• am
  • ru
  • en
Версия для печати
01.11.2018

ԷԹՆՈՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ

   

«21-րդ ԴԱՐ» N 4, 2018

Վաչիկ Բրուտյան
Մանկավարժական գիտությունների դոկտոր

Հասարակության առաջընթացի կարևորագույն պայմաններից մեկը սերունդների պատմական ժառանգորդության պահպանումն է։ Դաստիարակությունը, ինչպես հայտնի է, համարվել է դարերով կուտակված մարդկային փորձի փոխանցման միջոց, որը յուրաքանչյուր ժողովրդի մեջ դրսևորվում է անկրկնելի և յուրօրինակ բնութագրով։ Ժողովրդական մանկավարժությունը, արտացոլելով մանկավարժական գիտելիքի որոշակի մակարդակ, մարդկության հոգևոր առաջընթացի որոշակի պատմական փուլում հանդիսացել է այն հիմքը, որի վրա ծագել ու զարգացել է մանկավարժական գիտությունը։ Սակայն այնպես, ինչպես պատմական զարգացման ընթացքում գեղարվեստական գրականության ծագմամբ չվերացան բանահյուսական ստեղծագործությունները, այդպես նաև մանկավարժական գիտությունը ժողովրդի առօրյա կյանքից ամբողջովին դուրս չմղեց ավանդույթի ուժ ստացած նրա մանկավարժական հայացքները և գիտելիքները։ Մանկավարժական գիտությունը և ժողովրդական մանկավարժությունը, մտնելով բարդ փոխգործակցության մեջ, փոխադարձաբար նպաստել են մեկը մյուսի հարստացմանը՝ ստեղծելով մի միասնական ոլորտ, որը կարելի է կոչել մանկավարժական մշակույթ։

Հասարակական զարգացման արդի փուլում կուտակվել են բազմաթիվ հիմնախնդիրներ՝ պայմանավորված սոցիալական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացման դժվարություններով։ Ամենից առաջ դա միջէթնիկական և միջկրոնական հարաբերություններում, ինչպես նաև մարդու և էկոհամակարգերի միջև լարվածության աճն է։ Դա նաև միջսերնդային կապերի ձևախեղումն է։ Այս բոլորը կապված են սոցիալ-մշակութային ավանդական նորմերի և արժեքների կերպափոխությունների հետ։

Արդի պայմաններում հասարակություններում սրությամբ ծառացած է այնպիսի անձի ձևավորման հիմնախնդիրը, որն ունակ է իր համար ընտրել հանրորեն նշանակալից նորմեր ու արժեքներ՝ հայրենասիրություն, քաղաքացիականություն, մարդասիրություն և այլն, և ունակ է տիրապետելու սոցիալ-մշակութային որոշակի պաշարների ու էթնոմշակութային փորձի, ինչը թույլ կտա նրան հաջողությամբ կողմնորոշվելու և ինքնորոշվելու բազմամշակութային միջավայրերում, հանդուրժողականությամբ վերաբերվելու այլ մշակույթների և կրոնների ներկայացուցիչների։

Ազգամշակութային ավանդույթների հանդեպ մանկավարժների ցուցաբերած հետաքրքրությունը, այսպիսով, պատահական չէ։ Ազգային ավանդույթներում կուտակված է մանկավարժական նշանակալից ներուժ, որը կարող է ծառայել իբրև գործուն միջոց հոգևոր և բարոյական դաստիարակության համար [1, с. 11]։

Էթնոմանկավարժությունը մարմնավորում է հասարակական հարաբերությունների մարդասիրական և սոցիալ-բարոյական նորմերի կարգավորված ամբողջությունը, մանկավարժական գիտելիքները և դաստիարակչական փորձը, որոնք արտացոլված են ժողովրդական բանավոր ստեղծագործություններում, սովորույթներում, ծեսերում և այլն։ Դրանք տարբեր ազգերի ժողովրդական մանկավարժության տեսական իմաստավորումներն են, բազում սերունդների միասնական ստեղծագործությունը, դաստիարակության մշակույթը՝ ժողովրդի հազարամյա փորձով հղկված։

Ժողովրդական ավանդույթների, կրոնական մշակույթներում ամրագրված բարոյախոսությունների, բանահյուսության, նախնիների վարքով և գործունեությամբ ձևավորված իրավական փորձի միջոցով էթնոմանկավարժական գիտելիքներն էական ազդեցություն են գործում դաստիարակչական բազմաթիվ խնդիրների լուծման, իրավունքի նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորման վրա։ Դրանցում խտացված կերպով արտահայտված են անձի լավագույն գծերը և որակները, հասարակության մեջ ընդունված բարոյա-իրավական չափանիշները [2, с. 94]։

Էթնոմանկավարժության դաստիարակչական ներգործությունը դրսևորվում է նախորդ սերունդների գիտելիքների, ավանդույթների և սոցիալական վարքի ձևավորված սովորույթների յուրացմամբ։ Այս կապակցությամբ վերջին ժամանակներում ավելի ու ավելի հաճախ է գործածվում «էթնոգիտելիք» հասկացությունը։ Մեր ըմբռնմամբ՝ «էթնոգիտելիք» հասկացությանը կարող է վերաբերել ցանկացած այլ հասկացություն, որը կապ ունի էթնիկական երևույթների հետ։ Այնուամենայնիվ, կախված այն բանից, թե ինչ տեսանկյունից է ուսումնասիրվում այդ գիտելիքը, ինչպիսի կողմեր են բացահայտվում, էթնոգիտելիքը կարող է լինել էթնոգրական, էթնոմանկավարժական, էթնոհոգեբանական, էթնոիրավական և այլն։

Փորձը ցույց է տալիս, որ հատկապես ավանդույթներում և սովորույթներում են ամրագրված լինում պատմականորեն ձևավորված իրավական սկզբունքներն ու նորմերը, հարաբերություններն ու փոխհարաբերությունները, ինչպես նաև այն իդեալները, որոնք հաստատված են հանրության ներսում և ապահովում են նրա գոյատևումն ու ակտիվ գործառնումը պատմական երկար ժամանակի ընթացքում [3, с. 43]։

Էթնոգիտելիքի իմաստի ըմբռնման և էության մեկնաբանությանը կարող է օգնել հոգեկանի զարգացման վերաբերյալ Լ.Ս. Վիգոտսկու մշակութա-պատմական տեսությունը։ Դիտարկելով մարդու հոգեկանի զարգացումը որպես միջնորդավորված գործընթաց՝ նա ապացուցեց, որ անձի կողմից մշակութա-պատմական արժեքների յուրացումը, ինչպես նաև հոգեկան գործընթացների ձևավորումն իրականանում են երկու անգամ և տարբեր մակարդակներում. սկզբում՝ սոցիալական մակարդակում (միջհոգեբանական գործառնություն), այնուհետև՝ անհատական մակարդակում (ներհոգեբանական գործառնություն). սկզբում՝ մարդկանց հետ շփումներում, այնուհետև՝ անձի ներսում։ Հետևաբար, բոլոր հոգեկան բարձրագույն գործընթացների հիմքում ընկած են հասարակական, այն է՝ մարդկանց, խմբերի, էթնոսների հարաբերությունները [4]։

Սոցիալ-մանկավարժական առումով վերոնշյալ երևույթները դրսևորվում են որպես որոշակի տեղեկատվություն կամ միջոց, որն անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել։ Բացի այդ՝ նշված երևույթներն իրենց մեջ ամփոփում են ոչ միայն նախորդ սերունդներից փոխանցված գիտելիքները, այլև մտածողության եղանակները և անհատի բնակության վայրի՝ ազգամշակութային որոշակի միջավայրի առանձնահատկությունները։

Ավանդույթներում, սովորույթներում, բարքերում առանձնապես ուժեղ և կենսադիմացկուն է սոցիալական հիշողության գործառույթը. դա նոր սերնդին տեղեկատվության, սոցիալական փորձի փոխանցման գործառույթն է։ Այս առումով ավանդույթները, սովորույթները, բարքերը կողմնորոշված են յուրաքանչյուր մարդու հիմնական պահանջմունքներից մեկի՝ աշխարհի ինտելեկտուալ ընկալման պահանջմունքի բավարարմանը։ Էթնոմանկավարժության դաստիարակչական ներգործությունն իրականանում է պատմականորեն ստեղծված իրավական տեղեկատվության յուրացման միջոցով, որն ունի կարևորագույն նշանակություն ինչպես անձին իրավական տարբեր համակարգերի համեմատական վերլուծության դրդելու, այդպես նաև նրա մեջ դրական պատմական փորձն օգտագործելու ունակություն և օրինասեր վարքի սովորույթ ձևավորելու առումով։

Էթնոմանկավարժության մեջ ոչ պակաս կարևոր նշանակություն ունի կողմնորոշիչ-նորմատիվ գործառույթը, որը մարդուն նպատակամղում է դեպի որոշակի արժեքներ. այն դրսևորվում է նրանով, որ հասարակության անդամին պատվիրում է հետևել որոշակի կանոնների և գերապատվությունների, որոնցից շատերն ամրագրված են օրենսդրական ակտերում։ Հարկ է նկատի ունենալ, որ ցանկացած ավանդույթ գոյություն ունի և կենսունակ է այնքան ժամանակ, քանի դեռ նրանում պարունակված գաղափարները, նորմերը, կանոնները սերունդներին փոխանցվում ու ընդօրինակվում են անառարկելիորեն։ Դրանում է ավանդույթի պահպանողականությունը, գործնական ներուժը, ինչը չափազանց էական է իրավագիտակցության և օրինապահ վարքի սովորույթի ձևավորման համար։ Հենց իրավագիտակցությունը և սովորույթներն են ամենից հաճախ բերում նրան, որ անձը բացասականորեն է վերաբերվում չափազանց արագ ընթացող սոցիալ-տնտեսական և իրավական բարեփոխումներին, հեղափոխական գաղափարներին, հատկապես եթե վերջիններս արմատապես հակասում են ժողովրդի պատմական փորձին [2, с. 94]։

Էթնոմանկավարժության հնարավորություններն իրավական դաստիարակության տեսության մեջ և գործնականում կենսագործելու համար անհրաժեշտ է նրա ներուժի ներառումը անձի իրավագիտակցության ձևավորման մյուս միջոցների համակարգ։

Ժամանակակից իրավական փաստաթղթերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանցից շատերի հիմքում ընկած են ժողովրդական մանկավարժության հավերժական դրույթները՝ մարդկանց ի բնե հավասարության ճանաչումը, յուրաքանչյուր անհատի եզակիությունը և անկրկնելիությունը, այլասերման, խոշտանգման և ինքնախոշտանգման բացառումը ցանկացած ոլորտում, Աստծո և օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարությունը, բնության և մարդու կողմից ստեղծված արժեքների նկատմամբ հոգածու վերաբերմունքը և այլն։ Ժողովրդական մանկավարժությանը միշտ ներհատուկ և բնական է եղել բացասական երևույթների բացարձակ անընդունելիությունը ոչ միայն հասարակության, այլև բնության մեջ՝ լինի ապօրինի հատված ծառ, թե վանդակ նետված երգեցիկ թռչուն կամ վայրի կենդանի, որոնք վերածվում են իրենց իսկ խրտվիլակների։ Բնության գեղեցկություններով հիանալու և դրանք վայելելու մշակույթը, որպես կանոն, ձևավորվում է վաղ մանկությունից՝ այնտեղ, որտեղ աճում և բնակվում են կենդանի բնության օբյեկտները։ Այսօր ժողովրդական մանկավարժության մեջ ամրագրված դրույթներից շատերն իրենց զարգացումն են գտել բնապահպանական իրավունքի նորմերում։

Միևնույն ժամանակ, օրենսդրական գործընթացը ժամանակակից պայմաններում ունի էական հնարավորություններ՝ կապված էթնոմանկավարժության պատմական-իրավական կողմերի առավել նպատակաուղղված օգտագործման հետ։

Էթնոմանկավարժությունը, հենվելով այնպիսի բարոյա-իրավական հասկացությունների վրա, ինչպիսիք են, օրինակ, պատասխանատվությունը, պարտքը, պատիվը, խիղճը, համբերությունը, ապրումակցումը մերձավորին, ստեղծարար գործունեության պահանջմունքը և այլն, ապահովում է յուրահատուկ մանկավարժական միջավայր, որը դառնում է կարևորագույն միջոց քաղաքացու իրավական դաստիարակության համար։ Անձի բարոյա-իրավական ձևավորումը տվյալ դեպքում իրականանում է մարդկության հասարակական-պատմական փորձը վերջինիս փոխանցելու ճանապարհով։ Այդ փորձը հանդես է գալիս որպես այնպիսի օրինակ, որն իր մեջ խտացրել-մեկտեղել է բարոյա-իրավական չափանիշները՝ ընդունված հասարակության կողմից։ Անշուշտ, այդ փորձը լայնորեն օգտագործվում է իրավական դաստիարակության գործընթացում, թեև, ինչպես ցույց է տալիս գործնական կյանքը, դրա հաշվառումը և իրացումը հաճախ կատարվում է տարերայնորեն, առանց իրավագիտակցության ձևավորման ու նորագույն տեխնոլոգիաների հետ անհրաժեշտ առնչության։

Հատուկ պետք է ընդգծել էթնոմանկավարժության դերը և նշանակությունն ազգամիջյան բարդացող հարաբերություններում կուտակված հիմնախնդիրների լուծման առումով։ Դարավոր կենսափորձը ցույց է տալիս, որ սեփական էթնոսի հոգևոր-մշակութային ավանդույթների իմացությունը նպաստում է հետաքրքրությունների ձևավորմանը այլ էթնոսների մշակութային ավանդույթների նկատմամբ, ինչը հիմք է հանդիսանում ինչպես սոցիալ-էթնիկական, այնպես էլ մշակութային առումով բարձր վարք ձևավորող իրավական նորմերի համար միջանձնային հաղորդակցության և ազգամիջյան հարաբերությունների բնագավառներում։

Հուլիս, 2018թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Латышина Д.И., Этнопедагогика: учебник для СПО, М., Издателъство Юрист, 2018, 394 с.

2. Аминов И.И., Основы юридической педагогики: учебник для аспирантов, М., Просвещение, 2017, 272 с.

3. Юридическая педагогика. Учебник. Под ред. В.Я. Кикотя, проф. А.М. Столяренко, М., НИТИ-ДАНА. Закон и право, 2004, 895 с.

4. Выготский Л.С., Собр. соч., в 6 т. М., 1982-1984, т. 3.



դեպի ետ