
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ «ՊԱՏՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ (Երկրորդ Հանրապետության 100-ամյակի առիթով)
Գագիկ ՀարությունյանՑանցային հետազոտական ինստիտուտի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ
Ներկայիս բազմաբևեռ և տուրբուլիզացված դարաշրջանում քանիցս աճել է ոչ միայն առանձին երկրների, այլև ողջ գլոբալ հանրության անվտանգությանն ու գոյությանը սպառնացող մարտահրավերների թիվը։ Մարդկային հարաբերությունների «վիրտուալացման» ռեժիմում ամենավտանգավոր մարտահրավերներից մեկը մարդկանց գիտակցության մեջ տեղեկատվական վիրուսների ներդնումն է, որոնք որակապես նվազեցնում են տխրահռչակ «homo virtualicus»-ի՝ ոչ միայն արդի իրողությունները, այլև պատմական փաստերը համարժեք ընկալելու կարողությունը1։ Ուստի, կարծում ենք, որ Հայաստանի պատմության մեջ «խորհրդային գործոնի» նշանակությունը ներկայացնելու փորձը ակտուալ խնդիր է։
«Խորհրդային կայսրությունը» և «գաղութները»
Հարկ է արձանագրել, որ խորհրդային շրջանը Հայաստանի համար քաղաքակրթական առումով նրան մոտ Ռուսական կայսրությունում (որին միացվել էր 19-րդ դարում կոմս Պասկևիչի ազատագրական առաքելությունից հետո) նրա պատմության բնական շարունակությունն էր։ Այս առնչությամբ ընդգծենք, որ «կայսրություն» հասկացությունն այս պարագայում ոչ մի կերպ չպետք է նույնականացվի «գաղութատիրության» հետ, որը, որպես կանոն, զուգորդվում է զավթված երկրների մարդկային և բնական ռեսուրսների անխնա շահագործմամբ, ինչը բնորոշ է անգլոսաքսոնական ավանդույթին։ Իսկ Ռուսական կայսրությունը պետք է դիտարկել որպես քաղաքական համակարգ, որը կարողացավ ինտեգրել ժողովուրդներին և ազգություններին և նրանց համար ստեղծել զարգացման պայմաններ։ Այդ «կայսրության» այդօրինակ «տարօրինակությունը» արդեն խորհրդային դարաշրջանում ցայտուն կերպով ի ցույց են դնում Աղյուսակ 1-ում ներկայացված տվյալները, որոնցից, մասնավորապես, երևում է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Բելառուսի Հանրապետությունը փաստորեն դոնորներ էին մնացած հանրապետությունների համար։ Կոնկրետ՝ արդյունաբերական և գիտատեխնոլոգիական առումով բավական զարգացած Հայաստանը 1985-1990թթ. բնակչության մեկ շնչի հաշվով սպառում էր ավելի քան 2.3 անգամ ավելի, քան վերը նշված հանրապետությունները։ Նշենք, որ մոտավորապես նույն կայսերական մեխանիզմով է վարվում քաղաքականությունը Եվրամիությունում, բայց չգիտես ինչու ԵՄ-ը ոչ ոք «կայսրություն» չի անվանում։ Այսինքն, եթե հետևենք կայսրությունների մասին բոլորի կողմից ընդունված տրամաբանությանը, ապա ստացվում է, որ ԽՍՀՄ-ում «գաղութներ» էին Ռուսաստանը և Բելոռուսիան, իսկ մյուս հանրապետությունները «գաղութարարներ» էին։
Աղյուսակ 1. 1985-1990թթ. բնակչության մեկ շնչի հաշվով արտադրության և սպառման միջինացված հարաբերակցությունները (ԱՄՆ դոլարով) խորհրդային հանրապետություններում և այդ ցուցանիշների հարաբերակցությունը2
Իհարկե, կոնկրետ Հայաստանում, ինչպես ցույց տվեցին մեր գնահատականները, սպառման բարձր մակարդակը հիմնականում ստեղծվում էր շնորհիվ «կենտրոնի» խոշոր ֆինանսական ներդրումների գիտատեխնոլոգիական և պաշտպանական ոլորտներում, և այս առումով Հայաստանն զբաղեցնում էր առաջատար դիրքեր ԽՍՀՄ-ում։ Այս համատեքստում նշենք, որ Խորհրդային Հայաստանում ավելի քան մեկ միլիոն մարդ զբաղվում էր այսպես կոչված «բարդ աշխատանքով», ինչը ենթադրում էր, օրինակ, ինչպես բարձրակարգ խառատներ կամ զոդողներ, այնպես էլ ինժեներ-գիտաշխատողներ։ Այնինչ, ժամանակակից Հայաստանում, ըստ գնահատականների, նման անձանց թիվը նվազել է ավելի քան տասն անգամ, իսկ պաշտոնական տվյալներով՝ գիտաշխատողների և ինժեներների թվաքանակը կրճատվել է մոտավորապես 8 անգամ, այսինքն՝ մեր հասարակության ընդհանուր ինտելեկտուալ մակարդակը որակապես ընկել է։ Իսկ տնտեսության մասին ընդհանուր առմամբ բավական է նշել, որ ԽՍՀՄ փլուզումից գրեթե 30 տարի հետո մեր «լիբերալ» Երրորդ հանրապետության ՀՆԱ-ն 30-40%-ով ցածր է, քան «գաղութային» Երկրորդ՝ խորհրդային հանրապետությանը։
Միևնույն ժամանակ, այս ամենում ամենակարևոր գործոնն այն է, որ ռուսական-խորհրդային կայսրության կազմում հայ ժողովուրդը վերականգնեց իր ազգային ինքնությունը, հարուստ և հնագույն հոգևոր-մշակութային ավանդույթները, ինչպես նաև ուրույն քաղաքակրթական կողմնորոշումը, որը ստեղծվել էր Բյուզանդական կայսրության ժամանակներից։
Սակայն մեր երկրի և ժողովրդի համար այս կարևորագույն իրադարձությունները՝ 1827թ. պարսկական լծից ազատագրումն ու արդեն 1920թ. գաղափարախոսական նոր սկզբունքների վրա կազմավորված խորհրդային կայսրության մեջ մտնելը գրեթե չեն նշվում և չեն իմաստավորվում մեր հասարակությունում։ Հատկանշական է, որ եթե «խորհրդային» բառը երբեմն նշմարվում էլ է տեղեկատվական դաշտում, ապա այն, որպես կանոն, ունի բացասական իմաստ։ Նշենք, որ կոնկրետ խորհրդային դարաշրջանի մասին հիշողության հետ կապված խնդիրները գոյություն ունեն բնավ ոչ միայն Հայաստանում և հետխորհրդային մյուս հանրապետություններում։ Խնդիրն ակտուալ է նաև բուն Ռուսաստանում, որտեղ միայն վերջին տարիներին իրավիճակն այս ոլորտում որակապես փոխվել է։ Ակնհայտ է, որ նման վիճակը բնավ մի ինչ-որ հավաքական սկլերոզի դրսևորում չէ, այլ նպատակաուղղված և մեթոդաբար վարվող՝ այսպես կոչված «պատմական քաղաքականության» արդյունք։ Վերջինը արդի հիբրիդային պատերազմների կարևոր բաղադրիչն է, և ստորև կփորձենք հակիրճ ներկայացնել մեր պատկերացումները սույն հասկացության մասին։
«Պատմական քաղաքականություն»
«Պատմական քաղաքականություն» եզրը տեղեկատվական շրջանառության մեջ մտավ 1980-ական թթ. Գերմանիայում, սակայն ակնհայտ է, որ պատմական հասկացությունների կարևորությունը ներքին և արտաքին քաղաքականությունում կարևորվել է դեռևս պատմական ժամանակներում։ Կարծիք կա, որ քաղաքական այդ արվեստին լավ էին տիրապետում չինացի (հիշենք նրանց «պատմությունը մոռանալը դավաճանություն է», «առանց պատմության չկա ապագա» ասույթները) և անգլոսաքսոն ստրատեգները։ Ինչպես անցյալում, այնպես էլ այսօր «պատմական քաղաքականությունն» ունի ուղղության երկու վեկտոր։ Ներքին քաղաքականության մեջ նրա նպատակը ազգային ինքնության պահպանումն է և դրանով իսկ՝ հասարակության համախմբվածության և գործունակության ապահովումը ապակառուցողական արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար։ Արտաքին քաղաքականությունում «պատմական քաղաքականության» վեկտորն ուղղված է ազգային հիշողությունը խարխլելուն և դրանով իսկ՝ պայմանական հակառակորդի (իսկ որոշ դեպքերում՝ դաշնակիցների) հասարակության տրոհմանը և նրա իմունիտետի թուլացմանը՝ արտաքին ներգործությանը դիմակայելու համատեքստում։
Այս իմաստով պետք է խոստովանել, որ «պատմական քաղաքականության» առումով մենք բոլորս բավական վատ ժառանգություն ենք ստացել այդ նույն խորհրդային դարաշրջանից։ Հայտնի է, որ խորհրդային ժամանակներում «պատմությունն» այնքան էլ չէին սիրում։ Հեղափոխությունից հետո ցարական շրջանը ենթարկվեց բանադրանքի, իսկ անցյալի մասին քաղցր խոսքի համար կարելի էր հայտնվել նաև «Գուլագում»։ Այս հարցը հատկապես սուր էր Հայաստանում։ Խորհրդայնացումից հետո սկսվեցին քրիստոնեական եկեղեցու հալածանքները, Առաջին հանրապետության քաղաքական գործիչների հետ միասին սևացվեցին և, լավագույն դեպքում, մոռացության տրվեցին մեր ազգային հերոսները՝ Անդրանիկը, Նժդեհը և շատ ուրիշներ։ Հատկանշական է, որ պատմական հիշողության կարևորության մասին հիշեցին Մեծ Հայրենականի դաժան տարիներին. վերականգնվեցին ցարական ժամանակների սպայական ուսադիրները, կոչումներն ու ռազմական այլ խորհրդանշաններ, հրաժարվեցին կրոնի և եկեղեցու դեմ կիրառվող ճնշիչ պլաններից։ Ավելին, հենց ռազմական շրջանում մասամբ վերածնվեց կրոնական կյանքը. ստեղծվեցին հատուկ պետական կառույցներ գրեթե բոլոր դավանանքների հետ կառավարության փոխգործակցության հաստատման համար։ Հայաստանում, բայց արդեն վաթսունական թվականներին, լայն հասարակական շարժման ճնշման տակ, վերականգնվեց Ցեղասպանության մասին հիշողությունը, «ռեաբիլիտացվեցին» մեր մի շարք ազգային հերոսներ։
Բայց սրանով «պատմական հիշողության» անհաջողությունները չավարտվեցին։ Առջևում նոր, այս անգամ «լիբերալ» հեղափոխությունն էր։ Եվ եթե բոլշևիկները հօգուտ պետության յուրացնում էին ամեն բան, ապա նորաթուխ ուլտրալիբերալները գործում էին «ամեն բան՝ վաճառքի» սկզբունքով և պետությունից թալանում էին այն ամենը, ինչը քիչ թե շատ վրիպում էր աչքից։ Հընթացս կասկածելի անձինք սեփականաշնորհեցին նաև պատմությունը։ Արդյունքում՝ սկսեց վատաբանվել այն ամենը, ինչը կապված էր նախորդ դարաշրջանի հետ։
Այս ամենում հուսադրող է այն, որ «պուտինյան Ռուսաստանում» արդեն սկսվել է պետականության և, միևնույն ժամանակ, պատմական հիշողության վերականգնումը։ Ուրախալի է ոչ միայն կառավարական որոշումների հայտնվելը այս կամ այն հիշարժան օրվա միջոցառումների կազմակերպման առումով, այլև հատկապես այն, որ ԶԼՄ-ներում սկսել են մշտապես հայտնվել օբյեկտիվ և, միևնույն ժամանակ, զվարճալի-ճանաչողական նյութեր ինչպես բոլշևիզմի դարաշրջանի, այնպես էլ ցարական ժամանակաշրջանի և սպիտակ շարժման մասին։ Այստեղ պարզապես մեղք կլինի չնշել հիանալի հաղորդումները, որոնք վարում են Նիկոլայ Սվանիձեն և Ալեքսանդր Պրոխանովը։ Հատկապես նշենք Նիկիտա Միխալկովի տաղանդավոր հաղորդումները, որոնք ուղղված են ոչ միայն պատմության կեղծումների դեմ, այլև օգնում են ավելի համարժեք իմաստավորել այսօրվա բարդ հիբրիդային իրողություններն իրենց ճշմարտություններով և անճշտություններով։
Իսկ Հայաստանում կայսրության փլուզումը սկսվեց ղարաբաղյան շարժմամբ։ Սկզբում հասարակության մեջ գերիշխում էին ազգային գաղափարները, և այս համատեքստում տեղի ունեցավ մինչխորհրդային շրջանի դրական վերագնահատում։ Սակայն որոշակի ժամանակ հետո ազգային գաղափարախոսությունը հայտարարվեց «կեղծ կատեգորիա», և հասարակությունը մխրճվեց ուլտրալիբերալ իրականության մեջ՝ պատմության իր սպեցիֆիկ մեկնաբանությամբ։
Միևնույն ժամանակ, Հայաստանում հիշողության այս երկու «հետհեղափոխական կորուստների» միջև էական տարբերություն կա։ Եթե բոլշևիկներն իրենց գաղափարական բնույթով տոտալիտար միջոցներով ստիպում էին սեփական ժողովրդին մոռանալ պատմությունը, ապա լիբերալներն այդ նույն խնդրի լուծման համար կիրառում են մանիպուլյացիոն տեխնոլոգիաների ողջ զինանոցը, և այդ աշխատանքում նրանց էական աջակցություն են ցուցաբերում արտասահմանյան կառույցները։ Հարկ է նաև ընդունել, որ արտասահմանցիներն իրենք էլ սեփական պատմությանը վերաբերվում են բավական գորովալից և մտածված։ Այս ոլորտում առավել առաջավոր են, ինչպես արդեն նշեցինք, բրիտանացիները։ Նախ՝ նրանք գիտակցել են, որ չարժե պարբերաբար հեղափոխություններ անել. այն բանից հետո, երբ 1649թ. մահապատժի ենթարկեցին Կառլոս I-ին, որոշ ժամանակ անց անգլիացիները խմբագրված տեսքով վերականգնեցին միապետությունը և ցայսօր սրբորեն հետևում են այս առիթով նախատեսվող բոլոր ծիսակատարություններին՝ արդարացիորեն կարծելով, որ «ավանդույթը կրակը փոխանցելն է, այլ ոչ թե մոխրին երկրպագելը»։
Իսկ եթե ինչ-որ բան նրանց մոտ այնպես չէր ստացվում, ապա նրանք գտնում էին իրենց պատմության անգամ ամենաանհաճո էջերի վերականգնման մեթոդները։ Օրինակ, Ղրիմի պատերազմի (1854թ.) ժամանակ բրիտանական թեթև հեծելազորը լորդ Քարդիգանի հրամանով գրոհի նետվեց ռուսական բանակի լավ ամրացված դիրքերի վրա և աղետալի կորուստներ կրեց։ Ռազմական պատմության դասագրքերում Քարդիգանի որոշումը համարվում է ամենաանհեթեթներից մեկը, բայց բրիտանացիներն այդ իրադարձությանը ձոնել են օդաներ, երգեր են հորինել, երկու կինոֆիլմ նկարահանել։ Այսինքն՝ «թեթև հեծելազորի գրոհը» նրանք խայտառակությունից վերածել են սեփական տարեգրության փառահեղ էջի։
Այնինչ, ժամանակակից «պատմական քաղաքականությունը» զարգացման որակապես նոր մակարդակի է բարձրացել և դարձել «հիբրիդային պատերազմների» կարևոր բաղադրիչ։ Դրա ցայտուն օրինակն է այն խայտառակությունը, որը տեղի է ունենում թվում է, թե ակնհայտ և անվիճելի պատմական փաստի՝ Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի շուրջ։ Այս ամենը վկայությունն է այն բանի, որ այսօր գրեթե ջնջվել են անվտանգության առանձին ոլորտների (ռազմական, տնտեսական, տեղեկատվական, պատմական, և այս ցանկը կարելի է ընդլայնել) հասկացությունների միջև սահմանները։ Այս իրավիճակը կապված է ոչ միայն այդ ոլորտների բնական փոխկապվածության, այլև այն բանի հետ, որ ժամանակակից հիբրիդային առճակատումները ենթադրում են պայմանական հակառակորդի դեմ ներգործության գրեթե բոլոր գոյություն ունեցող ապակառուցողական «հիբրիդային» մեթոդների համալիր կիրառություն։
Այսօր կարելի է հանդիպել փորձագետների կարծիքների այն մասին, որ «հիբրիդային պատերազմներում» որևէ նոր բան չկա, և այդօրինակ պատերազմներում օգտագործվող մեթոդները կիրառվել են նաև անցյալի դիմակայություններում։ Սակայն բնավ այդպես չէ, և դա առանձին խոսակցության թեմա է։ Հույս ունենք, որ տեսանելի ապագայում մենք կունենանք ռուս գործընկերների հետ համատեղ եվրասիական ինտեգրման գործընթացների վրա հիբրիդային մարտահրավերների ազդեցության մեխանիզմները քննարկելու հնարավորություն։
2 Сулакшин С. С. և Багдасаряна В. Э., Цивилизационный феномен в российском государствообразовании, http://rusrand.ru/ideas/civilizacionnyy-fenomen-v-rossiyskom-gosudarstvoobrazovanii (տե՛ս նաև Корчагин Ю.А., Рейтинг стран — бывших республик СССР по ВВП в 2016 году и в 1990г., http://www.lerc.ru/?part=articles&art=1&page=388).
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]