ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Համաձայն մամուլի հաղորդագրությունների, ներկայումս աշխատանքներ են տարվում Արեւմտահայության համագումար կազմակերպելու ուղղությամբ։ Ենթադրվում է նաեւ, որ համագումարը կարող է ձեւավորել Արեւմտյան Հայաստանի կառավարություն։ Վերլուծական հանրության վերաբերմունքն այդ նախաձեռնության նկատմամբ միանշանակ չէ։ Ոմանց կարծիքով` նման գաղափարի գործնական իրագործումը, հաշվի առնելով Սփյուռքին բնորոշ տարակարծիքությունը, «արեւմտահայություն» հասկացության որոշակի առաձգականությունը, ինչպես նաեւ` այսօրվա թուրքական հզոր պետության առկայությունը, իրատեսական չէ։ Մյուսները խնդիրն ընկալում են լավատեսորեն` հիմնավորելով իրենց մոտեցումը Հայ դատը հետապնդող մի նոր ձեւաչափ ստեղծելու անհրաժեշտությամբ, ապագայում Թուրքիայի հնարավոր մասնատմամբ եւ այլն։ Միեւնույն ժամանակ, պետք է ընդունել, որ Արեւմտահայության համագումար հրավիրելու հետ կապված հարցերի քննարկումները կրում են մասնավոր բնույթ, մինչդեռ խնդիրը համազգային բնույթի է։
Համառոտ նախապատմություն
Ինչպես հայտնի է, 1917 եւ 1919 թվականներին տեղի են ունեցել Արեւմտահայության 1-ին (Թիֆլիս) եւ 2-րդ (Երեւան) համագումարները, իսկ 1919 եւ 1920թթ.` 1-ին եւ 2-րդ Հայ ազգային համագումարները (Փարիզ)։ Հետագայում, նախորդ դարի 70-ական թվականներին, վերապատվելի Ջեյմս Կառնուզյանը (Շվեյցարիա) փորձ կատարեց շարունակել այդ ավանդույթը եւ երկու անգամ կազմակերպեց հավաքներ, որոնք բովանդակային առումով պետք է հանդիսանային արեւմտահայության եւ ազգային համագումարների իրավահաջորդները։ Սակայն այդ միջոցառումները որեւէ շոշափելի արդյունք չտվեցին, եւ Կառնուզյանը դադարեցրեց գործունեությունն այդ ուղղությամբ։
Սփյուռքահայության միավորման եւ Արեւմտյան Հայաստանի կառավարություն կազմելու գաղափարները վերակենդանացան անցյալ դարի 90-ականների սկզբին. այդ թեման սկսեց արծարծվել հանրությունում եւ մամուլում։ Սակայն գործնական զարգացումներ այդ ուղղությամբ չհետեւեցին։ Հետագայում (2002թ.) Ռուսաստանի հայերի միության շրջանակներում հիմնվեց «Համաշխարհային հայկական կոնգրես» կազմակերպությունը, որը, սակայն, թե՛ առարկայական, թե՛ ենթակայական պատճառներով լիարժեք չի գործում։
Վերջին տարիներին այդ գործին սկսել է հետամուտ լինել Հայաստանի եւ Սփյուռքի հասարակական գործիչներից ու գործարարներից կազմված մի խումբ, որին կարծես թե հաջողվել է կատարել մի քանի արդյունավետ քայլեր։
Աշխարհաքաղաքական համատեքստ
Արեւմտահայության եւ Արեւմտյան Հայաստանի հետ կապված վերոնշյալ հարցադրումները, բնականաբար, էական առնչություն ունեն Թուրքիայի ապագայի հետ։ Ինչպես հայտնի է, արդի Թուրքիան մասամբ ընդգրկված է Մերձավոր եւ Միջին Արեւելքում, այսպես կոչված, «ղեկավարվող քաոս» ստեղծելու ամերիկյան նեոպահպանողականների կողմից մշակված նախագծում։ Այդ պետության նկատմամբ կիրառվում է Բեռնար Լյուիսի անունը կրող էթնիկ եւ դավանական տարանջատումների վրա հիմնված ամերիկյան պաշտոնական, դոկտրինալ բնույթ կրող ռազմավարությունը։ Համաձայն այդ մոտեցման` մասնավորապես Մերձավոր Արեւելքի գրեթե բոլոր երկրները պետք է մասնատվեն բնակչության ազգային եւ կրոնական հատկանիշների հիման վրա եւ վերածվեն ոչ մեծ (եւ այդ պատճառով` դրսից դյուրին կառավարվող) պետական կառուցվածքների։ Անշուշտ, այդ գործընթացը կարող է եւ հանգեցնել տարածաշրջանում քաոտիկ իրադրության առաջացմանը, ինչի ապացույցն է այն իրավիճակը, որը ձեւավորվել է Իրաքում։ Նման ռազմավարության նպատակն է.
- վերահսկելի դարձնել աշխարհաքաղաքական առումով կարեւոր դիրք գրավող եւ էներգակիրներով հարուստ տարածաշրջանը,
- արգելակել իսլամական աշխարհի հնարավոր միավորումն ու հզորացումը,
- անվտանգության լրացուցիչ երաշխիքներ տրամադրել Իսրայելին։
Այս ամենի կապակցությամբ տեղին է հիշել, որ որոշ գնահատականների համաձայն` Թուրքիայի բնակչության 30-40%-ը այլազգի է։ Այստեղ խոսքը միայն քրդերի մասին չէ, չնայած որ նրանք հիմնական ազգային փոքրամասնությունն են, եւ այսօր հենց քրդական գործոնով է պայմանավորված նախկինում ամուր Վաշինգտոն–Թել Ավիվ–Անկարա դաշնակցային հարաբերությունների խարխլումը։ Այդ երկրում բնակվում են իրենց ազգությունը, լեզուն եւ դավանանքը փոխած բազմաթիվ հայեր եւ հույներ, ինչպես նաեւ այլ ազգությունների ներկայացուցիչներ, որոնց թիվը, համաձայն փորձագետների, հասնում է մի քանի միլիոնի։ Հայտնի է նաեւ, որ այլադավան եւ այլալեզու հայերի ու հույների հետ, նրանց «վերահսկելի դարձնելու» նպատակով, «աշխատում» են թուրքական հակահետախուզական մարմինները։ Դրանց հետ մրցակցում են արեւմտյան, իսկ որոշ նախանշաններով` նաեւ այլ երկրների հատուկ ծառայությունները, որոնք նույնպես փորձում են իրենց ազդեցության տակ դնել Թուրքիայի ազգաբնակչության այդ հատվածը։ Արդյունքում` Թուրքիայում նշմարվում են ազգային խնդիրների հետ կապված հակասությունների սրացման միտումներ, որոնք պայմանավորված են ոչ միայն հայտնի քրդական գործոնով։ Այս առիթով նկատենք, որ այդ երկրում բնակվող այլադավան ու այլալեզու հայերը փաստացիորեն ներկայացնում են արդի արեւմտահայությունը։
Ինչպես արդեն վերը նշել ենք, Մերձավոր եւ Միջին Արեւելքում ամերիկյան ռազմավարությունն ուղղված է նաեւ արմատական իսլամի դեմ։ Նկատենք, որ ԱՄՆ-ում գործում են հետազոտական կենտրոններ, որոնց նպատակներից է նաեւ իսլամն ավելի հանդուրժողական դավանանքի վերածելու մեխանիզմների մշակումը։ Այդ համատեքստում բնորոշ է 2001-2002թթ. ոչ արմատական իսլամական կուսակցությունների ձեւավորումը, որոնք կրում էին նույն Արդարություն եւ զարգացում անունը եւ որոնք գրեթե միաժամանակ ասպարեզ իջան Թուրքիայում, Մարոկոյում եւ Բահրեյնում (այդ քաղաքական գործընթացը վերագրվում է ամերիկացիներին, իսկ որոշ աղբյուրներ նշում են նաեւ այդ տեխնոլոգիայի հեղինակին` այն տարիների ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Փոլ Վուլֆովիցին, որը նեոպահպանողական ընտրանու ամենակարկառուն ներկայացուցիչներից է)։ Համաձայն ամերիկյան մոտեցումների, աշխարհիկ` քեմալական ավանդույթներ ունեցող Թուրքիայում ներկայիս հանդուրժողական իսլամիստների իշխանության գալը, մասնավորապես, պետք է հակազդի Իրանի` որպես իսլամական աշխարհի առաջատարի, ձեւավորմանը։ Պետք է նկատել, որ այս համատեքստում ամերիկյան ծրագրերում Թուրքիային փաստորեն վերագրվում է երկակի դերակատարում։ Այդ տերությունը որոշակի հավասարակշռող գործոն պետք է դառնա իսլամական աշխարհում եւ մասնավորապես Մերձավոր եւ Միջին Արեւելքում, իսկ Թուրքիայի ԵՄ-ին անդամագրումը պետք է արգելակի եվրոպական երկրների քաղաքակրթական եւ աշխարհաքաղաքական հենքի վրա միավորումը։
Այս ամենը վկայում է, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային մինչ այժմ հատկացվող աշխարհաքաղաքական դերակատարումը փոխվում է։ Սա խոսում է այն մասին, որ զարգացման որոշ սցենարների պարագայում Միացյալ Նահանգները կնախընտրեր տեսնել Թուրքիան թուլացած եւ անգամ մասնատված։ Առանց մանրամասնելու նկատենք, որ այդօրինակ սցենարը կարող է ընդունելի լինել նաեւ աշխարհաքաղաքական այլ դերակատարների համար։
Անշուշտ, նման զարգացմանը հակազդում է առաջին հերթին թուրքական ընտրանին, որը սկսել է վարել ավելի անկախ եւ հաշվենկատ քաղաքականություն: Սակայն հաշվի առնելով «ղեկավարվող քաոս»-ի հենքում ընկած անորոշությունները, ինչպես նաեւ նեոպահպանողական նախագծերին բնորոշ հակասություններն ու ռիսկերը, Թուրքիայի մասնատման սցենարները տեսականորեն ունեն որոշակի հավանականություն:
Ամփոփում
Այսպիսով, ապագայում Թուրքիայի, թեկուզ եւ տեսականորեն, հնարավոր մասնատման սցենարը, քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից, Արեւմտյան Հայաստանի նկատմամբ պահանջներ ներկայացնող կազմակերպության առկայությունը դարձնում է անհրաժեշտ։
Նշենք նաեւ, որ Արեւմտահայության համագումարի ձեւաչափի ստեղծումն ունի նաեւ ընթացիկ, մարտավարական նշանակություն։ Այն կարող է վերածվել մի նոր ցանցային կառույցի, որը կարող է ՀՀ իշխանությունների, Ամերիկայի Հայկական համագումարի եւ Հայ դատի գրասենյակների հետ կոորդինացված որոշակի գործողություններ իրագործել։ Ակնհայտ է նաեւ, որ նման նախագծի իրականացումը պահանջում է զգալի մարդկային, տեղեկատվական, նյութական եւ տարաբնույթ այլ ռեսուրսների ներգրավում։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]