• am
  • ru
  • en
Версия для печати
18.07.2009

ՋԱՎԱԽՔԸ ՎՐԱՑԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ

   

Վահրամ Հովյան

Javakhk (medium)Հայաստանի հյուսիսային սահմաններին հարակից, հայահոծ բնակչությամբ Ջավախքի շուրջ այսօր տեղի են ունենում նաև տեղեկատվական գործընթացներ: Տեղեկատվության և քարոզչության միջոցով Ջավախքի հիմնախնդիրներով շահագրգիռ կողմերը փորձում են մի կողմից արտահայտել իրենց դիրքորոշումներն այդ խնդիրների նկատմամբ, իսկ մյուս կողմից` ձևավորել համապատասխան տրամադրություններ թե՛ սեփական հասարակությունների, թե՛ միջազգային հանրության շրջանում: Քանի որ Ջավախքը վարչականորեն գտնվում է Վրաստանի սահմաններում, ապա վերջինս նրա հիմնախնդիրներով շահագրգիռ կողմերից է։ Վրացական տեղեկատվական դաշտում Ջավախքի վերաբերյալ հրապարակված նյութերի վերլուծությունը թույլ է տալիս պատկերացում կազմել հայահոծ այդ տարածաշրջանի նկատմամբ Վրաստանի քաղաքականության, ինչպես նաև հասարակական տրամադրությունների մասին:

Ջավախքի շուրջ վրացական տեղեկատվական դաշտի որոշ առանձնահատկություններ

Ջավախքի շուրջ վրացական տեղեկատվությունն ունի իրեն հատուկ գծերը, որոնցով տարբերվում է հայերի նկատմամբ այլ, մասնավորապես` ադրբեջանական քարոզչությունից: Հայաստանի և Հայության նկատմամբ ադրբեջանական քարոզչությունից վրացական քարոզչությունը տարբերվում է հետևյալ երկու հիմնական առանձնահատկություններով.

1. Եթե հայկական թեմաները ադրբեջանական տեղեկատվական դաշտում գերակշռում են` զբաղեցնելով առաջնային դիրք, ապա վրացական տեղեկատվական դաշտում հայկական (այդ թվում նաև` Ջավախքի) թեմաները առաջնայնություն չունեն: Վրացական տեղեկատվական դաշտում ակնհայտ գերակշռություն ունեն Աբխազիայի, Հարավային Օսիայի, ռուս-վրացական հարաբերությունների, ինչպես նաև վրացական ներքաղաքական դրության վերաբերյալ նյութերը: Այդ է պատճառը, որ եթե ադրբեջանական տեղեկատվությունը գրեթե ամենօրյա հաճախականությամբ անդրադառնում է հայկական թեմաներին, ապա վրացական տեղեկատվական դաշտում հայկական թեմաները շատ ավելի հազվադեպ են հանդիպում:

Դրա պատճառն այն է, որ եթե Ադրբեջանը տեղեկատվական պատերազմում ունի հիմնական ճակատ (հայկական) և ողջ ռեսուրսները կենտրոնացրել է այդ ճակատում, ապա Վրաստանի դրությունն այս առումով շատ ավելի բարդ է: Վրաստանը տեղեկատվական պատերազմում ստիպված է պայքարել մի քանի` աբխազական, օսական, ռուսական և այլ ճակատներով: Հետևաբար, աբխազական, օսական և ռուսական թեմաների համեմատությամբ հայկական թեմաներն ավելի քիչ տեղ են զբաղեցնում վրացական տեղեկատվական դաշտում:

Ջավախքին վերաբերող նյութերը հաճախ օգտագործվում են ռուսների դեմ տեղեկատվական պատերազմում: Այսինքն` վրացական տեղեկատվական դաշտում Ջավախքի մասին հրապարակումների նպատակը հաճախ ոչ թե հայկական, այլ ռուսական կողմի նկատմամբ քարոզչությունն է: Այլ կերպ ասած` Ջավախքը որպես թեմա կամ գործիք օգտագործվում է Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմում:

2. Եթե ադրբեջանական տեղեկատվական դաշտը հագեցած է միայն հակահայկական բովանդակությամբ հրապարակումներով, ապա նույնը միանշանակորեն չի կարելի ասել վրացական տեղեկատվական դաշտի մասին: Այստեղ Ջավախքի վերաբերյալ, բացի հակահայկական բովանդակությամբ նյութերից, զգալի տեղ ունեն նաև ռացիոնալ և կառուցողական մոտեցումները: Պատճառն առաջին հերթին այն է, որ հայ-վրացական հարաբերությունները այնքան լարված չեն, որքան հայ-ադրբեջանականը: Թեև հայ-վրացական հարաբերություններում որոշակի լարվածության առկայությանը, շարունակվում են պահպանվել դիվանագիտական, տնտեսական, մշակութային և այլ կապերը, ինչը ստեղծում է առկա հիմնախնդիրները խաղաղ և փոխշահավետ տարբերակով լուծելու ռեսուրս:

Ջավախքի շուրջ հակահայկական բովանդակությամբ հրապարակումները վրացական տեղեկատվական դաշտում

Վրացական լրատվամիջոցների հակահայկական բովանդակությամբ հրապարակումներում Ջավախքը ներկայացվում է որպես անջատականության օջախ, որտեղ տիրում է հայկական էթնիկ ազգայնականությունը: Ջավախքում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մեկնաբանվում են հենց այդ լույսի ներքո:

Այսպես, 2008թ. հոկտեմբերի 1-ին www.newsgeorgia.ru կայքէջը հրապարակել է «Երևան-Բաթում ճանապարհը կհանգեցնի անջատականության – Նաթելաշվիլի» վերտառությամբ հոդվածը, որտեղ ներկայացվում է Վրաստանի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շ.Նաթելաշվիլու մամուլի ասուլիսի` հիշյալ հիմնախնդրին վերաբերող հատվածը: Հրապարակված նյութի հաղորդմամբ` Շ.Նաթելաշվիլին գտնում է, որ Հայաստանի և Վրաստանի նախագահների միջև ձեռք բերված համաձայնությամբ կառուցվելիք Երևան-Բաթում ավտոմայրուղին կարող է հանգեցնել Վրաստանի ևս մեկ հատվածի կորստին (նկատի ունի Սամցխե-Ջավախքը, քանի որ կառուցվելիք ավտոմայրուղին անցնելու է այդտեղով): Նաթելաշվիլին համեմատել է կառուցվելիք ավտոմայրուղին Ռոկյան թունելի հետ, որը Հարավային Օսիան կապում է Ռուսաստանին: Ըստ Նաթելաշվիլու` Մ.Սահակաշվիլին փորձում է Վրաստանի համար ստեղծել երկրորդ Ռոկյան թունել և հող նախապատրաստել Վրաստանի ևս մեկ տարածաշրջանում անջատականության համար: Նաթելաշվիլու համոզմամբ` շուտով այնտեղ բռնկվելու է բարդ և ահարկու անջատականություն1:

Բացի հրապարակված նյութի հակահայկական բովանդակությունից, ակնհայտ է ևս մեկ բան: Հրապարակված հոդվածում ջավախքյան հիմնախնդիրը շահարկման առարկա է Վրաստանի ներքաղաքական հարաբերություններում: Ընդդիմադիր կուսակցության առաջնորդի կողմից Ջավախքը շահարկվում է նախագահ Մ.Սահակաշվիլու դեմ պայքարում:

2007թ. օգոստոսի 6-ին վրացական www.apsny.ge կայքէջը հրապարակել էր «Ընտրության ազատություն» համաղրիմյան հասարակական միավորում վրացական կազմակերպության դիմումը` ուղղված Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլուն և խորհրդարանի նախագահ Ն.Բուրջանաձեին։ Դիմումի մեջ մտահոգություն էր արտահայտվում Սամցխե-Ջավախքում տիրող իրավիճակի շուրջ։ Նշվում էր, որ վրացական իշխանությունները պատշաճ ուշադրություն չեն դարձնում Վրաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող այն լուրջ վտանգի վրա, որը գալիս է Սամցխե-Ջավախքում տիրող հայկական ազգայնականությունից և անջատականությունից։ Սամցխե-Ջավախքում գործող հայկական կազմակերպությունները` Վիրք, Ժողովրդավարական դաշինք, Միասնական Ջավախք, Դաշնակցական միավորումներ և այլն, ծավալում են Վրաստանի ներքին դրությունն ապակայունացնելու և այն մասնատելուն նպատակաուղղված ակտիվ գործունեություն։ Համաձայն դիմումի` հայկական այդ կազմավորումների նպատակն է պատմականորեն վրացական տարածք հանդիսացող Սամցխե-Ջավախքի անջատումը Վրաստանից, իսկ այնուհետև` նրա միավորումը Հայաստանին։

Դիմումում նշվում է, որ հայկական ազգայնականությունը, ճնշում գործադրելով տարածաշրջանում բնակվող այլազգի ներկայացուցիչների վրա, ձգտում է նրանց դուրս մղել տարածաշրջանից` այնտեղ միայն հայերից բաղկացած համասեռ բնակչության կազմ հաստատելու նպատակով։ Որպես փաստ դիմումում հիշատակվում է, որ Գորելովկա գյուղի ռուս հոգեմարտիկները (դուխոբորները) իբրև թե հայ ազգայնականների ճնշման տակ աստիճանաբար հեռանում են իրենց բնակավայրից։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է դիմումի մեջ, Լիբանանից, Սիրիայից, Թուրքիայից, Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև բուն Հայաստանից հայկական ընտանիքներ են տեղափոխվում Սամցխե-Ջավախք։ Տարածաշրջանի խաղաղության և կայունության համար, ըստ դիմումի, լուրջ սպառնալիք են հանդիսանում իբրև թե Գանձա գյուղում ձևավորված հայկական անօրինական զինված խմբավորումները։ Միաժամանակ կատարվում է ակտիվ քարոզչական աշխատանք Սամցխե-Ջավախքը որպես պատմական հայկական տարածք ներկայացնելու ուղղությամբ։

Ուկրաինայի վրացիները վերոհիշյալ դիմումում պահանջում են Վրաստանի իշխանություններից կտրուկ և վճռական քայլերի դիմել` Սամցխե-Ջավախքում հայկական ազգայնականությանն ու անջատականությանը վերջ դնելու համար։ Այնուհետև նրանք հանդես են գալիս բացահայտ ազգայնամոլական և հակահումանիստական պահանջով. արմատապես փոխել Սամցխե-Ջավախքի ժողովրդագրական պատկերը և այնտեղ հաստատել վրացի բնակչության մեծամասնություն։

Դիմումը նաև կոչ է անում վրաց իշխանություններին փոխել քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Ժամանակին Վրաստանը իբրև թե ձեռնպահ մնաց Հայաստանին տնտեսապես և քաղաքականապես մեկուսացնելու Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրի իրականացումից։ Դրան ի պատասխան Հայաստանում իբրև թե պետական քաղաքականության մակարդակի է հասցված հակավրացական քարոզչությունը, պաշտոնական Երևանն իբր աջակցում է Սամցխե-Ջավախքում հայկական ազգայնականությանն ու անջատականությանը։ Ուստի, պաշտոնական Թբիլիսին պետք է որոշակի ուղղումներ մտցնի Հայաստանի նկատմամբ քաղաքականության մեջ2։

Ինչ վերաբերում է Ջավախքում վերջին շրջանում հայ ակտիվիստների ձերբակալություններին և նրանց նկատմամբ իրականացվող դատական հետապնդումներին, ապա վրացական տեղեկատվությունը ձերբակալված հայ գործիչներին պիտակավորում է որպես ազգայնամոլ կամ հանցագործ։ Օրինակ` www.apsny.ge կայքէջը 2008թ. նոյեմբերի 10-ին, անդրադառնալով հայ գործիչների (Գուրգեն Շիրինյան, Վահագն Չախալյան և այլն) դատավարությանը, հրապարակման վերնագրում նրանց անվանում է ազգայնականներ3։ Իսկ www.medianews.ge կայքէջը 2009թ. փետրվարի 24-ի հրապարակման մեջ վկայակոչում է Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեին, ըստ որի` հունվարի 22-ին ձերբակալված Վրաստանի քաղաքացիները (Գրիգոր Մինասյանը և Սարգիս Հակոբջանյանը) ձերբակալվել են ոչ թե այն պատճառով, որ հայ են, այլ կատարել են հանցագործություն4։

Վրացական լրատվամիջոցներում Ջավախքի մասին հրապարակումների հակահայկական բնույթը երևում է նաև մեկ այլ հանգամանքով: Վրացական հրապարակումներում նկատվում է միտում՝ խուսափելու ջավախահայությանը որպես տարածաշրջանի բնիկ բնակչություն ներկայացնելուց: Ջավախահայությանն ավելի շուտ ներկայացնում են որպես «հայկական սփյուռք»:

Այսպես, օրինակ, www.newsgeorgia.ru կայքէջը վերոհիշյալ հրապարակման մեջ, խոսելով Սամցխե-Ջավախքի բնակչության մասին, գրում է հետևյալը. «Սամցխե-Ջավախք տարածաշրջանում (հարավային Վրաստան) կոմպակտ կերպով բնակվում է հայկական սփյուռք»5: Մեկ այլ վրացական կայքէջ` www.geotimes.ge, 2007թ. հուլիսյան հրապարակումներից մեկում գրում է. «Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի տարածաշրջաններում կոմպակտ կերպով բնակվում են հայկական և ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները»6։ Իսկ www.civil.ge կայքէջը 2003թ. հունիսի 30-ին, լուսաբանելով Հայաստանի նախագահ Ռ.Քոչարյանի այցը Վրաստան, գրում է հետևյալը. «Հայաստանի նախագահը պատրաստակամություն հայտնեց օգնելու Վրաստանի հայերին, մասնավորապես` հայկական սփյուռքին Ջավախքում»7։

Ջավախքյան խնդիրը Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմում

Վրացական քարոզչությունն ի սկզբանե օգտագործել է ջավախքյան խնդիրը ռուսների դեմ տեղեկատվական պատերազմում: Ռուսաստանի դեմ քարոզչապայքարում ջավախքյան խնդրի արծարծումն ունի իր պարզ տրամաբանությունը. Ռուսաստանը ներկայացվում է որպես ագրեսոր, որի նպատակն է ապակայունացնել, մասնատել Վրաստանը: Այդ նպատակին հասնելու համար, համաձայն վրացական հրապարակումների, Ռուսաստանն օգտագործում է Վրաստանի էթնիկ փոքրամասնություններին: Հետևաբար, Ջավախքում տեղի ունեցող խմորումներն ու ապակայունացման դրսևորումները կապվում են ռուսական հատուկ ծառայությունների գործունեության հետ: Ըստ վրացական տեղեկատվական դաշտում առկա որոշ հրապարակումների` Ռուսաստանն է դրդում ջավախքցիներին հանդես գալ ինքնավարության, հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու և այլ պահանջներով:

Ջավախքյան գործոնի արծարծումը Ռուսաստանի դեմ քարոզչական պատերազմում ավելի ակնհայտ դարձավ 2008թ. օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո: Այսպես, 2008թ. նոյեմբերի 28-ին, ելույթ ունենալով օգոստոսյան դեպքերը հետաքննող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի առաջ, Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլին Ջավախքի առնչությամբ նշեց, որ պատերազմի ընթացքում ռուսական բարձրաստիճան պաշտոնյաներ էին այցելում Երևան` փորձելով համոզել Հայաստանին օգնելու իրենց Սամցխե-Ջավախք տարածաշրջանում լարվածություն առաջ բերելու գործում: Սակայն ռուսներին, ըստ Սահակաշվիլու, չհաջողվեց դա անել8: Թե ինչ փաստերի վրա էր հիմնված իր այդ հայտարարությունը՝ Մ.Սահակաշվիլին այդպես էլ չպարզաբանեց:

Վրաստանի նախագահի պարզաբանումները խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին լայն արձագանք գտան վրացական լրատվամիջոցներում:

2009թ. հունվարին վրացական www.abkhazeti.info և www.medianews.ge կայքէջերը հրապարակեցին մի նյութ, որտեղ փորձ է արվում ցույց տալ, որ Ռուսաստանը դրդում է Հայաստանին ռազմական գործողություններ սկսել Վրաստանի դեմ: Ըստ հրապարակված նյութի` 2008թ. վերջին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Հայաստանը Ռուսաստանից ստացել է մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենք: Այնուհետև Ռուսաստանի պաշտպանության նախարար Ա.Սերդյուկովը ստիպված է եղել պարզաբանել իր ադրբեջանցի պաշտոնակցին, որ Հայաստանին տրամադրված զենքը նախատեսված է այլ նպատակների համար և չի օգտագործվի Ադրբեջանի դեմ: Այս առնչությամբ հոդվածում հարց է բարձրացվում. արդյոք Ադրբեջա՞նը պետք է մտահոգվի Հայաստանին տրամադրված զենքից, թե՞ Վրաստանը:

Հրապարակված նյութը հաղորդում է, որ 2008թ. հոկտեմբերից Ռուսաստանը համառորեն փորձում է համոզել Երևանին ակտիվություն ցուցաբերել ջավախքյան խնդրում: Իսկ ավելի կոնկրետ` Մոսկվան դրդում է Հայաստանի իշխանություններին ուղղակի պատերազմական գործողություններ սկսել Վրաստանի դեմ: Ըստ հրապարակված նյութի` 2009թ. հունվարի սկզբին ռուսական հատուկ ծառայությունները Հայաստանի իշխանություններին են փոխանցել «սև փաստաթուղթ», որտեղ հիմնավորվում է, որ 2009 թվականը լավագույն ժամանակն է ջավախքյան խնդիրը լուծելու համար:

Ինչպես հաղորդում է վերոհիշյալ հրապարակումը, Հայաստանի իշխանությունները ռուսական առաջարկության վերաբերյալ չեն ծավալել ներքին քիչ թե շատ լուրջ քննարկում: Բացի այդ, պաշտոնական Երևանը ձեռնպահ է մնում այն ծայրահեղական ուժերի հետ շփումներից, որոնք գործունեություն են ծավալում Ջավախքում: Միևնույն ժամանակ, հրապարակված նյութը նշում է, որ, այնուամենայնիվ, դժվար է ասել, թե որքան կդիմանա պաշտոնական Երևանը Ռուսաստանի, ինչպես նաև հայկական սփյուռքի ճնշումներին: Վերջում տեղեկանքի ձևով նշվում է, որ ներկայումս Սամցխե-Ջավախքում գործում են մոտ 15 հայկական հասարակական և բարեգործական կազմակերպություններ: Դրանց առաջնորդների մեծ մասը նախկինում` 1990-ական թթ., Ռուսաստանում զբաղվել է բիզնեսով: Սակայն 2000թ. նրանք եկել են Ջավախք և սկսել զբաղվել բարեգործությամբ: Հրապարակումը սարկազմով եզրափակում է, որ նրանցից ոմանք բացել են պարի դպրոցներ, որտեղ, սակայն, հայ երիտասարդներին սովորեցնում են կրակել9:

Իսկ www.apsny.ge կայքէջը 2009թ. մարտի սկզբին, անդրադառնալով Երևանում Վրաստանի դեսպանատան առջև տեղի ունեցած ցույցին, վկայակոչում է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակակիա Մինաշվիլուն, ըստ որի՝ «մարդկանց որոշակի խումբ ռուսական հատուկ ծառայությունների աջակցությամբ փորձում է ինչ-որ բան հրահրել, սակայն այդ ուղղությամբ որևէ տեղաշարժ չի նկատվում»10։ Ակակիա Մինաշվիլին նշել է նաև, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա են բարիդրացիական և կառուցողական հարաբերություններ, իսկ Սամցխե-Ջավախքում յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր էթնիկ պատկանելությունից, ապրում է խաղաղ և հանգիստ11։

Վրացական megianews.ge կայքէջը 2009թ. մարտի 13-ի հրապարակման մեջ նշում է, որ մարտի 10-ին Հայաստան է ժամանել ռուսական հատուկ պատվիրակություն` համոզելու պաշտոնական Երևանին, որ ներկայումս Վրաստանը թույլ է, իշխանությունները չեն վերահսկում երկրի տարածքները, ուստի եկել է ժամանակն ակտիվանալու վրացական ուղղությամբ։ Համաձայն հրապարակման` պատվիրակությունը կազմված է եղել այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներից, ինչպիսիք են ՌԴ զինված ուժերի սպառազինությունների ծառայության ղեկավար Վլադիմիր Պոպովինը, պաշտպանության փոխնախարար Դմիտրի Չուշկինը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Սերգեյ Բուրավլյովը և արտաքին գործերի նախարարի տեղակալներ Ալեքսանդր Սալտանովն ու Վլադիմիր Տիտովը։ Հրապարակման մեջ նշվում է, որ եթե Երևանը սադրանքի գնա Վրաստանի նկատմամբ, ապա դա կհանգեցնի վերջինիս կողմից սանկցիաների կիրառմանը, իսկ դա ոչ այլ ինչ է, քան Հայաստանի շրջափակում։ Իսկ Հայաստանի շրջափակումը մտնում է Ռուսաստանի պլանների մեջ, քանի որ վերջինս, վկայակոչելով հայ-ռուսական պայմանագիրը, ձեռնամուխ կլինի իր դաշնակցի ապաշրջափակմանը12։

Ջավախքի ինտեգրման խնդիրները վրացական լրատվամիջոցներում

Ջավախքի վերաբերյալ ռացիոնալ մոտեցումները վրացական տեղեկատվական դաշտում վերաբերում են հիմնականում այդ երկրամասի ինտեգրման խնդրին: Գերիշխում է այն մտայնությունը, որ Ջավախքի հետ կապված բոլոր հիմնախնդիրները բխում են Վրաստանի շրջանակներում վերջինիս թույլ ինտեգրվածությունից: Այդ կերպ Ջավախքը ներկայացվում է որպես ոչ թե ազգայնականության կամ անջատականության օջախ, այլ Վրաստանի կազմում թույլ ինտեգրված շրջան, ինչից էլ բխում են մյուս հիմնախնդիրները` լեզվական, սոցիալ-տնտեսական և այլն: Հետևաբար, Ջավախքի հիմնախնդիրների լուծման բանալին Վրաստանի կազմում նրա թույլ ինտեգրվածության հաղթահարումն է:

2005թ. դեկտեմբերին http://www.apsny.ge կայքէջում հրապարակվեց «Սամցխե-Ջավախքում չկա անջատականություն» վերտառությամբ հոդվածը: Հրապարակման մեջ հաղորդվում է այն մասին, որ Մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը ԵԱՀԿ աջակցությամբ Սամցխե-Ջավախքում իրականացնում է «Ազգամիջյան հարաբերությունների կառավարումը Սամցխե-Ջավախքում» նախագիծը: Ինչպես հաղորդում է հրապարակումը, մեկ տարվա ինտենսիվ աշխատանքը պարզ ցույց է տալիս, որ «Ջավախքում չկա անջատականության որևէ նշան, թեև կան հսկայական քանակությամբ խնդիրներ, որոնց լուծումը պետք է իրականանա կառուցողական և քաղաքակիրթ մեթոդներով»13:

Ըստ հրապարակման` նախագծի կարևորագույն ձեռքբերումներից է «Ազգամիջյան հարաբերությունների էթիկայի վարքականոնի» մշակումը, որի կիրառումը կնպաստի առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծմանն ու Սամցխե-Ջավախքի ինտեգրմանը Վրաստանի կազմում: Հրապարակման մեջ ներկայացվում է վերոհիշյալ վարքականոնի տեքստն ամբողջությամբ, որից կարելի է առանձնացնել հետևյալ մի քանի դրույթները.

  • վրացի և հայ քաղաքացիները պարտավոր են հարգանքով վերաբերվել միմյանց և այլոց լեզվական, կրոնական, պատմամշակութային և այլ արժեքներին: Միասին նրանք պետք է հոգ տանեն այդ արժեքների բազմազանության պահպանման, ինչպես նաև էթնոսների միջև երկխոսության զարգացման մասին:
  • Վրաստանի քաղաքացիները պարտավոր են օգնել էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչներին (տվյալ դեպքում` հայերին) պետական լեզուն յուրացնելու հարցում, որպեսզի նրանք ունենան աշխատանքի անցնելու և մասնագիտական ինքնաիրականացման, ինչպես նաև երկրի կյանքին լիարժեք մասնակցելու հնարավորություն: Միևնույն ժամանակ, Վրաստանի քաղաքացիները չպետք է խտրականության ենթարկեն հայ բնակչության ներկայացուցիչներին կենցաղային կամ պետական մակարդակներում:
  • Սամցխե-Ջավախքում բնակվող վրացի և հայ քաղաքացիները միասին պետք է հոգ տանեն տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման մասին:
  • Վրացի և հայ քաղաքացիները պետք է առաջնորդվեն այնպիսի արժեքներով, ինչպիսիք են ժողովրդավարությունը, քաղաքացիությունը, հանդուրժողականությունը, արժանապատվությունը, հումանիզմը և մարդու իրավունքները14:

Ջավախքի թույլ ինտեգրվածությունն առաջին հերթին բխում է լեզվական անջրպետից` ջավախքցիների վրացերենի չիմացությունից: Այս խնդրում, համաձայն վրացական տեղեկատվության, մեղքի մեծ բաժին ունի վրացական կառավարությունը: 2008թ. վերջին հարցազրույց տալով Վրաստանի հանրային հեռուստաալիքի «Մոամբե» ծրագրին (որը հեռարձակվում է նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով)` Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլին ասաց, որ վրացական կառավարությունը պարտադիր կերպով պետք է ուժեղացնի վրացերենի ուսուցումը ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածքներում` Ջավախքում, Քվեմո-Քարթլիում և այլուր15: Այդ գործընթացը մինչ օրս, ըստ Վրաստանի նախագահի, խիստ կաղացել է` չնայած իր կոչերին և բազմաթիվ ցուցումներին: Հարցազրույցում Մ.Սահակաշվիլին նաև նշել է, որ իր հանձնարարությամբ կբարձրացվեն ազգային փոքրամասնություններով բնակեցված վայրերում աշխատող մանկավարժների աշխատավարձերը: Միևնույն ժամանակ, ըստ Վրաստանի նախագահի, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պետք է օգտվեն որոշակի արտոնություններից բուհեր ընդունվելիս: Չի կարելի քննություններ հանձնելիս նրանց համար սահմանել այն չափանիշները, որոնք սահմանվում են վրացի դիմորդների համար: Վերոհիշյալ հարցազրույցում Մ.Սահակաշվիլին կարևորել է նաև տարբեր ազգային ընդհանրությունների միջև փոխադարձ մշակութային շփումների ակտիվացումը` վերջում ավելացնելով. «Մեր բազմամշակութայնությունը, մեր բազմէթնիկությունը մեր թուլությունը չէ, այլ Վրաստանի ամենամեծ հարստությունը: Այն Վրաստանի ամենամեծ ուժն է»16:

Վրացական տեղեկատվությունը Ջավախքի թույլ ինտեգրվածության համատեքստում է դիտում նաև այնտեղ առկա սոցիալ-տնտեսական խնդիրները։ Ըստ վրացական լրատվամիջոցների` Ջավախքի տնտեսապես թույլ զարգացածությունը և ցածր կենսամակարդակը բխում են երկրամասի մեկուսացումից, ինչն էլ իր հերթին բխում է ենթակառուցվածքների (ճանապարհներ, գազամատակարարման համակարգ, էլեկտրահամակարգ և այլն) թույլ զարգացածությունից։ Վրացական տեղեկատվական դաշտում գերիշխող է այն մտայնությունը, որ Վրաստանի իշխանությունները քաջ գիտակցում են Ջավախքի մեկուսացման խնդիրը և անում են հնարավորը՝ այն հաղթահարելու համար։ Այս ամենի համատեքստում հատկանշական են վրացական լրատվամիջոցներում բերված Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլու խոսքերը, որը վերջինս արտասանել է Ախալքալաքում 2006թ. ապրիլին` Ախալքալաք-Ախալցխա ճանապարհի շինարարության բացման ժամանակ։ Վրաստանի նախագահը նախ հայտարարել է, որ ուշ աշնանը կսկսվի նաև Ախալքալաք-Թբիլիսի ավտոճանապարհի շինարարությունը. «Սա նշանակում է, որ մեկընդմիշտ վերջ կտրվի Ջավախքի աշխարհագրական մեկուսացմանը։ Սա նշանակում է, որ գյուղացիները այստեղից կարող են ազատորեն տեղափոխել մթերքը։ Սա նշանակում է, որ այստեղ կգա ավելի շատ բիզնես, այստեղ կլինի ավելի շատ տարանցում... Ճանապարհներ և զարգացում` սա է գլխավորը, որ այժմ պետք է Ջավախքին»17։

Այսպիսով, վրացական տեղեկատվական դաշտում Ջավախքի վերաբերյալ առկա են ինչպես կառուցողական, այնպես էլ ապակառուցողական հրապարակումներ։ Ապակառուցողական հրապարակումներում տեղ են գտնում հակահայկական բնույթի նյութեր, ինչպես նաև Ջավախքն օգտագործվում է Ռուսաստանի դեմ տեղեկատվական-քարոզչական պատերազմում։ Իսկ կառուցողական բնույթի հրապարակումներում արծարծվում են Վրաստանի կազմում Ջավախքի ինտեգրման և այդ համատեքստում՝ լեզվական, սոցիալ-տնտեսական և այլ խնդիրներ։

1Дорога Ереван-Батуми приведет к сепаратизму
www.newsgeorgia.ru

2Обращение Всекрымского общественного объединения “Свобода выбора”
www.apsny.ge

3Начался судебный процесс над армянскими националистами Джавахети
www.apsny.ge

4Григол Вашадзе: В Джавахети политических проблем нет
www.medianews.ge

5 Дорога Ереван-Батуми приведет к сепаратизму – Нателашвили
www.newsgeorgia.ru

6Более 80 процентов опрошенных в Самцхе-Джавахети и Квемо Картли считает Грузию родиной – исследование www.geotimes.ge

7Визит президента Армении в Грузию www.civil.ge

8Key points of the Georgian Parliament’s Commission hearing on August’s war www.georgia2008.net

9Путин предлагает Армении начать войну против Грузии
www.abkhazeti.info; www.medianews.ge

10Российские службы пытаются что-то безуспешно спровоцировать в Самцхе-Джавахети – депутат www.apsny.ge

11Նույն տեղում։

12Россия пытается спровоцировать Армению против Грузии
www.medianews.ge

13В Самцхе-Джавахети нет сепаратизма www.apsny.ge

14В Самцхе-Джавахети нет сепаратизма www.apsny.ge
www.apsny.ge

15Саакашвили обещает усилить интеграцию этнических меньшинств www.newsgeorgia.ru; www.abkhazeti.info

16Նույն տեղում։

17М.Саакашвили: Строительство новых дорог покончит с изоляцией Джавахети www.civil.ge


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր