• am
  • ru
  • en
Версия для печати
26.05.2008

ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՐՑԵՐ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՑԱՆՑԱԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱԿԱՐԳ

EnglishРуский

   

Գագիկ Տեր-Հարությունյան

Harutyunyan_Gagik (medium) Հայության տարբեր հատվածների միջեւ հարաբերությունները քննարկելիս, սովորաբար, հնչեցվում են իրարամերժ մոտեցումներ։ Հայաստանը ներկայացնող քաղաքական գործիչները եւ փորձագետները, որպես կանոն, պնդում են, որ այդ հարաբերությունները պետք է լինեն «Հայաստանակենտրոն», իսկ Հայությունը պետք է համախմբվի Հայրենիքում։ Այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցներն արտահայտվում են ավելի զուսպ. նշում են Սփյուռքի առանձնահատկությունները եւ ակնարկում Հայաստանի ներկա, ոչ այնքան բարվոք իրավիճակի մասին։

Կողմնորոշումների նման տարբերությունը առավելապես պայմանավորված է Հայության տարբեր հատվածների ներկայացուցիչների հոգեկերտվածքային առանձնահատկություններով, քան իրատեսական, փորձագիտական մոտեցումներով։ Նկատենք, որ ընդհանրապես Հայության քաղաքական կազմակերպման վերաբերյալ համալիր ռազմավարական եւ հայեցակարգային մոտեցումները դեռեւս բացակայում են։ Խնդրին սակավ են անդրադառնում նաեւ մասնավոր հետազոտություններում։ Սակայն վերջերս քաղաքական եւ վերլուծաբանական հանրությունում որոշակի տարածում են գտնում գաղափարներն այն մասին, որ տեղեկատվական-ցանցակենտրոն (ՏՑ) համակարգը Հայության քաղաքական կազմակերպման համար ամենաարդյունավետն է, եւ նման տեսակետի հետ դժվար է չհամաձայնել:

Հիշենք, որ ներկայումս կատարյալ համարվող ՏՑ համակարգում կազմակերպման ենթակա միավորները, լինելով սփռված, ունեն միասնական ղեկավարություն եւ նպատակներ, գտնվում են միասնական տեղեկատվական դաշտում` ցանցում ու, միեւնույն ժամանակ, տիրապետում են ինքնուրույն գործելու բարձր կարողությունների։ Ինչպես տեսնում ենք, ՏՑ համակարգի կիրառումը ենթադրում է որոշակի գաղափարախոսական (նպատակների համատեքստում), կազմակերպական եւ տեղեկատվական նախապայմաններ։ Միեւնույն ժամանակ, ՏՑ համակարգի առավելություններից է ճկունությունը. այն կարող է ընդունել տարբեր մոդիֆիկացիաներ` կախված Հայության տարբեր հատվածներում տիրող իրավիճակից եւ տվյալ ժամանակահատվածի համար ընտրված նպատակներից։

Հարցերի վերոնշյալ համախումբը խիստ ծավալուն է, եւ դրա իրատեսական քննարկումը պահանջում է սպառիչ տեղեկատվություն Հայության տարբեր հատվածների վերաբերյալ։ Նկատենք նաեւ, որ ՏՑ համակարգում իրենց տեղն ունեն ոչ միայն Հայության ավանդական կառույցները, այլեւ հայկական կամ հայերի մասնակցությամբ գործող տարաբնույթ, այդ թվում` անդրազգային կազմակերպությունները եւ հաստատությունները, որոնց դերակատարումն օրեցօր աճում է։ Հաշվի առնելով նշված իրողությունները` փորձենք քննարկել Հայության ՏՑ համակարգի մի քանի հնարավոր տարբերակներ, որոնք կապված են Հայաստանին առնչվող որոշ հավանական սցենարների հետ։ Ի թիվս բազմաթիվ տեսական տարբերակների, մասնավորապես, դիտարկենք հետեւյալ` երկու ծայրահեղ եւ մեկ միջանկյալ սցենարները։

«Վիրտուալ Հայաստան». Այս ծայրահեղ բնույթի սցենարի էությունը հետեւյալն է. որոշակի ռազմաքաղաքական զարգացումների արդյունքում ներկայիս Հայաստանը (ՀՀ եւ ԼՂՀ) հայաթափվում եւ վերածվում է վերացական, վիրտուալ գաղափար-հասկացության (մոտավորապես այն կարգի, ինչպիսին է Հայության համար ներկայիս Արեւմտյան Հայաստանը)։ Դա հնարավոր է, մասնավորապես, հետեւյալ զարգացումների պարագայում.

  1. Միջուկային-էկոլոգիական աղետ. Իրան–ԱՄՆ/Իսրայել հակամարտությունը հանգեցնում է տարածաշրջանային միջուկային պատերազմի, որի հետեւանքով Իրանի հարեւան Հայաստանը ենթարկվում է էկոլոգիական աղետի։ Միջուկային պատերազմների հետեւանքների գիտական կանխատեսումները մոտ 60-ամյա պատմություն ունեն, սակայն ներկայացնենք դրանցից ամենավերջինը։ Համաձայն Կոլորադոյի համալսարանի կատարած հետազոտության, լոկալ հակամարտությունում 50 ատոմային ռումբ (որոնց հզորությունը չի գերազանցում Հիրոսիմայի վրա նետվածին) օգտագործելու դեպքում, մասնավորապես, կգոյանա օզոնային խոռոչ, որի հետեւանքով կզոհվի 50 մլն մարդ, այսինքն` մոտ այնքան, որքան 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Նման աղետի դեպքում` ներկայիս Հայաստանի տարածքում բնակվելը, թերեւս, դառնում է անհնար։
  2. Ռազմական-քաղաքական աղետ. Որոշակի աշխարհաքաղաքական ցնցումների եւ ռազմաքաղաքական զարգացումների արդյունքում ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն ենթարկվում են Թուրքիայի եւ Ադրբեջանի լայնածավալ ինտերվենցիային ու երկարաժամկետ օկուպացիային։

Հետեւանքները. Սցենարներից որեւէ մեկի իրագործման արդյունքում դադարում են գոյություն ունենալ հայկական զույգ պետությունները, իսկ Հայաստանի ներկայիս տարածքը հայաթափվում է։ Նման պարագայում, թերեւս, տեղի կունենա Հայության վերատեղաբաշխում այլ երկրներում, իսկ Հայաստանն ինչ-որ ժամանակահատվածում կվերածվի երեւակայական Հայրենիքի։

Նկատենք, որ ներկայացված, գուցեեւ անհավանական թվացող, սակայն տեսականորեն հնարավոր սցենարները Հայաստանի անվտանգության դեմ ուղղված հիմնական սպառնալիքներից ընդամենը մի քանիսն են։ Նման զարգացման պարագայում Հայության գոյատեւման եւ կազմակերպման խնդիրները հնարավոր է իրագործել բացառապես ՏՑ համակարգի ձեւավորման միջոցով։ Ստեղծված պայմաններում համակարգի կենսունակությունը գործնականում կարող է երաշխավորված լինել, թերեւս, այն դեպքում, երբ զուգահեռ գործեն մի քանի տեղեկատվական կառավարման կենտրոններ, որոնցից որեւէ մեկը չունի գերակայող կարգավիճակ։ Այդ կենտրոնները պետք է ղեկավարվեն Հայության անվտանգության հայեցակարգը ներկայացնող միասնական գաղափարախոսկան հիմնադրույթներով եւ գործեն փոխօգնությամբ` ապահովելով դրական հետադարձ (միմյանց ուժեղացնող) կապը համակարգի տարրերի միջեւ։ Նման փոխհամագործակցություն եւ փոխազդեցություն ապահովող համակարգերն ընդունված է անվանել ոչ գծային։

«Հզոր Հայաստան». Այս մյուս ծայրահեղ սցենարը ենթադրում է հետեւյալ զարգացումները. աշխարհաքաղաքական ցնցումների եւ զարգացումների հետեւանքով Հայաստանը վերականգնում է իր բնատարածքային ամբողջականությունը, իսկ Հայությունը կենտրոնանում է այդ նոր ու հզոր պետությունում։ Դա հնարավոր է, մասնավորապես, հետեւյալ իրադրությունում.

  1. Թուրքիան ներգրավվում է լայնածավալ պատերազմի մեջ իր հարեւաններից մեկի կամ մի քանիսի հետ միաժամանակ (օրինակ` Իրաքի, Հայաստանի եւ Հունաստանի)։
  2. Թուրքիայի համար պատերազմի անհաջող ընթացքը հանգեցնում է միջէթնիկական կռիվների սաստկացման. քրդերի կողմից արդեն իսկ վարվող պայքարին միանում են նաեւ այլ ազգային փոքրամասնություններ` հայերը, հույները եւ այլք, այսինքն` այսպես կոչված «ինքնության ճգնաժամը» տեղափոխվում է գործնական ռազմական-քաղաքական հարթություն։
  3. Վերոնշյալ գործընթացները սրում են հարաբերությունները ներթուրքական տարբեր քաղաքական կողմնորոշումներ ունեցող խմբավորումների միջեւ եւ, ի վերջո, բերում քաղաքացիական բախումների։ Պետության եւ հանրության ճգնաժամն ընդունում է քաոսային եւ անվերահսկելի բնույթ:
  4. Հայաստանը եւ Հայությունը (գուցեեւ այլ շահագրգիռ տերությունները) օգտվում են Թուրքիայում ստեղծված իրադրությունից, նպաստում այդ երկրի մասնատմանը եւ կարողանում զգալի չափով վերականգնել Հայաստանի բնատարածքային ամբողջականությունը։ Որպես հաջորդ քայլ` իրականացվում է Հայության կենտրոնացումը ազատագրված Հայրենիքի մի մասում. այդպիսով ձեւավորվում է Հայկական հզոր պետություն։

Սակայն անգամ Հզոր Հայաստանը, որտեղ կարող է բնակվել Հայության գերակշռող մասը, պետք է ձգտի զարգացած երկրներում ունենալ սակավաթիվ, բայց կարող համայնքներ։ Այսինքն, նույնիսկ եթե Հայաստանը վերածվում է Հայության գերակայող կենտրոնի, միեւնույն է, պետք է ձգտել պահպանել սփռված Հայության ավանդական դարձած ռեսուրսները` դրանց հաղորդելով յուրահատուկ դեսպանությունների կարգավիճակ։ Այս տարբերակում պետք է ձեւավորել Հայության կազմակերպման Հայաստանակենտրոն դասական ՏՑ համակարգ, երբ կառավարումը գլխավորապես իրագործվում է մեկ կենտրոնից։

«Զարգացած Հայաստան». Այս սցենարը ենթադրվում է հետեւյալ իրողությունների պարագայում.

  1. Հայաստանը Հայության, պետական ռեսուրսների եւ դաշնակից-գործընկեր երկրների աջակցությամբ ձեռք է բերել ռազմական անվտանգության երաշխիքներ, հնարավորինս ինտեգրվել է համաշխարհային կառույցներին, սկսել է ազատագրված տարածքների վերաբնակեցման գործընթացը։
  2. Զարգացած Հայաստանը դառնում է խիստ գրավիչ Հայության համար, Հայաստան–Հայություն հարաբերություններն ընդունում են համակարգված բնույթ, սկսում է ձեւավորվել Հայության միասնական տեղեկատվական դաշտը։

Այս զարգացումներն ամենաիրատեսականն են ու, թերեւս, պարտադրված, քանի որ ոչ զարգացած Հայաստանի պարագայում Հայության կազմակերպման ՏՑ համակարգի ձեւավորումը կապված է անհամեմատ մեծ բարդությունների հետ։

Կասկած չի հարուցում, որ Զարգացած Հայաստանը, տիրապետելով ազգային ռեսուրսների մի գերակշռող մասին, կներկայացնի Հայության ամենակազմակերպված հատվածը։ Արդյունքում` նման պետությունը ՏՑ համակարգում ձեռք կբերի կարեւորագույն դերակատարում։ Միեւնույն ժամանակ, ազգային տեխնոլոգիական եւ նյութական ռեսուրսների մի զգալի մասը գտնվում է այլ քաղաքակրթական գոտիներում ու երկրներում բնակվող Հայության, ինչպես նաեւ այլ կազմակերպական ձեւաչափերում գործող հայերի ձեռքում. այսինքն` Հայության այդ հատվածները նույնպես կարող են առաջատար դեր կատարել Հայության ՏՑ համակարգում։

Այսպիսով, Զարգացած Հայաստանի առկայության դեպքում, տեղեկատվական-ցանցային կազմակերպման տեսանկյունից, Հայությունը հայտնվում է նախորդ երկու սցենարների համեմատ միջանկյալ վիճակում։ Նման միջանկյալ համակարգն իր մեջ պետք է համատեղի ե՛ւ ոչ գծային (սփռված), ե՛ւ դասական (Հայաստանակենտրոն) հայեցակարգերը։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր