
«ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՆԱԽԱՊԵՍ ԳԾՎԱԾ ՊԼԱՆՈՎ». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ՝ կապված նաև աշխարհակարգի հետ: Փոփոխություններ, որոնք բավականին ցավալի ընթացք են ունենալու բոլորի համար:
«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ցանցային հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին, դրանց ազդեցությանը: «Անգլոսաքսոնյան կողմն արդեն միահեծան չի իշխում աշխարհի վրա, ու հայտնվել են այնպիսի միավորումներ, որոնք կարողանում են իրենց կամքը թելադրել: Առաջին հերթին խոսքը Չինաստանի ու Ռուսաստանի մասին է: Այսօր Ուկրաինայում ընթացող պատերազմն անմիջականորեն ստեղծվում էր ԱՄՆ-ի կողմից: Իզուր չէր, որ Բայդենը վերջին 2 ամիսներին անընդհատ ասում էր, որ այնտեղ պետք է պատերազմ լինի: Իսկ Մինսկի պայմանագրերը, համաձայնությունները ոչ մի կերպ չէին ընկալվում Արևմուտքի ու նրա կամակատար Ուկրաինայի կողմից: Պատերազմը ցավալի փաստ է, բայց սա տրամաբանական շարունակությունն է այն գործողությունների, որոնք իրագործվում էին աշխարհով մեկ»,– ասաց նա՝ ընդգծելով բանակցային գործընթացների կարևորությունը:
Ինչ վերաբերում է Արևմուտքի պահվածքին, Ուկրաինայի իշխանությունների որակմամբ՝ իրենց մենակ թողնելուն, Հարությունյանն ասաց. «Արևմուտքի պլաններում Ուկրաինայի հետ համատեղ այդ երկրին օգնելու հաշվարկներ չեն եղել: Իմ հաշվարկներով, 60 մլրդ են ծախսել ուկրաինական գունավոր հեղափոխությունների վրա, յուրաքանչյուր ուկրաինացու վրա ծախսել են 1500 դոլար: Կա աշխարհաքաղաքական առումով «սև խոռոչ» ձևավորելու հասկացություն, և այս ամենը հենց այդ տրամաբանության մեջ է: Այս ամենը կառավարվող քաոսի տեսության մեջ է մտնում: Այդ «սև խոռոչը» միշտ խոսակցություններին, տեղեկատվական պատերազմներին տեղի է տալու, միևնույն ժամանակ ոչ մի զինվոր չեն ուղարկելու, որ հանկարծ այնտեղ չզոհվեն: Այնպես որ, ամեն ինչ կատարվում է նոտաներով, նախապես գծված պլանով ու, ցավոք, բերում ծանր հետևանքների»:
Գագիկ Հարությունյանը շեշտեց՝ կառավարվող քաոսը գործում է նաև Հայաստանում. «Հայաստանը ևս յուրահատուկ «սև խոռոչ» է դառնում: Ե՛վ Զելենսկին, և՛ Փաշինյանը աշխարհաքաղաքական առումով նույն կերպարներն են, որոնք ստեղծվել են գունավոր հեղափոխությունների ռազմավարության ենթատեքստում»:
Այս համատեքստում, մեր զրուցակցի դիտարկմամբ, սակայն, Ռուսաստանը փայլուն չի տիրապետում փափուկ ուժի ռազմավարությանը. «Իրենք ասում են, որ իրենց միակ դաշնակիցը իրենց բանակն ու նավատորմն են: Եվ այս իմաստով ՌԴ-ն կարողացավ իր բանակի միջոցով փրկել օսերին, աբխազներին, տվեց նրանց ինքնորոշման իրավունք, փրկեց կոտորումից: Նույնը մի փոքր այլ խմբագրությամբ կատարվեց նաև Հայաստանում: Եթե խաղաղապահները չմտնեին Արցախ, այժմ ոչ թե կվիրավորվեինք այն հանգամանքից, որ, այսպես կոչված, մեր ղեկավարները մոռանում են Արցախի ինքնորոշման խնդրի մասին, այլ ընդհանրապես Արցախը չէր լինի: Նույնը կատարվում է Ուկրաինայում. Դոնեցկում ու Լուգանսկում ինքնորոշման իրավունքի խնդիր կա: Այստեղ ՌԴ-ն կատարում է իր նույն առաքելությունը, ինչ Վրաստանում, Հայաստանում»:
Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանն այս լարվածության ֆոնին, նա նշեց. «Իրականում Հայաստանի կեցվածքը ոչինչ չի որոշում, որևիցե քաղաքական նշանակություն չունեն այս կամ խոսքերը, որոնք կասվեն Հայաստանից»:
Աննա Բադալյան
past.am
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]