• am
  • ru
  • en
Версия для печати
17.11.2008

ՀՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Руский

   

Սուրեն Մովսիսյան

informational security (original) Տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները և դրա կարևորությունը դարձել են ՀՀ ամենից շատ քննարկվող ոլորտներից մեկը։ Վրաստանի իրադարձությունները մեկ անգամ ևս ապացուցեցին 21-րդ դարում տեղեկատվական պատերազմի, ռեսուրսների և դրանց օգտագործման մեթոդաբանության անհրաժեշտությունը։ Ի՞նչ հետևությունների պետք է հանգի ՀՀ-ն։ Որո՞նք են այն անհրաժեշտ քայլերը, որ ՀՀ-ն պետք է իրականացնի տեղեկատվական անվտանգությունն ապահովելու համար։

Գաղտնիք չէ, որ ՀՀ-ի դեմ լայնածավալ տեղեկատվական պատերազմ է ընթանում բոլոր հնարավոր միջոցներով։ Բազմիցս քննադատվել են ադրբեջանական տեղեկատվական գործողությունների դեմ ՀՀ պասիվ արձագանքի և համընդհանուր տեղեկատվական դաշտի բացակայության խնդիրները։ Իրադարձությունները Վրաստանում և նրա շուրջ ավելի հստակ պատկերացում են տալիս տեղեկատվական անվտանգության ապահովմանն անհրաժեշտ միջոցների, ռեսուրսների և մեթոդաբանական մոտեցման վերաբերյալ։ Հիմնական շեշտադրումն այն է, որ միայն պատմական փաստերը և ճշմարտությունը ներկայացնելով կարելի է դիմակայել տեղեկատվական պատերազմին, սակայն պետք է ներկայացնել ավելին, քան միայն ճշմարտությունն է։ Հոդվածում հաշվի են առնվել ադրբեջանական տեղեկատվական գործողությունների հիմնական ուղղությունները, դրանց ներկայացման մեթոդաբանությունը, դերակատարները, ինչպես նաև օգտագործվող ռեսուրսները։

Տեղեկատվական գործողությունների հիմնական դերակատարներն են հետազոտական և վերլուծական կենտրոնները, հասարակական կազմակերպությունները և ԶԼՄ-ն, որոնք աջակցություն են ստանում համապատասխան պետական կառույցներից։ Հատուկ տեղ են գրավում ինտերնետային տեղեկատվական գործակալությունները և ցանցային քննարկումները (բլոգերը) տարբեր կայքերում, որոնք պետք է օգտագործվեն տեղեկատվական գործողությունների համար։ Տեղեկատվական գործողություններն իրականացվում են բոլոր ուղղություններով, հանրապետության ներսում և նրանից դուրս, հարցազրույցների, մեկնաբանությունների, հայտարարությունների, վերլուծությունների և դրանց հրապարակման միջոցով՝ համաշխարհային հասարակությանը սեփական դիրքորոշումը ներկայացնելու նպատակով։ Պետական գործիչները նույնպես միջազգային ատյաններում պետք է ներկայացնեն և հաստատեն տարբեր հարցերի վերաբերյալ իրենց դիրքորոշումն իրականացվող տեղեկատվական գործողությունների շրջանակներում։ Այսինքն՝ տեղեկատվական գործողությունը պահանջում է համալիր մոտեցում, որտեղ համակարգող դերը կատարում է պետությունը։

Ինչպե՞ս ծրագրել ՀՀ տեղեկատվական գործողությունները։ Առաջին հերթին անհրաժեշտ է ընդգծել հիմնական բնագավառները, որոնց շուրջ կառուցվելու է ՀՀ տեղեկատվական քարոզչական գործունեությունը։

Ռազմական և ռազմարդյունաբերական ոլորտ. Ադրբեջանական կողմի հայտարարությունները և, այսպես կոչված, «հաջողություններն» այս ոլորտում ոգեշնչում են ոչ միայն իրենց հասարակությանը, այլ նաև ազդում են տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա, ինչն իր հերթին նոր ռազմական պայմանագրերի և համագործակցության ասպարեզ է բացում Ադրբեջանի և այլ երկրների միջև։ ՀՀ տեղեկատվական գործողությունների շարքում պետք է ընդգրկել այս ոլորտի տարբեր մասնագետների (Հայաստանից և արտերկրից) գնահատականները։ Լայն արձագանք պետք է ստանան տարբեր երկրներում այս ոլորտին առնչվող հասարակական լսումները և բանավեճերը՝ Ադրբեջանի հասարակության կարծիքն այդ բնագավառի հանդեպ փոխելու նպատակով։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ռազմական և ռազմարդյունաբերական նվաճումները, նոր պայմանագրերը և համագործակցության հեռանկարները։ Այս ոլորտի հիմնական շեշտադրումը պետք է կատարվի հետևյալ ուղղություններով.

  1. Ռազմական և ռազմարդյունաբերական ծախսերը
  2. Ադրբեջանական բանակում տիրող հոգեբանական վիճակը
  3. Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերը
  4. Մասնակցությունը ռազմաքաղաքական կազմակերպություններում՝ ՆԱՏՕ, ՎՈՒԱՄ, ՍՏՀ1։

Տնտեսական ոլորտ. Այս ոլորտն ընդգրկում է Ադրբեջանի ՀՆԱ, տնտեսական աճը, բյուջեն, արդյունաբերությունը, բանկային համակարգը, սղաճի մակարդակը։ Հիմնական նպատակն է՝ ադրբեջանական և միջազգային հանրությանը ներկայացնել այդ երկրում առկա տնտեսական խնդիրները Հայաստանի շահերի տեսանկյունից։ Հայտնի է, որ Ադրբեջանի տնտեսական աճն ապահովվում է հիմնականում նավթի արտահանման շնորհիվ, այնինչ, տնտեսության այլ հատվածները խոր ճգնաժամի մեջ են։ Անհրաժեշտ է պարբերաբար անդրադառնալ Ադրբեջանի տնտեսական խնդիրներին, այդ երկրի տարածաշրջանային ծրագրերին՝ դրանք դիտարկելով ոչ թե Հայաստանի, այլ տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրի շահերի տեսանկյունից։ Ուշադրության կենտրոնում պետք է լինեն հետևյալ ուղղությունները.

  1. Ադրբեջանի ՀՆԱ բաղադրիչները
  2. ՀՆԱ նավթի արտահանման հատվածի և այլ հատվածների համեմատականը
  3. Տնտեսական աճը
  4. Սղաճը և հետևանքները
  5. Բանկային համակարգը։

Քաղաքական ոլորտ. Հարկ է նշել, որ այս ոլորտը լայն ասպարեզ է բացում տեղեկատվական գործողությունների համար։ Ժողովրդավարության զարգացում և ժողովրդավարական ինստիտուտների կայացում, մարդու իրավունքների պաշտպանություն, ԶԼՄ ազատություն, հասարակական կազմակերպությունների աշխատանք, ազգային փոքրամասնությունների խնդիր, քաղաքական կուսակցությունների կայացում, ընտրությունների թափանցիկություն և արդարություն. սրանք են այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ պետք է ծավալվեն ՀՀ տեղեկատվական գործողությունները։ Յուրաքանչյուր քաղաքական իրադարձություն Ադրբեջանում պետք է քննարկման առարկա դառնա և համապատասխան գնահատականի արժանանա ՀՀ տեղեկատվական գործողություններում ընդգրկված կազմակերպությունների ու անհատների կողմից։ Հիմնական ուղղություններն են.

  1. Ժողովրդավարության զարգացումը և ժողովրդավարական ինստիտուտների կայացումը
  2. Մարդու իրավունքները
  3. Մամուլի ազատությունը
  4. Քաղաքական կուսակցությունների կայացումը
  5. Կոռուպցիան
  6. Ազգային փոքրամասնությունների իրավունքները
  7. Հասարակական կազմակերպությունների դերը
  8. Սփյուռքը։

Բնապահպանության ոլորտ. Հայտնի է, որ Ադրբեջանում չեն պաշտպանվում բնապահպանական հիմնական նորմերը, ինչը հակասում է Ադրբեջանի ստանձնած մի շարք միջազգային պարտավորություններին։ Կասպից ծովի աղտոտվածությունը թույլատրված նորմերը գերազանցում է մի քանի անգամ։ Ավելի ծանր վիճակում են Ադրբեջանով հոսող գետերը։ Լայն քննարկման ասպարեզ է նաև օդի աղտոտվածությունը. հարցն ավելի է սրանում այդ երկրում օրավուր աճող արդյունաբերական, քիմիական, նավթավերամշակման գործարանների, ավտոմեքենաների քանակի ավելացման արդյունքում։ Տեղեկատվական գործունեությունն այս բնագավառում պետք է ընդգրկի նաև Ադրբեջանի և հարևան երկրների սահմանամերձ տարածքների, գետերի, Կասպից ծովի բնապահպանական վիճակի գնահատականը։ Հիմնական նպատակն է՝ հնարավորինս բացասական ներկայացնել բնապահպանական իրավիճակն Ադրբեջանում և դրա վտանգը հարևան երկրների ու ամբողջ աշխարհի համար։ Այսպիսով, բնապահպանական ոլորտին վերաբերող տեղեկատվական գործողությունները հնարավոր է իրականացնել «Ադրբեջանն աղտոտված է» խորագրով և հետևյալ ուղղություններով.

  1. ՀՀ և ԼՂՀ սահմանամերձ շրջանները
  2. Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջանները
  3. Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանամերձ շրջանները
  4. Վրաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջանները
  5. Կասպից ծովը և սահմանամերձ երկրները
  6. Ջրային ռեսուրսները։

Մշակույթի ոլորտ. Այս ոլորտը նույնպես կարևոր բաղադրիչ է ՀՀ տեղեկատվական գործողությունների համար։ Արվեստի, երաժշտության, ինչպես նաև պատմամշակութային ոլորտները շարունակում են մնալ ադրբեջանական ապատեղեկատվության հիմնական կիզակետերը։ Օրինակ, ադրբեջանցիներն իրենց համարում են համաշխարհային հնագույն մշակութային ժառանգության կրող։ Ադրբեջանական աղբյուրները վկայակոչում են ներկայիս Ադրբեջանի և Իրանի տարածքում հնագիտական պեղումներով հայտնաբերված առարկաներ2։ Հատկանշական են հարևան երկրում իրականացվող հնագիտական պեղումները «անցյալում հայերի կողմից կատարված սպանությունների» վերաբերյալ։ Ադրբեջանական քարոզչությունը շատ է կրկնում հատկապես ադրբեջանական մուղամների՝ 2003թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համաշխարհային ժառանգություն ճանաչվելու փաստը։ Հաճախ ներկայացվում է 1994թ. «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ամերիկյան «Օսկարի» արժանացած «Արևից խոնջացածները» ֆիլմը, որի սցենարի հեղինակներից մեկը ադրբեջանցի Ռ.Իբրահիմբեկովն է։ ՀՀ տեղեկատվական գործողությունները պետք է ներկայացնեն հայկական մշակույթի հարուստ ժառանգությունը և ընդգրկեն այս ոլորտին վերաբերող յուրաքանչյուր մասնիկ։ Այս բնագավառին վերաբերող բոլոր իրադարձությունները պետք է հասարակական լայն քննարկման առարկա դառնան։ Այստեղ նույնպես մեծ է հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ դերը։ Ոլորտին վերաբերող յուրաքանչյուր տարր պետք է լուսաբանվի ԶԼՄ-ի կողմից և քննարկման առարկա դառնա ինտերնետային բլոգերում։

Գիտական ոլորտ. Այստեղ նույնպես հայկական կողմն անելիք ունի. բացառիկ առավելություն ունենալով այս ոլորտում՝ հայկական կողմն, այնուամենայնիվ, տեղեկատվական պարտություն է կրում։ Հայ բազմաթիվ գիտնականների, նրանց հետազոտությունների դերն ու նշանակությունը համաշխարհային գիտական մտքի զարգացման գործում դեռևս բացահայտված չեն համաշխարհային լայն հանրության համար։ Ժամանակն է միջազգային հանրությանը ներկայացնել նրանց անունները և հետազոտությունները։ Տարբեր երկրներում պետական հովանավորմամբ իրականացվող «Հայաստանի օրեր» ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ Հայաստանը և նրա անվանի մարդկանց ավելի լայնորեն ներկայացնելու համար։

Այսպիսով, ՀՀ տեղեկատվական գործողությունները ոչ միայն իրական փաստեր և ճշմարտություն, այլև հարձակողական ոճին բնորոշ լրացուցիչ քայլեր պետք է ընդգրկեն, քանի որ հակառակորդը տեղյակ է, թե ինչպես կարելի է հարվածել, ինչպես ստեղծել պատմական փաստերի խառնաշփոթ և հասնել առավելագույն արդյունքի։ Տեղեկատվական գործողությունների շարքում կարող են ընդգրկվել հետևյալ ուղղությունները.

  1. Ադրբեջանի հայտնի մարդկանց ոչ ադրբեջանցի լինելու, նույնիսկ հայկական արմատներ ունենալու մասին լուրերի տարածում՝ սկսած նրանց պատմական հերոսներից, վերջացրած Ն.Նարիմանովով, Ռաջաբովով, ի վերջո՝ Ի.Ալիևով3։ Այս քայլը կսասանի ադրբեջանական քարոզչության դիրքերը և սկիզբ կդնի հասարակության պառակտմանը։
  2. Ադրբեջանի տեղանունների հայկական լինելու մասին ակտիվ քարոզչություն։
  3. Ադրբեջանի նավթի և գազի պաշարների պաշտոնական տվյալների ժխտումը։
  4. Հայերի ռազմական և ռազմավարական առավելությունը՝ սկսած Երկրորդ համաշխարհային պատերազմում մեր զորահրամանատարների թվից, Արցախյան պատերազմում, թշնամու քանակական, դիրքային առավելության պայմաններում, կրած հաղթանակից։
  5. Այսպես կոչված «ադրբեջանական թագավորների» պարսկական ծագումը։

Տեղեկատվական գործողությունների արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ քայլերից է նաև ռադիոկայանների տեղակայումը։ ՀՀ հյուսիսարևելյան շրջանում և Արցախում, սահմանամերձ գոտում հայկական տեղեկատվական ազդեցություն սահմանելու համար անհրաժեշտ է ապահովել ռադիոհաղորդումների հեռարձակում ադրբեջաներենով։ Պետության հովանավորությամբ Ռուսաստանում, Իրանում, Վրաստանում, ինչպես նաև ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում անհրաժեշտ է ապահովել թերթերի տպագրում ադրբեջաներենով՝ ապատեղեկացնելով նոր կազմավորվող ադրբեջանական սփյուռքին։ Այս ամենով հանդերձ՝ ՀՀ տեղեկատվական գործողությունների ամենակարևոր պայմանը հասարակական կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների, ԶԼՄ և պետական կառույցների համալիր գործունեության ապահովումն է։

1Սևծովյան տնտեսական համագործակցություն (Black Sea Economic Cooperation, BSEC)։

2Օրինակ, հնագետները հայտնաբերել են ձիու արձանիկ (Ք.ա. 2-րդ հազարամյակով թվագրված) Իրանի Մակու քաղաքի մերձակայքում, որը միանգամից յուրացվել է Ադրբեջանի կողմից և առիթ տվել իրենց՝ որպես հնագույն ժողովուրդ ներկայացնելու համար։ Մակու քաղաքը ներկայումս բնակեցված է ադրբեջանցիներով։

3Ն.Նարիմանովը և Ռաջաբովը՝ ադրբեջանցի շախմատիստներ են, ունեն հրեական ծագում, իսկ նախագահ Ի. Ալիևը՝ քրդական։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր