
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
«21-րդ ԴԱՐ» N 3, 2018
Դավիթ Սաֆարյան
Պատմական գիտությունների թեկնածու
Ղարաբաղյան հիմնախնդրի ընկալումները թուրքական հասարակական-քաղաքական դիսկուրսում և դրանց կախվածությունն ադրբեջանական դիրքորոշումից, ինչպես նաև թուրք քաղաքական գործիչների, վերլուծաբանների, ԶԼՄ անդրադարձներն արցախյան թեմատիկային ավելի քան երկու տասնամյակ մշտադիտարկվում են հայ թուրքագետների կողմից: Ստորև կփորձենք հակիրճ ներկայացնել մեր մշտադիտարկման որոշ արդյունքները, որոնք ամփոփվել են նաև մեր մի շարք գիտական հրապարակումներում1 և կոլեկտիվ մենագրության2 մեջ:
Անկախացումից ի վեր Հայաստանը մշտապես հանդես է գալիս Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու օգտին, ինչը միանգամայն համահունչ է միջազգային իրավունքի սկզբունքներին։ Թուրքիան 1991թ. դեկտեմբերի 16-ին ճանաչել է Հայաստանի անկախությունը, սակայն երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել մինչև այսօր: Գիտակցելով, որ Հայաստանը կարող է իրականացնել սեփական ազգային շահերով առաջնորդվող քաղաքականություն, թուրքական քաղաքական վերնախավն ի սկզբանե որդեգրեց նախահարձակ դիրքորոշում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար առաջադրելով Թուրքիայի ժամանակակից սահմանները ճանաչելու և Հայոց ցեղասպանության վերաբերյալ պնդումներից հրաժարվելու նախապայմանները: Թուրքիան (1993թ. ապրիլի 3-ին Արցախում հայկական ուժերի կողմից Քարվաճառի ազատագրումից հետո) առաջ քաշեց նաև ազատագրված տարածքներն Ադրբեջանին հանձնելու նախապայմանը: Այսպիսով, Թուրքիան, ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության և որդեգրելով բացահայտ ճնշման կամ հարկադրման քաղաքականություն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ևս ներառեց հայ-թուրքական հարաբերությունների թնջուկի մեջ: 1998թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը հայաստանյան արտաքին քաղաքականության գերակա խնդիրների շարքը դասվելուն հետևեց թուրքական հասարակական-քաղաքական դիսկուրսում Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության իրականացման «մոդուսի» ճշգրտումը, նոր մեթոդների և հնարքների կիրառման փնտրտուքը3:
Տարածաշրջանային քաղաքական և ռազմական առաջատարի հավակնություններ ունեցող Թուրքիայի հարավկովկասյան քաղաքականության լրակազմում ընդգրկված «հայկական նախաձեռնությունն», անշուշտ, ևս մի «փորձաքար» էր հանդիսանալու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից հռչակված և ի սկզբանե տապալման դատապարտված «զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքի կենսագործման համար4:
Թուրքիայի նախագահ Ա.Գյուլը պատմության մեջ առաջին անգամ այցելեց Հայաստան, ստորագրվեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և քաղաքական հարաբերություններ զարգացնելու մասին արձանագրությունները, այսուհանդերձ (անշուշտ, նաև ադրբեջանական անթաքույց ճնշման հետևանքով), պաշտոնական Անկարան շեշտադրել է հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակելու պատճառ հանդիսացած ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում շոշափելի առաջընթացի նախապայմանը5: Թուրքական ԶԼՄ մշտադիտարկումն արդեն «ֆուտբոլային դիվանագիտության»6 ծավալման վաղ փուլում հուշում էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բախվելու էր թուրքական խորհրդարանական անհաղթահարելի դիմադրությանը, քանի որ ընդդիմության առաջնորդները (մասնավորապես, Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Դենիզ Բայքալը), որդեգրելով առավել ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում, իշխող ԱԶԿ-ին «ամբողջ թյուրքական աշխարհի» անունից մեղադրելու էին «ադրբեջանցի եղբայրներին» դավաճանելու մեջ7: Թեև թուրքական դիրքորոշման պատճառով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա չէ էական տեղաշարժ, «հայկական թեմատիկան», բնականաբար, թուրքական «տեսադաշտում» է, իսկ ղարաբաղյան հիմնահարցն (թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքի հրամայականներով և անգամ «համաթուրքական» ռեսուրսի մոբիլիզացիայի նկրտումներով) արծարծվում է թուրքական հասարակական-քաղաքական քննույթում և ԶԼՄ-ում: Ակնհայտ են «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը կենսագործող Ադրբեջանին մերձավորագույն դաշնակից համարող Թուրքիայի մշտական, բայց և անիրական նկրտումները՝ ավելի մեծ դերակատարում ստանձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում8: Թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ն մշտադիտարկողների համար ակնհայտ է նաև որ, «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը հակահայկական, հակառուսական կամ հակաիրանական նպատակներով շահարկող ադրբեջանական և թուրքական շրջանակները պրագմատիկորեն գիտակցում են այն սահմանը, որը բաժանում է թուրքական և ադրբեջանական քաղաքական, տնտեսական, կրոնական, մշակութային էլիտաների իրական շահերը9:
Թուրքիայի կողմից միանշանակ ադրբեջանամետությամբ պայմանավորված նախապայմանի առաջքաշումն այսօր էլ անիրատեսական է դարձնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը մեռյալ կետից առաջ տանելը: Ակնհայտ է, որ մեր երկրի հետ հարաբերությունների կարգավորումը թուրքական բոլոր կառավարությունները դիտարկել են նաև թուրք-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում, թուրքական նախապայմաններին ի պատասխան՝ Հայաստանի իշխանությունները մշտապես փորձել են կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների՝ միաժամանակ փաստելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում գլխավոր խնդիրն անկախ և անվտանգ Արցախի Հանրապետության ճանաչումն է՝ ազգերի ինքնորոշման համապարփակ իրավունքի հիման վրա:
Թուրքական հասարակական-քաղաքական կարծիքում առկա է անհանգստություն մեծ տերությունների դավադրությունների արդյունքում Թուրքիայի հնարավոր մասնատման հարցում: Չնայած առարկությանը, թե Հայաստանը չի կարող իրական սպառնալիք լինել Թուրքիայի անվտանգության համար, «Սևրի սինդրոմը» մշտապես շահարկվել է ազգայնական ուժերի, ռազմական վերնախավի, «խորքային պետության», իրար հետևողականորեն ձայնակցող թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցների և «վերլուծաբանների» կողմից հասարակությանը «զգոն» պահելու և ուղղորդելու նպատակով10:
Փաստ է, որ 2008թ. Թուրքիայի նախագահ Ա.Գյուլի՝ Հայաստան այցից հետո թուրքական լրատվամիջոցները, առանձին փորձագետներ և հասարակական գործիչներ Հայաստանի, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիրի (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության) մասին խոսել են ավելի շատ, քան երբևէ նախկինում, ընդ որում, «հայկական թեմատիկայի» մասին սկսել են գրել կամ խոսել նաև չեզոք, բացառիկ դեպքերում՝ նույնիսկ դրական նրբերանգներ պարունակող տոնայնությամբ: Թուրքական վերնախավում հրապարակային բանավեճ է ընթացել Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու կողմնակիցների և հակառակորդների միջև (մասնավորապես, հիշարժան են թուրք ազդեցիկ լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդի հրապարակումները)11: Հակառակորդները, առաջնորդվելով թյուրքականության գաղափարախոսության սկզբունքներով և առաջնային համարելով «եղբայրական» Ադրբեջանի հետ հարաբերությունները, չեն տեսել և չեն տեսնում Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու օգտին ծանրակշիռ փաստարկներ, առավել ակտիվ և համագործակցաբար հանդես են գալիս «փոխկապակցված» Հայոց ցեղասպանության և արցախահայության ազատ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման դեմ թուրքական ու համաթյուրքական քաղաքական ռեսուրսի մոբիլիզացիայի օգտին (հիշարժան են ԱԶԿ առաջնորդների հասցեին Հայաստանի նկատմամբ ճնշումներ կիրառելու քաղաքականությունից հրաժարվելու և «եղբայրական» Ադրբեջանին «հայկական ագրեսիայի» դեմ միայնակ թողնելու մեղադրանքները և նույնիսկ «դավաճան» որակումները՝ հնչած «դևլեթբահչելիական» կամ «քըլըչդարօղլուական» ընդդիմության և ադրբեջանական շահերի անթաքույց ջատագովությանը լծված վերլուծաբանների և լրագրողների ստվար զանգվածից): Թուրքիայում թուրք-հայկական երկկողմ հարաբերությունների կարգավորման փոքրամասնություն կազմող կողմնակիցների դատողություններն ավելի «ճկուն» են: Այս շրջանակները համոզված են. քանի որ Հայաստանը, միևնույն է, չի հրաժարվելու Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման գործընթացից, Երևանի հետ պաշտոնական երկխոսության միջոցով կկարողանան մեղմել այդ գործընթացի հետևանքները Թուրքիայի համար:
Երկու երկրների խորհրդարաններում Ցյուրիխյան արձանագրությունների վավերացման հարցն ընթացիկ օրակարգերից դուրս է բերվել: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ մինչև 2018թ. գարուն հայ-թուրքական արձանագրությունները կարող են չեղարկվել, համահայկական կոնսենսուսի կամ լայն համաձայնության արդյունք է12:
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բարդ գործընթացի նորանոր մարտահրավերները դիմագրավելու, ինչպես նաև համապատասխան «ադապտացիոն» մեխանիզմների մշակման նպատակով կարևորվում է Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի քաղաքական մտքի հավաքական մոտեցումների բյուրեղացումը13: Մասնավորապես, կարծում ենք, կարևորվում է ՀՀ ազգային անվտանգության համադրույթում Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը նվիրված հատվածի վերաձևակերպում-վերաշարադրումը՝ այն հստակ սահմանումով, որ այդ ճանաչումն ու դատապարտումը անբարենպաստ և սպառնալիքներով լեցուն տարածաշրջանում գտնվող Հայաստանի Հանրապետության գոյության և զարգացման կարևորագույն երաշխիքներից են, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի ժխտողականությունը վտանգում է Հայաստանի և Արցախի հայության գոյությունը14: Այսօր ՀՀ քաղաքական շրջանակներում, իհարկե, հստակ գիտակցում են, որ հանուն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման զիջումների գնալը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում կամ միակողմանի զիջումները Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում կհակասեն մեր համազգային շահերին ու կհարվածեն Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությանը: Մյուս կողմից՝ Հայաստանում կարծես տարաձայնություն չկա այն հարցում, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարևոր և էական խնդիր է: Դրա համար էլ պաշտոնական այն ձևակերպումը, ըստ որի՝ Հայաստանը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների, շարունակում է մնալ արդիական:
1 Տե՛ս Սաֆարյան Դ., Հայ-թուրքական կարգավորման գործընթացի սառեցման հայկական փաստարկների շուրջ, Մերձավոր Արևելք, Հոդվածների ժողովածու, VIII, Երևան, 2012, էջ 313-321, նույնի՝ «Ֆուտբոլային դիվանագիտության» ծավալման արդյունքում հայ-թուրքական հարաբերությունների վիճակի գնահատման հարցի շուրջ, Արևելագիտության հարցեր, Երևան, 2012, էջ 219-228, նույնի՝ Հայ-թուրքական առևտրատնտեսական կապերը դիվանագիտական հարաբերությունների բացակայության և փակ սահմանների պայմաններում (2001-2011թթ.), «21-րդ ԴԱՐ», №4, Երևան, 2014, էջ 69-82, նույնի՝ Թուրքիայի հասարակական-քաղաքական կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնախնդրի մասին, «21-րդ ԴԱՐ», №1, Երևան, 2015, էջ 120-134, Сафарян Д., К вопросу о позиции турецкой общественно-политической мысли по проблеме установления официальных отношений с Арменией (1991-1998гг.), «21-й ВЕК», №2, Ереван, 2015, с. 119-134.
2 Սաֆարյան Դ., Մելիքյան Գ., Ոսկանյան Վ., Սաֆարյան Ալ., Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը Թուրքիայի հասարակական-քաղաքական դիսկուրսում, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 192 էջ:
3 Մասնավորապես տե՛ս և հմմտ. Aktan G., Ermeni Sorununun Hukuksal Boyutu, http://www.eraren.org/bilgibankasi/tr /index2_1_1.htm, Gültaşlı S., Ermeni meselesinde Türk basınının büyük günahı, “Zaman”, 16.04.07, http://www.zaman.com.tr/selcuk-gultasli/bruksel-ermeni-meselesinde-turk-basininin-buyuk-gunahi_52812..., Laçiner S., Bir Ermeni Tasarısı Hiç Bu Kadar İşe Yaramamıştı, 10-03-2010, http://www.usak.org.tr/print.php?id=1135&z=2, Laçiner S., Ermenistan-Türkiye İlişkilerinde Sınır Kapısı Sorunu ve Ekonomik Boyut, http://www.eraren.org/index.php?Page=DergiIcerik&IcerikNo=154, Lütem Ö.E., Ermenistan seçimlerinin sonuçları, http://www.hurriyet.com.tr /strateji /6513799.asp, Özkoray E., “Ermeni soykırımı niçin hâlâ tabu?”, 10.03.2010, http://www.kuyerel.net /modules/AMS/index.php?storytopic=138&start=22
4 Ռ.Մելքոնյան, «Թուրքիան ձախողեց «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը», https://armenpress.am/arm/news/665512/, http://www.aravot.am/2011/11/10/284125/
5 Մասնավորապես տե՛ս Давутоглу А., "Если вопрос Карабаха будет решен, армяно-турецкие отношения будут урегулированы", 07.07.2010, http://az.salamnews.org/ru/news/read/11008/axmed-davutoglu-esli-vopros-karabaxa-budet-reshen-armyano..., Давутоглу А., Существующие проблемы помешали урегулированию армяно-турецких отношений, 01.25.2011, http://ru.1in.am/2429.html
6 Արշակյան Գ., Թուրք-հայկական հարաբերությունները Հարավային Կովկասում ստեղծված նոր իրավիճակի պայմաններում, ԵՊՀ Հայագիտության հարցեր հանդես, Երևան, 2(8), 2016, էջ 5-6:
7 Տե՛ս Տասը հարց, տասը պատասխան, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություններ (խմբ.՝ Ա.Սիմոնյան), Երևան, ԵՊՀ հրատ., 2009, տե՛ս և հմմտ. նաև «Последствия «футбольной дипломатии» могут оказаться неожиданными», 03.09.08, www.echo-az.info, Çelik M., Baykal’dan Gül’e Erivan tepkisi, 05.09.2008, http://www.milliyet.com.tr /Siyaset/HaberDetay.aspx?aType=HaberDetay&Kategori=siyaset&KategoriID=&ArticleID=987062&Date=05.09.2008&b=Baykal,%20Gulu%20kizdirdi, MHP'den Gül'e "Maçı televizyondan izle" önerisi, 01.09.2008, http://www.hurriyet.com.tr/gundem/9795769.asp, Kurt S., Gül'ün Erivan yolu Bakü'den geçecek, 30.07.2008, http://www.zaman.com.tr /dunya_gulun-erivan-yolu-bakuden-gececek_720081.html, Ализаде З., “Парламент Турции будет оттягивать ратификацию”, 13.10.2009, http://news.day.az/politics/176402.html, Пашаева Г., “С визитом президента Турции в Армению не может согласиться ни один азербайджанец”, 02.09.2008, http://news.day.az/politics/129320.html
8 Մանրամասն տե՛ս և հմմտ. Հովհաննիսյան Ա., ԽՍՀՄ փլուզումը, «թուրք միասնության» գաղափարը և Ղարաբաղյան հարցը (1990-95-ականների թուրքական հրապարակումների լուսաբանմամբ), Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, հ. XX, Երևան, 2001, էջ 74-81, Бабаян Д., Арцахская проблема и идеология пантюркизма, “21-ый ВЕК” (информационно-аналитический журнал фонда «Нораванк»), N 4 (20), Ереван, 2011, стр. 67-99.
9 Մասնավորապես տե՛ս և հմմտ. Սաֆարյան Ալ., Զիա Գյոքալփը և «թյուրքականության հիմունքները», Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2012, էջ 246-248:
10 Տե՛ս Искандарян А., Минасян С., Прагматичность политики сквозь реалии исторических ограничений: анализируя армяно-турецкий процесс, Аналитические доклады Института Кавказа, Но.1, Ереван, 2010, с. 26-28, Հովսեփյան Լ., Թուրքիայի վախերը, Սևրի սինդրոմ, Երևան, 2012, էջ 76:
11 Տե՛ս Birand M.A., Armenia has no land demand from Turkey, 02.01.2001, http://www.hurriyetdailynews.com/default.aspx?pageid=438&n=quotarmenia-has-no-land-demand-fr..., Birand M.A., Gül, bir tabu yıktı..., 09.09.2008, http://www.hurriyet.com.tr/yazarlar /9851895.asp, Birand M.A., Gül, maça gitmekle doğru adım attı..., 05.09.2008, http://www.hurriyet.com.tr/yazarlar/9824710.asp
12 Հայաստանը մինչև գարուն առ ոչինչ կհայտարարի հայ--թուրքական արձանագրությունները. Սերժ Սարգսյանը՝ ԵԽԽՎ ամբիոնից, https://armenpress.am/arm/news/920096/hayastany-minchev-garun-ar-ochinch-khaytarari-hay-turqakan.htm...
13 Տե´ս նաև Սաֆարյան Դ., Մելիքյան Գ., Ոսկանյան Վ., Սաֆարյան Ալ., Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը Թուրքիայի հասարակական-քաղաքական դիսկուրսում, էջ 149-152:
14 Սաֆարյան Ա., Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի հրեական փորձը և մեր խնդիրները, Հայոց ցեղասպանության ժխտողականությունը նոր օսմանականության գաղափարախոսության համատեքստում (ՀՀ Սփյուռքի նախարարություն), «Արտագես», Երևան, 2016, էջ 34:
Հունիս, 2018թ.
դեպի ետ