• am
  • ru
  • en
Версия для печати
25.02.2008

ՀՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

EnglishРуский

   

Գագիկ Տեր-Հարությունյան

information_security (original) Ներկայիս գլոբալացման գործընթացների առաջնային հատկանիշներից է համաշխարհային տեղեկատվական-հաղորդակցական ընդհանուր դաշտի ձեւավորումը։ Որպես հետեւանք` ազգային-պետական տեղեկատվական դաշտի1 սահմանների այսպես կոչված «տեխնիկական պաշտպանությունը», չնայած որոշ երկրներում կատարվող փորձերի,2 կապված է լուրջ բարդությունների հետ։ Այստեղից հետեւում է, որ պետության եւ հանրության լիարժեք տեղեկատվական անվտանգությունը (ՏԱ) կարող է պայմանավորված լինել բացառապես սեփական տեղեկատվական ռեսուրսների (մտավոր, հոգեւոր եւ տեխնիկական) հնարավորություններով եւ այդ ռեսուրսների միջոցով ձեւավորված տեղեկատվական դաշտի համակարգված ներուժով։

Միասնական տեղեկատվական դաշտի խնդիրները

Հայաստանի (ՀՀ, ԼՂՀ եւ, թերեւս, նաեւ Ջավախքի) ՏԱ ոլորտի առաջնային խնդիրներից է միասնական տեղեկատվական դաշտի ձեւավորումը։ Հայտնի է, որ ներկայիս ներքին լրատվական հոսքերը հիմնականում վերաբերում են մայրաքաղաք Երեւանին եւ գրեթե չեն լուսաբանում իրավիճակն Արցախում, Ջավախքում եւ ՀՀ մարզերում։ Թերեւս ժամանակն է վերականգնելու այսպես կոչված սեփական թղթակիցների ինստիտուտը, որը ժամանակին հնարավորություն էր տալիս Հայաստանի բնակչությանն իրազեկ լինել այս կամ այն շրջանում կատարվող իրադարձություններին։ Այս ոլորտում պետք է կարեւորել նաեւ միասնական տեղեկատվական դաշտի բովանդակության խնդիրը. գաղտնիք չէ, որ թերացումներն այստեղ բազմաթիվ են, ինչը վտանգում է հանրության եւ անձի իրազեկ լինելու իրավունքը։ Իրազեկության խնդրի համատեքստում պետք է դիտարկել նաեւ բաց աղբյուրներից ստացվող տեղեկատվության հոսքերի նպատակային մշակումը եւ այն պետական մարմիններին տրամադրելու հիերարխիկ համակարգի ձեւավորումը։3

Միասնական տեղեկատվական դաշտի ձեւավորումը նույնքան հրատապ է նաեւ Համաշխարհային Հայության անվտանգության համատեքստում։ Սակայն այս խնդրի լուծումը, հասկանալի պատճառներով (բավական է նշել, որ Հայությունը սփռված է ավելի քան հարյուր երկրներում, եւ մի քանի հարյուրի հասնող համայնքների թիվն անգամ ճշգրիտ հայտնի չէ), անհամեմատ ավելի բարդ է։ Այս ուղղությամբ աշխատանքները, իհարկե, ենթադրում են սփյուռք ունեցող այլ ժողովուրդների` մասնավորապես, հրեաների փորձի ուսումնասիրություն։ Կարծում ենք նաեւ, որ Հայության միասնական տեղեկատվական դաշտի ձեւավորման խնդիրը կարող է իրատեսական լինել միայն ՀՀ ՏԱ հայեցակարգի եւ համակարգի ստեղծումից հետո միայն։

Ինֆոգեն սպառնալիքների հետ կապված խնդիրներ

Ընդունված է համարել, որ Հայաստանի եւ Հայության անվտանգությանը սպառնացող արտաքին ինֆոգեն (տեղեկատվածին) սպառնալիքների աղբյուրները գլխավորապես մի քանի ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոցներ են։ Նման մոտեցումը, անշուշտ, պարզունակ է։ Սակայն անգամ վերոնշյալ լրատվամիջոցների կողմից սփռվող ակնհայտորեն սադրիչ տեղեկատվական հոսքերը չեն ենթարկվում փորձագիտական վերլուծության, չեն բացահայտվում դրանց տեխնոլոգիական եւ մեթոդաբանական առանձնահատկություններն ու ընդհանրությունները։ Մինչդեռ, առանց նման աշխատանքի անհնարին է բացահայտել ինֆոգեն սպառնալիքների իրական կենտրոնները, հասկանալ նրանց նպատակները եւ ռազմավարությունը։ Ակնհայտ է, որ այդ ոլորտում պետք է օգտագործել անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերման ընդունված մեխանիզմները (ուսուցում արտասահմանյան կենտրոններում, փորձագետների հրավիրում եւ այլն) ու կիրառել դրանք գործնական հարթությունում։

Այս ամենի առիթով պետք է շեշտել, որ ուշադրության արժանի տեղեկատվության ոլորտները եւ խնդիրները տարաբնույթ են, ու դրանք ժամանակի հետ բազմանում են արագացումով։ Բավական է նշել վերջին տասնամյակում մոբիլ հեռախոսների լայն տարածման շնորհիվ գոյացած այսպես կոչված «երրորդ էկրանի» (հեռուստացույցի եւ համակարգչի էկրաններից հետո) խնդիրը. SMS հաղորդագրությունները 2006թ. արաբա-իսրայելական հակամարտության ընթացքում երկուստեք լայնորեն օգտագործվում էին որպես կարեւոր տեղեկատվական-հոգեբանական ներգործության միջոց։ Մինչդեռ մեր փորձագիտական հանրությունում գրեթե չեն շոշափվում հանրապետության տեխնիկական-էլեկտրոնային համակարգերի դեմ ուղղված ինֆոգեն սպառնալիքների հակազդեցության խնդիրները։4

Հստակեցման կարիք ունեն նաեւ ներքին տեղեկատվական դաշտում5 գործող իրավաբանական նորմերը. տեղեկատվական գործողությունները երբեմն ներկայացվում են որպես զուտ ժողովրդավարության եւ խոսքի ազատության իրավունքի արտահայտում։ Մինչդեռ քիչ չեն դեպքերը, երբ դրանք իրենց բովանդակությամբ եւ ձեւով կրում են մանիպուլյատիվ բնույթ եւ ուղղված են մեր ազգային շահերի դեմ։ Հարկ է նկատել, որ նման տեղեկատվական-հոգեբանական գործողությունները մի շարք արեւմտյան` այսպես կոչված «զարգացած ժողովրդավարության» երկրներում ենթակա են քրեական հետապնդման։ Այս առիթով նշենք, որ այս նախագահական ընտրություններում թեկնածուներից մեկը հնչեցրեց ԼՀՂ խնդրի կարգավորման, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ քաղաքական թեզեր ու մոտեցումներ, որոնք ժամանակավոր զինադադարի կարգավիճակում գտնվող մեր երկրի պարագայում պետք է ստանային նաեւ իրավական գնահատական։

Տեսական խնդիրներ

ՏԱ տեսական ոլորտը, անշուշտ, խիստ կարեւոր է։ Բավական է նշել, որ այսօր բացակայում են տեղեկատվական գործողությունների կամ պատերազմների վերաբերյալ միանշանակ եւ բոլորի կողմից ընդունված սահմանումներ։ Որպես հետեւանք, այդ հասկացությունները մեր հանրությունում եւ, մասնավորապես, վարչական մարմինների տարբեր օղակներում, հաճախ ընկալվում են ոչ ադեկվատ ու մեկնաբանվում են յուրովի։ ՏԱ համակարգի ձեւավորման առաջին փուլերում, թերեւս, անհրաժեշտ է օգտվել այդ ոլորտում համբավ վայելող հեղինակների (օրինակ` Թոմաս Ռոնիի, Սերգեյ Գրինյաեւի) կողմից ՏԱ հասկացություններին տրված մասնագիտական սահմանումներից։ Նման մոտեցումը, անշուշտ, ենթադրում է համապատասխան եզրաբանական բառարանի ստեղծում։

Այս ամենին զուգահեռ, պետք է մշտապես հիշել, որ փորձագիտական հանրությունում անվերապահորեն ընդունված է այն դրույթը, թե ՏԱ ոլորտում, առավել քան այլ բնագավառներում, պետք է խուսափել այլ երկրների փորձի կույր փոխառությունից, քանի որ տեղեկատվական խնդիրներն ուղղակիորեն խարսխված են անհատի եւ ազգի հոգեկերտվածքի վրա ու մեծապես կախված են երկրի աշխարհաքաղաքական իրավիճակից։

Որոշ հետեւություններ

ՏԱ խնդիրներով մեր հանրությունում հիմնականում զբաղվում են միայն առանձին անհատներ։ Նրանցից ոմանք ունեն բարձր պրոֆեսիոնալ մակարդակ եւ սեփական աշխարհայացքային սկզբունքներից ելնելով ամենօրյա տեղեկատվական-քարոզչական աշխատանք են վարում ու հնարավորինս դիմակայում տեղեկատվական հարձակումներին։ Սակայն այդ առանձին անհատների գործունեությունը կրում է իրավիճակային, մարտավարական բնույթ։ Որպես հետեւանք` քիչ չեն դեպքերը, երբ այս կամ այն քաղաքական խնդրի նկատմամբ ընդհանուր մոտեցումների բացակայությունը փոշիացնում է այդ անհատների ջանքերը։

Ըստ մեզ` տեղեկատվական քաղաքականության մշակումը ենթադրում է, առաջին փուլում, փորձագիտական մի հանձնաժողովի ստեղծում, որը կհաշվառի ինչպես մեր ունեցած տեղեկատվական ռեսուրսները, այնպես էլ ՏԱ ոլորտի հիմնախնդիրները։ Հանձնաժողովի աշխատանքից ստացված արդյունքները կարող են հիմք հանդիսանալ քաղաքական ղեկավարության համար` քայլեր կատարելու ՏԱ համակարգի ենթակառուցվածքի ձեւավորման ուղղությամբ։ Դա ենթադրում է, մասնավորապես, պետական հովանավորություն ունեցող կառույցների ստեղծում։ Այս համատեքստում նշենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության եւ ՀՀ Ռազմական դոկտրինի փաստաթղթերի ստեղծումը գերազանցապես պայմանավորված էր Պաշտպանության նախարարության եւ նրա վերլուծական կառույցների առկայության փաստով։ Այսինքն` առանց մասնագիտացված կառույցների դժվար է պատկերացնել առաջխաղացում ՏԱ ոլորտի անգամ տեսական խնդիրների ուղղությամբ։

1Այս բառակապակցության տակ հետագա շարադրանքում նկատի կունենանք ԶԼՄ-ի, Ինտերնետի եւ տեղեկատվության այլ աղբյուրների միջոցով ձեւավորված դաշտը։

2Այստեղ ուսանելի է, մասնավորապես, Չինաստանի փորձը, որտեղ արգելանքներ են դրվել հանրության բարոյականության նորմերը խախտող տեղեկատվական հոսքերի դեմ։

3Նկատենք, որ նման համակարգ (մասնավորապես, ԱՏԼԱՍ անվանումը կրող) գործում էր ԽՍՀՄ-ում, որի միջոցով պետական եւ կուսակցական ընտրանին (այսպես կոչված նոմենկլատուրան) բավական օբյեկտիվ տեղեկատվություն էր ստանում միջազգային քաղաքական զար•ացումների վերաբերյալ։ Անշուշտ, տեղեկատվական դաշտում վերջին տասնամյակում էական փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն խորհրդային փորձը, ըստ մեզ, ուսանելի է առայսօր։

4 Այս կապակցությամբ տեղին է նշել, որ համաձայն ԶԼՄ-ի, ս.թ. հունվարին ԱՄՆ նախագահը ստորագրել է ՏԱ տեխնիկական ոլորտին վերաբերող երկու դիրեկտիվ, համաձայն որոնց, մասնավորապես, ամերիկյան հատուկ ծառայություններն իրավունք են ձեռք բերում նախահարձակ տեղեկատվական գործողություններ ձեռնարկել ԱՄՆ անվտանգությանը սպառնացող կենտրոնների դեմ։

5 Նկատենք, որ գլոբալ տեղեկատվական հարթությունում միջազգային իրավունքի համապատասխան նորմերը մշակված չեն։ Մինչդեռ խնդիրը հրատապ է եւ շարունակաբար քննարկվում է միջազգային տարբեր ատյաններում։ Այս հարցում Հայաստանը, որպես տեղեկատվական պատերազմների սուբյեկտ, պետք է փորձի ակտիվ մասնակցություն ունենալ։ Միեւնույն ժամանակ, գործնական հարթությունում հիմնական շեշտը պետք է դրվի տեղեկատվական ոլորտին վերաբերող ներքին իրավաբանական դաշտի ձեւավորման հարցերին։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր