• am
  • ru
  • en
Версия для печати
24.08.2021

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՀԵՌՈՒ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ․ քաղաքագետ

   

Երեկ հրապարակվեց կառավարության 2021-2026 ծրագիրը, որտեղ առանձին ներկայացվել են անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը վերաբերող ուղենիշները։ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանն Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել է վերոնշյալ ողղությունների վերաբերյալ հրապարակված ծրագրերին՝ դիտարկելով առկա իրողությունները։

«Նման փաստաթղթերի առումով մի ընդհանուր օրինաչափություն կա։ Մենք ականատես եղանք, թե ինչպես ժամանակին, օրինակ, հրապարակվեցին անվտանգության հիմնադրույթներ և նման այլ փաստաթղթեր։ Այսինքն, մենք տեսնում ենք, որ թե՛ նախկին, թե՛ ներկայումս ներկայացված նախագծերում և փաստաթղթերում առկա նկատառումները հեռու են իրականությունից։ Ավելին, ամեն ինչ բավականին ցածր վերլուծական մակարդակով է կատարվում։ Միևնույն ժամանակ, հակված չեմ այն տեսակետին, որ սա կառավարության անդամների թերուսության հետևանքն է, թեպետ այդ փաստը ևս առկա է։ Նրանք, ինչպես միշտ, կատարում են այն առաջադրանքները, այն խնդիրներն են բարձրաձայնում, որոնք նրանց ասվում են դրսից։ Մեծ հաշվով՝ ղեկավարվող իշխանություն, որը կատարում է իրեն տրված հանձնարարությունները և ոչ ավելին։ Հաշվի առնելով նշվածը՝ կառավարության նախագիծը լուրջ ընդունելու ոչ մի հիմք չկա»,– ասաց քաղաքագետը։

Նա շեշտեց, որ այս իմաստով պետք է հաշվի առնել կառավարության ներկայացուցիչների վերջին ելույթները, որտեղ հիմնական դոկտրինը միջանցք կոչվածն է, ճանապարհների ապաշրջափակումը ու այն, որ, ըստ իրենց, նշվածները զարգացման ինչ-որ հիմք կարող են ունենալ․

«Ու սա այն պարագայում, երբ դրանք Հայաստանի վերջնական շրջապատում են նշանակում՝ մեղմ ասած՝ մեր ոչ բարեկամ երկրների կողմից, ինչպիսին Թուրքիան ու Ադրբեջանն են»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ պետք է տարանջատել իրականությունն ու այն թուղթը, որի անունը կառավարության ծրագիր է․

«Մենք վերջին երեք տարիների ընթացքում ականատես ենք եղել մի երևույթի, երբ հայտարարվում, անգամ գրվում են ինչ-որ խոսքեր, բայց տրամագծորեն հակառակն են կատարում։ Եվ Հայաստանի անվտանգությունն այսօր վերջին 30 տարիների կտրվածքով ամենացածր մակարդակում է»,– ասաց նա՝ շեշտելով, որ, Հայաստան ասելով՝ նկատի ունի ներառյալ նաև Արցախի Հանրապետությունը։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթներին, որտեղ խոսվում է աշխարհաքաղաքական գրեթե բոլոր կենտրոնների հետ հարաբերություններ խորացնելու անհրաժեշտության մասին, նա նշեց, որ բազմավեկտոր քաղաքականությունն առհասարակ բավականին մեծ ներուժ է պահանջում։

«Ակնհայտ է, որ այս իշխանությունն ի վիճակի չէ բազմավեկտոր քաղաքականություն վարել։ Բավական է ասել, որ բավականին թուլացած ու վատթարացած հարաբերություններ ունենք և՛ մեր գլխավոր դաշնակից ՌԴ-ի, և՛ Իրանի հետ։ Աշխարհն այսօր բավականին տուրբուլիզացված, քաոտիկ իրավիճակում է, որի ակնառու օրինակն Աֆղանստանում կատարվողն է։ Ու այս քաոտիկ իրավիճակում այս մարդկանց ինքնուրույն կողմնորոշվելը հակացուցված է․ նրանք կատարում են ինչ-որ հրահանագներ, որոնք կարող են ձեռնտու լինել որոշ սուբյեկտների՝ նրանց, ովքեր հանդիսանում են այս իշխանությունների տերը։ Կարծում եմ՝ այս իշխանությունների հայտարարություններին լուրջ մոտենալու որևէ հիմք չկա, որովհետև մինչ օրս մենք որևէ լուրջ հայտարարության չենք հանդիպել»,– ասաց Գագիկ Հարությունյանը։

Ամփոփելով՝ նա շեշտեց անտվտագային ու արտաքին քաղաքականության ուղղություններում առկա քաղաքականության որակի մասին։

«Քաղաքականություն բառը հակացուցված է ներկայիս ղեկավարներին, որովհետև այսօր քաղաքականությունը խիստ բարդ հասկացություն է ու մեծագույն գիտելիքներ, տեղեկատվություն, ադեկվատ ընկալում է պահանջում իրողությունների նկատմամբ, առավել ևս՝ ադեկվատ գործողություններ անվտանգության առջև ծառացած մարտահրավերների դեմ։ Մեզ մոտ չկա այդ քաղաքականությունը։ Եվ մեզ մոտ այն նույն նոտաներն են, որոնք բնորոշ են բոլոր այն երկրներին, որտեղ տարբեր տեխնոլոգիաներով իշխանության են գալիս այլ երկրների կողմից նշանակվածները։ Այս դեպքերում սովորաբար աշխատում են նվազագույնի հասցնել քաղաքականություն վարելու ունակությունն ու քաղաքականությունն իրագործելու կարողությունը։ Հիմա ո՞վ կարող է ասել, թե ինչպիսի քաղաքականություն ունի Ուկրաինան։ Բացառապես միմիանց հակասող ու միմիայն իրենց վնաս բերող քայլերի համախումբ է։ Ժամանակին նույն կերպ գործեց նաև Վրաստանը»,– հավելեց քաղաքագետը։

armeniatoday.news


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր