• am
  • ru
  • en
Версия для печати
24.01.2008

ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

EnglishРуский

   

Գագիկ Տեր-Հարությունյան

Emblem (original)Քննարկելով հանրապետության նախորդ տարվա ձեռքբերումները՝ վերլուծական հանրությունում առանձնապես կարեւորում են «ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարություն» հիմնարար փաստաթղթի ստեղծումը։ 2007-ի վերջին օրերին հաստատվեց նաեւ «ՀՀ Ռազմական դոկտրինը»։ Այսպիսով, կարելի է ամրագրել, որ ներկայումս հանրապետությունում առկա են գործնականում օրենքի ուժ ստացած երկու հայեցակարգեր, որոնք կոչված են ուղենիշ հանդիսանալ Հայաստանի եւ Հայության անվտանգությունն ապահովող գործառույթներում։ Միեւնույն ժամանակ, գաղտնիք չէ (եւ առաջին հերթին այդ փաստաթղթերի ստեղծումը նախաձեռնողների համար), որ ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը եւ Ռազմական դոկտրինը դեռեւս զգալի չափով կրում են հռչակագրային բնույթ եւ չեն վերածվել հանրապետության արտաքին եւ ներքին քաղաքականությունը թելադրող իրական մեխանիզմի։

Ժողովրդավարական համակարգից բխող խնդիրներ

Անվտանգության տեսական դրույթները կիրառական հարթություն տեղափոխելու հետ կապված բարդություններն այսօր պայմանավորված են մի շարք գործոններով։ Վերլուծաբանական հանրությունը նշում է պետական ապարատի աշխատակազմի ոչ այնքան բարձր տեսական պատրաստվածությունը եւ այն հանգամանքը, որ մեր նախարարությունների կառուցվածքը սկզբունքորեն հարմարեցված չէ նման բնույթի աշխատանքներ կատարելու համար։ Քաղաքական ընտրանու առանձին շրջանակներում այդ առիթով երբեմն կարելի է լսել, թե մեզանում «պետությունը» կամ «իշխանությունը» միատարր հասկացություններ չեն, եւ որ առանձին պետական գերատեսչություններ ունեն անցանկալի առանձնահատկություններ եւ ի լրումն՝ ավելորդ անձնավորված են, ինչը չի նպաստում մեր ազգային շահերին ուղղված միասնական քաղաքականության մշակմանը եւ իրագործմանը։

Անշուշտ, մեր պետական համակարգը համապատասխանեցված է ժողովրդավարությունում ընդունված նորմերին եւ ստանդարտներին։ Այդ համակարգի առանցքային դրույթներից են իշխանության տարբեր թեւերի ձեւավորումը եւ դրանց հավասարակշռումը. վերջինս պետք է խոչընդոտի պետությունում մեկ գերակայող ուժի առաջացմանը, ինչը դիտարկվում է որպես հնարավոր բռնատիրության հաստատման նախապայման։ Միեւնույն ժամանակ, նման համակարգը, իր արժանիքների հետ մեկտեղ, ինչ-որ չափով խոչընդոտում է քաղաքական կամքի կենտրոնի ձեւավորմանը եւ մասամբ սահմանափակում օպերատիվ որոշումներ ընդունելու հնարավորությունները։

Կան որոշակի հայեցակարգային բարդություններ նաեւ իշխանություն–հասարակություն հարաբերություններում: Մասնավորապես, «միջին խավ» եւ «քաղաքացիական հասարակություն» հասկացությունները հայ հանրության համար բավական աղոտ եւ վիճելի են։ Առաջինից կարծես թե հետեւում է նաեւ «ցածր» եւ «բարձր» խավեր ձեւավորելու անհրաժեշտությունը։ Իր հերթին, «քաղաքացիական հասարակության» վերաբերյալ դրույթը, մասնավորապես, ենթադրում է պետական համակարգում հասարակության «ինքնավարության» բարձր մակարդակ եւ անգամ «պետությունից անջատ» գործառույթներ։ Այս առիթով նկատենք, որ այսօր պետություն–հասարակություն կապի նման թուլացումը, համաձայն միջազգային փորձագետների մի ստվար զանգվածի, բնավ չի հանդիսանում հանրության կազմակերպման ամենաօպտիմալ տեսլականը։

Սակայն վերոնշյալ հանգամանքներից բնավ չի հետեւում, թե պետության եւ հասարակության կազմակերպման ժողովրդավարական համակարգը բացառում է ազգային-քաղաքական կամքի կենտրոնի ձեւավորումը, առանց որի անհնարին է ուժեղ պետություն եւ հանրություն ունենալը։

Ներկայիս հզոր երկրների գերակշռող մասն արդեն մի երկար պատմական ժամանակահատված հաջողակ գործում է ժողովրդավարական նորմերի շրջանակներում, իսկ որոշ գերհզոր թվացող ոչ ժողովրդավարական տերություններ փլուզվում են առաջին իսկ ներքին հարվածներից։ Այս հարցի համալիր քննարկումը, անշուշտ, պահանջում է դիտարկել նաեւ, այսպես կոչված, «երրորդ ուղի» ընտրած երկրների (Իրան, Իսրայել, Բելառուս եւ այլն) օրինակը։ Սակայն վերադառնանք մեր հիմնախնդիրներին։

Ինստիտուցիոնալ կառույցների մասին

Ժողովրդավարական համակարգում պետության եւ հանրության տարբեր հատվածների տարանջատման հիմնախնդիրը, որպես կանոն, հարթվում է, այսպես կոչված, ինստիտուցիոնալ կառույցների (ԻԿ) միջոցով, որոնց հիմնական նպատակներից է այդ հատվածներից մի համալիր ամբողջություն ձեւավորելը։ Այդ համատեքստում կարելի է փաստել, որ մեր հանրապետությունում ԻԿ-ների դերն այսօր այնքան էլ մեծ չէ։

Որպես ավանդական եւ համահայկական ԻԿ շարունակում է գործել Հայ Առաքելական եկեղեցին (որն իր գործառույթներում պետք է մասամբ ընդգրկի նաեւ գաղափարախոսական ոլորտը)։ Արցախյան ազատագրական պայքարի արդյունքում յուրահատուկ ինստիտուցիոնալ դերակատարում է ձեռք բերել Պաշտպանության նախարարությունը. զարմանալի չէ, որ ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության փաստաթուղթը ստեղծվել է հենց ՊՆ-ում։ Քաղաքական, ազգային-գաղափարախոսական ոլորտում ԻԿ-ի վերածվելու հնարավորություններ ունեն ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն։ Հանրությունում որոշակի ոգեւորություն է առաջացրել նաեւ Սփյուռքի խնդիրներով զբաղվող նախարարության ստեղծման մասին իշխանությունների խոստումը, ինչը թույլ կտա լրջորեն զբաղվել համաշխարհային Հայության կազմակերպման եւ անվտանգության խնդիրներով։

Չպետք է մոռանալ նաեւ կորուստների մասին, որոնց շարքում առաջինը Գիտությունների ազգային ակադեմիան է. այսօր ԳԱԱ-ն ծանր իրավիճակում է, այն չի կատարում ազգային անվտանգության տեսակետից առավել քան կարեւոր գիտատեխնոլոգիական կենտրոնի իր ֆունկցիաները եւ գլխավորապես փորձում է լուծել սեփական գոյապահպանման խնդիրը։

Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ վերլուծական հանրությունում գերակայում է այն կարծիքը, թե առանձին ԻԿ-ների դերակատարման բարձրացումը կամ դրանց թվի արհեստական մեծացումը դժվար թե որակապես բարելավի ոչ այնքան բարվոք իրադրությունը պետության եւ հանրության կազմակերպման ոլորտում։ Ոչ պաշտոնական հարցումները պետական եւ քաղաքական ընտրանու շրջանակներում վկայում են, որ վերոնշյալ խնդիրների լուծումը, թերեւս, հնարավոր է միայն այն պարագայում, եթե հանրապետությունում, որպես լիարժեք համակարգող խորհրդատվական-վերլուծական կառույց, սկսի գործել Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ)։ Փորձագիտական հիմունքներով կազմակերպված նման մարմինը, ինչպես վկայում է միջազգային փորձը, ունի բոլոր հնարավորությունները ոչ միայն իրական հարթությունում կիրառել ազգային անվտանգության ոլորտների (ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական եւ տեղեկատվական) տեսական դրույթները, այլեւ վերածվել այն առանցքային ինստիտուցիոնալ կառույցին, որը համախմբելով մնացյալ ԻԿ-ները` կհաղորդի նրանց գործունեությանը գերարդյունավետ, այսպես կոչված` սիներգետիկ բնույթ։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր