• am
  • ru
  • en
Версия для печати
15.11.2018

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՎ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 8, 2018


Աշոտ Թևիկյան

«Նորավանք» ԳԿՀ փորձագետ-խորհրդական

Անդրկովկաս/Հարավային Կովկասի (որը ներառված է Չինաստանից մինչև Հյուսիսային Աֆրիկայի երկրներ ավելի լայն աղեղի մեջ) շուրջ միջազգային և ռազմաքաղաքական իրադրությանը բնորոշ է պահպանվող, առանձին շրջաններում ահագնացող անկայունությունը։ Ավարտվեց Եվրասիականության զարգացման էվոլյուցիոն և համեմատաբար խաղաղ փուլը։ Թե ինչպիսին կլինի այն, ինչին պետք է պատրաստվեն Անդրկովկասի երկրները և առաջին հերթին Հայաստանը՝ հուզում է հայ հանրության ամենալայն շրջանակներին։

Պետք է խոստովանել, որ Անդրկովկասի վերաբերյալ միջազգային և ռազմաքաղաքական իրադրության զարգացման ռազմավարական կանխատեսման և պլանավորման ոլորտի լուրջ, նպատակաուղղված հետազոտություններ (Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում և Մեծ Մերձավոր Արևելքում գրանցված բարդությունների պարագայում) չեն իրականացվել՝ չնայած դրանց ակնհայտ պահանջվածությանը։ Սա ռազմաքաղաքական պրոբլեմատիկայի համալիր վերլուծության հանդեպ անբավարար ուշադրության արդյունք է։ Միաժամանակ հասարակությունում սկսեցին գերիշխել պատրանքներն անխռով, խաղաղ ապագայի վերաբերյալ, ինչն իր արտացոլումը գտավ 2007թ. Անվտանգության հայեցակարգում։ Եվ միայն վերջին մի քանի տարիների իրադարձությունները և հատկապես ապրիլյան պատերազմը՝ հրահրված Թուրքիայի միջամտությամբ, հանգեցրին այն բանին, որ այդ պատրանքները սկսեցին հօդս ցնդել։ Որպես հետևանք՝ ռազմաքաղաքական կանխատեսման և պլանավորման հարցերն այլևս չէին անտեսվում պաշտպանության նախարարության կողմից։ Հայաստանի պաշտպանության նախարարության հրապարակած՝ 2018-204թթ. համար Բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի երկրորդ կետում («Նկատառումներ ռազմավարական պլանավորման վերաբերյալ») արվում են եզրակացություններ այնպիսի հետազոտությունների արդյունքների գծով, որոնցում մասնավորապես արձանագրվում է.

Հենվելով Հայաստանում անվտանգության պայմանների առանձնահատկությունների և ռազմական սպառնալիքների բնույթի վրա՝ 2018-2024թթ. համար կանխատեսելի է, որ.

- Միջազգային հարաբերություններում կշարունակվի համագործակցության մթնոլորտի թուլացման միտումը, կպահպանվեն ռազմաքաղաքական հակասությունները անվտանգության տարբեր կազմակերպությունների և պետությունների միջև... որոնք բացասաբար կանդրադառնան Հայաստանի անվտանգության իրավիճակի վրա։

- Ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում նախկինի պես կբնորոշվի չլուծված հակամարտություններով և տարածաշրջանում անվտանգության տարընկալմամբ...

- ...Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հավանականությունը ցածր է...

Այնուհետև, ուշադրության առնելով այս իրողությունները և Հայաստանի Հանրապետության համար 2018-2024թթ. դրանց զարգացման միտումները՝ առաջարկվում են զինված ուժերի արդիականացման որոշակի քայլեր։

Որպես կանոն, թեմայի վերաբերյալ առկա հրապարակումները հիմնվում են առանձին անկախ փորձագետների էմպիրիկ գիտելիքի և փաստական նյութի էկլեկտիկ ընտրության վրա։ Ըստ էության, նման կանխատեսումներն օգտակար են, բայց, որպես կանոն, դրանք չեն կրում համակարգային բնույթ և խիստ սուբյեկտիվ են։ Որպես օրինակ կարելի է նշել NIC1, ԱՄՆ «ուղեղային կենտրոնների» 2, առանձին փորձագետների (որոնց մեջ ամենաակտիվը ռուսաստանցի փորձագետներն են) մշակումները։ Մի փոքր այլ են հայտնի փորձագետ Հրաչյա Արզումանյանի3՝ ռազմական և ազգային անվտանգության խնդիրներին նվիրված աշխատանքները։

Այսօր չափազանց ակտուալ և պահանջված են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բնույթի պրոֆեսիոնալ և հիմնավորված կանխատեսումները։ Ռազմաքաղաքական վերլուծության, կանխատեսման (կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ) և պլանավորման նպատակը տրված ժամանակահատվածի համար գնահատական տալն է կողմերի միջպետական, սահմանային, միջդավանական, տնտեսական և այլ հակասություններին, որոնց լուծումը չի բացառում մեկ կամ երկու կողմերի ռազմական ուժի (այդ թվում և հիբրիդային) կիրառման հնարավորությունը։ Նման հետազոտությունները կառավարման պրոցեսի կարևոր փուլերից են արտաքին քաղաքական ռազմավարության ձևավորման ոլորտում՝ պետության ռազմական անվտանգության ապահովման առումով, և կիրառվում են աշխարհում, առանձին տարածաշրջաններում և լարվածության օջախներում ռազմաքաղաքական իրադրության գնահատման համար։ Խելամիտ ռազմավարական կանխատեսումը թույլ է տալիս սթափ գնահատել իրավիճակը, տեսնել ազգային անվտանգության այսօրվա և ապագա սպառնալիքները, ձևակերպել համարժեք պատկերացում ուժերի հավասարակշռության և զսպման ներուժի մասին։ Նրանք կարող են ազգային անվտանգության համար պատասխանատու պետական կառույցներին, հայ գիտա-փորձագիտական հանրությանն առաջարկել ամբողջական պլանավորված կանխատեսական համակարգ ռազմաքաղաքական խնդիրների վերաբերյալ՝ անդրկովկասյան տարածաշրջանի շեշտադրումով։ Նախապես հասկանալով, թե ինչ ուղղությամբ և ինչ դինամիկայով է փոխվելու այս կամ այն իրավիճակը՝ կարելի է կանխել շատ մարտահրավերներ, ինչպես նաև խուսափել սխալներից և ռազմավարական պլանավորման բացթողումներից, այդ թվում օրինաստեղծման ոլորտում։

Պատահական չէ, որ ներկայում ռազմական պլանավորման դերն առաջատար արևմտյան տերությունների քաղաքականության մեջ մշտապես աճում է։ Ռազմական պլանավորմանն ավելի մեծ ուշադրություն է դարձվում նաև Հայաստանում։

Ինչպես գրում է Ջորջ Ֆրիդմանն իր «Ռազմավարական կանխատեսում. հետախուզական գործունեության օբյեկտիվ չափում» հոդվածում4, «Ռազմավարական կանխատեսումը վերաբերում է հետախուզական գործունեության այն մասին, որի կիզակետում են գտնվում այն իրադարձությունները, որոնք խոր, հիմնարար ներգործություն են թողնում միջազգային համակարգի վրա։ Հաճախ նման իրադարձություններից մեկը դառնում է ուժ, որը նշանակալի այլ իրադարձությունների շղթայական ռեակցիա է առաջացնում։ Նման ռազմավարական իրադարձություններն ունեն երկարաժամկետ հետևանքներ և ազդեցություն են գործում համաշխարհային համակարգի հիմնարար մեխանիզմների գործողության վրա, ինչի արդյունքում ամբողջ ազգեր շահեկան են դուրս գալիս կամ էլ տանուլ են տալիս»։

Նման կանխատեսումների ազդեցությունը և դրանց ենթադրվող հետևանքները, որոնք դիտարկվում են որպես ծավալված հիբրիդային պատերազմների արդյունք, հետապնդում են այլ պետությունների վրա տեղեկատվական ներգործության, պոտենցիալ հակառակորդին ապակողմնորոշելու նպատակ։ Եվ դրանց դիմակայելու տեսանկյունից նման հետազոտությունները հրատապ են։

Միևնույն ժամանակ, ընդունելով նման մշակումների ակտուալությունը՝ կարծում ենք, որ հնարավոր սցենարների լիարժեք պատկերացման համար աշխարհաքաղաքական և տարածաշրջանային դիտանկյունից արտաքին և պաշտպանական քաղաքականության կանխատեսման և պլանավորման խնդրի կարևոր հավելյալ բաղադրիչ են ռազմատնտեսական, տնտեսական-քաղաքական, պետական-տնտեսական (ինստիտուցիոնալ), էներգետիկ, տրանսպորտային, գիտատեխնոլոգիական շերտերը։ Մեր կարծիքով, դա այն կրիտիկական ենթակառուցվածքն է, որի վրա ամենամեծ ճնշումն է գործադրվում հիբրիդային պատերազմներում։ Եվ ուսումնասիրելով արտաքին և պաշտպանական քաղաքականության կանխատեսման և պլանավորման անդրկովկասյան ուղղությունը՝ մենք անհրաժեշտ ենք համարում միաժամանակ քննարկել նաև խնդիրների այդ շերտը։ Ըստ էության, մենք ելնում ենք մարքսյան այն հասկացությունից, որ տնտեսական զարգացումը վճռական դեր է խաղում հասարակության քաղաքական զարգացման մեջ։

Հետևաբար, անհրաժեշտ է ունենալ գիտական մեթոդաբանություն նշյալ ոլորտներում ռազմավարական կանխատեսման և պլանավորման և, մասնավորապես, դրա տարածաշրջանային դիտանկյան համար՝ զուգահեռաբար ուսումնասիրելով ռազմատնտեսական, տնտեսական-քաղաքական, պետական-տնտեսական (ինստիտուցիոնալ), էներգետիկ, տրանսպորտային, գիտատեխնոլոգիական ասպեկտները։

Անդրադառնանք ևս մեկ կարևոր հանգամանքի։ Մենք չենք ենթադրում սահմանափակվել զուտ վերլուծական հետազոտություններով։ Աշխարհում ռազմաքաղաքական և ռազմավարական իրավիճակի զարգացման կանխատեսմանն օգնության են եկել արդի տեխնոլոգիաները։ Եվ դրանում կարևոր մաս է կազմում մաթեմատիկական մոդելավորման ուղղությունը, որը մտնում է ռազմավարական վերլուծության գործիքակազմի մեջ5։ Ներկայում ռազմական կանխատեսման տարբեր մաթեմատիկական մոդելներ են օգտագործվում, օրինակ, ՆԱՏՕ երկրներում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում և Չինաստանում։

Ընդգծենք, որ մաթեմատիկական մոդելները չեն փոխարինում և չեն կարող փոխարինել փորձագիտական գնահատականներին։ Այս երկու մոտեցումները՝ փորձագիտական և մաթեմատիկական, լավ լրացնում են միմյանց՝ օգնելով փորձագետներին տալու ստույգ եզրակացություններ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության համար։

Հաջող ռազմավարական կանխատեսում կատարելը, հատկապես երկարաժամկետ հեռանկարի համար, դյուրին գործ չէ։ Նման կանխատեսման հիմնական բարդությունները պայմանավորված են.

- համաշխարհային և տարածաշրջանային համակարգերի բազմագործոն լինելով, երբ կտրուկ ավելանում է այն տարրերի քանակը, որոնք պետք է հաշվի առնել կանխատեսումը կազմելու համար;

- անորոշությունների մեծ թվի առկայությամբ և տարատեսակությամբ, ինչպես նաև, մասնավորապես, մեկնարկային տեղեկատվության անլիարժեքությամբ/անհստակությամբ;

- գործընթացների կանխատեսման չափազանց դժվար լինելով, թույլ կանխատեսելի և դինամիկ փոփոխություններով (սոցիալ-տնտեսական, սոցիալ-քաղաքական, կրոնական, ազգային և այլ հակասություններ)՝ շրջապատում, արտաքին միջավայրում տեղի ունեցող տուրբուլենտ փոփոխությունների պայմաններում;

- վարքային գործոնների հաշվառման անհրաժեշտությամբ։

Կառավարչական ինտեգրացիայի սկզբունքները պահանջում են հավասարակշռություն հաստատել ռազմավարական, մարտավարական (պլանավորման գործընթացների կառուցում) և օպերացիոն (գործընթացների սինքրոնացում միջֆունկցիոնալ և միջկազմակերպչական ինտեգրացիայի պայմաններում) մակարդակների միջև։ Մոդելների տարբեր տեսակները (կառուցվածքային-ֆունկցիոնալ, էվրիստիկ, այդ թվում՝ փորձագիտական, վիճակագրական, մաթեմատիկական (օպտիմիզացիոն), ստոխաստիկ, իմիտացիոն), որոնք կիրառվում են կառավարման տարբեր մակարդակներում և տարբեր խնդիրների լուծման համար, պետք է կառուցվեն հետերոգեն բնության բազմամոդել համալիրներում՝ միասնական մեթոդաբանական սկզբունքների և իմաստային միասնության հիման վրա։

Նշված իմիտացիոն մոդելավորման առավել հայտնի հարացույցներն են. դիսկրետ կամ պրոցեսային-կողմնորոշված մոտեցումը (DES), համակարգային դինամիկան (SD), գործակալական մոդելավորումը (ABMS)։ Մոդելավորման համապատասխան պարադիգմի ընտրությունը կարևոր քայլ է մոդելի մշակման գործընթացում և սահմանափակում է դրա կիրառման ոլորտները ռազմավարական առումով գործընթացների և երևույթների դինամիկայի նկարագրման, կոնկրետ խնդիրների լուծման մասով։

Կարելի է արձանագրել, որ արդյունավետ համակարգային և մոդելային լուծումները կառավարման մեջ կառուցվում են.

- կառավարչական ինտեգրացիայի սկզբունքների և տարբեր մոդելների սկզբունքների համաձայնեցման ռազմավարական, մարտավարական և օպերացիոն լուծումների միջև հավասարակշռության հիման վրա;

- բազմահամակարգային պատկերացումների և առարկայական մոդելավորման ոլորտում;

- սիներգետիկ հարացույցով և դրա հիման վրա իրականացվող կոմպոզիտ համակարգային-դինամիկ կառուցվածքային դինամիկան և գործակալական մոդելներով, որոնք թույլ են տալիս նկարագրել մեզոմակարդակում, ինչպես նաև ինքնակազմակերպման գործընթացները միկրոմակարդակում, որոնք իրականացվում են գործակալների վարքագծի միջոցով։

Վերը նշված մոդելների վրա հիմնված մեթոդաբանությունը թույլ է տալիս կառուցել համալիր կանխատեսումներ, որոնք հաշվի են առնում մեծ տարածաշրջանի միջազգային և ռազմաքաղաքական իրադրության զարգացման դինամիկան։ Այս մեթոդաբանության հիման վրա արված կանխատեսումները լավ հենք են ստեղծում արտաքին և պաշտպանական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, գիտատեխնոլոգիական և ինստիտուցիոնալ քաղաքականությունների արդյունավետ պլանավորման համար։ Նման համալիր մոտեցումը երկարաժամկետ ռազմավարական պլանավորման վերաբերյալ կօգնի Հայաստանի ղեկավարությանը, պետական կառույցներին և պաշտպանական համալիրին հավուր պատշաճի պատրաստվել աճող տուրբուլենտությանն արդի միջազգային հարաբերություններում։ ՀՀ ԶՈւ ԳՇ Ռազմավարական պլանավորման վարչության պետ Գ.Վ. Տավարածյանը նշում է6. «Պաշտպանության ռազմավարական պլանավորումը ռազմաքաղաքական և ռազմավարական իրադրության և նպատակների, ուժերի, միջոցների և զինված պայքար վարելու միջոցների որոշման, դրա կազմակերպման և ապահովման վերլուծության գործընթացն է։ Դա նշանակում է օպերատիվ-ռազմավարական հաշվարկների իրականացում, կանխատեսումների և ռազմավարական պլանավորման համապատասխան փաստաթղթերի մշակում։ Դրա հիմնական խնդիրներն են պետության շուրջ անվտանգային միջավայրի, ռազմաքաղաքական, աշխարհատնտեսական և ռազմավարական իրադրության գնահատումը պլանավորվող ժամանակի ընթացքում, ռազմական սպառնալիքների և մարտահրավերների սահմանումը և կանխատեսումը... Պաշտպանության ռազմավարական պլանավորումը կարելի է բաժանել մի քանի փուլերի՝ ԶՈւ առաքելության և նպատակների սահմանում, միջավայրի վերլուծություն...»։

Հայկական ռազմական և քաղաքական միտքը, գտնվելով նոր լուծումների ակտիվ որոնումների մեջ, պետք է էլ ավելի ընդլայնի հետազոտությունների ոլորտները, որոնք թույլ կտան կարգավորել ռազմական պլանավորման համակարգը, թոթափվել սուբյեկտիվիզմից և օժտել այն նորագույն տեխնոլոգիական ապարատով։ Եվ կանխատեսումների մոդելի կառուցման մեթոդաբանության ընտրությունը դրա արդյունավետության գլխավոր նախադրյալն է։

Հոդվածի՝ հետագայում հրապարակման պատրաստվող երկրորդ մասում կներկայացնենք ենթադրվող մոդելի մեթոդաբանության տեսական հիմքը, ինչպես նաև ազգային անվտանգության ոլորտում վերլուծության համակարգի, ռազմավարական կանխատեսման և պլանավորման հիմքերը։

1 «The South Caucasus (Azerbaijan and Georgia) will want to remain at a greater distance from Russia, though Georgia's viability as a state may still be fragile. Armenia is more likely to remain a close and stable neighbor, while retaining its own identity». NIC 2020 Project: Commonwelth Conference: Scenarios. December 2003.

2 “U.S. policy toward the South Caucasus. Take Three” Eugene Rumer, Richard Sokolsky, and Paul Stronski. Carnegie Endowment for International Peace. May, 2017

3 Кромка хаоса. Парадигма нелинейности и среда безопасности XXI века, М., ИД «Регнум», 2012 (Selecta XIX); Сложное мышление и Сеть, Ереван, Научно-образовательный фонд «Нораванк», 2011; Стратегия иррегулярной войны: теория и практика применения, М., ЦСОиП, 2014; Иррегулярные конфликты. Ближний Восток, М., АНО ЦСОиП, 2014; Центры власти в XXI веке, М., ЦСОиП, 2015; Стратегический анализ и инструменты стратегии, НОФ «Нораванк», Ереван, 2016; Информационная война в Сирии. Анализ, оценки, тенденции, М., АНО ЦСОиП, 2016, 248 с.; Третья стратегия противовеса: реакция Пентагона на новые угрозы, М., АНО ЦСОиП, 2017.

4 http://www.hvylya.net/analytics/geopolitics/strategicheskoe-prognozirovanie-obektivnoe-izmerenie-raz...

5 Стратегический анализ и инструменты стратегии. Глава 4. “Краткий обзор инструментов стратегии”, с. 68-108.

6 «Հայկական բանակ», 2018, N 1-2:



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր