ՀՀ. ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ
Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից հրապարակված տարաբնույթ վարկանիշային ցուցակների վերլուծությունից հետևում է, որ Հայաստանը մի շարք կարևորագույն չափանիշներով (կայունության և ինքնիշխանության, տնտեսական ազատականության և ժողովրդավարության) հանդիսանում է մեր տարածաշրջանի առաջատարը: Դա հերթական անգամ հաստատում է այն դրույթը, որ մրցունակ լինելու գլխավոր նախապայմանը ոչ թե բնական պաշարներն են կամ աշխարհաքաղաքական նպաստավոր դիրքը, այլ առաջին հերթին քաղաքակրթական մշակույթը և այդ մշակույթը կրող մարդկային ռեսուրսները: Վերջինիս կարողության չափանիշ են հանդիսանում ստեղծագործ ընտրանու (hամաձայն Առնոլդ Թոյնբիի եզրաբանության) կողմից ձևավորվող հայեցակարգերն ու ազգային նախագծերը և, իհարկե, դրանք գործնականում իրականացնելու կարողությունը։
Նկատենք, սակայն, որ տարածաշրջանային առաջատարի կարգավիճակը դեռևս բավարար չէ հայ քաղաքական և ստեղծագործ ընտրանու համար, և նման հավակնոտությունն ընդունելի է և արդարացված: Վերոհիշյալ միջազգային կազմակերպությունների գնահատականներից հետևում է նաև, որ հանրապետությունում դեռևս քիչ չեն հիմնախնդիրները, որոնք էլ ընդգծում են մեր ոչ այնքան շահեկան դիրքերը համաշխարհային հարթությունում:
Ելնելով մարդկային ռեսուրսների կամ մարդկային կապիտալի գործոնը կարևորելու տրամաբանությունից՝ փորձենք գնահատել հայաստանյան որոշ քաղաքական գործընթացներ, որոնց մեջ ներառված են դրական զարգացումների համար անհրաժեշտ նախադրյալները: Նույն քաղաքական տրամաբանությունից ելնելով՝ համառոտ դիտարկենք այն երևույթները, որոնք կարող են խաթարել մեր հետագա առաջընթացը:
Գաղափարախոսական «եռամիասնության» ձևավորման հրատապությունը. Հայտնի է, որ քաղաքական ընտրանու մրցունակությունը ներքին և արտաքին հարթություններում գլխավորապես պայմանավորված է այն գաղափարախոսությունով, որով նա առաջնորդվում է: Այդ համատեքստում նկատենք, որ այսօր «ազատականություն» և «ժողովրդավարություն», ինչպես նաև «ամբողջատիրություն. և «ընկերավարություն» հասկացությունները տարբեր քաղաքակրթական գոտիներում ու երկրներում մեկնաբանվում են ամենատարբեր իմաստներով։ Արդյունքում՝ աշխարհում գործում են մոդիֆիկացված կամ այլ խոսքերով՝ սինթետիկ, հիբրիդային գաղափարախոսություններ և տնտեսական հայեցակարգեր, որոնք տարբեր համամասնությամբ ազատական, սոցիալիստական (ընկերավարական) և քաղաքակրթական (ազգային) գաղափարներ ու արժեքներ են պարունակում։ Անգամ հպանցիկ ուսումնա-սիրությունները ցույց են տալիս, որ այն ազգերը և պետությունները, որոնք կարողացել եմ հաջողությամբ իրականացնել այդ երեք բաղադրիչների ներդաշնակ համակցումը, առավել մեծ հաջողությունների են հասել: Նման երկրներից առավել ուշադրության են արժանի հարուստ քաղաքական ավանդույթներ ունեցող անգլոսաքսոնյան երկրները: «Գաղափարախոսական եռամիասնություն» կարողացել է ձևավորել նաև «նոր» Չինաստանը, որտեղ ներդաշնակորեն համագոյակցում են պահպանողական (ազգային-քաղաքակրթական), սոցիալիստական և ազատական մոտեցումները։: Նշված օրինակները թույլ են տալիս պնդել, որ այսօր գլոբալ հարթությունում երկրների մրցունակությունը պայմանավորված է նրանց՝ գաղափարախոսական նման «եռամիասնություն» արտահայտող համակարգ ձևավորելու կարողությամբ:
Վերոնշյալի համատեքստում Հայաստանում Հանրապետական կուսակցության կողմից պահպանողականությունը (որն ազգային գաղափարախոսության` «եռամիասանության» քաղաքակրթական-ազգային բաղադրիչն է) կուսակցական գաղափարախոսություն հռչակելը պետք է ընկալել որպես առաջին, բայց կարևոր քայլ ամբողջական և մրցունակ գաղափարախոսական համակարգի ձևավորման ուղղությամբ։ Նկատենք նաև, որ պահպանողականությունը դավանում է շարունակականության գաղափարը, ինչն իր հերթին հանդիսանում է տեղեկատվական անվտանգության հիմնաքարը:
2007թ. կայացած խորհրդարանական ընտրությունները վկայում են այն մասին, որ հանրապետությունում ձևավորվում են նաև ազատական գաղափարախոսություն դավանող կուսակցություններ։ Սակայն այս հարցում անհրաժեշտ է որոշակի վերապահումներ անել: Անվիճելի է, որ ազատական գաղափարները, հատկապես տնտեսական ոլորտում, ունիվերսալ բնույթ են կրում, և այդ առումով ցանկացած երկրի ազատական քաղաքական ուժը պետք է համատեղելի լինի գլոբալ հարթությունում ընդունված նորմերին: Սակայն այդտեղից չի հետևում, թե տվյալ երկրի ազատական կուսակցությունների աշխարհաքաղաքական կողմնորոշումները կարող են հետևանք լինել այս կամ այն արտաքին ուժի հետ առկա հատուկ պայմանավորվածությունների կամ նրանց նկատմամբ ունեցած նախասիրությունների: Այլ խոսքերով՝ քաղաքական ուժերի գաղափարախոսական ուղղվածությունը չպետք է հակասի մեր ազգային շահերին: Այդ տեսանկյունից անելիքները դեռ շատ են, և դա վերաբերում է ոչ միայն ազատական գաղափարախոսություն կրող քաղաքական ուժերին:
Արտաքին աշխարհին համարժեք գաղափարախոսական «եռամիասնություն» ձևավորելու նպատակով քաղաքական բարձրագույն ընտրանին, թերևս, պետք ձգտի ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որպեսզի հանրապետությունում ձևավորվի նաև սոցիալիստական ուղղվածություն ունեցող կարող քաղաքական ուժ1։ Նման քաղաքական տեխնոլոգիան թույլ կտա ոչ միայն արդյունավետ մշակել ներքին սոցիալական բնույթի խնդիրների լուծման մեխանիզմները, այլև կնպաստի հարաբերությունների զարգացմանն այն երկրների հետ (Չինաստան, ԵՄ պետություններ), որտեղ սոցիալիստական կուսակցությունները կարևոր դերակատարում ունեն:
Ազգային անվտանգության դոկտրինը` գաղափարախոսության արտացոլում. Շարունակելով թեման՝ տեղին է հիշել այն ձևակերպումը, ըստ որի՝ ազգային գաղափարախոսությունը Ազգային անվտանգության դոկտրինի խտացրած արտահայտությունն է: Այդ համատեքստում ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության (ԱԱՌ) մշակումն առաջնային կարևորություն է ստանում: Կարևոր է այն հանգամանքը, որ ԱԱՌ ձևավորման աշխատանքներին մասնակցել է հանրապետության փորձագիտական հանրության և քաղաքական-պետական շրջանակների ներկայացուցիչների մի ստվար զանգված, ինչը պետք է գնահատել որպես ազգային նախագծի շուրջ ստեղծագործ ընտրանուն համախմբելու փորձ: Հայտնի է, որ փորձագիտական հանրությունում այդ փաստաթղթի առանձին դրույթների վերաբերյալ կան տարբեր մոտեցումներ, սակայն դա բնականոն երևույթ է: Բոլոր պարագաներում անվիճելի է այն իրողությունը, որ ԱԱՌ ստեղծման արդյունքում ամբողջական պատկերացումներ և մոտեցումներ են ձևակերպվել Հայաստանի ու հայության գործունեության գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ: Այդ առումով ԱԱՌ փաստաթուղթը դժվար է գերագնահատել:
Մասնավորապես փաստաթղթում առավել ընդգրկուն են ներկայացված հանրապետության արտաքին քաղաքականության ուղենիշները: Հայտնի է, որ լինելով ոչ մեծ երկիր՝ Հայաստանը, հաշվի առնելով հատկապես ԼՂՀ և ցեղասպանության հետ կապված գործընթացները, իր ուրույն մասնակցությունն ունի գլոբալ քաղաքական զարգացումներում։ Ի լրումն, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրամիության երկրները, Իրանը և Թուրքիան, ելնելով Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական դիրքից, համարում են, որ ՀՀ-ն գտնվում է իրենց ազգային շահերի շրջանակում։ Մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, նման մոտեցում կցուցաբերի նաև Չինաստանը։ Այդ համատեքստում ԱԱՌ-ում հիմնավորվում են երկու՝ փոխլրացման և ներգրավվածության դոկտրինալ բնույթի սկզբունքները։ Նման ռազմավարական մեթոդաբանությունը համարժեք է գլոբալ աշխարհի տրամաբանությանը և տարածաշրջանային իրողություններին: Այն թույլ է տալիս կառուցողական հարաբերություններ հաստատել տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական դերակատարների հետ` պահպանելով միաժամանակ մեր ինքնիշխանությունը, ինչը երաշխիք է ազգ-պետության բնականոն զարգացման համար։
Մեր հիմնախնդիրներից. Ինչպես արդեն նշել ենք, մարդկային ռեսուրսների հարթությունում դեռևս առկա են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց նկատմամբ դեռևս չեն ձևավորվել կառուցողական և արդյունավետ մոտեցումներ: Դրանցից կառանձնացնենք մտավոր/ ինտելեկտուալ ռեսուրսների վերարտադրման հիմնախնդիրը կամ այլ խոսքերով` գիտական և տեխնոլոգիական ոլորտի զարգացման խնդիրները:
Գիտության և ընդհանրապես հոգեմտավոր ռեսուրսների հարցերը, համաձայն արդիական պատկերացումների, անմիջականորեն առնչվում են տեղեկատվական անվտանգության ոլորտի խնդիրների հետ: Հարկ է նաև նկատել, որ այս կամ այն երկրի իրական ներուժն առավել հաճախ` հատուկ մեթոդաբանության միջոցով, գնահատվում է այն ընդհանրացված գիտելիքների չափով, որին տիրապետում է այդ երկրի հանրությունը։ Այլ խոսքերով՝ պետության մրցունակությունը պայմանավորված է նրանով, թե որքանով է տվյալ երկրի հանրությունը մոտ տեղեկատվական հանրության չափանիշներին։ Այս առիթով նկատենք, որ ընդհանրացված գիտելիքները կարևոր են ոչ միայն նրանով, որ դրանք տրանսֆորմացվում են բարձր տեխնոլոգիաների և դրանով իսկ բարելավում երկրի տնտեսական-սոցիալական ցուցանիշները: Ոչ պակաս, իսկ գուցե և առաջնային նշանակություն ունի այն հանգամանքը, որ գիտական-տեխնոլոգիական ոլորտն է, որ համալրում է ստեղծագործ-քաղաքական ընտրանու շարքերը:
Մինչդեռ պետք է ընդունել, որ և՛ քաղաքական-պետական ընտրանին, և՛ ակադեմիական շրջանակներն առայժմ չեն ներկայացրել որևէ արդյունավետ նախագիծ այդ ոլորտում հանրապետությունում ստեղծված իրադրությունը շտկելու ուղղությամբ:
Հատկանշական է, որ Հայաստանը, հայտնի գործընթացների հետևանքով կորցնելով իր երբեմնի բավական լուրջ գիտատեխնոլոգիական ներուժը, այնուամենայնիվ, կարողացել է ինչ-որ չափով պահպանել ոլորտի կենսունակությունը։ Օրինակ, 2004-2006թթ. հայ գիտնականները, ըստ ՀՀ ԳԱԱ տվյալների, հրապարակել են մոտ 800 աշխատանք օտարերկրյա վարկանիշային ամսագրերում, ինչը զգալիորեն գերազանցում է տարածաշրջանի այլ երկրների ցուցանիշները (Վրաստանում`100-ից մի փոքր ավելի, Ադրբեջանում՝ մոտ 30)։ Այսինքն՝ չնայած անբարենպաստ պայմաններին, հանրությունը կարողացել է պահպանել իր մտավոր ներուժի զգալի մասը:
Ստեղծված իրավիճակի մասնակի փոխհատուցում կարելի է համարել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացման բարձր տեմպերը։ Խիստ կարևոր է նաև այն, որ ոլորտի փորձագետները փորձում են նախագծել հետագա զարգացման մոդելները։ Համաձայն Ev Consulting հայկական ընկերության տվյալների (տե՛ս Մանուկ Հերգնյանի «Հայաստանի ՏՏ ոլորտի աճի մոդելը» հետազոտությունը2) 2010թ. ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից երրորդ երկրներ կտեղափոխվեն մոտ 885.200 աշխատատեղեր, և 2006-2010թթ. ՏՏ պատվերների (outsourcing) շուկան $130 մլրդ-ից կաճի $185 մլրդ-ի։ Եվ ելնելով այդ իրողությունից՝ առաջարկվել են 2011թ. Հայաստանում ոլորտի զարգացման երեք մոդելներ, համաձայն որոնց՝ 2011թ. ոլորտի համախառն եկամուտը կկազմի մինչև $248 մլն, իսկ աշխատակիցների թիվը` մինչև 9500, և դա այն պարագայում, երբ արտադրողականությունը կարող է կազմել մինչև $26000:
Ինչպես տեսնում ենք, այս ոլորտի հեռանկարները լավատեսական են և որ գլխավորն է՝ իրատեսական. բավական է նշել, որ ՏՏ ոլորտի աշխատակիցների թվաքանակն արդեն այսօր գերազանցում է «Հայաստան 2020» նախագծում ներկայացված լավատեսական կանխատեսումները։ Պետք է հուսալ, որ ՏՏ ոլորտում կուտակված փորձագիտական ունակությունները կնպաստեն գիտական և տեխնոլոգիական ողջ ոլորտի առողջացման գործընթացներին:
1 Ինչպես հայտնի է, այսօր ռեալ քաղաքական դաշտում գործող կուսակցություններից սոցիա¬լիս¬տա¬կան սկզբունքներ է հռչակում միայն ՀՅԴ-ն։ Սակայն այդ կուսակցության «սոցիալիստականությունը» թերևս առաջնային չէ, և թվում է՝ ցանցային կառույցներ ունեցող այդ եզակի քաղաքական կազ¬մա¬կերպության առաքելությունն ավելի շուտ համահայկական ազգային ռեսուրսների համախմբումն է:
2Մանուկ Հերգնյան (Ev Consulting), «Հայաստանի ՏՏ ոլորտի աճի մոդելը», տե՛ս Գլոբուս #6, www.noravank.am, www.ev.am
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]