
«ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՎԵՐԸ»
Հագեցած օրակարգով կայացավ «Ղրիմի օրերը Հայաստանում» միջոցառումների շարքը` նվիրված Ղրիմի վերամիավորման 8-րդ ամյակին: Անդրադառնալով ղրիմյան օրերին` «Իրավունքի» հետ զրույցում Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ասաց, որ միշտ իրեն հրապուրել է Ղրիմը` իր պատմական հայկական էլեմենտով: Ըստ նրա` ակնհայտ է, որ Ղրիմի հարցն այսօր լուծված է համարվում, ուստի` մնում է հուսալ, որ Արցախի հարցը նույնպես կկարգավորվի:
«Ի՞ՆՉ ԱՍԵՄ... ՍԱ ՄԻ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ»
– Պարոն Հարությունյան, ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք տեսնում Արցախյան խնդրի կարգավորման հնարավորությունը:
– Համարում եմ, որ հնարավորություն է այն շարժումը, որը սկսվել է Արցախում` ռուսների հետ միանալու վերաբերյալ: Պետք է ընդունել, որ եթե այսօր ռուսական խաղաղապահների հովանու տակ չլիներ, չէր լինի ընդհանրապես Արցախը` որպես այդպիսին: Հետեւապես, անշուշտ, կարեւոր է զարգացնել Ռուսաստանի հետ կապերը եւ դրան տալ լրացուցիչ գիտական, տնտեսական բովանդակություն: Եվ այս առումով նույնքան կարեւոր է շարունակել աշխատել Ղրիմի հետ համագործակցության ուղղությամբ:
– Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ բրյուսելյան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ «Արցախ» բառն ընդհանրապես հիշատակված չէ: Ինչպե՞ս հասկանալ, որ իշխանությունը խոսում էր Արցախում հումանիտար աղետի մասին, բայց չորս ժամ տեւած քննարկումից հետո խոսք չկա այդ մասին: Ինչպե՞ս հասկանալ Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի պահվածքը:
– Սա նշանակում է դե ֆակտո հրաժարում Արցախից: Մնացածն այդքան կարեւոր չէ, թեպետ որոշակի բառեր չարտասանելը փաստում է նաեւ, որ, այսպես կոչված, իշխանությունը դե յուրե նույնպես հրաժարվել է անվտանգության երաշխավոր լինելու իր պարտավորությունից: Ի՞նչ ասեմ... Ես 90-ականներին եղել եմ պաշտպանության կոմիտեի հետախուզական վարչության պետի տեղակալ եւ պատկերացնում եմ, թե ինչ է կատարվում հիմա: Սա մի սարսափելի ողբերգություն է մեզ համար:
«ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ»
– Ընդհանուր առմամբ` ինչպե՞ս կգնահատեք Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը, որովհետեւ իշխանական պատգամավորներն ասում են, թե այն, պարզապես, ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին էր:
– Այն ամենը, ինչն ընդունելի են, այսպես կոչված, իշխանության համար, կարելի է ծիծաղել, որովհետեւ դրանք ընդունելի են Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, որի պատվերն այսօր կատարում են: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման հայտարարության մեջ, եթե անգամ տեղ չեն գտել այնպիսի նախադասություններ, որոնց վերաբերյալ հայաստանյան ընդդիմությունն ասում էր, որ դեմ են, սա չի նշանակում, թե այս իշխանությունը հետ է կանգնել այն պայմանավորվածություններից, որոնք եղել են: Ավելին` ըստ ամենայնի, այդ պայմանավորվածություններն արդեն իսկ ձեռք բերված են, ինչը կործանարար է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար: Ամեն ինչում կա գիտական էլեմենտ` բոլոր գունավոր հեղափոխություններ կոչվածները կատարվում են ղեկավարվող քաոսի տեսության շրջանակներում եւ հետապնդում են մեկ նպատակ, որպեսզի ստեղծեն քաոս այդ երկրում եւ բերեն նրա տապալմանը: Ինչպես տեսնում ենք, մեր աչքի առջեւ այսօր այդ վիճակում է գտնվում Ուկրաինան, եւ սրանք բավական իրար նման գործողություններ են:
– Կբացե՞ք փակագծերը, թե ի՞նչ նկատի ունեք` ասելով, որ Հայաստանում եւ Ուկրաինայում բավական նման գործողություններ են տեղի ունենում:
– Բավական է նշել , որ Ուկրաինայում կային 40 հազար հասարակական կազմակերպություն, որոնք ծախսել են մոտ 60 միլիարդ` որոշակի գործերի համար, որոնք ուղղված են եղել ոչնչացնելու հենց այդ երկրում ապրող ժողովուրդներին: Ինչպես հիմա տեսնում ենք, ժամանակավոր միացյալ Արեւմուտքն այսօր պատրաստ է պայքարել մինչեւ վերջին ուկրաինական զինվորը: Այս մասին է փաստում նաեւ Ուկրաինայում ամերիկյան բիոլոբարատորիաների վերաբերյալ հրապարակված բացահայտումները, որոնք նույնպես վերահաստատում են, որ նրանց ուզածն է ոչնչացնել սլավոնական քաղաքակրթությունն ընդհանրապես:
– Եվ այս ֆոնին տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը Նիկոլ Փաշինյան հետ, որտեղ պետքարտուղարը դատապարտել է Կրեմլի պատերազմական, այսպես կոչված, «ոճրագործությունները», նշել, որ Միացյալ Նահանգները եւ գործընկերները շարունակում են «հավատարիմ մնալ Ուկրաինայի դեմ սանձազերծած անխոհեմ ու ոչնչով չհրահրված պատերազմի համար Ռուսաստանին եւ վերջինիս գործողություններին նպաստողներին պատժելու իրենց հանձնառությանը»։ Զրույցի այս բովանդակությունը զգուշորեն թաքցրել է հայաստանյան իշխանությունը, եւ դրա մասին տեղեկացանք միայն ԱՄՆ պետքարտուղարի մամուլի խոսնակ Նեդ Փրայսի հաղորդագրությունից: Այսինքն` ստացվում է, որ հնչած մտքերի վերաբերյալ հայաստանյան իշխանությունը լուռ համաձայնողի դերո՞ւմ է:
– Ոչ միայն լուռ համաձայնողի դերում է, այլ անգամ նրանք փորձ են անում ամեն կերպ բացել եւ արդեն իսկ բացել են պատերազմական երրորդ ճակատը Հայաստանում` Ուկրաինայից ու Ղազախստանից հետո: Նրանք աշխատում են Ռուսաստանի Դաշնության դեմ, այսինքն` հենց Հայաստանի դեմ: Ի վերջո, եկեք չմոռանանք, որ Հայաստանի նոր պատմությունը ձեւավորվել է շնորհիվ ռուս գեներալ Ի. Պասկեւիչի արշավանքի: Կարելի է սիրել կամ չսիրել ռուսներին, բայց այն «սարսափելի մեղքերը», որ բարդում են Ռուսաստանի վրա` նրա համար, որ այսօր Հայաստանը գոյություն ունի, իհարկե, շատ ցավալի է: Մինչդեռ ցանկացած գործողություն հանուն այդ նպատակների` այս կառավարություն կոչվածի «սուրբ» եւ «հայրենասեր» առաքելությունն է դարձել:
Հրանտ Սարաֆյան
«Իրավունք», 37(3511) 8 ապրիլի 2022
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]