• am
  • ru
  • en
Версия для печати
19.02.2022

ՄԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՈՎԻՆ ՉԻ ՀԱՍՈՒՆԱՑԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ԻՐԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԻ. Գագիկ Հարությունյան

   

Ռուս-ուկրաինական հարաբերությունները շարունակվում են լարված մնալ, բայցեւ չեն վերածվում լայնամասշտաբ պատերազմի, թեպետ հնարավոր հարձակման նույնիսկ օրերն էին մատնանշում արեւմտյան եւ ռուսական աղբյուրները: Ըստ էության, մի շարք կանխատեսումներ չիրականացան, բայց իրավիճակի նոր փուլ թեւակոխեց Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու վերաբերյալ ՌԴ Պետական դումայի կայացրած որոշմամբ: Այս եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ «Իրավունքը» զրուցել է Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:


«ՈՒԿՐԱԻՆԱՆ ՎԱՐՎՈՒՄ Է ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՎԱՐՎՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ»

– Ըստ Ձեզ` ի՞նչ հետեւանք կունենա այն, որ ՌԴ Պետդուման կայացրեց Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին որոշումը, եւ արդյոք ռուս-ուկրաինական պատերազմի վտանգն այլեւս անցյալում է:

– Ինչ-որ տեղ ձեռնոց նետելն Արեւմուտքին հիմա այդքան էլ ձեռնտու չէ Ռուսաստանին: Թեպետ չեմ կարող բացառել, որ այդ որոշումը կարող է ընդունվել ՌԴ նախագահի կողմից: Սա բավական բարդ գործընթաց է եւ այդպես միանշանակ չէ: Սա ավելի շուտ պատասխանն էր այն տեղեկատվական ոտնձգությունների, որով ամբողջ Արեւելքը եւ Արեւմուտքը զինված է` նկատի ունենալով հենց Դոնեցկի եւ Լուգանսկի խնդիրը: Միեւնույն ժամանակ, կարծես թե, այս կամ այն չափով նաեւ դիվանագիտական խնդիրներ են հիմա լուծվում: Այնպես որ, սա լավագույն ժամանակը չէ, որպեսզի դա արվի, որովհետեւ դեռ պետք է Մինսկի համաձայնություններով եւ այլն ստիպել Ուկրաինային, որպեսզի նրանք ընդունեն այդ հանրապետությունների ֆեդերատիվ կամ ավտոնոմ կարգավիճակները:

– Այդուհանդերձ, չե՞ք կարծում, որ ժամանակին ՀՀ Ազգային ժողովն էլ պետք է գնար այդ ճանապարհով եւ, վերջիվերջո, ճանաչեր Արցախի անկախությունը: Մի՞թե այդ շանսը Հայաստանն այլեւս բաց է թողել:

– Դժվարանում եմ ասել, թե հնարավոր է արդյոք հիմա, թե` ոչ: Մի փոքր արդեն անհավանական սցենար է, որովհետեւ այն մարդիկ, որոնք կոչվում են իշխանություն Հայաստանում, ոչինչ չեն անում: Արցախն, ըստ էության, պետք է ստանա մոտավորապես նույն ձեւի կարգավիճակ, ինչ-որ Օսեթիան եւ Աբխազիան, որտեղ կանգնած են ռուս խաղաղապահները: Ի դեպ, ասեմ, որ Դոնեցկում եւ Լուգանսկում հիմնականում ապրում են ռուսներ, եւ մոտավորապես` այնտեղ էլ նույն խնդիրն է, ինչ-որ մեզ համար Արցախի խնդիրն է: Ուկրաինան վարվում է այնպես, ինչպես վարվում են Ադրբեջանն ու Թուրքիան: Այնպես որ, համոզված չեմ, որ սա, այսպես ասած, օրենսդրական, քաղաքական գործընթաց կդառնա: Կարծում եմ` պետք է մի փոքր համբերել, որովհետեւ, կարծես թե, արեւմտյան տեղեկատվական հիստերիաները փոքր-ինչ արդեն կորցնում են իրենց տակի հողը: Ու ընդհանուր առմամբ` ավելի բարենպաստ վիճակ է ստեղծվում Ռուսաստանի եւ նույն Դոնեցկի եւ Լուգանսկի համար:

– Փաստորեն, կարծում եք, որ տեղեկատվական հոխորտանքներին այդպես էլ գործողություններ չե՞ն հաջորդելու որեւէ կողմից:

– Իմ կարծիքով` գործողություններ չեն սպասվում: Այս բոլորը կընթանան դիվանագիտական եւ տեղեկատվական ուղղությամբ: Այն, ինչ տեղի է ունենում, հիբրիդային պատերազմ է, որն իր կոշտությամբ չի զիջում իրական պատերազմներին: Ինձ մոտ տպավորություն է, որ ներկա պահին այդքան էլ հարմար չէ անել եւ դժվար է սպասել ավելի կոշտ քայլեր ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Ռուսաստանի կողմից: Չնայած` Ռուսաստանն իր զինավարժությունները հիմա էլ շարունակում բոլոր ռազմական օկրուգներում` ե՛ւ օդային, ե՛ւ նավատորմային, ե՛ւ ցամաքային ուժերը: Շատ բարդ իրավիճակ է, բայց, կարծես թե, Ռուսաստանը դիմակայեց այն հիստերիկ հարձակմանը, որ սկսեցին ամերիկացիները որոշ ժամանակ առաջ:


«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԳԱՂՈՒԹ»

– Սկզբում Ուկրաինայից հայտարարությունները բավական բարձրագոչ էին, հետո պարզվեց, որ պատերազմի վտանգը հաշվի առնելով` երկիրը լքել են անգամ օլիգարխներն ու պատգամավորները: Կարո՞ղ ենք ասել, որ ինչ-որ առումով ԱՄՆ-ն «զոհաբերեց» Ուկրաինային` նրան քաջալերելով, հետո մենակ թողնելով:

– Ուկրաինան Միացյալ Նահանգների գաղութն է, որին ուղղակի գնել է: Մենք հաշվարկ ենք կատարել, որ մոտավորապես 60 միլիարդ են ծախսել, Ուկրաինան մի քանի, այսպես կոչված, գունավոր հեղափոխություններով, գրավելու համար: Մոտավոր հաշվարկներով` ամեն ուկրաինացու համար վճարել են 1500 դոլար եւ կարողացել են իրենց հպատակեցնել այդ երկիրը: Նույնը կատարվել է նաեւ Հայաստանում, որտեղ մոտ 6,5 միլիարդ են ծախսել: Բայց նաեւ ասեմ, որ Ռուսաստանը 10 տարի առաջվանը չէ, հիմա շատ հզոր է` ե՛ւ ռազմական, ե՛ւ դիվանագիտական առումով: Ինչպես տեսնում եք, շատ նրբորեն է տանում խաղը: Ի դեպ, այս ամենը միայն Ռուսաստանի դեմ չէ, այլ նաեւ Չինաստանի, Իրանի դեմ է ուղղված: Եվ այս քաղաքակրթական միասնությունն այսօր շատ կարեւոր է: Ավելին ասեմ` Սովետական Միությունը փլուզվեց, որովհետեւ մեկ գաղափարախոսությամբ երկիր էր, հիմա նույնը կատարվում է Արեւմուտքում: Այսօր կարելի է կարդալ բազմաթիվ հոդվածներ արեւմտյան վերլուծաբանների, որոնք խոսում են Միացյալ Նահանգների կազմալուծման մասին: Այն կարող է տեղի ունենալ նույն կերպ, ինչպես անկախությունների շքերթ էր տեղ ունենում Սովետական Միությունում: Հիմա այնտեղ խոսում են, որ ԱՄՆ-ից կարող է անջատվել ոչ միայն Այլասկան, այլ նաեւ Կալիֆորնիան, Տեխասը: Այնտեղ լարվել են հարաբերությունները դեմոկրատների եւ հանրապետականների, գենդերային, ռասսայական խնդիրներ են ծագել: Այնպես որ, Արեւմուտքն ապրում է իր ոչ լավ օրերը:

– Ըստ Ձեզ` ինչի՞ կհանգեցնի այս ամենը:

– Աշխարհակարգի փոփոխության, որն արդեն վաղուց միաբեւեռ չէ: Շատ հստակ բազմաբեւեռ աշխարհ է ձեւավորվում, եւ այստեղ խիստ կարեւոր է Եվրոպան, որը նույնպես ցանկանում է մի փոքր ավելի ինքնուրույն լինել, քան` նախկինում: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ եւս այսպիսի եզրակացության է հանգեցնում: Ոչ շատ կարեւոր, բայց աստիճանաբար ինչ-որ բան փոխվում է:

– Իսկ ե՞րբ է Հայաստանում ինչ-որ բան փոխվելու: Այս գործընթացները որեւէ կերպ ազդեցություն ունենալո՞ւ են մեզ վրա:

– Ցավոք, մեր հանրությունը լիովին չի հասունացել, որպեսզի իրական հեղափոխություն իրականացնի, եւ ազատվենք այս օկուպանտ իշխանություններից: Փաստորեն, Հայաստանը նույնպես դարձել է գաղութ, բայց բազմակողմանի գաղութ է` ոչ միայն բրիտանական, ամերիկյան հետքեր կան, այլ նաեւ շատ ուժեղ նկատվում է թուրքական հետքը եւ ադրբեջանական: Սա արդեն խայտառակություն է: Մենք պետք է մտածենք, թե ի՞նչ ենք անելու, ի՞նչ ծրագրով ենք առաջնորդվելու, որը կախված չի լինի այսօր Հայաստանում գործող իշխանություններից: Իսկ այն, ինչ կատարվում է գլոբալ աշխարհում, իհարկե, իր հետեւանքներն ունենում է: Ամեն դեպքում, ցանկացած իրավիճակ, որը բերում է Ռուսաստանի կարողությունների մեծացմանը օգտակար է մեզ, եւ կարող է վերջում որոշակի նաեւ ռեալ արդյունքներ ունենանք:

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր