• am
  • ru
  • en
Версия для печати
14.07.2008

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ

EnglishРуский

   

Սուրեն Մովսիսյան

azeri_newspapers (original)Հոդվածում ներկայացնում ենք ադրբեջանական լրատվամիջոցներում առկա տեղեկատվական գործողությունները, որոնք դասակարգվել են ըստ հիմնական ուղղությունների, և որոնց տրվել են պայմանական անվանումներ։ Հիմնական շեշտադրումն այն է, որ Հայաստանի դեմ տարվում է լրջորեն նախապատրաստված, հեռանկարային տեղեկատվական պատերազմ, որը չի զիջում և նույնիսկ ավելի վտանգավոր է բաց ռազմական գործողություններից։

1. «Առաջնայնության գործոն». Այս սկզբունքի նախահայր կարելի է համարել նացիստական Գերմանիայի ակնառու դեմքերից մեկին՝ դոկտոր Գեբելսին։ «Այն մարդը, ով կասի աշխարհին առաջին բառը, միշտ ճիշտ է», ասում էր նա1: Նույն եզրակացության են եկել մի շարք գիտնականներ, այդ թվում նաև Կ.Հովլանդը, Ն.Ջանիսը, Լ.Դոուբը և այլք։ Քարոզչի հաջողությունն ապահովված է, եթե իր տեղեկատվությունն ավելի շուտ է հասել հասարակությանը, քան նրա հակառակորդինը,- համոզված են նրանք։ Դա հիմնավորվում է նրանով, որ մարդիկ գերադասում են հավատալ սկզբնական տեղեկատվությանը, և փոխել արդեն ստեղծված կարծիքն այս կամ այլ հարցի վերաբերյալ՝ շատ դժվար է2։ Հիտլերը պնդում էր, որ հասարակությունը հակված է հավատալու նույնիսկ 90% չապացուցված մեղադրանքին, քան դրա հերքմանը, եթե դա նույնիսկ հիմնավորված է 100%-ով3։ Ադրբեջանական մամուլը, կիրառելով այս սկզբունքը, փորձում է ակնհայտորեն օգտագործել իր, Հայաստանի ինչպես նաև համաշխարհային հասարակության կարծիքը փոխելու նպատակով։ Ուշագրավ են ադրբեջանական մամուլում զինադադարի խախտման դեպքերի մասին հայտարարությունները, որոնք սկսել են կրել ամենօրյա բնույթ։ Եթե հետևենք այդ հաղորդագրություններին, ապա անցյալ տարի գրեթե ամեն օր հայկական կողմը խախտում էր զինադադարը մեկ կամ երկու ուղղություններով։ Անցյալ տարվա վերջից խախտումների մասշտաբն աստիճանաբար մեծացավ. այսօր հայկական կողմը խախտում է զինադադարն ամեն օր արդեն 4–5 ուղղություններով։ Այս կեղծ հաղորդագրություններն համաշխարհային հասարակության կողմից ընդունվում են որպես իրական, ինչի ապացույցն է Եվրախորհրդի, ԵԱՀԿ, Եվրամիության, ԱՄՆ բարձրաստիճան ղեկավարության մտահոգությունը զինադադարի խախտման հաճախականության առիթով։ Այսինքն՝ կեղծ քարոզչությունը միանշանակ օգուտ է բերում է հարևան երկրին՝ հավաստելով նրա «խաղաղասեր էությունը» և հավատարմությունը խաղաղության պահպանման պարտավորությանը։ Մինչդեռ հայկական կողմը, եռամսյակը մեկ հայտարարելով «հարևանների» կողմից զինադադարի խախտման վերաբերյալ, ինչպես նաև հազվադեպ արձագանքելով կեղծ զինադադարի խախտման հայտարարություններին, ձեռք է բերում «զինադադարը խախտողի» կարգավիճակ, ինչն իր հերթին բացասաբար է անրադառնում Հայաստանի միջազգային վարկանիշի և Ղարաբաղի հիմնախնդրի վրա։ Եթե դրան գումարենք տարբեր միջազգային կազմակերպություններում ադրբեջանական կողմի ակտիվությունը, որի արդյունքն է նաև վերջերս ընդունված ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի A/62/L.424 որոշումը, որտեղ պետությունները (37 կողմ, 7 դեմ և 150 ձեռնպահ) ցույց տվեցին իրենց վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, ապա ակնհայտորեն տեսնում ենք նման քարոզչության արդյունքները։

2. «Փոխհղումային և անանուն հղումային համակարգ». Ընդունված է, որ տեղեկատվության վերաբերյալ որևէ հեղինակությանը կատարված հղումը մեծ ազդեցություն է թողնում հասարակության վրա։ Այդ հեղինակությունը կարող է լինել կրոնական, քաղաքական գործիչ, գիտության կամ այլ ոլորտի մասնագետ։ Միաժամանակ, ավելի համոզիչ լինելու համար կարող են օգտագործվել փաստաթղթերի մեկնաբանություններ, մասնագետների գնահատականներ կամ այլ հաշվետվություններ։ Օրինակ, 2008թ. մարտի 28-ին Day.az տեղեկատվական գործակալությունը հայտնեց, որ մի խումբ հայեր, որոնց ինքնությունը չի հաջողվել պարզել, ավազակային հարձակում են գործել Բենիլյուքսի՝ Ռոտերդամում գտնվող Ադրբեջանական կոնգրեսի գրասենյակի վրա։ Ոստիկանությունը և վկաները հաստատել են, որ այդ հարձակումը կատարվել է հայերի կողմից։ Այս գործակալությունը հիմք է ընդունել մեկ այլ ադրբեջանական գործակալության (ANS գործակալությունը) հաղորդագրությունը, որտեղ, արդեն առանց որևէ հղման, ներկայացվել էր կատարվածը։ Ի՞նչ ոստիկաններ, ի՞նչ վկաներ, ի՞նչ հայերից կազմված խումբ։ Միևնույն ժամանակ, տեղեկատվության աղբյուրը չի պարզվել, իսկ լրագրողները ոչ մի պատասխանատվություն չեն կրել կեղծ տեղեկատվություն տարածելու համար։ Հարկ է նաև նշել, որ նման տեղեկատվությունը հիմնականում կեղծ է։ Իսկ հղումները գոյություն չունեցող հեղինակություններին այդ տեղեկատվությունն էլ ավելի հիմնավորված և համոզիչ են դարձնում հասարակության աչքում։ 2008թ. հունվարի 28-ին Day.az գործակալությունը հայտարարել էր, թե իբր Ուկրաինայի Լվով քաղաքի հայկական համայնքն առաջարկել է անվանափոխել քաղաքն «Առյուծ»-ով՝ ի հիշատակ Լվով քաղաքի հայ հիմնադիրների5։ Գործակալությունը հիմք էր ընդունել մեկ այլ ադրբեջանական գործակալության (APA) հայտարարությունը, որն ընդհանրապես չէր հիմնավորել այդ տեղեկությունը։

3. «Միջնորդներ» կամ «հայտնի մասնագետներ». Հայտնի է, որ արդյունավետ տեղեկատվական ազդեցությունն իրականացվում է հասարակության կողմից ճանաչված և հեղինակավոր մարդկանց միջոցով։ Ոչ պաշտոնական տեղեկությունները՝ լուրերը, տարբեր ոլորտների մասնագետների գնահատականները, կրոնական առաջնորդների կարծիքները, ավելի նշանակալի են, քան այս կամ այն պետական կառույցի պաշտոնական տեղեկությունները։ Այսպիսով, ցանկացած պետական դիրքորոշում հնարավոր է հասցնել հասարակությանը՝ ցանկալի արդյունքի հասնելու նպատակով։ Ադրբեջանական մամուլը, ունենալով մի քանի նման մասնագետներ և առաջնորդներ, հաջողությամբ օգտագործում է այս գործոնը։ Ներկայացնենք մի քանի օրինակներ։ Ադրբեջանական մամուլում, հատկապես Day.az գործակալության ներկայացրած հարցազրույցները, վերցվում են միայն «հայտնի» մասնագետներից։ Այս սկզբունքը մեծ դեր է խաղում հասարակական կարծիք ստեղծելու գործում։ Այսպիսով, 2006թ. մարտի 14-ին մի անհայտ ադրբեջանցի «քաղաքագետ»՝ Վուգար Սեիդով, հայտնվեց ադրբեջանական մամուլում իր «պատմաքաղաքական վերլուծական» հոդվածով6։ Մի քանի ամիս անց նույն անձը արդեն ներկայացվում է որպես «հայտնի քաղաքագետ Հունգարիայից»7։ Մասնագետների շարքում է նաև հանրաճանաչ Վաֆա Գուլուզադեն, որը ժամանակ առ ժամանակ հայտնվում է մամուլում ինչ-որ կարևոր մեկնաբանություններով։ Ադրբեջանցի «հայտնի» քաղաքագետների շարքը կարելի է շարունակել անվերջ, քանի որ ներկայացված գործոնը մեծ նշանակություն ունի տեղեկատվական պատերազմ վարելու ոլորտում։

4. «Հասկացությունների աղավաղում և դասակարգում». Ըստ հոգեբան Գ.Օլպորտի, յուրաքանչյուր լեզվի էությունն այն անվերջ տեղեկատվական հոսքի դասակարգման և բաշխման մեջ է, որին մենք ամեն վայրկյան հանդիպում ենք։ Երբ ինչ-որ առարկա ենք նկարագրում, մենք ընդգծում ենք դրա յուրահատկությունը՝ ուշադրություն չդարձնելով այլ առանձնահատկություններին, ինչպես է այն նկարագրվում կամ դասակարգվում, դրա ներկայացման ոճին, որոնք ուղղորդում են մեր մտքերը և զգացմունքային ընկալումը8։ Նման դասակարգման արդյունքում ներկայացվող առարկաները կամ դեպքերը այնպես են ձևավորվում, որ քաղաքացին ընդունում է այդ քարոզչական իրավիճակի պարտադրված նկարագրումը։ Այդ դասակարգումն իր էությամբ ընդգրկում է հատուկ փոխկապակցված բառեր յուրաքանչյուր տեղեկատվական հաղորդման համար։ Դրանք բառեր և բառակապակցություններ են սեփական, «դրական» և կառուցողական դիրքորոշումը ներկայացնելու համար։ Դրանք նաև տարբերակող բառեր են՝ թշնամուն բացասական ներկայացնելու համար։ Գնահատենք այս գործոնն ադրբեջանական ԶԼՄ համատեքստում։

Ադրբեջանական Day.az, ANS, Trend և «Зеркало» գործակալությունները, ցանկանալով բարձրացնել իրենց զինված ուժերի ոգին, Հայաստանի զինված ուժերը ներկայացնում են որպես «Հայկական զինված ուժեր» կամ նույնիսկ «Հայկական զինված ստորաբաժանումներ»՝ իրենց ստորաբաժանումներն անվանելով «Ադրբեջանի ազգային բանակ»9։ Միջադեպերը շփման եզրում ներկայացվում են այնպիսի ձևաչափով, որ նույնիսկ երեխայի համար դրա քարոզչական բնույթն ակնհայտ է10։ Մեկ այլ օրինակ, որը ցույց է տալիս հարևան երկրի «կողմ» լինելը Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը. «Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումը խոչընդոտում է հակամարտության խաղաղ կարգավորմանը»11։ Բազմաթիվ են տնտեսական «աննախադեպ աճի» կամ այլ հաջողությունների (տնտեսական, քաղաքական, մարզական) վերաբերյալ համեմատությունները Հայաստանի նվաճումների հետ, որոնցում յուրաքանչյուր հնարավորություն օգտագործվում է՝ ցուցադրելու համար իրենց «առավելությունը»։

5. «Փաստերի շարադրանք». Մարդկանց մեծ մասը մտածում է կարծրատիպերով։ Խոսքը «Ծուխն առանց կրակի չի լինում» կամ «Եթե այդ բանի մասին խոսում են, ուրեմն ինչ-որ բան կա» ասացվածքների մասին է։ Արդյունքում՝ այլ կերպ մտածող մարդկանց մեջ փոքրամասնություն լինելու արհեստական տպավորություն է ստեղծվում։ Նման քարոզչությունը հիմնականում կատարվում է սոցիոլոգիական հետազոտությունների կամ հեղինակավոր անձանց օժանդակությամբ, ինչը նվազեցնում է ընկալման քննադատությունը, քանի որ մարդիկ դժվար են ըմբռնում իրենց երկրում և աշխարհում տեղի ունեցածի մասին հայտարարությունների հետևում եղած կեղծ տեղեկատվությունը։ Օրինակ, 2006թ. մարտի 25-ին Day.az գործակալությունը տարածեց տեղեկատվություն հասարակական հարցման արդյունքների մասին, ըստ որի՝ ընտրողների 72.2%-ը սատարում է ներկա նախագահին։ Հետաքրքիրն այն է, որ տեղեկատվության մեջ ներկայացված են հետազոտությունը կատարող հասարակական կենտրոնի անվանումը և մի քանի թվեր՝ առանց որևէ հղման և մեթոդաբանական բացատրության12։ 2007թ. հուլիսի 17-ին մեկ ուրիշ կազմակերպության հետազոտության արդյունքները հայտնվեցին նույն կայքում։ Նույն ձեռագրով ներկայացված տեղեկատվությունը ոչնչով չէր տարբերվում մեկ տարի առաջվա հետազոտությունից։ Հատկանշական է, որ նույնիսկ արդյունքների տոկոսային փոփոխություն տեղի չէր ունեցել, իսկ ներկայացված տեղեկատվության ողջ իմաստը ներկա նախագահին փառաբանելն ու մեծարելն էր առաջիկա նախագահական ընտրությունների շեմին13։ Ինչ վերաբերում է այս գործոնի հակահայկական թեմատիկային, ապա վառ օրինակ է 2005թ. նոյեմբերի 3-ի տեղեկատվությունը Day.az կայքում14, որտեղ ադրբեջանական այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» կատարել էր հասարակական հետազոտություն։ Կարելի է պատկերացնել, թե ինչ ուղղվածություն ունի այդ հետազոտությունը։ Նշենք միայն, որ այս «հետազոտության» իմաստը հասարակությանը Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման իրենց ցանկացած ձևաչափը ներկայացնելն է։

6. «Հետադարձ կապ». Այս գործոնին վերաբերող միջոցառումների առանձնահատկություններից են բարձրաստիճան անձանց մտերմիկ զրույցները փողոցներում, այցերը շրջաններ, ուղիղ կապի միջոցով հասարակության և ԶԼՄ-ի հետ հաղորդակցվելը։ Հաճախ նման շփումները կազմակերպված թատրոնի բնույթ են կրում։ Հայտնի է, օրինակ, որ Ֆրանսիայի նախագահ դը Գոլը երբևէ հարց չի ստացել, որին նախօրոք պատրաստված չի եղել։ Ընդհանրապես, յուրաքանչյուր առաջնորդի աշխատակազմը պատրաստում է իր ղեկավարին հնարավոր հարցերին։ Իսկ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում։ Ադրբեջանական մամուլը լուսաբանում է իր առաջնորդի բազմաթիվ այցերը շրջաններ, որտեղ հիմնական հարցերը և պատասխանները կենտրոնացած են ադրբեջանական ռազմական հաջողությունների և ռազմական ուղիով տարածքների «ազատագրման» վրա։ Նույն ոգով են աշխատում խորհրդարանի ներկայացուցիչները՝ տարբեր երկրներում հակահայկական քարոզչություն տանելով։ Այսպիսով, խաղարկվում է տեղեկատվական պատերազմի այս գործոնը, ցույց է տրվում նախագահի և այլ բարձրաստիճան այրերի մտահոգությունը հասարակության, հատկապես հեռավոր շրջանների բնակիչների նկատմամբ, պատրաստակամությունը՝ տարածքներն ամեն գնով վերադարձնելու գործում։ Դրա վառ օրինակ է հարևան երկրի նախագահի վերջերս կատարած այցը հարավարևմտյան շրջաններ։ ANS գործակալության ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ նախագահն այցելել էր այդ շրջան բժշկական կենտրոնի և ՋԷԿ-ի բացման արարողությանը մասնակցելու նպատակով։ Սակայն ներկայացվածն ամբողջությամբ վերաբերում է Հայաստանի կողմից «գրավված տարածքներին», դրանց ազատագրման առաջնայնությանը, ինչպես նաև դրա արդյունքում հազարավոր փախստականների առկայության հարցերին15։ Միջազգային կազմակերպություններում ադրբեջանական ներկայացուցիչների, ինչպես նաև այլ երկրներ պետական այրերի այցելություններին վերաբերող հայտարարությունները և դրանց լուսաբանումը տեղական մամուլում չեն տարբերվում նրանց տարած աշխատանքից երկրի ներսում։ Trend News գործակալությունը հարցազրույց էր վերցրել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Է.Մամեդյարովից՝ Լատվիա կատարած այցի ժամանակ։ Սակայն այդ այցի վերաբերյալ մանրամասներին տեղեկացնելու փոխարեն՝ լրագրողն անդրադառնում է Հայաստանի ԱԳ նախարարի հետ հնարավոր հանդիպմանը և իր ակնկալիքներին։ Արդյունքում՝ հոդվածում, ինչպես միշտ, նշվում է Հայաստանի «ոչ կառուցողական» դիրքի, միջազգային հանրության դիրքորոշման և Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ Ադրբեջանի անհանդուրժողականության մասին։ Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ հարևան երկրի բարձրաստիճան այրերի այցը և, ընդհանրապես, նրանց հետադարձ կապը հասարակության հետ նպատակ են հետապնդում զգոն պահել հասարակությանը և հիշեցնել «Հայաստանի կողմից տարված» ռազմական գործողությունների վերաբերյալ՝ դրանով իսկ ապահովելով իրենց ազգանվեր աշխատանքի դիմաց ընտրություններին ակնկալվող ձայների առկայությունը։

7. «Պատմության վերագրառում». Այս գործոնն օգտագործվում է ապագա սերնդի ձևավորման և ցանկալի գաղափարախոսության սերմանման նպատակով։ Արհեստականորեն ձևավորված պատմական իրականությունը փոխանցվում է գրքերի, դասախոսությունների, ռադիո և հեռուստատեսության, ԶԼՄ-ի, թատերական ներկայացումների, գեղարվեստական ֆիլմերի օգնությամբ։ Օգտագործելով այս ամբողջ ռեսուրսը՝ կառուցվում է վիրտուալ աշխարհ, որն ընկալվում է որպես իրական։ Արդյունքում՝ մարդն իր իրական կյանքը կարող է ընդունել որպես տհաճ երազ, իսկ այն ամենը, ինչը քարոզվում է, որպես իրականություն։ Անգլիացի կինոռեժիսոր Քեն Լոխը նշել է. «Կարևոր է, որ պատմությունը մենք գրենք, որովհետև նա, ով գրում է պատմությունը, կառավարում է ներկան»16։ Պատմության վերափոխմամբ հնարավորություն է ընձեռվում ներազդել լայն զանգվածների հիշողության վրա։ Այս առումով ադրբեջանական քարոզչությունը հասել է աննախադեպ արդյունքների։ Պատմական կեղծիքներն անհամեմատ շատ են, հնչում են անհեթեթ հայտարարություններ։ Երկրի ողջ տարածքում կատարվում են պատմամշակութային հետազոտություններ, հայտնագործությունները վերագրվում են ադրբեջանական «հնագույն պատմությանը»։ Ոտնձգությունների են ենթարկվում ոչ միայն հայկական հարուստ մշակույթը և հայոց պատմությունը, այլև պարսկական ու վրացական մշակույթները նույնպես։ Այս ամենը կատարվում է պետության օժանդակությամբ և ադրբեջանցի «գիտնականների» մասնակցությամբ։

Այսպիսով, տեղեկատվական պատերազմի գործոնների առկայությունն ադրբեջանական մամուլում հաստատում է այն փաստը, որ Ադրբեջանում տարվում է լուրջ, լայնածավալ և երկարաժամկետ տեղեկատվական պատերազմ ընդդեմ Հայաստանի։ Մեր երկրի մամուլը գրեթե չի անդրադառնում այս խնդրին՝ դրանք կասեցնելու կամ հակահարված տալու նպատակով։ Ժամանակ առ ժամանակ հայտնվում են ադրբեջանական մամուլի այս կամ այն տեղեկատվության հերքումներ։ Սակայն, հաշվի առնելով տեղեկատվության տարածման ծավալները և ինտենսիվությունը, Հայաստանն ակնհայտորեն պարտություն է կրում։ Դա ազդում է նաև Հայաստանի միջազգային վարկանիշի վրա, ինչը լուրջ հետևանքների կհանգեցնի ապագայում։ Տարանջատելով ադրբեջանական և թուրքական հակահայկական տեղեկատվական գործողությունները՝ կարող ենք նշել, որ առաջինի ռազմավարությունը հասցեագրված է ադրբեջանական հասարակությանը՝ ընդդեմ Հայաստանի։ Թուրքիայի վարած տեղեկատվական պատերազմն ընդամենը տարբերվում է նրանով, որ հասցեագրված է Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններին՝ ընդդեմ Հայաստանի։ Սակայն վերջինի ռազմավարությունը և օգտագործվող գործոնները մեկ այլ հետազոտության առարկա են։

1Суровов В., Ледокол-2, Мн., 2004, стр. 167.

2Грачев Г., Мельник И., Манипулирование личностью, М., 2003, стр. 200.

3Live Journal, 27 Novemer, 2007 http://realtymen.livejournal.com/638520.html

4 www.un.org/ga/62/agenda/ps.shtml

5Day.az, www.day.az/news/armenia/105833.html

6Day.az, www.day.az/news/politics/73454.html

7 www.day.az/news/politics/90865.html

8Арансон Э., Пратканис Э. Р., Эпоха пропаганды: механизмы убеждения, повседневное использование и злоупотребление, 2003. стр. 91.

9Армянские вооруженные формирования нарушили режим прекращения огня в Товузском, Физулинском и Агдамском районах, www.day.az/news/politics/103120.html, Вооруженные силы Армении обстреляли позиции Национальной армии Азербайджана, www.day.az/news/politics/102942.html

10ANS, ANS Специальный Репортаж / 13.03.2008 01:06 «Жизнь под пулями» www.ans.az/nid63762.html

11Day.az, www.day.az/news/politics/107744.html

12Day.az, www.day.az/news/politics/44744.html

13Day.az , www.day.az/news/politics/86100.html

14Day.az, www.day.az/news/politics/34414.html

15ANS, www.ans.az/index.php?nid=69311

16Кара-Мурза С.Г., “Манипуляция сознанием”, М., 2006, стр. 201.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր