
ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՐՑԵՐ
Ընթացող «ճգնաժամի» վերաբերյալ լրատվական դաշտում կարելի է հանդիպել հոռետեսական կամ լավատեսական, իսկ երբեմն` անգամ «իրատեսական» կանխատեսումների, որոնք ստացվում են «վատ» եւ «լավ» սցենարների պարզունակ համադրումից։ Ապագան նկարագրող այդ սցենարներին դժվար է գնահատական տալ. ճգնաժամային գործընթացները փոխում են արժեքային համակարգերի վերաբերյալ պատկերացումները, ինչն էլ իր հերթին հարաբերական է դարձնում «լավի» կամ «վատի» հասկացությունները։ Նման անորոշություններ պարունակող իրողություններում ազգային ընտրանու ադեկվատ կողմնորոշվելու խնդիրն առաջնային նշանակություն է ձեռք բերում։
Մինչ այդ` փորձենք համառոտ թվարկել ընթացող համակարգային փոփոխությունները.
1. Լիբերալ (ազատական) գաղափարախոսությունը զիջում է գերակայող դիրքերը, եւ ներկայումս առաջատար երկրներում ձեւավորվում է յուրօրինակ բազմագաղափարախոսական դաշտ, որը կազմված է ունիվերսալ (լիբերալ, սոցիալիստական) եւ ազգային գաղափարախոսական դրույթների համադրումից։ Ազգային բաղադրիչն իր մեջ կրում է քաղաքակրթական ինքնուրույն միավորի վերաբերյալ տեղեկատվություն եւ փաստորեն հանդիսանում է տվյալ հանրության մրցունակությունը պայմանավորող գործոն։
2. Նախկին միաբեւեռ ու «գերկազմակերպված» ռազմաքաղաքական համակարգը ձեւափոխվել է բազմաբեւեռի։ Այս փուլում աճել է նոր, այդ թվում` միջուկային բնույթի հակամարտությունների առաջացման հավանականությունը։
3. Նոր իրողություններն ազդել են գլոբալացման երեւույթի վրա։ Այժմ այդ գործընթացը հարուցվում է ոչ թե մեկ, այլ հոգեմտավոր եւ նյութական ռեսուրսների անհրաժեշտ զանգված ունեցող մի քանի քաղաքակրթական կենտրոնների կողմից։ Նման գործընթացը ենթադրում է ե՛ւ կոնվերգենցիա (փոխազդում), ե՛ւ կոնֆրոնտացիա (առճակատում)։ Արդյունքում` մեծանում է գլոբալ «անկարգավորվածության» կամ «քաոսի» մակարդակը եւ զուգահեռաբար կարեւորվում է «քաղաքակրթական երկխոսության» անհրաժեշտությունը։
Վերոնշյալ փոփոխություններն անխուսափելիորեն անդրադառնում են նաեւ հայկական իրողությունների վրա։ Կասկած չի հարուցում, որ այդ նոր տիպի մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ոչ միայն կենտրոնացնել մեր ունեցած միջոցները, այլեւ նոր որակի ռեսուրսներ ստեղծել։ Դրանց շարքում, ըստ մեզ, հատուկ տեղ պետք է գրավեն տարաբնույթ ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների մշակումները։
Միեւնույն ժամանակ, ցանկացած ռազմավարություն ենթադրում է ելակետային իրադրության վերաբերյալ հստակ պատկերացումներ։
Հայաստան–Հայություն համակարգի բնութագիրը
Ակնհայտ է, որ վերոնշյալ խնդիրների համատեքստում մեր մրցունակությունը հնարավոր է ապահովել միայն ՀՀ, ԼՂՀ եւ Հայության ռեսուրսների համախմբման պարագայում։ Պետք է նկատի ունենալ, սակայն, որ այդ ռեսուրսների մի զգալի, եթե ոչ հիմնական, մասը պատկանում է արտերկրում բնակվող հայերին, որոնց մի մասը տարադավան է ու տարալեզու։ Կախված բնակության երկրից` տարբեր են նաեւ հայերի աշխարհաքաղաքական կողմնորոշումները։ Տեղեկատվական (հաղորդակցման) տեսանկյունից` որոշակի բարդություններ է առաջացնում նաեւ «արեւելահայերենի» եւ «արեւմտահայերենի» միջեւ եղած տարբերությունը։ Հաշվի առնելով այս ամենը` անհրաժեշտ է փաստել, որ այսօր Հայության հիմնական կառուցողական եւ համախմբող գաղափարը հայկական քաղաքակրթական – պատմական ընդհանրությունն է1:
Դրան զուգահեռ, հարկ է գիտակցել, որ հայկական քաղաքակրթությունը, ինչպես արդեն նշեցինք, համասեռ չէ, եւ նրա տարբեր հատվածների աշխարհընկալումն ու նույն այդ քաղաքակրթության վերաբերյալ պատկերացումները երբեմն տարբեր են։ Այսինքն` այդ չափանիշներից ելնելով, մեր քաղաքակրթությունը հարում է այսպես կոչված «մասնատված քաղաքակրթություններին», որոնց փլուզման հնարավորությունը, ինչպես հայտնի է, բարձր է։
Այսպիսով, առկա է փոքր-ինչ պարադոքսալ իրադրություն. ձեւավորվող նոր պայմաններում մեր զարգացման եւ հարատեւման միակ երաշխիքը համախմբված քաղաքակրթական միավոր լինելն է, սակայն այդ քաղաքակրթության ներկայիս իրավիճակն օբյեկտիվորեն պարունակում է կազմալուծման զգալի ռիսկեր։
Ամրագրելով նշված մարտահրավերների օբյեկտիվ բնույթը` պետք է, սակայն, չմոռանալ, որ ցանկացած ճգնաժամային, «բացասական» իրադրություն պարունակում է նաեւ նոր հնարավորություններ։ Մասնավորապես, Հայության բազմազանությունը կարող է ի նպաստ դրվել մեր ազգային շահերին. օրինակ, ներկայիս քաղաքակրթական առճակատման պայմաններում, մեր տարադավան-տարալեզու հատվածները կարող են կատարել յուրահատուկ առաքելություն եւ վերածվել Հայության շահերն իրականացնողների այլ աշխարհաքաղաքական եւ մշակութային գոտիներում։ Սակայն ակնհայտ է, որ նման ռազմավարության իրագործումը հնարավոր է միայն ազգային կազմակերպվածության բարձր մակարդակ ունենալու պարագայում։
Ցանցակենտրոն համակարգի մասին
Հայության կազմակերպման խնդիրներին այսօր անհամեմատ ավելի շատ է ուշադրություն դարձվում, քան նախկինում։ Մասնավորապես, հրապարակումներում հաճախ կարելի է հանդիպել այն մտքին, թե ազգային կազմակերպման ամենաարդյունավետ միջոցը «ցանցակենտրոն կառավարման» համակարգի ձեւավորումն է։ Միեւնույն ժամանակ, տպավորությունն այնպիսին է, որ երբեմն այդ հասկացողությունը փոքր-ինչ պարզունակ է ընկալվում։ Այս տեսանկյունից ավելորդ չէ համառոտ անդրադառնալ քաղաքական այդ տեխնոլոգիայի ձեւավորման պատմությանը եւ էությանը։
«Ցանցակենտրոն պատերազմների» հայեցակարգը ստեղծվել է նախորդ դարի 90-ականների վերջին` ամերիկյան ՌԵՆԴ կորպորացիայի աշխատակիցներ Ջ.Աքվիլի եւ Դ.Ռոնֆելտի կողմից։ Որպես ելակետ ընդունվել է այն դրույթը, որ տեղեկատվական հասարակարգում պետության (հանրության) հզորությունը, առաջին հերթին, կախված է իրազեկվելու, տեղեկատվություն ստանալու նրա հնարավորությունից, դրանց համապատասխան արձագանքելու ունակությունից։ Ըստ հեղինակների պատկերացումների, «ցանց» հասկացողությունը ենթադրում է հրաժարվել ինդուստրիալ հասարակարգին բնորոշ «կենտրոն–ծայրամաս» հիերարխիկ կառավարման մեթոդից եւ ձեւավորել հստակ կառուցվածք չունեցող, այսինքն` ոչ ստրուկտուրիզացված համակարգ, որը ենթարկվում է ինքնազարգացման եւ ոչգծային գործընթացների տրամաբանությանը։ Նման համակարգում բացակայում է «կենտրոնը», սակայն համակարգը կազմող օղակներից յուրաքանչյուրն իր վրա կարող է վերցնել ղեկավարող «կենտրոնի» գործառույթները։
ՌԵՆԴ-ի առաջարկած հայեցակարգը գրավեց ռազմական ստրատեգների (Դ.Ռամսֆելդ, Փ.Վուլֆովից եւ այլք) ուշադրությունը, ու շատ արագ այդ կոնցեպտի գործնական ներդրումով սկսեցին զբաղվել բազմաթիվ «ուղեղային կենտրոններ»։ Պենտագոնում հիմնադրվեց «Զինված ուժերի ձեւափոխման» դեպարտամենտը, որը, ելնելով ցանցային պատերազմների սկզբունքներից, իրագործում է ամերիկյան զինուժի բարեփոխումները եւ կատարում նոր մշակումներ։ Վերջիններից առանձին ուշադրության է արժանի «էֆեկտների վրա հիմնված գործողությունների» դոկտրինը, որը սահմանվում է որպես «գործողությունների համախումբ` ուղղված բարեկամների, չեզոք ուժերի եւ թշնամիների վարքագծի մոդելի ձեւավորմանը խաղաղության, ճգնաժամի ու պատերազմի պայմաններում»։
Այսպիսով, «ցանցակենտրոնության» հայեցակարգը ներկայացնում է.
- բարձր մտավոր ռեսուրսների տիրապետող համակարգ, որի բաղադրիչներն ունակ են լիարժեք իրազեկվել եւ արագ ու ադեկվատ արձագանքել ստացած տեղեկատվությանը,
- պատերազմական իրավիճակի (լայնորեն մեկնաբանելով այս հասկացությունը եւ նկատի չունենալով զուտ ռազմական գործողությունները) գիտակցություն եւ համապատասխան հոգեբանություն ու գործելաոճ։
Որոշ հետեւություններ
Այս ամենից հետեւում է, որ կազմակերպման եւ կառավարման «ցանցակենտրոն» տեխնոլոգիաների իրագործումը Հայությունից պահանջում է մտավոր-կազմակերպչական ռեսուրսների կրիտիկական զանգված եւ հոգեւոր-հոգեբանական մարտական պատրաստվածություն։ Ակնհայտ է, որ այդ ռեսուրսներին տիրապետելու եւ դրանք համապատասխանորեն կիրառելու համար անհրաժեշտ է համապատասխան ունակություններ ունեցող մտավոր ընտրանի։ Բնորոշ է, որ հանրահայտ բրիտանացի քաղաքագետ Առնոլդ Թոյնբին հենց այդ «ստեղծագործ փոքրամասնության» առկայությամբ էր պայմանավորում քաղաքակրթությունների հարատեւումը։
1Այս առիթով նկատենք, որ Հայության վերաբերյալ պատկերացումների նեղացման փորձը` ներկայացնելով այն ոչ թե քաղաքակրթական միավոր, այլ զուտ որպես միատարր էթնոդավանական համախումբ, միանշանակորեն հակասում է մեր ազգային շահերին:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]