Համաձայն փորձագիտական տվյալների, Ռուսաստանում բնակվում է ավելի քան 3 մլն ադրբեջանցի, որից շուրջ 1 միլիոնը՝ Մոսկվայում։
Ռուսաստանաբնակ ադրբեջանցիների զգալի մասը (հատկապես կարող ուժերը՝ բիզնեսի ներկայացուցիչները, մտավորականությունն ու երիտասարդությունը) ակտիվորեն ներգրավված է համառուսաստանյան մի շարք կառույցներում։ Թեպետ վերջիններս ստեղծվել ու գործում են Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխան (գրեթե բոլորի հիմնադիր փաստաթղթերում այսպիսի կետ կա. «Աջակցել ժողովուրդների միջև խաղաղության, բարեկամության, վստահության և փոխըմբռնման ամրապնդմանը, ազգային, կրոնական և միջազգային կազմակերպությունների համախմբմանը»), սակայն դրանց գործունեության հիմնական ուղղվածությունը, որն ուղղորդվում է պաշտոնական Բաքվի կողմից, հակահայկականությունն է և ԼՂՀ-ի շուրջ պատերազմի արդյունքների ռևանշիստական վերանայումը։
Ստորև ներկայացնում ենք Ռուսաստանում ադրբեջանական որոշ ցանցային կառույցների բնութագրերը։
Ստեղծվել է 2001թ. մարտին և այսօր ընդգրկում է ադրբեջանական 70 հասարակական կազմակերպություն, որոնք գործում են ՌԴ 68 սուբյեկտներում։ Նախագահն է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր, մանկական օնկոլոգիայի ու հեմատոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Մ.Ալիևը։
ВАК-ը ադրբեջանական սփյուռքի ամենահեղինակավոր և ծանրակշիռ կազմակերպությունն է, որտեղ մեկտեղված են առավել կարող անձինք։ Կոնգրեսի բարձրագույն ղեկավար մարմինը 158 հոգուց բաղկացած Կենտրոնական խորհուրդն է, որի կազմում կան նաև ոչ ադրբեջանցիներ։ Մասնավորապես, Ռուս-ադրբեջանական բարեկամության ընկերության նախագահ Ն.Բայբակովը և նրա տեղակալ Ա.Ռոմաշինը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մ.Գուսմանը (նաև ВАК-ի փոխնախագահներից է) և նրա եղբայր, կինոռեժիսոր Յու. Գուսմանը, ՌԴ Փաստաբանների գիլդիայի փոխնախագահ Վ.Իգոնինը (նաև ВАК-ի փոխնախագահներից է և իրականացնում է կազմակերպության իրավական աջակցությունը), բիզնեսմեն Վ.Կոլեսնիկովը։
Առանձնակի ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ կոնգրեսում լայնորեն ընդգրկված են ադրբեջանական բիզնեսի ներկայացուցիչները։ Կենտրոնական խորհրդում նրանք 67-ն են, իսկ նախագահությունում՝ 34-ից 12-ը։
Նախագահից բացի, նախագահությունն ունի մեկ առաջին փոխնախագահ և փոխնախագահներ։ Առաջին փոխնախագահն է «ԼՈՒԿՕՅԼ» նավթային ընկերության նախագահ Վ.Ալեքպերովը, որի ունեցվածքը, ըստ «Ֆորբս» հանդեսի, 2009թ. սկզբին կազմել է $7,8 մլրդ։ Փոխնախագահներից է ԱՀ նախագահ Ի.Ալիևի խնամին՝ «Կրոկուս ինթերնեյշընըլ» ընկերության նախագահ, միլիոնատեր Ա.Աղալարովը։ Փոխնախագահ է նաև АСТ ընկերության նախագահ, Չերկիզովոյի շուկայի սեփականատեր, Ռուսաստանում խոշոր մաքսանենգի համբավ ունեցող Թ.Իսմայիլովը, որը ս.թ. հունիսի սկզբին թուրքական Անթալիա ծովափնյա քաղաքում $1 մլրդ 300 մլն ներդրում կատարելով բացել է Եվրոպայի ամենաթանկ հյուրանոցը՝ «Մարդան փելեսը»։
Այս մարդիկ հարցազրույցներում չեն թաքցնում, որ կոնգրեսը և մյուս ադրբեջանական կառույցները գործում են իրենց շռայլ ֆինանսական օժանդակության շնորհիվ։
ВАК-ի աջակցությամբ Մոսկվայում գործում է Ռ.Իբրահիմբեկովի «ԻԲՌՈՒՍ» թատրոնը, որը ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով ներկայացնում է բեմադրություններ։
2006-ից կոնգրեսը հրատարակում է «Азербайджанский конгресс» թերթը, որը զգալի տեղ է հատկացնում Բաքվի պաշտոնական դիրքորոշումներին, այդ թվում և անշուշտ՝ հակահայկականությանը։
Ստեղծվել է 1999թ. հոկտեմբերին։ Հիմնադիրներն են Մոսկվայի, Տվերի, Յարոսլավլի, Կոստրոմայի, Սանկտ Պետերբուրգի, Կոմի Հանրապետության ազգային-մշակութային կազմակերպությունները։ Կազմակերպության նախագահն է Ս.Սադիկովը, որն ունի երեք տեղակալ. ուշագրավ է, որ նախագահը և նրա տեղակալները ծնունդով Վրաստանից են։
Նախագահությունից բացի, կազմակերպությունն ունի 45 հոգուց բաղկացած դաշնային խորհուրդ (նախագահ՝ Ի.Ահմեդով)։ Թեպետ ղեկավար կազմում կան մտավորականության ներկայացուցիչներ, այդուհանդերձ, գերակշիռ մասը՝ 23 հոգի, զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, այսինքն՝ ֆինանսավորման խնդիրը հիմնավորապես լուծված է։
ФНКА АЗЕРРОС–ը ունի լուրջ տեղեկատվական ռեսուրսներ. նրա հովանու ներքո գործում է «Медиа-холдинг» ԲԲԸ-ն, որը հրատարակում է «Азеррос» և «Я – гражданин» թերթերը, «Вестник XXI века» ամսագիրը և սպասարկում է «Азеррос» տեղեկատվական-վերլուծական ինտերնետ պորտալը։
Չնայած կազմակերպության կանոնադրության 1.4 կետում ասված է, որ «ФНКА АЗЕРРОС»-ը մերժում է բռնության ցանկացած կիրառում ու քարոզչություն, ազգային, ռասայական ու կրոնական գժտության բորբոքում», սակայն վերոհիշյալ տեղեկատվական միջոցները լի են հակահայ նյութերով։
Այս կազմակերպության ոչ մի հիմնադիր փաստաթուղթ չի հաջողվել հայթայթել, սակայն КСАМ–ը Մոսկվայում աչքի է ընկնում ակնհայտ ծայրահեղականությամբ, անսքող հակահայ ագրեսիվությամբ և խուլիգանական սադրանքներով։
Ուշագրավ է կազմակերպության առաջնորդ, 41-ամյա Սիյավուշ Մամեդովի կերպարը։ Սա պաշտոնապես «Mars Travel» զբոսաշրջային ընկերության ֆինանսական տնօրենն է, սակայն գործունեության հիմնական ոլորտը ՀՀ, ԼՂՀ և Հայության դեմ ակտիվ պայքար մղելն է։ Մասնավորապես, Հայության հիմնախնդիրներով զբաղվող «R-club» միջազգային վերլուծական ցանցի1 մոսկովյան բյուրոյի տնօրենն է։
2006թ. մայիսի 13-ին Ս.Մամեդովը և նրա կամակատարները սադրանքային բնույթի պաստառներով ու բացականչություններով փորձել են խանգարել Մոսկվայի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ԼՂՀ տուրիզմին նվիրված հանդիսությունը։
2006թ. դեկտեմբերի 4-ին Մոսկվայի Երաժշտության տանը կայացած «Արցախի ձայներ» խմբի համերգը տապալելու փորձի համար Ս.Մամեդովը, Ռ.Աղաևը և Օ.Շարիֆովը ձերբակալվել են, դատարանի կողմից մեղավոր ճանաչվել և պատասխանատվության ենթարկվել ՌԴ վարչական օրենսդրությունը խախտելու համար։
2007թ. մայիսի 1-ին, Ս.Մամեդովի հրահրմամբ, Մոսկվայի Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանի (РУДН) տարածքում տեղի է ունեցել ադրբեջանցի ու հայ երիտասարդների խոշոր ծեծկռտուք, որին երկու կողմից մասնակցել է շուրջ 100 հոգի։ Արդյունքում՝ ադրբեջանցիներից մեկը հայտնվել է հիվանդանոցում, բայց ԱԵՀԽ-ի նախագահն այս իրադարձությունն օգտագործել է հակահայ նոր հիստերիա սանձազերծելու համար։
Կազմակերպությունը հիմնվել է 2009թ. ապրիլի 18-ին։ Ղեկավարն է ԱՀ նախագահ Ի.Ալիևի ավագ դուստր Լեյլան։ Վերջինս 2006թ. ամուսնացել է ՀԱԿ փոխնախագահ Ա.Աղալարովի որդի Էմինի հետ, ունի 2 երեխա, մշտապես ապրում է Մոսկվայում, ուսանում է МГИМО-ի մագիստրատուրայում, նույն բուհի ադրբեջանական երիտասարդական ակումբի նախագահն է։ Իր պապ Հեյդար Ալիևի հիմնադրամի ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավարն է, միաժամանակ «Баку» ամսագրի գլխավոր խմբագիրը։
АМОР-ի հիմնադիր ժողովում Լ.Ալիևան հայտարարել է. «Դժբախտաբար, մեր երկրի առջև դեռևս ծառացած են չլուծված հիմնախնդիրներ։ Եվ դրանցից ամենամեծը հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է, ինչի արդյունքում մեր տարածքի 20 տոկոսը բռնազավթված է։ Երկրում կան մեկ միլիոն փախստականներ ու տեղահանվածներ։ Ադրբեջանի ղեկավարությունը և մեր ժողովուրդը քանիցս ընդգծել են, որ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցներ են՝ միջազգային իրավունքի հիման վրա և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։
Ըստ փաստաթղթերի, ՌԱԵԿ-ը մասնաճյուղեր ունի Ռուսաստանի 71 սուբյեկտներում։
1Այս ցանցն ընդգրկում է Բաքվի, Թբիլիսիի, Բուդապեշտի, Թել Ավիվի, Հաագայի ու Մոսկվայի մասնաճյուղերը, ունի 1128 (ըստ ներկայացված տվյալների) փորձագետ և գործում է Ադրբեջանի ԳԱԱ մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտի ուղղորդմամբ։