• am
  • ru
  • en
Версия для печати
15.11.2007

ՀԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

EnglishРуский

   

Գագիկ Տեր-Հարությունյան

Հայտնի է, որ հայության մոտ երկու երրորդը բնակվում է ՀՀ սահմաններից դուրս։ Անվիճելի է նաև, որ համաշխարհային հայության առկայությունը մեր լրջագույն ռեսուրսն է։ Միևնույն ժամանակ, ազգի նման կարգավիճակը ենթադրում է բազմաթիվ ներքին և արտաքին մարտահրավերներ, որոնց համարժեք պատասխաններ չունենալը հղի է անցանկալի զարգացումներով։ Այդ մարտահրավերների էության բացահայտումը և դրանց հակազդեցության մեխանիզմների մշակումը հայության ամենահրատապ խնդիրներից են։ Մինչդեռ տպավորությունն այնպիսին է, որ ներկայումս մեր ազգային ընտրանին դեռևս լիարժեքորեն չի տիրապետում նման կարգի համազգային խնդիրները լուծելուն անհրաժեշտ հասարակագիտական գիտելիքներին և քաղաքական տեխնոլոգիաներին։

Վերոնշյալի առիթով նկատենք, որ թեև ամենատարբեր երկրներում գտնվող հայկական համայնքները բազմադարյա պատմություն ունեն, սակայն այդ համայնքների ուսումնասիրությունը կատարվել է հիմնականում նկարագրական-պատմագրական ժանրում։ Նման մոտեցման արժեքն, իհարկե, պետք է բարձր գնահատել, հաշվի առնելով, որ հայկական համայնքների պատմությունն, ընդհանուր առմամբ, հայոց պատմության կարևոր բաղադրիչներից է։ Հարկ է խոստովանել, սակայն, որ իրագործվել են ընդամենը սահմանափակ թվով հետազոտություններ հայրենիքից դուրս գտնվող հայության գործունեության ընդհանուր կամ մասնակի օրինաչափությունների բացահայտման վերաբերյալ։ Չի դրվել նաև տեսական և կիրառական բնույթի որոշակի լուծումների մշակման խնդիրը, որոնք թույլ կտային բարձրացնել հայկական համայնքների գործունակությունը Հայաստանի և հայության ընդհանրական շահերի համատեքստում։ Նման մշակումների բացակայությունը, ինչպես ցույց է տալիս հայկական համայնքների պատմությունը, բացասական դեր է խաղացել անցյալում։ Ելնելով գլոբալ զարգացումների ներկա միտումներից, հայկական համայնքների նկատմամբ հայեցակարգված մոտեցումների բացակայությունը համազգային ռազմավարությունների մշակումը և իրականացումը, թերևս, դարձնում է անհնար։

Նոր մոտեցումների մշակումը, առաջին հերթին, ենթադրում է որոշակի ճշգրտումներ ու հստակեցումներ ընդունված և կիրառվող հասկացություններում և տերմինաբանությունում։ Մասնավորապես, մեր Երրորդ հանրապետության ինքնիշխան կարգավիճակը և գլոբալացման արդի գործընթացները հրատապ են դարձնում Սփյուռք հասկացությունն ավելի լայն և տարողունակ հասկացությամբ (օրինակ` Հայություն կամ համաշխարհային Հայություն) փոխարինելու հարցը։ Հօգուտ սրա է վկայում թեկուզ այն փաստը, որ հանրապետության տարածքից դուրս, բայց իրենց պատմական հայրենիքում ապրում են մեր բազմաթիվ հայրենակիցներ (ըստ որոշ գնահատականների՝ ոչ պակաս, քան 1 մլն), և դա վերաբերում է ոչ միայն Արևմտյան Հայաստանի այլալեզու, այլադավան հայերին, այլև, օրինակ, Ջավախքի հայությանը։ Մեր այս հայրենակիցներին «սփյուռքահայերի» կամ «արտասահմանում ապրող հայերի» շարքին դասելը, սկզբունքորեն սխալ է և վիրավորական։

Հավանաբար, վերիմաստավորման կարիք ունեն նաև մի քանի այլ կարծրատիպեր ևս, որոնք այսօր տեղ ունեն մեր բառապաշարում և հետևաբար՝ մտածողությունում։ Օրինակ, սովորական է դարձել յուրաքանչյուր պատեհ կամ անպատեհ առիթով խոսել Հայրենիք-Սփյուռք կապերից։ Իհարկե, Հայաստանն առանցքային հասկացություն է ամբողջ հայության համար, և առանց Հայրենիքի գաղափարի, կենսունակ համազգային հայեցակարգի ձևավորումը սկզբունքորեն անհնար է։ Սակայն Հայրենիք-Սփյուռք կապերի կամ հարաբերությունների էությունը ճշգրտման և լրացման կարիք ունի։ Բոլոր դեպքերում, պետք է ընդունել, որ դրանք որակապես տարբերվում են խորհրդային իշխանության տարիներին առկա ձևակերպումներից։ «Կապերի ամրապնդման» վերաբերյալ պնդումը ենթադրում է միայն երկկողմանի, այսինքն՝ համայնքների ու Հայաստանի կապերի սերտացում. այնինչ, Հայություն հասկացությունը և արդի աշխարհակարգը թելադրում են համակարգային մակարդակի փոխհարաբերություններ, այն է՝ հարաբերություններ «բոլորը բոլորի հետ» սկզբունքով։ Նման բարձր կազմակերպվածություն ենթադրող համակարգում անհրաժեշտ է փոխգործակցություն ոչ միայն համայնքի և Հայրենիքի, այլև առանձին համայնքների միջև նույնպես։ Փոխգործակցության նման բարդ մեխանիզմը, ամենայն հավանականությամբ, թելադրում է նաև հարաբերությունների առավել հայեցակարգված և տեղեկատվական առումով հագեցած բովանդակություն։ Այլ խոսքով՝ այս ոլորտում ավանդական հարաբերություններին հարկ է հավելել որոշակի կոնցեպտներ, որոնք թույլ կտային ներգրավել համաշխարհային հայությանը գլոբալ ազգային նախագծերի իրականացման գործում։

Համաշխարհային հայությանն առնչվող` լուսաբանման կարոտ հիմնախնդիրների ցանկն, անշուշտ, կարելի է ընդլայնել։ Նշենք թեկուզ դեռևս լրջորեն չուսումնասիրված, հայկական համայնքների կյանքում որոշ ավանդական ինստիտուտների (օրինակ՝ հայ քաղաքական կուսակցությունների) ունեցած դերի նվազման գործընթացը և նոր հասարակական կազմակերպությունների ազդեցության աճը։ Չափազանց կարևոր է ճշգրտել նաև այն կառույցների կազմակերպական ցանցը, որոնք պետք է զբաղվեն Հայության հիմնախնդիրներով. պետք է կարծել, որ ցանցային այդ կառույցում զգալի տեղ պետք է հատկացվի հետազոտական-վերլուծական հաստատություններին։

Մեկ այլ հիմնարար խնդիր է, այսպես կոչված, ինտեգրման և ինքնության պահպանման հարցադրման ներկայացումը փոխլրացման համատեքստում։ Այս մոտեցումների հակադրումն անարդյունավետ է, և ինքնատիպության պահպանումը ենթադրում է ոչ թե գետոյական հոգեբանություն, այլ ձգտում` օտար հանրությանն ինտեգրվելով դուրս գալ դեպի համահայկական հարթություն։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր