ունեցել այն, որ դրանց ընդհանուր բնութագրերը բավական չափով ցույց են տալիս այս կամ այն պետության` շրջապատող աշխարհին համարժեքության աստիճանը։
Failed States Index 2006-ի կազմման ժամանակ հաշվի են առնվել հետեւյալ բնութագրերը. 1. աճող ժողովրդագրական ճնշումը; 2. փախստականների եւ ներքին տեղահանումների ենթարկված անձանց զանգվածային տեղաշարժը; 3. դժգոհ եւ վրեժխնդրորեն տրամադրված խմբերի առկայությունը; 4. մարդկանց քրոնիկական եւ պերմանենտ տեղաշարժը; 5. տարբեր տնտեսական ճյուղերի անհավասար աճը; 6. տնտեսության կտրուկ անկումը; 7. պետության քրեականացումը եւ ապօրինականացումը; 8. հասարակական ծառայությունների վատթարացման աճը; 9. անձի իրավունքների ոտնահարումը; 10. «Պետություն պետության մեջ» գոյանալու վտանգը; 11. խմբային (կլանային) ընտրանիների աճը; 12. այլ պետությունների կամ արտաքին խաղացողների միջամտությունը։ Հաշվարկների մեթոդիկայի համաձայն` առավել կայացած երկրները հավաքում են ամենաքիչ միավորները։
Ինչպես երեւում է աղյուսակից, Հայաստանի ցուցանիշները, տարածաշրջանի երկրների` Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի, ինչպես նաեւ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի համեմատ, ավելի բարենպաստ են։ Նշենք, որ չնայած այսօր պնդում են, թե ԱՊՀ երկրներում առավել ժողովրդավարական են Ուկրաինան եւ Վրաստանը, Հայաստանի ցուցանիշներն այս չափանիշով (ցանկում 9-րդը` «անձի իրավունքների ոտնահարում») համարյա չեն զիջում նրանց։ Նշենք նաեւ, որ «դժգոհ եւ վրեժխնդրորեն տրամադրված խմբերի» առկայության մակարդակով (կետ 2) Հայաստանն էապես զիջում է իր հարեւաններին, ինչը նույնպես կարելի է համարել անձի իրավունքների պահպանման թեեւ անուղղակի, բայց կարեւոր ցուցիչ։ Հայաստանի համար բերվող տվյալների համաձայն` մտահոգություն է առաջացնում ժողովրդագրական գործոնը։ Խոսքը միայն 2-րդ կետի (փախստականների եւ ներքին տեղահանումների ենթարկված անձանց զանգվածային տեղաշարժ) մասին չէ. դա պատերազմի հետեւանք է։ Ավելի լուրջ, եթե ոչ` ամենալուրջ, հիմնախնդիր է 4-րդ կետում արձանագրվածը` մարդկանց քրոնիկական եւ պերմանենտ տեղաշարժը, այլ խոսքերով` միգրացիան։ Հարկ է նշել, որ միգրացիան
Տեղը | Երկիրը | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | ընդհանրացված |
43 | Ռուսաստան | 8 | 7,2 | 8 | 7 | 8 | 3,7 | 8,2 | 6,9 | 9,1 | 7,5 | 9 | 4,5 | 87,1 |
50 | Բելառուս | 9 | 5,1 | 5,5 | 3,5 | 8,5 | 6,3 | 9 | 7,5 | 7,3 | 6,8 | 8 | 8 | 84,5 |
53 | Իրան | 6,5 | 8,7 | 6,9 | 5 | 7,5 | 3 | 8,1 | 6,1 | 9,1 | 8 | 8,8 | 6,3 | 84,0 |
57 | Չինաստան | 8,5 | 5,1 | 8 | 6,6 | 9,2 | 4,5 | 8,5 | 7,3 | 9 | 5,5 | 8 | 2,3 | 82,5 |
60 | Վրաստան | 6 | 6,8 | 7,4 | 6,1 | 7 | 5,5 | 7,7 | 6,3 | 5,6 | 8,1 | 7,1 | 8,6 | 82,2 |
61 | Ադրբեջան | 6 | 8,1 | 7,3 | 5 | 7,5 | 5,9 | 8,1 | 6,5 | 6 | 7 | 7,5 | 7 | 81,9 |
82 | Թուրքիա | 7,2 | 6,1 | 7,3 | 5 | 8,6 | 4,1 | 6,1 | 5,7 | 5 | 6,4 | 6,9 | 6 | 74,4 |
86 | Ուկրաինա | 7 | 3,8 | 7,2 | 7,5 | 7 | 4,5 | 7 | 5,5 | 5,9 | 3 | 7,5 | 7 | 72,9 |
89 | Հայաստան | 6 | 7,1 | 5 | 7 | 6 | 5,1 | 7 | 6,5 | 6 | 4,5 | 5,8 | 5,5 | 71,5 |
128 | ԱՄՆ | 5 | 6 | 3 | 1 | 6 | 1,5 | 2,5 | 1 | 5 | 1 | 1,5 | 1 | 34,5 |
146 | Նորվեգիա | 3 | 1,5 | 1 | 1 | 2 | 1,8 | 1 | 1 | 1,5 | 1 | 1 | 1 | 16,8 |
գլոբալացման գործընթացում հասարակության ներգրավվածության ցուցիչներից մեկն է եւ դրանով իսկ վկայում է բացվող նոր հնարավորություններին հասարակության համարժեք ռեակցիայի մասին։ Բացի այդ, դրա արդյունքում առաջացող ֆինանսական հոսքերը դրականորեն են անդրադառնում հանրապետության տնտեսական բնորոշիչների վրա։ Սակայն ժողովրդագրական «հյուծվածությունը» վաղ թե ուշ խիստ բացասաբար կանդրադառնա հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտների վրա, եւ հարկ է ընդունել, որ այս մարտահրավերին Հայաստանում դեռեւս համարժեք պատասխաններ ձեւավորված չեն։
Հատկանշական է, որ 12-րդ չափանիշով, այսինքն` օտարերկրյա պետությունների կամ արտաքին խաղացողների ազդեցության մակարդակով, Հայաստանը նկատելիորեն զիջում է իր տարածաշրջանային հարեւաններին եւ այդ ցուցանիշով մոտենում է նույնիսկ Ռուսաստանին։ Դա թույլ է տալիս պնդել, որ Հայաստանի ինքնիշխանությունը ոչ թե ձեւական, այլ իրական բովանդակություն ունի, այսինքն` Հայաստանը համարժեքորեն է արձագանքում գլոբալ գործընթացների օբյեկտի վերածվելու սպառնալիքին։ Այս առնչությամբ նշենք, որ ինքնուրույնության բարձր աստիճանը որեւէ կերպ չի խոչընդոտում ժողովրդավարական ազատությունների զարգացմանը։ Եվ այս, փոքր-ինչ պարզունակ եզրահանգումը լավ երեւում է մեր դիտարկած հաջորդ` Economic Freedom Index 2006 (Տնտեսական ազատության ցուցանիշներ) վարկանիշային հրապարակման մեջ։
N | Պետություն | Բիզնեսի ազատություն | Առևտրի ազատություն | Դրամական ազատություն | Ազատություն կառավարությունից | Արտարժույթի ազատություն |
1 | Հոնկոնգ | 87,3 | 100,0 | 95,6 | 89,4 | 93,1 |
4 | ԱՄՆ | 92,3 | 76,4 | 79,3 | 68,8 | 85,0 |
32 | Հայաստան | 79,7 | 75,6 | 93,3 | 84,3 | 79,7 |
35 | Վրաստան | 70,9 | 62,6 | 96,0 | 92,0 | 75,2 |
83 | Թուրքիա | 65,9 | 76,0 | 78,7 | 72,7 | 64,7 |
107 | Ադրբեջան | 57,2 | 67,6 | 86,7 | 79,2 | 75,5 |
120 | Ռուսաստան | 66,1 | 62,6 | 93,9 | 68,9 | 68,1 |
125 | Ուկրաինա | 53,3 | 72,2 | 93,5 | 79,6 | 72,8 |
145 | Բելառուս | 53,9 | 62,2 | 85,9 | 46,4 | 49,8 |
150 | Իրան | 56,6 | 50,4 | 85,7 | 59,6 | 60,4 |
N | Պետություն | Ներդրումային ազատություն | Ֆինանսական ազատություն | Սեփականության իրավունք | Ազատություն կոռուպցիայից | Աշխատանքային ազատություն |
1 | Հոնկոնգ | 90 | 90 | 90 | 80 | 93,6 |
4 | ԱՄՆ | 70 | 90 | 90 | 75 | 97,5 |
32 | Հայաստան | 90 | 90 | 50 | 31 | 72,0 |
35 | Վրաստան | 50 | 70 | 30 | 20 | 81,2 |
83 | Թուրքիա | 50 | 50 | 50 | 32 | 44,6 |
107 | Ադրբեջան | 30 | 30 | 30 | 19 | 64,4 |
120 | Ռուսաստան | 30 | 30 | 30 | 28 | 65,6 |
125 | Ուկրաինա | 30 | 50 | 30 | 22 | 52,1 |
145 | Բելառուս | 30 | 30 | 30 | 33 | 64,2 |
150 | Իրան | 10 | 10 | 10 | 29 | 61,5 |
Ինչպես երեւում է ներկայացված տվյալներից, Տնտեսական ազատության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 32-րդ պատվավոր տեղը։ Ուշադրության արժանի է «ներդրումային ազատության» բարձր ցուցանիշը, որը վարկանիշային հրապարակման առաջատարի` Հոնկոնգի մակարդակին է։ Ներդրումային ակտիվությունը պայմանավորված է ոչ միայն հայկական սփյուռքի գործունեությամբ, որը շատ բանով փոխլրացնում է Հայաստանի հաղորդակցային մեկուսացվածությունը, այլ նաեւ հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ։ Ինչպես հայտնի է, այս ոլորտում ցամաքային հաղորդակցությունները գործնական դեր չեն խաղում։
Այսպիսով, Հայաստանի դրությունը վարկանիշային հրապարակումներում, քանակական առումով, մատնանշում է այն, որ ընդհանուր առմամբ հայկական հասարակությունն ապաքինվել է հեղափոխական ցնցումից եւ ներկայումս ջանում է պատշաճ տեղ զբաղեցնել համաշխարհային հանրությունում։
Ընդ որում, ներգրավված լինելով գլոբալ զարգացումներում եւ ժողովրդավարության արմատավորման գործընթացներում (ինչը երեւում է տնտեսական ազատության ցուցանիշներից)` Հայաստանը հիմնականում պահպանում է իր ինքնուրույնությունը (ինչն ակնհայտ է անկայունության ցուցանիշներից)։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]