«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ» ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ
Հայաստանյան լրատվամիջոցներում եւ հասարակական-քաղաքական գործիչների բառապաշարում վերջերս ավելի հաճախ է օգտագործվում «տեղեկատվական հասարակություն» կամ «գիտելիքի հասարակություն» եզրը։ Այս միտումը վկայում է այն մասին, որ զարգացման ներկա փուլում մեր հանրությունում վերստին ձեւավորվում է դրական վերաբերմունք տեղեկատվության եւ այդ հասկացության մաս կազմող գիտության (գիտելիքի) հանդեպ։ Միեւնույն ժամանակ, վերոնշյալ հասկացությունների բովանդակային ներդրումը մեր իրականություն ենթադրում է հանրության համակարգային փոփոխություն։ Այսինքն` «տեղեկատվական հասարակության» հիմնախնդիրը եւ դրան ուղեկցող բազմաթիվ այլ հարցեր կարիք ունեն փորձագիտական քննարկումների եւ դրանցից բխող նախագծերի իրականացման։
Սակայն այդ ամենը, թերեւս, նպատակահարմար է սկսել շրջանառվող եզրաբանությանը վերաբերող համառոտ պատմական ակնարկից։
«Տեղեկատվական հասարակություն». Այս եզրն առաջին անգամ կիրառել է Տոկիոյի Տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Հայաշին, որը 1969թ. կառավարության պատվերով ուսումնասիրում էր այն տարիներին նոր զարգացող համակարգչային տեխնոլոգիաների ազդեցությունը հասարակության վրա: Ըստ Հայաշիի հետազոտության, կոմպյուտերացումը հնարավորություն է ընձեռում մարդկանց օգտվել տեղեկատվության հուսալի աղբյուրներից, ձերբազատել նրանց ամենօրյա տաղտուկ աշխատանքներից, ապահովել արտադրության ավտոմատացման բարձր մակարդակ: Ենթադրվում էր, որ այդ պարագաներում պետք է փոխվի նաեւ հենց բուն արտադրական գործընթացը. այդ գործընթացի արդյունքը` ապրանքը, պետք է դառնա «տեղեկատվապես ավելի ծավալուն», այսինքն` նրա արժեքի, գնագոյացման մեջ պետք է աճեն նորարարության, դիզայնի եւ մարքեթինգի մասնաբաժինները: Արդյունքում` պետք է ձեւավորվեր մի նոր հասարակություն, որը ճապոնացի պրոֆեսորն անվանեց «տեղեկատվական»։ Այս մոտեցումը զարգացրեց մեկ այլ ճապոնացի` Մասուդան, համաձայն որի` «հասարակության զարգացման շարժիչ ուժն է լինելու ոչ թե նյութական, այլ տեղեկատվական աշխատանքի արդյունքի ստեղծումը»:
«Տեղեկատվական հասարակության» հայեցակարգի հիմնադիրներին բնորոշ էր որոշակի ուտոպիզմ. ըստ նրանց` նման հասարակությունում չէին լինելու դասակարգեր եւ հակասություններ, տիրելու էին ներդաշնակություն ու համերաշխություն, կարիք չէր լինելու պետական մեծ ապարատի եւ այլն։ Միեւնույն ժամանակ, «բարձր» եւ «տեղեկատվական» տեխնոլոգիաների ազդեցությունը հասարակության վրա իրողություն էր, եւ ճապոնացիների գաղափարներն իրենց զարգացումը գտան Դանիել Բելլի 1973թ. հրատարակած «Հետինդուստրիալ հասարակության հարձակումը. սոցիալական կանխագուշակման փորձ» աշխատությունում։
«Հետինդուստրիալ հասարակություն». Ըստ Բելլի` մարդկային հասարակության պատմությունը կարելի է բաժանել ագրարային, ինդուստրիալ եւ հետինդուստրիալ փուլերի։ Վերջինս 20-րդ դարի կեսերի սոցիալական կառուցվածքի փոփոխությունների հետեւանք է. այն որոշիչ սոցիալական ձեւ է լինելու 21-րդ դարում եւ առաջին հերթին` ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ռուսաստանում ու Արեւմտյան Եվրոպայում: Հետինդուստրիալ փուլի համար բնորոշ է անցումը ապրանքարտադրությունից այն ծառայությունների արտադրությանը, որոնք առնչվում են առողջապահության, կրթության, գիտական հետազոտությունների եւ կառավարման հետ: Դա իր հերթին հանգեցնելու է մտավորականության եւ պրոֆեսիոնալների խավի տեսակարար կշռի մեծացմանը հասարակությունում: Որոշումների ընդունման գործընթացի համար կարեւորագույն նշանակություն է ձեռք բերում տեսական գիտելիքների դերը, ինչը ենթադրում է տեսության առաջնությունը էմպիրիզմի նկատմամբ:
Պետք է հատկապես առանձնացնել Բելլի այն կանխատեսումը, որ «հետինդուստրիալ հասարակությունում» տնտեսության եւ այլ ոլորտների զարգացմանը վերաբերող հիմնական որոշումները պետք է ընդունվեն կառավարության կողմից, բայց դրանք պետք է հիմնավորվեն նրանց իսկ կողմից հովանավորվող գիտական հետազոտությունների, մշակումների եւ վերլուծությունների վրա: Արդեն այսօր տեխնոլոգիապես առաջատար երկրներում (մասնավորապես` ԱՄՆ-ում) որոշումները ներքին եւ արտաքին քաղաքականության ոլորտում մեծ չափով ընդունվում են «ուղեղային կենտրոնների» կողմից մշակված նախագծերի հիման վրա:
Հետագայում Դանիել Բելլը զարգացրեց իր տեսությունը եւ միավորեց «հետինդուստրիալ» ու «տեղեկատվական» հասարակություն հասկացությունները։ Համաձայն այդ մոտեցման` «տեղեկատվական հասարակությունը» «հետինդուստրիալ հասարակության» նոր անվանումն է, որը մեկնաբանվում է ոչ թե որպես հասարակության զարգացման հերթականություն (հետինդուստրիալ եւ հետո նոր տեղեկատվական), այլ ընդգծում է հետինդուստրիալ հասարակության հիմնական սոցիալական առանցքը` տեղեկատվությունը:
Գիտական հանրությունը շարունակում է ուսումնասիրել ընթացող «տեղեկատվական պերմանենտ հեղափոխության» ամենատարաբնույթ ազդեցությունները համաշխարհային հանրության վրա։ Այդ համատեքստում, Հայաշիի եւ Բելլի որոշ տեսակետներ ներկայումս կարող են եւ պարզունակ թվալ։ Սակայն մարդկության կենսագործունեության բոլոր ոլորտներում տեղեկատվական գործոնի դերակատարումը միայն աճում է, եւ այդ պատճառով` «տեղեկատվական հասարակություն» հասկացության դասական հիմնադրույթները չեն կորցնում իրենց արդիականությունը եւ հրատապությունը։
Գիտելիք եւ քաղաքականություն. Ակնհայտ է, որ ցանկացած հասարակության կամ պետության զարգացման եւ մրցունակության մակարդակի կարեւորագույն չափանիշներից են տեղեկատվական (գիտական, տեխնոլոգիական) ռեսուրսների քանակը եւ որակը, ինչպես նաեւ դրանք գործնականում կիրառելու կազմակերպչական ունակությունը։ Այս վերջինը խիստ կարեւոր է, եւ այդ իսկ պատճառով կազմակերպչական ռեսուրսները հաճախ ներկայացվում են որպես տեղեկատվական ռեսուրսների բաղադրամաս։ Ակնհայտ է նաեւ, որ հիշատակված գործոնները չէին կարող զերծ մնալ քաղաքականացումից։ Հատկանշական է, որ ամերիկյան ազգային անվտանգության համակարգի հեղինակավոր ներկայացուցիչներից մեկը` գեներալ Վաշինգտոն Պլետը, ռազմավարական հետախուզության ամենագլխավոր նպատակն էր համարում հակառակորդի գիտական ներուժի եւ գիտելիք կրողների վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերումը։ Նման հայեցակարգային մոտեցումներ ունեցող ամերիկյան ընտրանին, բնականաբար, առանձնահատուկ հոգատարություն է ցուցաբերում սեփական մտավոր ռեսուրսների հանդեպ եւ նույնքան ուշադիր է իր մրցակիցների նմանատիպ ռեսուրսների նկատմամբ։ Մասնավորապես, ամերիկացիների հաղթանակը սառը պատերազմում որոշակիորեն պայմանավորված էր գիտելիքների ոլորտում «սովետների» հանդեպ նրանց ունեցած առավելությամբ, որն արտահայտվում էր հատկապես հումանիտար գիտությունների բնագավառում եւ բնագիտության հիմնարար արդյունքները գործնականում կիրառելու կարողությամբ։
Համաձայն մի շարք հետազոտողների` սառը պատերազմին հաջորդող շրջանում ԱՄՆ-ի գլխավոր մտահոգություններից էր խորհրդային բավական հզոր գիտական համակարգի կազմալուծումը։ Պետք է ընդունել, որ իրենց առջեւ դրված այդ ծրագիրը1 ամերիկացիները հաջողությամբ իրագործեցին, եւ եթե Ռուսաստանը (այժմ նրան է հետեւում նաեւ Ղազախստանը) իր ունեցած հսկայական ռեսուրսների միջոցով փորձում է շտկել ստեղծված անմխիթար իրավիճակը, ապա նույնը չի կարելի ասել այլ հետխորհրդային հանրապետությունների, այդ թվում` ՀՀ-ի մասին2։
ՀՀ գիտակրթական ոլորտի վերաբերյալ. Հայտնի է, որ խորհրդային գիտատեխնիկական համակարգում Հայաստանն առաջավոր դիրք էր գրավում։ Պետք է ընդունել, որ մեր հասարակությունն այն ժամանակ անհամեմատ ավելի մեծ հիմքեր ուներ «տեղեկատվական» կոչվելու, քան այսօր։ Ամրագրենք նաեւ, որ մեկնարկային հավասար պայմանների դեպքում գիտակրթական ոլորտում Հայաստանի առավելությունը խորհրդային այլ հանրապետությունների նկատմամբ բացառապես պայմանավորված էր գիտելիքի նկատմամբ ունեցած մեր ավանդական մոտեցումներով եւ, առհասարակ, ազգային յուրահատկությամբ։ Այս վերջին հանգամանքները խիստ կարեւոր են եւ այսօր գրավականն են այն բանի, որ ապագայում ՀՀ-ում կարող է եւ վերականգնվել «գիտելիքի հասարակությունը», որին հասնելուն խոչընդոտում են մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բնույթի գործոններ։
Մասնավորապես, ընդունված է համարել, որ այն երկրներում, որտեղ մեկ շնչին ընկնող տարեկան եկամուտները ցածր են $20000-ից (իսկ ՀՀ-ում նման եկամուտները կազմում են 3000 - 6000$3), դժվար է խոսել «տեղեկատվական հասարակության» մասին, եւ սա օբյեկտիվ իրողություն է։ Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ նյութական ռեսուրսներով ոչ այնքան հարուստ ՀՀ-ում արագացված զարգացումը եւ տնտեսական անհրաժեշտ մակարդակին հասնելը հնարավոր է միայն «տեղեկատվական հասարակությանը» բնորոշ տեխնոլոգիաների միջոցով։ Նման, կարծես թե փակուղային, իրավիճակում պահանջվում են ոչ ստանդարտ կազմակերպչական մոտեցումներ եւ, թերեւս, այնպիսի «ուղեղային կենտրոններ», որտեղ կարող են հղանալ այդ ոչ ստանդարտ գաղափարները եւ համապատասխան նախագծերը։
Միեւնույն ժամանակ, մինչ հայեցակարգային որոշումների ընդունումը պետք է ձգտել նվազագույնը չվատթարացնել գիտելիքների ոլորտում տիրող անմխիթար իրավիճակը։ Օրինակ, ներկայումս բավական մեծ կազմակերպչական (թերեւս, նաեւ նյութական) միջոցներ են ծախսվում գիտության այսպես կոչված «կոմերցիալացման» ուղղությամբ։ Սակայն նման գործընթացը պահանջում է զարգացած գիտաարտադրական ենթակառուցվածք, ինչն այսօր բացակայում է։ Գիտական մենեջմենթի տեսությունից հայտնի է նաեւ, որ եթե հիմնարար հետազոտությունը պահանջում է պայմանական 1 միավոր նյութական ծախսեր, ապա դրա արդյունքների հիման վրա պիլոտային տեխնոլոգիայի ստեղծումը պահանջում է 10 միավոր, իսկ կոմերցիալ ներդրումը` արդեն 100 միավոր նյութական ծախսեր։ Ակնհայտ է, որ այսօր ՀՀ-ում նման գործունեության նախապայմաններ չկան, եւ հիմնարար ոլորտում դեռեւս գործող գիտական հիմնարկներից «կիրառական բնույթի առաջարկությունների» հավաքումը նվազագույնը արհեստական եւ իմիտացիոն բնույթ է կրում։
Նկատենք, որ նման ոչ արդյունավետ միջոցառումները գիտական ոլորտում եզակի չեն, մինչդեռ զարգացումների այս փուլում, թերեւս, նպատակահարմար է կայունացնել իրավիճակը եւ փորձել պահպանել գիտելիք կրողների խիստ նոսրացած հանրությունը, առանց որոնց դժվար է պատկերացնել որեւէ թռիչքային անցում։
Հայաստանում «տեղեկատվական/գիտելիքի հասարակության» ձեւավորման ձգտումը ավելի քան հրատապ է եւ այլընտրանք չունի. զարգացման այլ սցենարներն ակնհայտորեն փակուղային են։ Միեւնույն ժամանակ, այդ ձգտումը պետք է մարմնավորվի տարաբնույթ նախագծերի ստեղծմամբ, որոնց մշակման համար անհրաժեշտ է ներգրավել Հայության ողջ ստեղծագործական ներուժը։
1«Կոնսպիրոլոգիական» հակումներ ունեցող փորձագետները տալիս են անգամ այդ ծրագրի անվանումը` «Արծաթե բանալի» (Silver Key):
2Գիտական համակարգի կազմալուծումից խուսափեցին Բելառուսը եւ բալթյան հանրապետությունները։ Վերջիններս դիտարկվում են որպես Ռուսաստանի դեմ Արեւմուտքի դաշնակից, իսկ Բելառուսի պարագայում որոշիչ նշանակություն ունեցավ նախագահ Լուկաշենկոյի վարած խիստ պահպանողական եւ, միեւույն ժամանակ, ճկուն քաղաքականությունը։
3Թվերի նման տարբերությունը պայմանավորված է տարբեր կազմակերպությունների կողմից կիրառվող հաշվարկային մեթոդների տարբերությամբ։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]