
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԵՐԳԵՅ ԳԼԱԶԵՎԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԸ

Աշոտ Թևիկյան
Փորձագետ
Ուժը վերադարձել է քաղաքականություն
ՌԴ նախագահի խորհրդական, ՌԳԱ ակադեմիկոս Սերգեյ Գլազևը սեպտեմբերի 15-ին ՌԴ Անվտանգության խորհրդի տնտեսական և սոցիալական ոլորտների անվտանգության գծով միջգերատեսչական հանձնաժողովի նիստին (փոխնախարարների և պրոֆիլային պետական կառույցների ղեկավարների մակարդակով) ներկայացնելու էր զեկուցում «ՌԴ տնտեսական անվտանգության սպառնալիքների չեզոքացման լրացուցիչ միջոցառումների մասին՝ միջազգային պատժամիջոցների պայմաններում»1 (զեկուցման տեքստը չկա, ներկայացված է միայն նրա տեխնիկական մասը)։
Ռուսաստանյան տնտեսագետների լիբերալ թևի արձագանքն ակնկալելի էր։ Քաղաքական գործիչների և պաշտոնյաների որոշակի շրջանակի սպասվող արձագանքը «կհալչի», եթե հանկարծ ՌԴ Անվտանգության խորհրդի միջգերատեսչական հանձնաժողովը հավանություն տա դրա իրագործմանը, այլ ոչ թե բավարարվի ոչ հստակ ձևակերպումներով։ Քանի որ, ինչպես պնդում է «Ъ»-ի հոդվածագիրը, այդ առաջարկությունները ենթադրում են նախարարների այսօրվա կաբինետի (որի լիբերալ փիլիսոփայությունն անհամատեղելի է Սերգեյ Գլազևի ծրագրի հետ, քանի որ նրա ընդհանուր տրամաբանությունն անհամատեղելի է Դմիտրի Մեդվեդևի կառավարության գաղափարախոսության և Ռուսաստանի բանկի ղեկավարության հետ) հրաժարականը կամ դրա ազդեցության լուրջ թուլացումը։
Զեկուցման առաջ բերած ռեզոնանսն անմիջապես փորձեց ցրել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Կրեմլում նման առաջարկություններին վերաբերվում են որպես գործընկեր Գլազևի փորձագիտական տեսակետ»։ Դա պետք է հանգստացներ Ռուսաստանի լիբերալ ընտրանուն։ Եվ սա զարմանալի չէ, քանի որ Սերգեյ Գլազևի առաջարկությունները չափից ավելի արմատական են շուկայական ֆունդամենտալիստների իշխանության համար, որն ստեղծվել է տասնամյակների ընթացքում։ Դժվար է համաձայնել այն տեսակետին, թե Սերգեյ Գլազևին և նրա դաշնակիցներին «...Պուտինն ավանդաբար օգտագործել է... ֆինանսական մակրոտնտեսական բլոկին թրոլինգի ենթարկելու համար, որպեսզի այն չթուլանա՝ անընդհատ ցույց տալով, որ կա ուղիղ հակառակ հայեցակարգը...»2։ Միանգամայն բնական հարց է առաջանում. ի՞նչ նպատակով, մի՞թե ավելի լուրջ խնդիրներ չկան։ Ինչո՞ւ նրանց ենթարկել թրոլինգի, նրանք առանց այդ էլ վախեցած են, քանի որ, ըստ Գլազևի, «սոցիալիստական համակարգին վերադառնալու նրանց վախը ստեղծվել է երկրին հասցված վնասի պատասխանատվության հանդեպ սեփական ենթագիտակցական վախից»։
Զեկուցումը ներկայացնելու ձևաչափն ինքը կարծես սկզբից ևեթ հաստատում է այն միտքը, որ առայժմ շրջանառվում է պետական տնտեսական կառավարման համակարգի բազային տարրերի արմատական փոփոխությանն ուղղված գաղափարը։ Այսպիսի պայմաններում խոսել նախագծի տապալման մասին, ինչ է, թե ակնհայտ է, որ այն հավանության չի արժանանալու, այնքան էլ կոռեկտ չէ։ Ավելի շուտ դա հարկավոր է Սերգեյ Գլազևի գաղափարները պաշտպանող թիմ և փորձագիտական խումբ ձևավորելու համար։ «Որպեսզի այդքան արմատական վերափոխումներն ընկալվեն ոչ թե որպես առանձին վերցրած խորհրդականի մասնավոր կարծիք, այլ որպես լիարժեք տնտեսական և քաղաքական գիծ, որպես ժողովրդական տնտեսության այլընտրանքային փիլիսոփայություն. Սերգեյ Գլազևի տեսակետի հետևում պետք է կանգնած լինի մի ամբողջ դպրոց, փորձագետների, ակադեմիկոսների, լրագրողների, պաշտոնյաների և ուժայինների մի ամբողջ խումբ»3։ Այս միտքը հաստատում է ակադեմիկոս Վիկտոր Իվանտերը, երբ ասում է, որ այդ զեկուցման պատասխանատվությունն ամբողջովին և լիովին ընկնում է նրա հեղինակի վրա4։ Ավելի լայն իմաստով, «ռազմավարական պլանավորման տարրերի ներառումը և ազգային կողմնորոշում ունեցող տնտեսության կառուցումը կպահանջեն ծանրակշիռ պետական մասնակցություն։ ...Եվ այն առնվազն հանրային լայն աջակցության կարիք ունի»։
Սերգեյ Գլազևի առաջարկությունների հետ կարելի է համաձայնել կամ ոչ, քննադատել կամ ընդունել դրանք որոշ վերապահումներով։
Կես տարի առաջ ՌԴ Անվտանգության խորհրդի գիտխորհրդի նիստի արդյունքների հիման վրա ենթադրվում էր դիտարկել երկրի տնտեսության «մրցունակությանը» նվիրված զեկուցման թեզիսները։ Եվ ինչպես ընդգծում է Սերգեյ Գլազևը, «Հիմա մրցունակությունը թվում է մի ինչ-որ ռոմանտիկ բան։ Խոսքը տնտեսական լուրջ սպառնալիքների մասին է... Հարցերը շատ ավելի սուր են դրված, և էլ ավելի մասշտաբային լուծումներ պետք է ընդունել»5։
Ստեղծված նոր աշխարհաքաղաքական պայմաններում Սերգեյ Գլազևի առաջարկությունները հնարավոր ընդունելի տարբերակներից մեկն են թվում, որոնք հավակնում են համընդհանուր տնտեսական և ֆինանսական հիմքի դերին՝ ըստ այն գաղափարախոսության, որը դրված է Վ.Պուտինի Մյունխենյան ելույթի հիմքում և այնուհետև զարգացվել է Վալդայում, և որի անհրաժեշտությունն ակնհայտ է։ Գործնական առումով դա նշանակում է, որ այդ առաջարկությունները կարող են դառնալ ֆինանսական և սոցիալ-տնտեսական քաղաքականության այն հիմքը, որը թույլ կտա Ռուսաստանին և Եվրասիական տնտեսական միության երկրներին դիմակայել անգլոսաքսոնյան հեգեմոնիային։
Սերգեյ Գլազևի գաղափարները բաժանված են վեց մասի։
Մենք կանգ կառնենք վերջին՝ վեցերորդ մասի վրա՝ «Ռազմավարական կառավարման համակարգի ծավալում», որտեղ գրված է. «...ՌԴ նախագահին կից ռազմավարական պլանավորման պետական կոմիտեի (ՌՊՊԿ) ստեղծում, որին «համակարգված» ձևով կենթարկվեն կառավարությունը՝ դե-ֆակտո և ՌԴ գիտատեխնիկական զարգացման պետական կոմիտեն (ԳՏԶՊԿ)՝ նույնպես պետության ղեկավարին կից, բայց արդեն Սպիտակ տան ներսում»։ Մեզ հետաքրքրում են կառույցներն իրենք, առանց իշխանության կոնկրետ ճյուղերի հետ դրանց կապերի վերհանման։
Տնտեսության կառավարման կազմակերպման այս ձևը, որը ներառում է շուկայական սոցիալ-դեմոկրատական մոտեցումները՝ կոնսերվատիզմի և սոցիալիզմի համադրման հեռանկարով, կդառնա իրական այլընտրանք «շուկայական ամենաթողությանը», որը ձևավորվեց ԽՍՀՄ փլուզումից հետո և զարգացավ տնտեսական քաղաքականության խնդիրների մեթոդաբանորեն անկոռեկտ և խիստ պարզեցված պատկերացումների հիման վրա, որոնք ներկայացված են «Վաշինգտոնյան կոնսենսուսում», և որոնց արդյունքում ունենք փլուզված տնտեսություններ։
Խոսքը դիրեկտիվներով կառավարվող տնտեսության վերականգնման մասին չէ։ Այս առումով ժամանակին բավական ճիշտ արտահայտվել է ակադեմիկոս Ե.Պրիմակովը. «...պետության դերն այն չէ, որ այդ դերը պետք է մեծանա, այն պետք է ամրապնդվի և իրականացնի գործառույթներ այնտեղ, որտեղ դրանք անհրաժեշտ են»6։ Միտքը ձևափոխելով՝ կարող ենք ասել. շուկա՝ որքան հնարավոր է, պետական պլանավորում՝ որքան անհրաժեշտ է։
Այստեղ կարող են տարբեր մոտեցումներ կիրառվել։ Շարունակելով Ս.Գլազևի գաղափարները՝ կարելի է կառավարման հաջող օրինակ բերել՝ տնտեսության ինդիկատիվ պլանավորումը։ Էությունը տնտեսության ոչ դիրեկտիվ պլանավորումն է պետական մակարդակով։ Դա տնտեսական գործընթացների կարգավորման եղանակ է՝ արտադրության զարգացման հանձնարարելի նպատակների վերհանման և պետական ֆինանսական ու այլ խթանների ստեղծման օգնությամբ, առևտրային այն ընկերությունների համար, որոնք համաձայնում են գործել պետական հանձնարարականներին համապատասխան։ Պլանավորման այս ձևը քիչ է տարբերվում զեկուցման հեղինակի առաջարկած ռազմավարական պլանավորումից։
Համաշխարհային տնտեսության ներկայիս գլոբալացման պայմաններում վերանայվում է պետական կարգավորման դերը։ Մեծ սխալ կլիներ շարունակել պահպանել ավանդական մոտեցումը պետության դերին՝ զարգացման խթանման ուղղությամբ, որը ենթադրում է, որ այն պետք է մի կողմ քաշվի։
Գոյություն ունի երեք գործոն, որոնք հիմնավորում են սոցիալ-տնտեսական որոշումների ընդունման առկա մեթոդներից տարբեր մեթոդների, պետության էական և պատասխանատու դեր ակնկալող ինստիտուցիոնալ կառույցի անցնելու անհրաժեշտությունը։
Նախ՝ հսկայական մի տարածքում, որը ներառում է Հյուսիսային Աֆրիկան, Մերձավոր և Միջին Արևելքը, պատերազմներ են ընթանում, իրական ժամանակի ռեժիմում ստեղծվում են ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպություններ և պետություններ՝ թիրախ ունենալով Կովկասը, Միջին և Կենտրոնական Ասիան և այլն։ Մեծ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմում որպես կապող տարր պետք է քննարկել Ռուսաստանի և Եվրասիական միության շուրջ ստեղծվող բարձր անկայունության գոտին։ Այլ բան դժվար էր սպասել։ Ըստ էության, ոչինչ չի փոխվել. ինչպես վերաբերվում էին ցարական Ռուսաստանին Անգլիան, հետո ԽՍՀՄ-ին՝ ԱՄՆ-ը և Անգլիան, այդպես էլ հիմա են վերաբերվում Ռուսաստանին և նրա ռազմավարական դաշնակիցներին ԱՄՆ-ը, Անգլիան և Իսրայելը։ Միայն մի տարբերություն կա. «արդի ռուսաստանյան սահմանների ուրվագծերը հիշեցնում են XVII դարասկզբի Մոսկովյան Ռուսը»7՝ գրեթե բոլոր դաշնակիցների և բարեկամների կորստյամբ։
Սերգեյ Գլազևի նախագիծը, որը հաշվի է առնում նման աշխարհաքաղաքականության ռազմաքաղաքական բաղադրիչները, ուղղված է տնտեսության համապատասխան կառույցի և նրա կառավարման մեթոդների ստեղծմանը։
Երկրորդ՝ խիստ վտանգավոր է կլեպտո-օլիգարխիկ (քրեական-կլանային) իշխանական կառույցների պահպանման միտումը, որոնք ստեղծվել են Եվրասիական միության մի շարք պետություններում։ Դա անկայունության երկրորդ գոտին է Ռուսաստանի համար՝ հանձին նրա ռազմավարական դաշնակիցների (ռեժիմների)։ Այն թույլ է տալիս ԱՄՆ-ին արդեն ուղղակի Ռուսաստանի սահմանի ողջ պարագծով ստեղծել դժգոհություն, որը կարող է արագ վերաճել ամենաարմատական, քաոսային ձևերի՝ դե-ֆակտո սեղմելով «Անակոնդայի օղակը» նրա շուրջ։ Տաջիկստանի օրինակը՝ որպես ամբողջ իշխանությունը և երկրի տնտեսական բոլոր ռեսուրսները մեկ ընտանեկան կլանի՝ Ռահմոնի և դանգարցիների կլանի ձեռքում կուտակելու ուղղակի արդյունք8։
Երկար ժամանակ այդ ղեկավարների և նրանց մերձավոր շրջապատի լեգիտիմությունը «հենվում էր հանրային կայունության և ռեժիմների՝ բնակչության համար ընդունելի կենսամակարդակ ապահովելու կարողության վրա։ Սա էր գոյություն ունեցող... հանրային պայմանագրի էությունը։ Սակայն այժմ այդ պետությունները մի ամբողջ համախումբ խնդիրներ ունեն, որոնք համահարթեցնում են այդ պայմանագիրը։ ...Գումարվել է կտրուկ վատթարացած սոցիալ-տնտեսական իրադրությունը»9։ Ինչպես նշում է Ս.Գլազևը, «Ճգնաժամն ի հայտ բերեց անհատակ անդունդն իշխող ընտրանու և ժողովրդի միջև։ Այն դրսևորվում է ոչ միայն վիթխարի գույքային տարբերությամբ մի բուռ գերհարուստների և աղքատների ծովի միջև, այլև անցկացվող տնտեսական քաղաքականության բնույթի մեջ։ Աղքատությունն արատ է։ Պետության արատը։
Ս.Գլազևի նախագիծը խիստ անարդյունավետ, այդ պատճառով էլ անընդունելի իշխանական կառույցների (որոնք ստեղծվել են Եվրասիական միություն մտնող որոշ երկրներում) բարեփոխման ամենաընդունելի և հնարավոր տեսակն է, որը թույլ կտա նվազեցնել անկայունության մակարդակը։
Երրորդ՝ ավարտվում է հինգերորդ և սկսվում է նոր՝ վեցերորդ տեխնոլոգիական կարգը10. իրականացվում է ինովացիոն-արդյունաբերական քաղաքականություն։ Ներկայում աշխարհում ակտիվորեն զարգանում են բարձրտեխնոլոգիական ճյուղերը, հատուկ ուշադրություն է հատկացվում մարդկային կապիտալին։ Ֆիզիկայի գծով Նոբելյան դափնեկիր Ժորես Ալֆյորովն այս մասին ասել է. «Հայրենական գիտության զարգացման մակարդակը բարձր, համաշխարհային ստանդարտների հասցնելու համար մենք պետք է առաջ անցնենք արևմտյան երկրներից՝ նրանց հետևից վազելով»։ Նկատի ունի այն, որ չպետք է փորձել վազել Արևմուտքի հետևից՝ նմանակելով նրանց փորձը, այլ մի ինչ-որ ինովացիոն բան հորինել։ «Ոչ մեր սևահողերի, ոչ նավթարդյունահանման ու գազարդյունահանման, ոչ ոսկու պաշարների հաշվին մենք չենք կարողանա առաջատար դիրքեր դուրս գալ զարգացած երկրների շարքում, այլ միայն գիտությամբ, ինովացիաներով և արդի տեխնոլոգիաների զարգացմամբ կապահովենք մեր հայրենիքի լուսավոր ապագան»11։
Շատ բան խոսում է հօգուտ այն բանի, որ «...ԱՄՆ-ը շարունակում է հաշվարկը կառուցել հավանական հակառակորդի հանդեպ լիակատար տեխնոլոգիական գերազանցության հասնելու վրա և միջոցներ չի խնայում այդ նպատակին հասնելու համար...»12։ Դա, նախևառաջ, վերաբերում է հարձակողական սպառազինությունների նոր, ավելի տեխնոլոգիական տեսակներին։
ԽՍՀՄ փլուզման հետևանքով վերացվեցին «...արդյունաբերության բարձրտեխնոլոգիական ճյուղերը։ ԽՍՀՄ բաժանումը 15 պետությունների բերեց տնտեսության լիակատար դեգրադացման։ Այլ կերպ լինել չէր կարող»։
Եվրասիական միության երկրների համար գերակա և երկարաժամկետ նպատակ պետք է դառնա հետինդուստրիալ զարգացման ճանապարհին կանգնելու իրական և արդյունավետ քաղաքականության ձևավորման խնդիրը, որը կնպաստի պետական և տնտեսական անվտանգության ապահովմանը։ Ինչպես նշում է Ս.Գլազևը, «ԵԱՏՄ երկրների տնտեսական հաջողությունները շատ բանով կախված են այն բանից, թե ինչ տեղ կհաջողվի նրանց ապահովել աշխատանքի համաշխարհային բաժանման մեջ, համաշխարհային տեխնոլոգիական շղթայում»13։
Սակայն խնդիրը շատ ավելի սուր է, ինչի մասին Դինամիկ կոնսերվատիզմի ինստիտուտի սեմինարում կարդացած իր զեկուցման մեջ14 անկեղծորեն արտահայտվել է ՌԳԱ Մ.Վ. Կելդիշի անվան կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի փոխտնօրեն Գեորգի Մալինեցկին. «Երկրի արագացված ինովացիոն զարգացման այլընտրանքը կարող է լինել միայն նրա փլուզումը։ Եթե մենք բեկում չմտցնենք ներկայիս միտումների մեջ, որոնց շավիղներով սահում է Ռուսաստանի Դաշնությունը, մեզ արդեն ոչինչ չի փրկի։ ՌԴ-ն չի կարողանա անգամ զարգացած աշխարհի հումքային կցորդը լինել»։
Իսկ կառավարման մեթոդների վերաբերյալ հղում կատարենք Սասեքսի համալսարանի ինովացիաների տնտեսության պրոֆեսոր, «Գործարար պետություն. պետական և մասնավոր սեկտորների դիմակայության մասին առասպելների պսակազերծում» գրքի հեղինակ Մարիանա Մաձուկատային, որը մեկնաբանվել է Foreign Affairs ամսագրում15՝ «Ինովացիոն պետություն» նշանակալի վերնագրով։ Նա գրում է, որ «կառավարությունները պետք է ստեղծեն շուկաներ, այլ ոչ թե միայն կարգավորեն դրանք», իսկ ամփոփագրում գրված է. «Ի՞նչն է մշտապես առաջ շարժել տեխնոլոգիական հեղափոխությունները։ Պետությունները ձեռնարկել են համարձակ գործողություններ նորամուծություններն առավելագույնի հասցնելու համար։ Հենց որ մենք գիտակցենք պետության դերն առաջանցման աշխատանքում, կարելի կլինի վերիմաստավորել տնտեսական քաղաքականության կարևորագույն հարցերը։ ...Եթե մենք վերլուծենք իրավիճակն այն երկրներում, որոնց հաջողվել է դուրս գալ խելացի ինովացիոն աճի հետագիծ, մենք կտեսնենք, որ դա տեղի է ունեցել շնորհիվ կառավարության ուժեղ մասնակցության»։ Նման տեսակետը, մեր կարծիքով, չի հակասում Նոբելյան դափնեկիր Դուգլաս Նորթի դիրքորոշմանը, որը նշում է տեխնիկական զարգացման վրա պետական ազդեցության երկակիության մասին. «Եթե դուք ուզում եք իրացնել արդի տեխնիկայի պոտենցիալը, ապա չեք կարողանա դա անել պետության աջակցության դեպքում, թեև առանց նրա մասնակցության էլ դուք գլուխ չեք հանի»։ Կառավարման արվեստը, կառավարիչ-մենեջերների պրոֆեսիոնալիզմը և իրենց ու այլ երկրների բազմամյա փորձն արդյունավետ օգագործել կարողանալը բարիք են հասարակության համար։
Սերգեյ Գլազևի նախագիծը հաշվի է առնում, որ այնպիսի կառույց, ինչպիսին էր ԳՏԶՊԿ-ն ԽՍՀՄ-ում, ցույց է տվել իր բարձր արդյունավետությունը, և այդ մասին մոռանալը՝ որպեսզի ստեղծվեն գիտության կառավարման «կոմիկական» կազմակերպություններ՝ ի շահ հասարակության զարգացման վերաբերյալ խորթ մոտեցումների, պետք է խստորեն դատապարտվի։ Արմատական փոփոխության կարիք ունի Գիտությունների ակադեմիայի կարգավիճակը. այն պետք է անկախ լինի, և էապես պետք է մեծանա նրա մասնակցությունը պետական կյանքին։ Գիտական հաստատությունների խայտառակ վիճակը, նրանց աշխատակիցների աղքատիկ աշխատավարձերը երկրի, հասարակության և նրա զարգացման հեռանկարի հանդեպ խիստ սպառողական վերաբերմունքի օրինակ են։
Վերն ասվածից ելնելով՝ միանգամայն այլ համատեքստ են ստանում «Ъ»-ի հոդվածի հեղինակի եզրահանգումները, որոնցում նա պնդում է, որ «սա մոբիլիզացիոն տիպի «արդիականացված շուկայի» կողմնակիցների առավել ամբողջական ծրագրային զեկույցն է՝ «տեխնոլոգիական դրույթների փոփոխության» նեոշումպետերական տեսության16 շրջանակներում..., որը մի շարք ինքնատիպ լրացումներ է պարունակում սոցիալ-դեմոկրատական ոգով...
Սերգեյ Գլազևի զեկուցումը ռուսաստանյան ընտրանու ուժային հատվածի պատասխանն է շուկայական ֆունդամենտալիստների իշխանությանը, որոնք բարձրացնում են իրենց գլուխը, պահանջում ուժեղացնել կոնսերվատիզմը բյուջետային քաղաքականությունում, կրճատել ծախսերը (և իրավապահ մարմինների հաստիքները), նախագահին առաջարկում են որոնել Արևմուտքի հետ երկխոսության ճանապարհներ»17։
Հայաստանի և նրա տնտեսության համար, որը տխուր վիճակում է գտնվում՝ իր ձախողված շուկայական ռեֆորմներով հանդերձ, ստեղծվող իրավիճակը չափազանց վտանգավոր է։ Տնտեսական կյանքի համատարած մոնոպոլացման, լիակատար ֆորմալիզացիայի պայմաններում, երբ, համապատասխանաբար, բովանդակազրկվում է իրավաբանական սուբյեկտների միջև մրցակցության էությունը, տնտեսական ռեսուրսների կետային բաշխումը՝ կախված երկրի իշխանական ղեկավարության հետ մերձավորությունից, կարող են այլասերվել և՛ իշխանությունն ու հասարակությունը, և՛, Աստված մի արասցե, բանակը։ Ինչպե՞ս այս պայմաններում դիմակայել Հայաստանի սահմաններին և արևելյան (Ադրբեջան և Ղարաբաղյան հակամարտություն) ու հարավային և արևմտյան (Մեծ Մերձավոր Արևելքի ամբողջ տարածքում բռնկված ռազմական կոնֆլիկտները՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ միասին) ուղղություններում ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ թեժացմանը։ Վերջինն արդեն ավելի սպառնալից է, քան ադրբեջանական սպառնալիքը։
Ռազմական սպառնալիքը համախմբում է ազգին, բայց ոչ միայն դա։ Ավելի վտանգավոր է, երբ այն թույլ է տալիս իշխանությանն արդարացնել տնտեսության ցանկացած ձախողում, իսկ այնուհետև՝ նաև լիակատար տապալում։ Հարցն ըստ էության հետևյալն է, որ Հայաստանի իշխանությունների ընտրած սոցիալ-տնտեսական և քաղաքական-տնտեսական գործողությունների ուղղվածությունը հակառակ է հասարակության այն ակնկալիքներին, որոնք կային Եվրասիական միություն մտնելու նախօրեին, և որոնց վերաբերյալ խոստումնալի հայտարարություններ էին արվել։
Դա Հայաստանից և, իհարկե, Եվրասիական միության երկրներից պահանջում է իրապես բարեփոխել իրենց տնտեսական կառույցներն ու կառավարման մեթոդները, ինչը ենթադրում է.
1. իմաստավորել և օգտագործել (առանձին ուղղություններում) ԽՍՀՄ ինքնատիպ և բարձրարդյունավետ տնտեսական փորձը,
2. Եվրասիական միության երկրներին, ինչպես ԱՄՆ-ին մեծ լճացման ժամանակ, անհրաժեշտ են Ջոն Քեյնսի և նրա հետևորդների գաղափարները՝ արդի իրողություններին հարմարեցված քեյնսյան (նեոքեյնսյան, հետքեյնսյան) տնտեսական մոդել, որի համաձայն՝ տնտեսական ռեցեսիայի ժամանակ անհրաժեշտ է մեծացնել բյուջետային ծախսերը, ընդլայնել ներդրումները տնտեսության իրական հատվածում, թուլացնել մոնետար քաղաքականությունը։ Եվ միևնույն ժամանակ, թույլ է տրվում պետության կոշտ վերահսկողություն տնտեսական գործունեության բոլոր հատվածների վրա։
Գուցե այս ամենը ցավագին ընթանա, քանի որ կպահանջի տնտեսության եկամտաբեր ճյուղերից «մաքրել» բոլոր մեծ ու փոքր «զուբրերին» ու նրանց թիկունքում կանգնածներին։ Նրանք բոլորն էլ, կամ՝ «...նրանց մեծամասնությունը ունևոր մարդիկ են, ոմանք արդեն գուցե երկրագնդի մասշտաբով, նրանք հիանալի հարաբերություններ են հաստատել տրանսազգային կորպորացիաների հետ՝ ge, siemens, alstom, schneider, abb, իսկ դրանք լուրջ գրասենյակներ են, յուրաքանչյուրը՝ Բելառուսի բոյւջեից մեծ բյուջեով և սեփական հատուկ ծառայություններով...»18։
1 http://www.kommersant.ru/doc/2805251
2 http://www.bfm.ru/news/302363
3 http://rusnext.ru/recent_opinions/1441819203
4 http://expert.ru/expert/2015/38/glazev-kak-anti-kudrin/
5 http://rusnext.ru/news/1442420087
6 http://www.svpressa.ru/politic/article/80575/
7 http://www.gpb22.narod.ru/Zyuganov/Text_3_2.htm
8 http://zavtra.ru/content/view/tadzhikistan-beg-po-lezviyu-nozha/
9 http://expert.ru/expert/2015/38/krug-szhatiya/?995511?lf
10 Ամբողջական և կայուն կազմավորում, որի շրջանակներում ձևավորվել են տեխնոլոգիապես միմյանց կապված արտադրությունների (որոնք համապատասխանում են հանրային սպառման տեսակին) փոխկապակցված և միմյանց հաջորդաբար փոխարինող մի քանի սերունդներ։
11 http://www.dynacon.ru/content/articles/6930/
12 http://zavtra.ru/content/view/genshtab-gazetyi-zavtra-28/
13 http://www.eurasec.com/analitika/611/
14 http://www.globoscope.ru/content/articles/2594/
15 Foreign Affairs, 2015թ., թիվ 2։
16 Երբ ինովացիաները, նորամուծությունները և գործարարությունը դիտարկվում են որպես տնտեսական աճի՝ տնտեսական դինամիկան պայմանավորող հիմնական գործոններ։ Ընդ որում՝ տնտեսական զարգացումը ներկայացվում է որպես բարդ և բազմակողմանի գործընթաց, որտեղ նորամուծությունների ձգտմանը հակառակվում են տարբեր տեսակի հասարակական սահմանափակումներ։
17 http://worldcrisis.ru/crisis/2051784
18 http://romansmirnov.org/?mode=blog_view&id=251
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՎ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ[15.11.2018]
- ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ ԿԱՄ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ ԵՎ ԴՐԱ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ[09.06.2015]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱ-ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՀԻՄՔ[26.03.2015]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱ-ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՀԻՄՔ[09.03.2015]