• am
  • ru
  • en
Версия для печати
05.11.2020

ՍԱ ՏԻՊԻԿ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է. ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

   

Արցախյան մերօրյա պատերազմի բնույթը կամաց-կամաց փոխվում է: Թշնամին վերջին օրերին ընտրել է ոչ թե մասշտաբային հարձակումների, այլ ահաբեկիչների, հատուկ նշանակության ջոկատների դիվերսիոն խմբերի միջոցով հանկարծակի ներթափանցման մարտավարությունը: Ըստ էության, դիվերսիոն հարձակումներ են իրականացվում նաեւ տեղեկատվական դաշտում: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:


«ԲՈԼՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐՆ ԷԼ ԲԱՎԱԿԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ԵՆ, ԱՆԳԱՄ ԼԱՎ ՍՑԵՆԱՐ ԿՈՉՎԱԾՆԵՐԸ»

– Պարոն Հարությունյան, կարելի՞ է ասել, որ առաջնագծում եւ տեղեկատվական ճակատում այսօր ունենք հիբրիդային պատերազմ:

– Անշուշտ, ավելին՝ ի սկզբանե այս պատերազմը հիբրիդային բնույթ էր կրում: Հակառակորդը հետեւողականորեն տարբեր ձեւի մարտավարություն է կիրառում: Առաջին փուլում դրանք զանգվածային հարձակումներն էին, որը բավական ճիշտ գնահատվում է՝ որպես բլիցկրիգի փորձ: Հետո, երբ իրենց այդ ալիքը հանգեցվեց մեր կողմից, այժմ փորձում են դիվերսիոն մանր խմբերով անընդհատ անհանգստացնել եւ փորձել ինչ-որ հաջողությունների հասնել: Սա, իհարկե, առաջին հերթին վկայում է այն մասին, որ ադրբեջանական բանակը ղեկավարվում է ոչ միայն ադրբեջանական սպայակազմի եւ գլխավոր շտաբի կողմից, այլ նաեւ թուրքական, ինչու ոչ, նաեւ իսրայելական ռազմական մասնագետների կողմից, որոնք բավական հմտորեն փորձում են գտնել թույլ կետերը: Բայց շնորհիվ մեր պաշտպանության բանակի՝ մեր հրամանատարների եւ զինվորների ջանքերի, առայժմ մեծ հաջողությունների, կարելի է ասել, չեն հասնում: Նրանց հիմնական նպատակն էր հասնել հաջողության հարավային ուղղությամբ, որպեսզի Իրանի հետ սահմանի խնդիրները լուծեն: Փառք Աստծո, որ մեր զորքերը շատ հմտորեն հետ են մղում նրանց ձգտումները, որովհետեւ սա առաջնային խնդիր է: Այս պատերազմում իսրայելական ներկայությունը վկայում է, որ հենց այդ նպատակն են հետապնդում, որպեսզի կտրեն Իրանը Հայաստանի հետ սահմանից: Էլ չեմ ասում տեղեկատվական գործողություների մասին, որոնք նույնպես բավական մեծ թափով են իրագործվում: Օրինակ, կարդացի, որ գրել էին, թե իբր Միացյալ Նահանգները զորքեր են մտցրել Արցախ: Սա ինձ մոտ միայն ծիծաղ առաջացրեց, բայց շատերը նույնիսկ բավական լուրջ էին ընդունել: Այնպես որ, սա տիպիկ հիբրիդային պատերազմ է: Այսօր այլ ձեւի պատերազմ այլեւս չկա: Եթե ժամանակին ասում էին՝ սառը պատերազմ եւ այլն, ապա սա սառը պատերազմների կատարելագործված տարբերակն է: Ի դեպ, առաջին անգամ բրիտանական ստրատեգներն են այս արտահայտությունը մտցրել տեղեկատվական շրջանառության մեջ:

– Օրերս տեղի ունեցավ ահաբեկչական գրոհ Ավստրիայի սրտում, բավական լարված իրավիճակ է նաեւ Ֆրանսիայում: Կարելի՞ է ասել, որ այսօր տեղի է ունենում նաեւ համաշխարհային երրորդ պատերազմ, որ նույնպես ունի հիբրիդային բնույթ: Եվ, ի վերջո, կարողանալո՞ւ է, այսպես կոչված, միջազգայինն հանրությունը պայքարել դրա դեմ:

– Բարդ հարց է, որովհետեւ այսօր տեղի է ունենում գաղափարախոսական մեծ պայքար` ծայրահեղ ազատական, այսպես ասած, ուլտրալիբերալիստական եւ ինչ-որ չափով պահպանողական գաղափարախոսությունների միջեւ: Մենք խոսում ենք Ավստրիայում, Ֆրանսիայում տեղի ունեցած ծայրահեղական դրսեւորումների մասին, բայց նույն պատկերն է այսօր նաեւ Միացյալ Նահանգներում: ԱՄՆ-ում Բայդնի եւ Թրամփի պայքարը նույնպես երկու գաղափարախոսությունների պայքար է՝ ծայրահեղ ազատականության եւ պահպանողական տարրեր ունեցող քաղաքականության միջեւ: Այնտեղ եւս քաղաքներ են փակվում, տեղի են ունենում սարսափելի ջարդեր: Հետաքրքիր է, որ, օրինակ, երբ Բելառուսում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալում են մի քանի հոգու, նույն «միջազգային հանրությունը» խոսում է դրա անթույլատրելիության մասին: Ստացվում է, որ այն երկրներում, որտեղ բռնություններ են կատարվում, հենց իրենք են իրենց թույլ տալիս գնահատել եւ քննադատել այն, ինչ տեղի է ունենում այլ երկրներում, որտեղ չեն կիսում իրենց գաղափարախոսությունը: Եվ այս երկու գաղափարախոսությունների պայքարը շատ տուրբուլենտ հիբրիդային եղանակով է անցնում: Անգամ ամերիկյան զուսպ հրատարակությունները գրում են, որ սա բերելու է համաշխարհային պատերազմի կատակլիզմի՝ ներառելով Չինաստանը, Ռուսաստանը եւ այլն: Ու այս բոլորին գումարվում է պանդեմիկ իրավիճակը, որը նույնպես ազդում է ե՛ւ քաղաքական գործիչների, ե՛ւ հասարակության հոգեբանական իրավիճակի վրա: Այս առումով բավական լուրջ դժվարություններ, բարդություններ կան: Պետք է ուղղակի հուսալ, որ ինչ-որ կերպ այս ամենը ոչ շատ ծայրահեղացված սցենարներով կավարտվի: Թեպետ բոլոր սցենարներն էլ բավական անհանգստացնող են, անգամ լավ սցենար կոչվածները:


«ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ»

– Մեր բոլոր հույսերը, կարծես թե, կապվում է Ռուսաստանի հետ: Համենայնդեպս, սա է հուշում, որ վերջապես ՀՀ վարչապետը նամակով դիմեց ՌԴ նախագահին՝ աջակցության համար: Սակայն, կարծես թե, ռուսաստանյան արձագանքն այդքան էլ չարդարացրին որոշ շրջանակների սպասումները: Ձեր գնահատմամբ՝ Ռուսաստանն ուշանում է, պարզապես, մեր պատկերացումներո՞ւմ, թե՞ իրականում դանդաղում է:

– Սա բավական բարդ խնդիր է: Նախ պետք չէր շատ երկար սպասել, որպեսզի դիմեին Ռուսաստանին: Եվ երկրորդ՝ նույն ՌԴ-ն այսօր գտնվում է հիբրիդային պատերազմների կենտրոնում: Կարելի է ասել` այն, ինչ կատարվում է Արցախում եւ Հայաստանում, շարունակությունն է այն քաղաքականության, որը տարվում է նույն Արեւմուտքում Բելառուսի,Ղրղզստանի նկատմամբ: Եթե նախկինում կար «արաբական գարուն» հասկացողությունը, եւ քաոտիկ իրավիճակի մեջ մտցվեց մի ամբողջ տարածաշրջան, ապա այսօր իսլամական պետության ֆունկցիաները, որոնք կատարում էին նրանք դեմոկրատական փոփոխությունների ներքո, հիմա կատարում են թուրքերը: Այսինքն՝ Թուրքիային տրված է քարտ բլանշ, որպեսզի նա քաոտիկ վիճակի բերի ամբողջ տարածաշրջանը: Ինչպես տեսնում ենք, Թուրքիան հավակնություններ ունի Լիբիայում եւ ամենակարեւորը՝ մեզ համար քաղաքակրթական դաշնակից Հունաստանում, որն ուղակիորեն ուղղված է նաեւ Ռուսաստանի դեմ: Բնական է, որ այս իրավիճակում մեր միակ ապավենը կարող է լինել ՌԴ-ն: Միեւնույն ժամանակ, պետք է հաշվի առնենք, որ մինչեւ այս զարգացումները հայ-ռուսական հարաբերությունները պետական մակարդակում բավական չափով խարխլված վիճակում էին: Եվ սա չի նպաստում նրանց ավելի օպերատիվ, անմիջական արձագանքներին: Բայց, այդուհանդերձ, տեսնում ենք ռուսական հարվածներ Սիրիայում թուրքական զորամիավորումների եւ նրանց համակիրների վրա: Բացի այդ, որքան հասկանում եմ, կա որոշակի ռազմական օգնություն, որը տրվում է Ռուսաստանի կողմից մեզ: Անշուշտ, սա Ռուսաստանի խնդիրն է, եւ չգիտեմ՝ ինչպիսի ձեւաչափով, բայց միակ երկիրը, որը կարող է կանգնեցնել այս ամենն, իհարկե, միանշանակ ՌԴ-ն է: Այսօր էլ կան որոշակի վերլուծաբաններ, որ հույսեր են փայփայում Ֆրանսիայի, այլ երկրների հետ, բայց հիշեք 1918-1920 թվականները, երբ կարծում էին, թե անգլիացիները պետք է իրենց նավերը բարձրացնեն Մասիս սարի վրա: Սա հակահայկական մտածողություն է, որը մեզ օգուտ չի բերելու:

– Ի դեպ, արդեն մեկ ամսից ավել ընթացող այս պատերազմի մասին Մեծ Բրիտանիայից ընդ-հանրապես որեւէ արձագանք, մեկնաբանություն չկա: Ինչո՞վ սա կբացատ-րեք:

– Շատ պարզ է, որովհետեւ համարվում է, որ մեր տարածաշրջանում հիմնական շարժիչ ուժերից մեկը բրիտանական հատուկ ծառայություններն են: Եվ բրիտանական քաղաքականությունն ընդամենը «շատ համեստորեն» ուղղակի լռում է:

– Որոշակի հույսեր կային նաեւ հարեւան Իրանի հետ, սակայն նրանք փորձում են առաջ մղել իրենց սցենարը, որով առաջարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձե-ւաչափը փոխել ՌԴ-Թուրքիա-Իրան տարբերակով, ինչն, իհարկե, բոլորովին մեր շահերից չի բխում:

– Իրանը խոշոր պետություն է, ավելին՝ այս կամ այն ձեւով ունի նաեւ որոշակի միջուկային ներուժ: Դեռ 15 տարի առաջ ռուսական գլխավոր շտաբում պաշտոնապես հայտարարում էին, որ նրանք ունեն, այսպես ասած, կեղտոտ միջուկային զենք: Այնպես որ, անշուշտ, Իրանը հզոր երկիր է, բայց նույնպես ունի իր խնդիրները: Ամեն մի երկիր ստեղծված իրադրությունում փորձում է ամրապնդել իր դիրքերը, հետեւաբար ինչ-որ հաճելի անակնկալներ պետք չէ սպասել ո՛չ Իրանի, ո՛չ Չինաստանի կողմից, որը թվում էր, թե նույնպես պետք է ավելի ակտիվ դիրքորոշում ունենար: Նրանց մենթալիտետը, քաղա-քական փիլիսոփայությունը մի փոքր այլ է՝ միշտ սպասում են: Նույնիսկ ամերիկացիները դժգոհում են չինացիներից՝ ասելով, որ նրանց մոտ ժամանակի զգացողություն գոյություն չունի: Իրենք կարող են դարերով սպասել մինչեւ հասնեն իրենց նպատակին: Ընդ որում՝ հասնում են, որովհետեւ այսօր թիվ մեկ երկիրն են: Հետեւաբար, պետք է շատ լուրջ զբաղվենք մեր դաշնակիցներով, որն առաջին հերթին Ռուսաստանն է՝ իր հնարավորություններով եւ քաղաքակրթական առումով մոտիկ է մեզ, ինչպես նաեւ ձեր ուշադրությունն եմ հրավիրում Հունաստանի վրա: Այս շրջանում միակ երկրի ար-տաքին գործերի նախարարը, որը այցելեց Հայաստան, Հունաստանի ԱԳ նախարարն էր: Պարզ է, որ Հունաստանի հնարավորությունները սահմանափակ են, իրենք ունեն իրենց խնդիրները, բայց եւ այն-պես Աթենք-Երեւան-Մոսկվան քաղաքակրթական գիծ է, եւ պետք է փորձենք գոնե հետագայում այս ուղղությունը մեծապես զարգացնել: Հետաքրքիր է նաեւ այն, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը վերջերս այցելեց Աթենք, համենայնդեպս, շատ երկար ժամանակ նա երբեւիցե Աթենք չէր այցելել:


Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր