• am
  • ru
  • en
Версия для печати
02.11.2018

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԸ ՀՀ-ՈՒՄ ԵՎ ՆԵՐԿԱՅԻՍ ԻՐԱՎԻՃԱԿԸ

   

«21-րդ ԴԱՐ» N 4, 2018

Վահե Պողոսյան
ԵՊՀ ուսանող

Ժողովրդավարական կառավարման համակարգ ունեցող պետությունում պատգամավորի սոցիալական նշանակությունն ու դերը սահմանվում են իր կողմից պետական համակարգում ժողովրդի ներկայացուցչի, նրա անունից լիազորված պետական իշխանության իրականացման գործառույթի պահպանման միջոցով [1]:

ՀՀ-ն, լինելով խորհրդային նախկին 15 հանրապետություններից մեկը, ժառանգել է այդ «կայսրության» բնորոշ առանձնահատկություններն օրենսդիր իշխանության գլխավոր դեմք համարվող պատգամավորների անձնական որակների առումով: Առ այսօր Հայաստանի երրորդ Հանրապետությունն ունեցել է Ազգային ժողովի 6 գումարում, որոնց ընթացքում պատգամավորների չնչին տոկոսն է օգտվել պատգամավորական լայն իրավունքներից և պահպանել իր պարտականությունները: Հայացք նետելով նախկին և ներկա պատգամավորների որակյալ մեծամասնության վրա` պետք է ընդգծենք, որ նրանք ունեցել են և ունեն անհամապատասխանություն Ազգային ժողովի կանոնակարգի 2-րդ գլխի 4-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ և այլ կետերի նկատմամբ, այսինքն` հաճախ այդ պարտականությունները պարզապես անտեսվել են կամ չեն կատարվել պատշաճ մակարդակով [2]: Հայ հասարակությունում առկա է այնպիսի քաղաքական մշակույթ, որը ենթադրում է պատգամավոր դառնալուց հետո պարփակվել օլիգարխիկ-կուսակցական կլանի մեջ և մոռանալ ժողովրդավարական գլխավոր սկզբունքներից մեկի` ընտրազանգվածի և սեփական ժողովրդի հետ անմիջական կապի պահպանման մասին: Տեղին է խոսել մինչև այսօր խորհրդարանում տեղ գտած մի շարք պատգամավորների կերպարների մասին, որոնք այս կամ այն կերպ աղավաղել և աղավաղում են իրական պատգամավորի քաղաքական կերպարը: Այդպիսին են այնպիսի կերպարներ, որոնք Հայաստանով մեկ երթևեկում են ճոխ մեքենաների շքախմբերով, ունեցել են պատգամավորին ոչ հարիր վարքագիծ և Ազգային ժողովը շփոթել են ներկուսակցական անմիջական հավաքատեղիների և տոնախմբությունների համար նախատեսված սրահների հետ [3]:

5-րդ գումարման խորհրդարանի 9-րդ նստաշրջանի պատգամավորների գույքի և եկամուտների 2012-2016թթ. հայտարարագրերի դիտարկման արդյունքների համաձայն՝ խորհրդարանում եղել են 16 դոլարային միլիոնատերեր [4]: Մեր կարծիքով՝ իհարկե, լավ է, որ պատգամավորը լինի նյութապես ապահովված, քանզի դա զերծ կպահի պաշտոնեական այլ չարաշահումներից, սակայն ոչ բոլորն են գիտակցում, որ հենց իրենց` պատգամավորների գիտակցությունն է որոշում հասարակության կեցությունը:

Հիշարժան դիտարկում է նաև այն, որ 5-րդ գումարման խորհրդարանում առկա էին այնպիսի պատգամավորներ, որոնք չունեին խոսելու տարրական էթիկա, մայրենի լեզվի տիրապետման պարզագույն մակարդակ, ինչն անդրադառնում էր խորհրդարանական ուժերի նկատմամբ հասարակական անվստահության մակարդակի բարձրացման վրա: Ազգային ժողովը նաև երգիչ-երգչուհիների անհատական կայացման կամ ձևավորման վայրը չէ, դրա մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ թեկնածուն կտիրապետի քաղաքականության մասին տարրական գիտելիքների, քաղաքական մշակույթին հատուկ որոշակի առանձնահատկությունների: Հայ հայտնի կինոռեժիսոր Ռոման Բալայանը հետաքրքրիր դիտարկում է արել այս առիթով` նշելով, որ իշխանական, կուսակցական բառերն արվեստի հետ որևէ կապ չունեն, երբ արվեստագետը պատգամավոր է դառնում, արվեստի հետ որևէ առնչություն այլևս ունենալ չի կարող:

Ներպետական մակարդակում կարևոր է ձևավորել այնպիսի քաղաքական մտածողություն, որ պատգամավորական գործունեությունը լինի միայն պետականամետ, պատգամավորական մանդատը լինի ծառայողական, ոչ թե իշխողական: Հարկ ենք համարում մեջբերել պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքերը։ Ըստ նրա՝ պատգամավորին չպետք է ասել «բարով կառավարեք», այլ պետք է մաղթել, որ բարով ծառայի պետությանը, սեփական ժողովրդին: Կարևոր է նաև քաղաքացիական հասարակության կողմից ուղղակի վերահսկողության սահմանումն իր ընտրատարածքի պատգամավորի նկատմամբ, քանի որ նա պատասխանատու է միայն իր ընտրազանգվածի առջև: Այս իմաստով, ժողովրդական ներկայացուցիչների դերը հասարակության քաղաքական կյանքում դժվար է գերագնահատել: Ժողովուրդը պետք է ունենա իր հատուկ ներկայացուցիչները` արտահայտելու որոշակի մեծամասնության կարծիքը: Միևնույն ժամանակ, պետք է հիշել, որ ընտրողները հենց նույն ժողովրդի անբաժանելի մասն են կազմում: Սակայն պետք է նաև նշել, որ պատգամավորների լիազորությունների իրականացման մեխանիզմը ՀՀ-ում դեռևս մնում է բավականաչափ չզարգացած:

Մինչև սույն թվականի մայիսին երկրում տեղի ունեցած իրադարձությունները և իրավիճակի փոփոխությունը` քաղաքացիները մեծ ցանկություն ունեին քաղաքականությունը «լցնել» նոր դեմքերով, որոնք մասնագիտորեն օժտված կլինեն նոր բովանդակությամբ: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ յուրաքանչյուր հին իր հետ բերում է միօրինակություն և քաղաքական ապատիա, իսկ նոր դեմքերի ի հայտ գալը քաղաքականությանը տալիս է նոր շունչ, մոտիվացիա և հույսեր` ստեղծագործելու և արարելու սեփական պետության ներսում:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիներին, նրանք պատգամավոր ընտրելիս ավելի քիչ հաշվի են առնում նրա նախկին քաղաքական գործունեությունը, քան հետագա ծրագրերը, ընթացիկ գործելաոճը և հրատապ խնդիրներին լուծում տալու մասնագիտական տեխնիկան: Այս ամենից եզրակացնենք, որ պատգամավոր դառնալու համար անհատը պետք է օժտված լինի ֆունկցիոնալ-գործառնական և բարոյական բարձր հատկանիշներով, քանի որ հենց նրանք են սեփական քաղաքացիների հետ անմիջական կապի հաստատման վառ օրինակները [5]:

2016-2018թթ. Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունների արդյունքում ի հայտ բերվեց «Պատգամավորի թեկնածուի իդեալական օրինակը», որի արդյունքում առանձնացվեցին այնպիսի գործառնական բնութագրիչներ, ինչպիսիք են խոսքի և գործունեության համապատասխանությունը, խոստումների իրականացումը, դրական և բացասական արդյունքների նկատմամբ պատասխանատվությունը, պրոֆեսիոնալիզմը, կարգապահությունը և այլն [6]: Հայաստանյան իրականության համար, այս ամենից բացի, հարկ է ավելացնել պետական շահերի պաշտպանության, ճգնաժամային իրավիճակներից դուրս գալու կարողության, արդարության, և որպես հիմնական չափանիշներ, հավատարմության ու բնակչությանն իրական ծառայություն մատուցելու հատկանիշները:

Վերոշարադրյալից ենթադրենք, որ պատգամավորները, լինելով օրենսդիր գործառույթներ իրականացնող քաղաքական պաշտոնյաներ, պարտավոր են զգալ Ազգային ժողովի՝ որպես պետականակերտման հզոր կառույցի, մեծ դերակատարման ողջ պատասխանատվությունը:

Իրական պատգամավորին շարքային պատգամավորից տարբերելու համար հարկ է առանձնացնել հետազոտության արդյունքում պատգամավորին հատուկ անցանկալի հատկանիշները քաղաքացիների համար: Դրանք են` պոպուլիզմը, պասիվությունը, կոմպետենտ չլինելը, անինքնուրույնությունը, իշխանությունից կախված լինելը, անվճռականությունը և շոումենին հատուկ այլ հատկանիշներ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության մեջ, թերևս, ամենատարածված բացասական հատկանիշներն են՝ պոպուլիզմը, կոմպետենտությունից զուրկ լինելը և ինքնուրույն չլինելը: Պոպուլիզմը ժամանակակից միջազգային հարաբերություններում առկա մեծագույն հիվանդություններից մեկն է, որից աշխարհը չի կարողանում ձերբազատվել: Կոմպետենտության մասին խոսելիս պատգամավորի յուրաքանչյուր թեկնածու նախքան մանդատ ստանալը պետք է ունենա սեփական ինքնագիտակցության բարձր մակարդակ՝ հասկանալու համար, թե արդյոք իր ուժերի սահմանում է՝ ստանձնել այդպիսի պատասխանատվություն և բարեխղճորեն ծառայել սեփական պետությանը: Կախվածություն տերմինը հումանիստական հոգեվերլուծության համատեքստում նշանակում է անինքնուրույնություն, կապվածություն մի բանին, ինչը մարդուն հնարավորություն է տալիս բավարարված զգալ իրեն՝ ջանքեր չթափելով հասնելու այդ բավարարվածությանը։ Այդ անինքնուրույնությունն արտահայտվում է հենց այլ՝ առողջ միջոցներով բավարարվածության հասնելու անընդունակությամբ։ Բանն այն է, որ մասնակի անինքնուրույնությունը քաղաքականապես կարելի է հասկանալ և ըմբռնել, քանի որ, օրինակ, ընտրված լինելով համամասնական ընտրահամակարգով` պատգամավորը քաղաքական պատասխանատվություն է կրում սեփական կուսակցության նկատմամբ, սակայն երբ այդ անինքնուրույնությունը հասնում է բավական բարձր մակարդակի, այն դառնում է քաղաքական հիվանդություն տվյալ անձի համար: Տվյալ դեպքում պատգամավորը լիակատար կախվածության մեջ է ընկնում կուսակցությունից, իշխանական կերակրամանին առավել մոտ գտնվող անձանցից և զրկվում է ցանկացած որոշում միանձնյա ընդունելու հնարավորությունից:

Վերոշարադրյալից զերծ մնալու համար ՀՀ խորհրդարանի պատգամավորները պետք է լինեն անկախ, ինքնուրույն և հավատարիմ սեփական ընտրազանգվածին, սեփական հասարակությանը և պետական շահերին, որոնք վեր են ամեն ինչից:

Այս ամենի բացասական հետևանքները հաշվի առնելով` առանձնացնենք պատգամավորի իդեալական թեկնածուի 3 տեսակ.

1. Իշխանության և բնակչության միջև հավատարիմ միջնորդ, որը հավաքագրում է խնդիրների մասին կապված ինֆորմացիան ներքևից վերև և լուծում է տալիս դրանց։

2. Վերահսկող, որը խիստ վերահսկողություն է իրականացնում հանձնարարությունների արդյունավետ կատարման նկատմամբ։

3. Պաշտպան, որը ներկայացնում է իր ընտրազանգվածի շահերը, կամայականություններից պաշտպանում է հասարակ մարդկանց։

Կարծում ենք, որ պատգամավորի իդեալական թեկնածուի վերոնշյալ երեք տեսակներն էլ հույժ անհրաժեշտ են երկուստեք` ներքևից վերև կամ հակառակը, արդար և ճիշտ համագործակցության հարցում:

ՀՀ Ազգային ժողովի արդյունավետ գործառնման խնդրում կարևոր է լուծել ևս մեկ խնդիր, որն անմիջականորեն վերաբերում է պատգամավորներին: ԱԺ կանոնակարգում ամրագրված է, որ մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ, ինչը նշանակում է, որ խմբակցության անդամը խմբակցությանը վերապահված հանձնաժողովի անդամի տեղում նշանակվում կամ հանձնաժողովի կազմից դուրս է գալիս միայն խմբակցության որոշմամբ [7]: Այլ կերպ ասած՝ հանձնաժողովների անդամների բաշխումը տեղի է ունենում ազատ ընտրության սկզբունքի վրա, ինչը ներկայում մեծ խնդիրներ է առաջացնում տվյալ հանձնաժողովի որակյալ աշխատանքի իրականացման գործընթացում: Խնդրի անկյունաքարային հարցն այն է, որ հանձնաժողովի անդամ է դառնում այն մարդը, որը թե՛ մասնագիտորեն և թե՛ գաղափարապես որևէ կապ չունի տվյալ հանձնաժողովի հովանու ներքո դրված հիմնահարցերի հետ (օր.՝ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է դառնում այն մարդը, որը ոչ միայն տեղյակ չէ, թե ինչ է մարդու իրավունք հասկացությունը, այլև դրա անմիջական խախտողն է): Որպես խնդրի լուծում առաջարկում ենք ԱԺ խմբակցություններին և քաղաքական ուժերին առաջնորդվել պետական շահի սկզբունքով և յուրաքանչյուր հանձնաժողով պատվիրակել տվյալ հանձնաժողովի հիմնահարցերին քաջատեղյակ և կոմպետենտ պատգամավորների [8]:

ՀՀ խորհրդարանում մեկ այլ հիմնախնդիր է հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մշակույթի բացակայությունը: Սա պայմանավորվում է այն հանգամանքով, որ երբեմն իշխող կուսակցություններն իշխանությունը և պետական ղեկը համարում են հարատև մասնավոր սեփականություն, ինչն, իր հերթին, բացասաբար է ազդում միջկուսակցական կայուն հարաբերությունների հաստատման գնով պետության զարգացմանը նպաստելու գործընթացի վրա: Այս իմաստով, միջկուսակցական կայուն կապերի ստեղծման գործում մեծ դերակատարում ունեն ինչպես ԱԺ պատգամավորները, այնպես էլ իրենց քաղաքական կուսակցությունները, որոնք պետք է բացառեն.

1. Իշխանական ինստիտուտի նկատմամբ բացարձակ հակակրանք տածելը։

2. Ընդդիմադիր պատգամավորների և քաղաքական ուժերի իզոլացումը, նրանց առաջարկ/օրինագծերի անհիմն անտեսումը և մերժումը։

Վերոնշյալից պարզ է դառնում, որ հակակրանք պետք է զգալ անձի, այլ ոչ թե իշխանական ինստիտուտի նկատմամբ, խորհրդարանում պետք է լսելի լինեն ընդդիմադիր ուժերի խելամիտ առաջարկները, եթե դրանք միտված են հասարակական և պետական շահերի պաշտպանությանը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում պետք է բացառվեն նաև պատգամավորների անհիմն բացակայությունները կամ ԱԺ գլխավոր դահլիճում հատուկ հանձնարարությամբ նրանց ներկայությունը՝ կողմ կամ դեմ քվեարկելու համար, պետք է բացառվեն այնպիսի պատգամավորների կերպարներ, որոնք մի շարք օրինագծերի տակ գրել են տալիս իրենց անունը՝ հետագայում դրանք որպես քաղաքական դիվիդենդներ օգտագործելու նպատակով: Այսպիսով, եզրակացնենք, որ անկախ ցանկացած քաղաքական պատկանելությունից՝ խորհրդարանում պետք է աշխատել բարեխղճորեն և ունենալ բարձր պատասխանատվության զգացում, քանի որ պատգամավորների խորհրդարանական պատասխանատվությունը խորհրդարանական կարգավիճակի, խորհրդարանի աշխատանքների կազմակերպման առնչությամբ առանձին իրավական պատասխանատվության, պատգամավորների վարքագծի և կարգապահության կարևոր բաղադրիչն է: Այդ պատասխանատվությունը փոխկապակցված է պատգամավորների պատասխանատվության այլ տեսակների հետ, ինչպիսին է, օրինակ, խորհրդարանական անձեռնմխելիությունը:

Դիխոտոմիայի տեսքով հանդես եկող մեկ այլ հիմնախնդիր է պատգամավորի օգնականի ինստիտուտը, քանի որ Ազգային ժողովի պատգամավորը օրենքով սահմանված կարգով իրավունք ունի ունենալու երկու օգնական` մեկը հասարակական, մյուսը վճարովի հիմունքներով [7]: Տվյալ հիմնախնդրի պարզաբանման համար մեզ անհրաժեշտ է պատգամավորի կերպարը բաժանել երկու տեսակի.

1. Աշխատող իրական պատգամավոր, որի համար հույժ կարևոր է ունենալ օգնականի ինստիտուտ, քանի որ առանց լրացուցիչ օգնության պատգամավորը միայնակ չի կարող հասցնել ոչինչ անել խիստ զբաղված լինելու պատճառով:

2. Չաշխատող կեղծ պատգամավոր. սրանք այն պատգամավորներն են, որոնք այս կամ այն ճանապարհով ինչ-որ կերպ հասել են պատգամավորական մանդատի, սակայն չեն տիրապետում մասնագիտական որևէ գիտելիքի և չունեն ինքնագիտակցության բավարար մակարդակ դա ընկալելու համար: Նմանատիպ պատգամավորների համար նույնպես անչափ կարևոր է ունենալ արհեստավարժ օգնականներ, որոնք իրենց վրա կվերցնեն աշխատանքի ողջ պատասխանատվությունն ու պատգամավորի օրակարգին հատուկ ծանրությունը:

Այստեղից եզրակացնենք, որ պատգամավորների վերոնշյալ երկու տիպերի դեպքում էլ բավական կարևոր է ունենալ օգնականներ, որոնք ահռելի մեծ օժանդակություն են ցուցաբերում պատգամավորներին հնգամյա մանդատի ընթացքում: Սակայն, մեր կարծիքով, վերոնշյալ երկու օրինակներից առավել ընկալելի և ընդունելի է պատգամավորի առաջին տեսակը, քանի որ պատգամավորը հենց ինքը պետք է աշխատի, իսկ օգնականները չպետք է իրենց վրա վերցնեն ողջ աշխատանքի ծանրությունը, այլ պարզապես օժանդակեն պատգամավորներին:

Հուլիս, 2018թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Богданова Н.А., Статус народного депутата: новые нормы и практика // Вестник Московского Университета, Сер. 11, Право, 1990, № 6, с. 12.

2. http://www.parliament.am/parliament.php?id=constitution&lang=arm

3. Etyka parlamentarysty a konflikt interesow w postępowaniu ustawodawczym // Etyka i polityka / Ed. E.M. Marciniak, T. Moadawa, K.A. Wojtaszczyk. Warszawa, 2001.

4. https://www.youtube.com/watch?v=vsykHBrQxNw

5. Sutor B., Etyka polityczna, Warszawa, 1994.

6. https://wciom.ru/index.php?id=236&uid=115725

7. http://www.parliament.am/parliament.php?id=bylaw&lang=arm

8. Franke Joseph, National Interest, London, Pall Mall, 1970.


դեպի ետ