ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Տեղեկատվական գործոնը վերջին տասնամյակներում որոշիչ դերակատարում է ձեռք բերել անհատի, հանրության, պետության ու ազգի գործունեության գրեթե բոլոր ոլորտներում։ Արագ փոփոխվող աշխարհում տեղեկատվության տիրապետումն է, որ հնարավոր է դարձնում հետեւել, համապատասխան լինել եւ արձագանքել նոր իրողություններին։ Այսօր տեղեկատվական գործողություններն առավելապես փոխադրվել են քաղաքական հարթություն եւ հանդիսանում են աշխարհաքաղաքականության կարեւորագույն գործիքներից մեկը։
Հայության տեղեկատվական անվտանգությունը
Ժամանակակից աշխարհում ազգերի մրցունակությունն էապես պայմանավորված է տեղեկատվական անվտանգության (ՏԱ) վերաբերյալ նրանց ունեցած հայեցակարգային մոտեցումներով։ Ակնհայտ է, որ հայկական ՏԱ համակարգը պետք է ներառի ոչ միայն Հայաստանի (այս հասկացությունը ենթադրում է ՀՀ-ն, ԼՂՀ-ն եւ Ջավախքը) բնակչության, այլեւ Համաշխարհային Հայության հետ կապված տեղեկատվական խնդիրների համախումբը: ՀՀ-ում ընդունված «Ազգային անվտանգության ռազմավարություն» փաստաթղթում, ի դեպ, ամրագրված են մեր ազգային անվտանգության երկու սուբյեկտները` Հայաստանը եւ Հայությունը, որոնց ապահովական գործառույթները շաղկապված են ու պետք է հենվեն փոխլրացման սկզբունքի վրա։
Նկատենք, որ Հայաստանի ՏԱ ոլորտը այս կամ այն չափով վերահսկելի է, եւ եթե ընդունվեն փորձագիտական գնահատականների վրա հիմնված գործադիր ու օրենսդրական որոշումներ, ապա կարելի է նախագծել Հայաստանի տեղեկատվական ոլորտի բարեփոխումների մեխանիզմը։ Մինչդեռ, Համաշխարհային Հայության պարագայում տեղեկատվական հիմնախնդիրների կարգավորումն անհամեմատ ավելի բարդ է. այլ երկրների հետ կապված` դժվար է խոսել գործադիր եւ օրենսդրական որոշումների մասին, չնայած այստեղ էլ իրադրությունը փոքր-ինչ փոխվել է, եւ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ եվրոպական կոնվենցիաներն ու այլ բնույթի լոբբիստական գործողություններն ընդլայնում են հայության հնարավորություններն այս բնագավառում։
Հայության առանձնահատկությունները ՏԱ համատեքստում
Հայության կազմակերպման բարդությունների հիմնական պատճառները մասամբ հայտնի են, սակայն ավելորդ չէ համակարգել դրանցից մի քանիսը ՏԱ համատեքստում։
1. Արտերկրի հայության թվաքանակը շուրջ 2 անգամ ավելին է, քան Հայաստանում բնակվող հայերինը, այսինքն` ընդհանուր հայության տեղեկատվական ապահովության խնդիրն ավելի մեծածավալ խնդիր է, քան Հայաստանինը:
2. Հայությունը սփռված է աշխարհի մոտ 100 երկրներում, որոնք գտնվում են աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական տարբեր գոտիներում: Ստեղծված իրավիճակը որոշակի ազդեցություն է գործում հայության տարբեր հատվածների աշխարհընկալման, հոգեկերտվածքի, մշակութային, սոցիալ-տնտեսական եւ քաղաքական կողմնորոշումների վրա։ Այս ամենը հաղորդակցական բնույթի լուրջ խնդիրներ է առաջացնում Հայության տարբեր հատվածների միջեւ։
3. Հայությունը բաժանված է նաեւ ըստ լեզվա-կրոնական հատկանիշների. այս հանգամանքը խնդրահարույց է հատկապես իսլամացած (թրքացած, քրդացած կամ արաբացած) հայերի պարագայում:
Վերոնշյալ անբարենպաստ գործոնների ցուցակը կարելի է մեծացնել։ Սակայն դրանց զուգահեռ կան նաեւ դրական գործոններ, որոնք ընդհանրացնում, ինտեգրում եւ միավորում են Հայությունը.
- Ընդհանուր Հայրենիքի գաղափարը եւ ՀՀ ու ԼՂՀ առկայությունը
- Հայկական ուրույն քաղաքակրթության գաղափարը
- Ցեղասպանության հիշողությունը եւ Հայ դատը
- Ղարաբաղի հետ կապված գործընթացները։
Նկատենք, որ վերջին երկու գործոններն այսօր դարձել են գլոբալ քաղաքականության ուշադրության առարկա, ինչը խիստ նպաստավոր է հայության տեղեկատվական ինտեգրման տեսանկյունից։
Հայության ռեսուրսների խնդիրը
Ազգային առանձնահատկություններից բացի, Հայության ՏԱ համատեքստում առկա են նաեւ այլ խնդիրներ, որոնք կրում են օբյեկտիվ բնույթ եւ պայմանավորված են գլոբալ զարգացումներով։
Համաձայն փորձագիտական կանխատեսումների, անկախ պետությունների թիվը դեռեւս պահպանելու է աճի իր միտումները, սակայն գոյություն ունեցող մի շարք ազգեր եւ պետություններ, ռազմավարական հեռանկարում, անխուսափելիորեն կորցնելու են էթնիկ-քաղաքակրթական իրենց ինքնությունն ու վերածվելու են համաշխարհային քաղաքականության եւ տնտեսության օբյեկտների (նման միտումներ մենք տեսնում ենք, մասնավորապես, Եվրոպայում)։
Այս խնդիրը վերաբերում է հատկապես ոչ մեծ ազգերին եւ պետություններին։ Նման միտումներին հակազդելու համար պահանջվում է ռեսուրսների որոշակի չափ, որոնց բոլոր ազգերը չէ, որ տիրապետում են։ Անհրաժեշտ ռեսուրսների համախմբից թվարկենք հետեւյալները.
1. Քաղաքակրթական կամ հոգեւոր-մշակութային ոլորտին պատկանող ռեսուրսներ:
2. Տեխնոլոգիական կամ այլ խոսքերով` մարդկային, մտավոր, գիտատեխնիկական եւ տեղեկատվական ռեսուրսներ:
3. Նյութական` ձեռներեցային, արտադրական-առեւտրային, ֆինանսական եւ նման այլ կարողություններ:
4. Կազմակերպական ռեսուրսներ. այսինքն` կազմակերպվելու, կենսունակության համար անհրաժեշտ կառույցներ (այդ թվում` պետություն, համայնք, քաղաքական, տնտեսական, հասարակական կազմակերպություններ եւ ձեւաչափեր) կազմակերպելու ու դրանց համապատասխան ազգային գործառույթներ իրագործելու ունակությունը եւ կարողությունը։
Կենսունակության համար անհրաժեշտ ռեսուրսների համատեքստում Հայաստանը եւ Հայությունը փոքր-ինչ յուրօրինակ ու ոչ այնքան միանշանակ կարգավիճակ ունեն։ Մենք ակնհայտորեն տիրապետում ենք քաղաքակրթական ռեսուրսների, մասամբ` տեխնոլոգիական, գրեթե բավարար են տեղեկատվական ռեսուրսները, կարծես թե բավարար են նաեւ նյութական ռեսուրսները։ Որոշակի խնդիրներ առկա են կազմակերպական կամ այլ խոսքերով` մենեջմենթի ոլորտում։ Հարկ է շեշտել, որ թերացումն այս բնագավառում կարող է սկզբունքային նշանակություն ունենալ. կազմակերպական կարողությունները սահմանափակում են մնացած ոլորտների գործառույթների արդյունավետությունը։
Անշուշտ, Հայությունը զուրկ չէ կազմակերպական ունակություններից. եթե դրանք չլինեին, ապա մենք հազարամյակների պատմություն չէինք ունենա։ Միեւնույն ժամանակ, ոչ էքստրեմալ պայմաններում մենք երբեմն ցուցաբերում ենք համախմբվելու անկարողություն, ինչը բացասական ազդեցություն է թողնում, մասնավորապես, Հայության տեղեկատվական կազմակերպման գործընթացների վրա։
Հայության տեղեկատվական ոլորտի խնդիրները
Կազմակերպական ոլորտի կարգավորումը ենթադրում է հնարավորինս հստակեցնել եւ համակարգել Հայության ՏԱ խնդիրները: Դրանք, առաջին մոտավորությամբ, հետեւյալն են.
1. Հայաստանի եւ Հայության վերաբերյալ տեղեկատվական իրազեկման ապահովումը բուն Հայության ներսում:
2. Հայության համապատասխան իմիջի մշակումը եւ, որպես գիտակցության բաղադրամաս, այդ իմիջի ներդրումը Հայությունում եւ այլ հանրություններում:
3. Ժամանակակից տեղեկատվական քաղաքականության տարրերի հայեցակարգային եւ տեխնոլոգիական մշակումն ու դրանց կիրառումը Հայության քաղաքական, տնտեսական, գիտակրթական, մշակութային եւ այլ ոլորտների կազմակերպման գործում:
4. Համահայկական ցանցակենտրոն համակարգի հայեցակարգային մշակումը եւ դրա միջոցով Հայության միասնական տեղեկատվական դաշտի ձեւավորումը։
Այս վերջին կետը պետք է ընդունել որպես գերխնդիր, որն անմիջական առնչություն ունի տեղեկատվական համատեքստում Հայության կազմակերպման խնդիրներին։
Ցանցակենտրոն համակարգ
Արդի աշխարհում այսպես կոչված ցանցակենտրոն կազմակերպման ձեւը համարվում է ամենակատարյալը։ Նման համակարգում կազմակերպման ենթակա սուբյեկտները, լինելով ցրված, սակայն ունենալով ինքնուրույն գործելու իրավունքի եւ կարողությունների բարձր մակարդակ, գտնվում են միասնական տեղեկատվական դաշտում` ցանցում։ Նրանք ունեն միասնական ղեկավարություն, միասնական նպատակներ եւ խնդիրներ։ Ավելորդ չէ նշել, որ կազմակերպման ցանցակենտրոն հայեցակարգն ընդունված է ԱՄՆ-ի եւ այլ առաջատար տերությունների կողմից, որպես իրենց աշխարհաքաղաքականության եւ, մասնավորապես, զինված ուժերի կազմակերպման մեթոդ։ Որոշ հետազոտողներ անգամ գտնում են, որ ցանցային կազմակերպման արդյունքում ձեւավորվում է այսպես կոչված թիմային գերինտելեկտ, որը հնարավորություն է տալիս լուծել առանձին անհատների համար անհասանելի խնդիրներ։
Խիստ կարեւոր է այն, որ ցանցակենտրոն ձեւաչափը մեծ կայունություն ունի. եթե անգամ կառավարվող բաղադրիչներից որեւէ մեկը կամ մի քանիսը շարքից դուրս են գալիս, ապա մնացածները, բարձր ինքնավարության շնորհիվ, կարողանում են արդյունավետ շարունակել իրենց գործունեությունը։ Մասնավորապես, եթե ցանցակենտրոն համակարգը կիրառվի Հայության պարագայում, ապա այն թույլ կտա պահպանել համակարգի կենսունակությունը անգամ կառավարման կենտրոնի վերացման պարագայում, քանի որ ցանցի մնացյալ անդամները կարող են շարունակել իրենց գործունեությունը` ելնելով այն ռազմավարական-գաղափարախոսական դրույթներից, որոնք դրված են համակարգի հիմքում։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]