
ՓԱՓՈՒԿ ՈՒԺԻ ԲԱՂԱԴՐԻՉԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (79), 2018թ.
Հայկ Սարգսյան
ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի ասպիրանտ, ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ բաժնի աշխատակից
Խորհրդային Միության փլուզումից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի այն եզակի երկրներից էր, որն ի սկզբանե Հայաստանի Հանրապետության հետ հաստատեց բարիդրացիական հարաբերություններ: Իրանը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը 1991թ. դեկտեմբերի 25-ին, իսկ 1992թ. փետրվարի 9-ին երկու երկրների միջև ստորագրվեց դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրությունը: ԽՍՀՄ փլուզման և Հայաստանի նորանկախ Հանրապետության հռչակման այդ անկայուն ժամանակաշրջանը հատկապես կարևոր էր Հայաստան-Իրան փոխհարաբերությունների կայացման համար այն իմաստով, որ Հայաստանը փաստացիորեն գտնվում էր պատերազմական իրավիճակում, իսկ Իրանը, չնայած Ադրբեջանի հետ կրոնական ընդհանրություններին1, արեց առավելագույնը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում պահպանելով չեզոքություն և կոչ անելով կողմերին լուծել խնդիրը միմիայն բանակցային և խաղաղ ճանապարհով: Ասվածը հատկապես կարևոր է այն համատեքստում, որ Ադրբեջանը Ղարաբաղյան հակամարտությունում առավելության հասնելու համար ջանք չէր խնայում կրոնական ընդհանրության սկզբունքով ներգրավելու այլ երկրների և կոչ անելով վերջիններիս ցուցաբերել աջակցություն (և մինչև այժմ էլ անում է): Պատերազմին Ադրբեջանի կողմից Չեչնիայից, Պակիստանից և մի շարք այլ երկրներից իսլամիստական խմբավորումների մասնակցությունն ասվածի ցայտուն վկայությունն է [1]: Ի պատասխան Իրանի չեզոք և հավասարակշիռ կեցվածքի, Հայաստան-Իրան փոխհարաբերությունների շրջանակներում Հայաստանն իրեն հետագա տարիների ընթացքում դրսևորել է որպես հավատարիմ գործընկեր՝ Իրանի հանդեպ պատժամիջոցների ժամանակաշրջանում պահպանելով բացառիկ սերտ փոխհարաբերություններ այդ երկրի հետ:
Բնականաբար, երկու երկրների նման սերտ փոխհարաբերությունները չէին կարող բխել և չեն բխում պարզապես երկու երկրների հարևան լինելու հանգամանքից: Անշուշտ, երկու երկրների պատմական համատեղ անցյալը, ինչպես նաև ներկա ժամանակահատվածում փոխադարձ կենսական շահերը ստեղծեցին այն ամուր հիմքը, որի վրա խարսխված է հայ-իրանական ռազմավարական գործընկերությունը:
Այս համատեքստում հարկ է արձանագրել, որ Հարավկովկասյան տարածաշրջանը տնտեսական, աշխարհաքաղաքական, իսկ 20-րդ դարից սկսած՝ նաև էներգետիկ շահերի իմաստով պատմականորեն գտնվել է Իրանի և տարածաշրջանային ու համաշխարհային այլ դերակատարների ուշադրության կենտրոնում: Բնականաբար, Իրանը մշտապես մրցակցության մեջ է գտնվել այդ դերակատարների հետ՝ իրեն սահմանակցող անմիջական շահերի այս գոտու համար ազդեցության պահպանման և ընդլայնման համար: Ընդ որում, եթե ԽՍՀՄ գոյության տարիներին Խորհրդային Միության կազմում գտնվող երկրների անունից հանդես եկող գլխավոր դերակատարը պաշտոնական Մոսկվան էր, ապա ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային ամբողջ տարածքում, այդ թվում նաև Հարավկովկասյան տարածաշրջանում առաջացած անկայուն վիճակը և ուժային վակուումը բարենպաստ պայմաններ ստեղծեցին արտաքին ամենատարբեր դերակատարների ներգրավման համար: Իսկ կոնկրետ Իրանի համար խնդիրը դժվարացավ կրկնակի՝ հաշվի առնելով թուրք-ադրբեջանական՝ ֆորմալ առումով նորաստեղծ տանդեմին հակակշռելու կենսական խնդիրը:
Բնականաբար, երկու երկրների փոխադարձ հարաբերությունները, թերևս, այսչափ ամուր չէին լինի, եթե դրանցում չլիներ, այսպես կոչված, «փափուկ բաղադրիչը»: Փափուկ ուժ եզրը գիտական շրջանառության մեջ մտցրած Ջ.Նայի կարծիքով, փափուկ ուժը սեփական նպատակներին առավելապես գրավչության միջոցներով հասնելու ունակությունն է՝ ի հակադրություն բռնի/հարկադրական մեթոդների [2, p. 6]: Ընդ որում, եթե «կոշտ ուժը» հիմնվում է պետության բանակի, տարածքի, բնակչության և համանման այլ չափելի գործոնների վրա, ապա փափուկ ուժը, ըստ Ջ.Նայի, հիմնվում է մշակույթի (այնքանով, որքանով որ այն գրավիչ է մյուսների համար), արժեքների (այնքանով, որքանով որ տվյալ պետությունը հետևում է իր կողմից հռչակված արժեքներին ներքին և արտաքին խնդիրների լուծման համար) և արտաքին քաղաքականության (այնքանով, որքանով որ տվյալ պետության քայլերը լեգիտիմ են այլ դերակատարների աչքերում) վրա [3, p. 11]: Հենվելով վերոնշյալ սահմանման և դասակարգման վրա՝ մեր կարծիքով, երկկողմ հարաբերություններում «փափուկ բաղադրիչի» կամ «փափուկ համագործակցության» տակ կարելի է ներառել համագործակցությունը բոլոր այն ոլորտներում, որոնք առավելապես նպաստում են երկու երկրների հասարակություններում միմյանց հանդեպ համակրանքի և փոխըմբռնման մակարդակի բարձրացմանը՝ այդպիսով ստեղծելով բարենպաստ մթնոլորտ հարաբերությունների զարգացման համար: Բնականաբար, երկկողմ հարաբերություններում փափուկ ուժի կիրառման համար պետություններից յուրաքանչյուրն օգտագործում է գործիքների և մեխանիզմների իր զինանոցը: Միևնույն ժամանակ, «փափուկ համագործակցությունը» միմիայն պետության մենաշնորհը չէ և չի ընթանում բացառապես պետական մակարդակում, թեև հենց պետությունն է հաճախ հանդես գալիս որպես դրա նախաձեռնող: Փոխարենը «փափուկ համագործակցությունը» բարենպաստ մթնոլորտ է ստեղծում ավելի շատ հասարակական/հանրային շփումների մակարդակում: Այստեղ կարելի է հիշատակել նաև ամերիկացի հետազոտող Ջուլիո Գալարոտիի փափուկ ուժի սահմանումը, որն այն դիտարկում է որպես «մետաիշխանության» տարատեսակ, որի սահմանման համար չի կարելի օգտագործել իշխանության դասական սահմանումները: Նրա կարծիքով, փափուկ ուժը որևէ պետության համար որևէ այլ պետության հետ հարաբերություններում ապահովում է նպաստավոր «համատեքստ», համակրանքի անհրաժեշտ մակարդակ, որը կարող է օգտագործվել այլ նպատակների իրականացման համար [4, p. 11]:
Որպես հայ-իրանական հարաբերություններում «փափուկ համագործակցության» դրսևորումներ կարելի է առանձնացնել միջմշակութային, կրթական կապերը, տնտեսական գրավչությունը և ներդրումները, զբոսաշրջությունը, հայկական սփյուռքի առկայությունն Իրանում և մի շարք այլ գործոններ, որոնք լրացուցիչ, «սոսնձող» դեր են կատարում երկկողմ հարաբերություններում: Ավելին, հաշվի առնելով Հայաստանի և Իրանի պատմական անցյալի համատեղ էջերը՝ կարելի է ասել, որ փափուկ բաղադրիչը Հայաստան-Իրան փոխհարաբերություններում բազմադարյա շփումների և հաղորդակցման տրամաբանական շարունակությունն է ներկա իրողություններում:
Հայաստան-Իրան փոխհարաբերություններում փափուկ համագործակցության կարևոր բաղադրիչներից են պատմականորեն գոյություն ունեցող միջմշակութային շփումներն են ու համագործակցությունը: Հետաքրքրական է, որ ԻԻՀ-ն օգտագործում է մշակութային դիվանագիտության սեփական զինանոցը, որի շրջանակներում կենտրոնական դեր է խաղում Իսլամական մշակութային կապերի կազմակերպությունը (ԻՄԿԿ/ICRO-Islamic Cultural Relations Organization): Կազմակերպության նպատակն աշխարհում իրանական մշակույթի և լեզվի տարածումն է, Իրանի մշակութային հուշարձանների ներկայացումը [5]: Այն կարելի է համարել բրիտանական «British Council»-ի, ֆրանսիական «Alliance Française»-ի յուրատեսակ նմանակը: Այս կազմակերպության միջոցով Իրանի գերագույն առաջնորդը ներկայացուցիչներ է գործուղում այլ երկրներ և մշակութային կազմակերպություններ: Թեև տեղերում կազմակերպության մասնաճյուղերի գործունեությունը կրում է տեղայնացված բնույթ, սակայն բոլորն, ընդհանուր առմամբ, գործում են միևնույն համակարգի ներսում:
Երևանում 1992թ. ապրիլին բացված Իրանի դեսպանությունում ներկայում գործում է ԻՄԿԿ առանձին մասնաճյուղ, որն, ըստ էության, Հայաստանում իրանական մշակութային և կրթական ծրագրերը համակարգող հիմնական մարմինն է և զբաղվում է տարատեսակ ծրագրերի ու միջոցառումների իրականացմամբ:
Հայ-իրանական միջմշակութային հաղորդակցման իմաստով առանձնահատուկ նշանակություն ունի Երևանի Կապույտ մզկիթը: Դեռևս 18-րդ դարում կառուցված այս մզկիթը ներկայում Հայաստանի տարածքում գործող միակ մզկիթն է: Այն վերակառուցվել է 1990-ական թթ.՝ իրանական իշխանությունների ֆինանսավորմամբ, իսկ 1995-ից սեփականության իրավունքով տրվել է Իրանի Իսլամական Հանրապետությանը: Կապույտ մզկիթի հանդեպ հայկական իշխանությունները մշտապես դսևորել են առանձնահատուկ հոգատար վերաբերմունք՝ ի նշան Իրանի և իրանցի ժողովրդի հետ համերաշխության և բարեկամության:
Հետաքրքրական է, որ սկսած 2016-ից, Կապույտ մզկիթում ամեն տարի տոնվող Աշուրայի փառատոնը բաց է հյուրերի համար: 2016թ. հոկտեմբերի 12-ին կայացած այդ տոնակատարության ժամանակ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադը նշել է, որ «այսօրվա միջոցառման նպատակն է ցույց տալ ամբողջ աշխարհին, որ շիա մուսուլմանները քրիստոնյա հայերի կողքին ապրում են բացառիկ խաղաղասիրության և միմյանց կրոնական ծեսերի հանդեպ փոխադարձ հարգանքի պայմաններում»: Դեսպանի խոսքով, այդուհետ կրոնական տոները պետք է նշվեն բաց՝ որպես քրիստոնյաների և մուսուլմանների համերաշխ կյանքի, տոները միասին տոնելու օրինակ [6, p. 67]: Մզկիթում պարբերաբար անցկացվում են պարսկերենի դասընթացներ, կրոնական ծեսեր, Ղուրանի ընթերցումներ և այլն:
2018թ. փետրվարի 9-ին նշվեց նաև Իրանի իսլամական հեղափոխության 39-ամյակը, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը [7]:
Մշակութային իմաստով հարկ է նշել նաև պարսկական նոր տարու՝ Նովրուզի տոնակատարության հետ կապված՝ Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների թվի կտրուկ մեծացումը: Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2017թ. Իրանից Հայաստան է այցելել 220 հազար զբոսաշրջիկ, ինչը 16%-ով ավելի է, քան 2016թ. [8]։ Նովրուզի տոնակատարությունը լայնորեն լուսաբանվում է հայկական և իրանական ԶԼՄ-ով՝ դրանով իսկ բարձրացնելով հանրային իրազեկման մակարդակը:
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Հայաստանում իրանական մշակութային քաղաքականության հիմնանպատակը Իրանի մշակույթի, կրոնի, ավանդույթների վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացումն է և այդպիսով իրանական մշակույթի՝ որպես իր բնույթով տարբերվող, սակայն բարեկամական մշակույթի ներկայացումը:
Ի տարբերություն Իրանի մշակութային քաղաքականության՝ Իրանում Հայաստանի մշակութային քաղաքականությունն ունի ավելի ապակենտրոնացված բնույթ: Իրանում կան հայկական տասնյակ մշակութային կազմակերպություններ, միություններ, այդ թվում նաև առանձին բժիշկների, գրողների, արհեստավորների, ինչպես նաև ուսանողական միություններ [9, էջ 107-108]: Վերջիններս թեև իրենց հռչակած նպատակներով և քաղաքականությամբ շատ նմանություններ ունեն, սակայն տարբերվում են իրենց օրակարգային խնդիրներով: Թերևս, դա հիմնականում պայմանավորված է Իրանում հայկական բազմահազարանոց համայնքի առկայությամբ, որը տեղաբաշխված է երկրի մի քանի քաղաքներում: Այդ կազմակերպություններից են «Արարատ»-ը, մշակութային «Սիփան», «Նայիրի» միությունները և այլն:
Երկկողմ փոխհարաբերություններում առանձնահատուկ դերակատարություն ունի համագործակցությունը կրթության ոլորտում: Հարկ է նշել, որ ինչպես մշակույթը, այնպես էլ կրթությունը, ըստ Ջ.Նայի, համարվում են փափուկ ուժի դասական ռեսուրսներ (թեև Ջ.Նայը կրթությունը դիտարկում էր որպես մշակույթի բաղկացուցիչ մաս) [10, p. 13-14]: Կրթական բաղադրիչ ասելով նկատի են առնվում երկու երկրներում գործող կրթական հաստատությունների քանակը, այդ հաստատությունների՝ գիտական շրջանակներում ունեցած հեղինակությունը, կրթական ծրագրերով երկու երկրներում սովորող ուսանողների թիվը և այլն:
2017թ. հուլիսի տվյալներով՝ Հայաստանի համալսարաններում ուսանում է 444 իրանցի, որոնցից 216-ը՝ բժշկական համալսարանում [11]: Հայաստանում իրանագիտական հետազոտություններ իրականացնող հիմնական կենտրոններն են Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը, Գիտությունների Ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի իրանագիտության բաժինը, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժինը և այլն: Բացի այդ, Երևանում գործում է պարսկական թեքումով 2 դպրոց:
2017թ. հուլիսի 7-ին ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ֆարհադիի՝ Հայաստան այցի ժամանակ նրա և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի միջև հուշագիր ստորագրվեց Իրանի կողմից հայաստանցի 5 դասախոսի և 15 ուսանողի կրթաթոշակի տրամադրման վերաբերյալ՝ բնական գիտությունների ուղղությամբ Իրանում աշխատելու և սովորելու համար: Մ.Ֆարհադիի խոսքերով, «այս հուշագրի ստորագրումով ավելի կամրացնենք և կխորացնենք մեր համագործակցությունը։ Բացի դասախոսների և ուսանողների փոխանակումից, նաև փորձի փոխանակում կիրականացնենք։ Կհատկացնենք կրթաթոշակներ կարճաժամկետ և երկարաժակետ հատվածներում։ Բուհերից բացի, կհամագործակցեն նաև գիտատեխնոպարկերը» [12]։ Հուշագրով կողմերը մտադիր են խթանել գիտական կազմակերպությունների, համալսարանների և հետազոտական հաստատությունների միջև համագործակցությունը, ինչպես նաև ամրապնդել երկու պետությունների գիտական համայնքների միջև կապերը։ Մասնավորապես, կողմերը համակարգելու են համատեղ հետազոտական նախագծերի երկկողմ ֆինանսավորումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ֆիզիկա, բնագիտություն, կենսատեխնոլոգիա, նանոտեխնոլոգիա, ջրային գիտություններ, ճարտարագիտություն, բարձր արտադրողականության համակարգչային հաշվարկներ։ Հուշագրի արդյունքներով ստեղծված գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների հայ-իրանական համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը կայացավ ս.թ. փետրվարի 8-ին։
Ինչ վերաբերում է Իրանում հայագիտության զարգացմանը, ապա պետք է նշել, որ այդ երկրում ներկայում գործում է երեք հայագիտական կենտրոն, որոնցից երկուսը՝ Թեհրանում և մեկը՝ Սպահանում։ Երեք հայագիտական կենտրոններն էլ համալսարանական ամբիոններ են։ Թեհրանում գործող երկու հայագիտական կենտրոններից մեկը Թեհրանի պետական համալսարանի Հայագիտության ամբիոնն է, մյուսը՝ Թեհրանի Իսլամական ազատ համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնը։ Երրորդ հայագիտական կենտրոնը Սպահանի համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնն է։
Այս համալսարանական ամբիոններից ամենահինը 1960թ. հիմնադրված Սպահանի համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնն է: Մյուս երկուսը՝ Թեհրանի Իսլամական ազատ համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնը և Թեհրանի պետական համալսարանի Հայագիտության ամբիոնը, հիմնվել են համապատասխանաբար 1995 և 2011թթ. [13]։ Իրանում հայագիտությունը զարգանում է հիմնականում ակադեմիական շրջանակներում՝ համալսարաններում։
Իրան-Հայաստան փոխհարաբերություններում փափուկ համագործակցության յուրատեսակ դրսևորում են նաև տնտեսական գրավչությունը և ներդրումները: 2016թ. դեկտեմբերին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ տեղի ունեցած Հայաստան-Իրան գործարար համաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրանցի գործարարներին կոչ արեց ներդրումներ կատարել Հայաստանում՝ հավելելով, որ ինքն անձամբ վերահսկողություն կսահմանի այդ գործընթացի նկատմամբ: Իրանցի գործարարներին շահագրգռելու համար նախագահ Սարգսյանը շեշտադրեց ԵԱՏՄ-ին ու GSP+ համակարգին Հայաստանի անդամակցությունը, առանձնացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Իրանի հետ համագործակցության հնարավորությունները [14]։
Տնտեսական սեգմենտում վերջին շրջանում նախաձեռնված կարևոր քայլերից է 2017թ. դեկտեմբերի 15-ին պաշտոնապես բացված «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) և Իրանի «Արաս» ԱՏԳ-ի միջև գործակցությունը: «Մեղրի» ԱՏԳ-ն ոչ միայն ապահովեց այդ շրջանի բնակչության մի մասին աշխատանքով, այլև բարենպաստ պայմաններ ստեղծեց Հայաստանում իրանական կապիտալի ներդրման ծավալների ավելացման համար: Իրանի համար սա նաև Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերվելու յուրատեսակ մեխանիզմ է: Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2017թ. կազմել է $237 մլն, ինչը 7.8%-ով ավելի է 2016թ. գրանցված արդյունքից [15]: Ընդ որում, առևտրում շարունակում է առանցքային դեր խաղալ գազ-էլեկտրաէներգիա փոխանակությունը:
Իրան-Հայաստան փոխհարաբերություններում առանձնահատուկ դերակատարություն ունի սփյուռքի գործոնը, որն, ըստ էության, կամրջող դեր է խաղում երկու երկրների շփումներում: Ընդ որում, եթե Հայաստանում իրանական համայնք, որպես այդպիսին, գոյություն չունի, ապա Իրանում պատմականորեն գոյություն է ունեցել հայկական բազմահազարանոց համայնք: Իհարկե, հայկական սփյուռքի առկայությունն ու խաղաղ կենսագործունեությունն Իրանում անհնար կլինեին առանց իրանական իշխանությունների բարյացակամ վերաբերմունքի և հայ համայնքի իրավունքներն ու շահերը պաշտպանելու պատրաստակամության: 1979թ. իսլամական հեղափոխությունից հետո ընդունված սահմանադրությամբ, նախորդ՝ 1906թ. ընդունված սահմանադրության օրինակով, երկրի ոչ մահմեդական ազգային փոքրամասնությունները ճանաչվեցին կրոնական փոքրամասնություններ։ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրությունը բացառում է կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ռասայական կամ խտրական դրսևորման որևէ քայլ [16, էջ 42]։
Իրանի հայկական համայնքը պատմականորեն քաղաքական, կրոնական և մշակութային պաշտպանվածություն է ունեցել իրանական իշխանությունների կողմից: Իրանահայերի իրավական կարգավիճակի հիմքը կրոնաեկեղեցական ինքնավարությունն է` հաստատված Իրանի սահմանադրությամբ։ Պատահական չէ, որ Իրանի տարածքում առկա է մոտ 200 հայկական եկեղեցի [6, p. 65]: Ընդ որում, հայկական համայնքը նաև քաղաքական ներկայացվածություն ունի Իրանի խորհրդարանում, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլն: Այսպես, Իրանի խորհրդարանի՝ մեջլիսի 290 պատգամավորական մանդատներից 5-ը, ըստ երկրի սահմանադրության, հատկացված է պաշտոնապես ճանաչված «կրոնական փոքրամասնություններին», որոնցից 2-ը զբաղեցնում են հայ պատգամավորները: Մյուս երեքը բաշխված են 1 զրադաշտական, 1 հրեա և 1 ասորի («նեստորական» և «քաղդեացի»՝ կաթոլիկ համատեղությամբ) պատգամավորների միջև։
Ընդհանուր առմամբ, Իրանի հայկական համայնքի թիվը մշտապես տատանվել է՝ կախված Իրանում տեղի ունեցող գործընթացներից և տարածաշրջանային իրավիճակից: Նորագույն ժամանակներում իրանահայության խոշոր արտագաղթ է տեղի ունեցել 1979թ. իսլամական հեղափոխության տարիներին ու նրան հաջորդող շրջանում, ինչպես նաև 1980-1988թթ. Իրան-իրաքյան պատերազմի շրջանում։ Ներկայում համայնքը հիմնականում ինքնակազմակերպված է երեք թեմերի շուրջ, որոնք են՝ 1) Հյուսիսային կամ Թավրիզի թեմը, 2) Սպահանի հայոց թեմը, 3) Թեհրանի կամ Կենտրոնական թեմը։
Թեև հայերն Իրանում պաշտոնապես դիտարկվում են որպես երկրի կրոնական փոքրամասնություն, սակայն նրանք իրավունք ունեն մասնակցելու երկրի համապետական ընտրություններին, ձեռք բերելու սեփականություն և օգտվում են սահմանադրական այլ իրավունքներից։
Ներկայում իրանահայ համայնքի առջև կանգնած ամենամեծ մարտահրավերը երկրի քաղաքական և տնտեսական անկայունությամբ, տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակով պայմանավորված արտագաղթն է։ Մասնավորապես, Իրանի հայկական համայնքն իր վրա կրում է սիրիական իրադարձությունների ազդեցության կնիքը, քանի որ Իրանը, առավել քան տարածաշրջանի որևէ այլ երկիր, ներքաշված է իր անմիջական հարևանությամբ ընթացող գործընթացներում: Այս իրողությունն առաջիկա տարիներին լրջագույն վնաս կարող է հասցնել համայնքի թվաքանակին։ Բարեբախտաբար, արտագաղթի մի շոշափելի հոսք ուղղված է դեպի Հայաստան, որտեղ զգալի թվով հայեր ձեռք են բերում բնակարան և մշտական բնակություն հաստատում հայրենիքում։ Այլ կերպ ասած՝ տեղի է ունենում փոքր մասշտաբներով ներգաղթ։
Իրանական իշխանությունների կողմից տեղի հայկական համայնքի հանդեպ հոգատար և կշռադատված վերաբերմունքը, հայ համայնքի ինքնակազմակերպման իրավունքի ընձեռումը վկայում են այն մասին, որ Իրանը ևս գիտակցում է համայնքի գործոնի դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:
Այսպիսով, կարելի է ասել, որ հայ-իրանական փոխհարաբերություններում «փափուկ բաղադրիչը» բարձրացնում է երկու երկրների հասարակություններում միմյանց նկատմամբ փոխըմբռնման, համակրանքի և հանրային իրազեկման մակարդակը՝ դրանով իսկ նպաստավոր մթնոլորտ և պայմաններ ստեղծելով ռազմաքաղաքական և տնտեսական շահերի բավարարման համար: Աշխարհում կրոնական ծայրահեղականության և աճող անհանդուրժողականության պայմաններում հայ-իրանական «փափուկ համագործակցությունը» կարելի է համարել կրոնական և քաղաքակրթական առումով միմյանցից էականորեն տարբերվող հասարակությունների բացառիկ բարիդրացիական հարաբերությունների յուրատեսակ մոդել:
1 Երկու երկրներում էլ բնակչության ճնշող մեծամասնությունը մահմեդականության շիա ուղղության հետևորդ է:
Մարտ, 2018թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Мгдесян А., Чеченский след в нагорном карабахе,16.05.2013, HTTP://WWW.BIGCAUCASUS.COM/EVENTS/TOPDAY/16-05-2013/83302-CHECHEN_WAR_KARABAKH-0/
2. Nye, Joseph Jr., Bound to Lead: The Changing Nature of American Power, NY: Basic Books,1991.
3. Nye, Joseph Jr., Soft Power: The Means to Success in World Politics, New York: Public Affairs, 2004.
4. Gallarotti, Giulio M., Soft Power: What it is, why it’s important, and the conditions under which it can be effectively used, Division II Faculty Publications, Paper 57, 2011.
5. Իսլամական մշակութային կապերի կազմակերպության պաշտոնական կայք, http://en.icro.ir/
6. Mkrtchyan T., Iran’s Soft Power Policy In Armenia: Cultural Diplomacy and Religion, Religion and Soft Power in the South Caucasus, Conference paper, March 2017, https://www.researchgate.net/publication/315119752_Religion_and_Soft_Power_in_the_South_Caucasus
7. ՀՀ վարչապետ. «Իրանը տարածաշրջանում մեր վստահելի հարևանն է», Feb. 10, 2018, http://parstoday.com/hy/news/armenia-i83843
8. Իրանցի զբոսաշրջիկները բողոքում են, թե Հայաստանում քչերն են խոսում անգլերեն, 23.03.2018, https://www.azatutyun.am/a/29119886.html
9. Բայբուրդյան Վ., Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ, Երևան, 2013, http://www.mindiaspora.am/res/Hratarakumner/2014/bayburdyan%20nor.pdf
10. Nye, Joseph Jr., Soft Power and Higher Education, Harvard University, 2005.
11. Իրանի գիտության նախարարը հանդիպեց Հայաստանում իրանցի ուսանողներին, 09.07.2017թ., http://parstoday.com/hy/news/armenia-i66768
12. Իրանը հայ 15 ուսանողի կրթաթոշակ է տրամադրել՝ իրենց երկրում սովորելու համար, 07.07.2017, https://www.panorama.am/am/news/2017/07/07/%D4%BB%D6%80%D5%A1%D5%B6-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D...
13. Հովյան Վ., «Հայագիտությունը ժամանակակից Իրանում», «Նորավանք» ԳԿՀ, 03.11.2014, http://noravank.am/arm/issues/detail.php?ELEMENT_ID=12983
14. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստան-Իրան գործարար համաժողովում, 21.12.2016, http://www.president.am/hy/press-release/item/2016/12/21/President-Serzh-Sargsyan-attended-Armenian-...
15. Հերգնյան Ս., «Հայաստան-Իրան. առևտրի, ներդրումների ու ժամանումների միտումները 2017-ին», 09.01.2018, http://hetq.am/arm/news/84817/hayastan-iran-arevtri-nerdrumneri-u-zhamanumneri-mitumnery-2017-in.htm...
16. Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրություն (Հիմնական օրենք), Թեհրան, 2005։
դեպի ետ