
«21-րդ ԴԱՐ» N 3, 2018
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2018թ. 3-րդ համարը։
Հեղինակներն անդրադարձել են հրատապ թեմաների. դաշնակցային հարաբերությունները հիբրիդային իրողություններում (Գ.Հարությունյան, Ա.Մարջանյան), սերնդային ալիքներ և պատմական քաղաքականություն (Ա.Մարջանյան), Երկրորդ աշխարհամարտ և Թուրքիա (Ք.Մելքոնյան), հայ-թուրքական հարաբերություններ և Ղարաբաղյան հիմնախնդիր (Դ.Սաֆարյան), ռուս-թուրքական հարաբերություններ և հայկական գործոն (Տ.Սաքոյան), համեմատական սփյուռքագիտություն (Վ.Հովյան) և այլն։
Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html
Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html
Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71
ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Գագիկ Հարությունյան, Արա ՄարջանյանԱմփոփագիր
Հոդվածում ցույց է տրված, որ հասարակությունների կառուցողական զարգացումը հնարավոր է միայն մշակութա-քաղաքակրթական և գիտելիքային ռեսուրսների միջև դրական հակադարձ կապի առկայության պարագայում, և այս նախապայմանը առավել կարևորվում է ներկայիս գլոբալ ու բազմաբևեռ հիբրիդային հակամարտությունների պարագայում։ Ստեղծված իրողությունը իր հերթին ակտուալացնում է տարբեր երկրներում դաշնակիցների ընտրության խնդիրը։ Այդ վերջինի համատեքստում վերլուծվել է 2016թ. WIN/Gallup Int.-ի կողմից իրականացված ծավալուն հարցումը, որի նպատակն էր պարզել աշխարհի 68 երկրների հասարակությունների նախապատվությունները ռազմական դաշնակից ընտրելու խնդրում։ Կատարված վերլուծության արդյունքում վերհանվել են որոշ երկրների հասարակությունների քաղաքակրթական – մշակութային և քաղաքական-տնտեսական բնույթի այն դրդապատճառները և պատկերացումները, համաձայն որոնց նրանք որպես ռազմական դաշնակից նախընտրել են, մասնավորապես, ՌԴ-ն, ԱՄՆ-ը կամ Չինաստանը։
ԳԼՈԲԱԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐ, ՍԵՐՆԴԱՅԻՆ ԱԼԻՔՆԵՐ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արա Հ. ՄարջանյանԱմփոփագիր
Ներկայացվում են «Հարավ» և «Հյուսիս» տարածաշրջանների սահմանման «Բրանդի հանձնաժողովի» դասական և արդի մոտեցումները։ Դիտարկվում են բնակչության տիպական սեռատարիքային դիագրամները (ս.տ.դ.)։ Ներմուծվում են սերնդի «դոմինանտ կոհորտ» և սերնդային «պիլոտային ալիք» հասկացությունները: Դիտարկվում է սերնդային ալիքների «քաղաքակրթական լիցքը»: Հայաստանի և Ադրբեջանի համար իրականացվում է ս.տ.դ. համեմատական վերլուծություն: Ձևակերպվում է «քաղաքակրթական խզում» հասկացությունը։ Ընդգծվում է պատմական քաղաքականության համարժեք վարման անհրաժեշտությունը Հայաստանի էվոլյուցիոն և անընդհատ զարգացման ապահովման համար:
ԹՈՒՐՔԻԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ. ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ ԵՎ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐ
Քրիստինե ՄելքոնյանԱմփոփագիր
Թուրքիան իր ռազմավարական աշխարհագրական դիրքի շնորհիվ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին և ընթացքում դարձավ երեք կենտրոնական ուժերի՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի, ինչպես նաև ԽՍՀՄ մրցակցության առարկան:
Հավասարակշռություն պահպանելով «առանցքի» և դաշնակից երկրների միջև՝ Թուրքիան, հավատարիմ մնալով իր չեզոքությանը, բացահայտ չի աջակցել որևէ մեկին: Նա որդեգրել էր հակախորհրդային քաղաքականություն՝ հակամարտող երկու կողմից ստանալով ռազմատեխնիկական օժանդակություն: Միայն 1945թ. փետրվարի 23-ին է Թուրքիան հրաժարվում չեզոքությունից և մտնելով պատերազմի մեջ՝ հայտնվում է հաղթող կողմի շարքում:
ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Տարոն ՍաքոյանԱմփոփագիր
Հոդվածում դիտարկվել են ռուս-թուրքական հարաբերությունների պատմությունն ու դրանց առանձնահատկությունները, ուրույն տեղ է հատկացվել նաև հիշյալ կողմերի միջև մերձեցումների լուսաբանմանը, ինչպես նաև դրանց էության և դրդապատճառների վերլուծությանը: Ներկայացվել են նաև ռուս-թուրքական հարաբերություններում հայկական գործոնի ծագումն ու դրանցում նրա ունեցած նշանակության աստիճանը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Դավիթ ՍաֆարյանԱմփոփագիր
Հոդվածում ներկայացվում են ղարաբաղյան հիմնախնդրի ընկալումները թուրքական հասարակական-քաղաքական դիսկուրսում և դրանց կախվածությունն ադրբեջանական դիրքորոշումից, թուրք քաղաքական գործիչների և վերլուծաբանների անդրադարձներն արցախյան թեմատիկային, հեղինակի մասնակցությամբ իրականացված թուրքական ԶԼՄ բազմամյա մշտադիտարկման որոշ արդյունքները: Արդեն «ֆուտբոլային դիվանագիտության» ծավալման վաղ փուլում ակնհայտ էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բախվելու էր թուրքական խորհրդարանական անհաղթահարելի դիմադրությանը, քանի որ ընդդիմության առաջնորդներն իշխող ԱԶԿ-ին ամբողջ «թյուրքական աշխարհի» անունից մեղադրելու էին «ադրբեջանցի եղբայրներին» դավաճանելու մեջ: Թուրքիայի կողմից միանշանակ ադրբեջանամետությամբ պայմանավորված նախապայմանի առաջքաշումը տեսանելի հեռանկարում էլ անիրատեսական է դարձնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը մեռյալ կետից առաջ շարժելը:
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ. ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՅԻ ԱՄՐԱՊՆԴՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ
Ռոման ԿարապետյանԱմփոփագիր
Սույն հետազոտությունը ներկայացնում է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի առանձնահատկությունները, մասնավորապես՝ բանակցող կողմերի դիրքորոշումները հակամարտության առարկա հանդիսացող հարցերի վերաբերյալ: Հիմնախնդրի մյուս առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, որ հակամարտության կարգավորման գործընթացում կան ներգրավված արտաքին ակտորներ, որոնք ունեն սեփական շահերն այստեղ: Մեր քննարկման հաջորդ հիմնական հարցն է վերլուծել հակամարտության կարգավորման հեռանկարները՝ հենվելով ինչպես վերը նշված գործոնների ու բանակցային գործընթացի դինամիկայի ուսումնասիրությունների, այնպես էլ բանակցողների տակտիկական մոտեցումների որոշ փոփոխությունների վրա: Ներկայացրել ենք նաև ՀՀ նոր ղեկավարի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրում և որոշակի համեմատական եզրեր անցկացրել նախկինում պաշտոնական Երևանի ունեցած դիրքորոշման հետ:
ԻՍԼԱՄԻ ԴԵՐՆ «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԿԵՐՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Գայանե ՉոբանյանԱմփոփագիր
«Ադրբեջանական» ազգային ինքնությունը խարսխված է թյուրքականության գաղափարախոսության և այսպես կոչված «մշակութային» կամ «ազգային» իսլամի միաձուլման վրա։ Անկախ կրոնական աստիճանից՝ Ադրբեջանի բնակչության ճնշող մեծամասնությունն իրեն համարում է մուսուլման՝ նույնացնելով այդ հասկացությունը ոչ թե կրոնական պատկանելության, այլ էթնոմշակութային ինքնության հետ։ Այնինչ մինչև 1930-ական թթ. վերջը Հարավային Կովկասի թյուրքախոս մուսուլման բնակչությունը, որն այժմ կոչվում է «ադրբեջանցի», չուներ ընդհանուր էթնոնիմ։ Պաշտոնապես նրանց անվանում էին «մուսուլմաններ», «անդրկովկասյան մուսուլմաններ», «թաթարներ», «անդրկովկասյան թաթարներ» և այլն։ Այնուամենայնիվ, թյուրքախոս մուսուլմաններն իրենց ասոցացնում էին բացառապես իսլամական ումմայի հետ և նախընտրում էին կոչվել «մուսուլման»։ Իսլամն առաջնային դեր խաղաց Ռուսական կայսրության թաթարների համախմբման գործում։ Ոչ թե կրոնական, այլ ազգային ինքնության վերադասումը Կովկասի թաթարների մեջ սկիզբ է առնում XX դարի կեսերից, ինչը պայմանավորված էր մի շարք գործոններով՝ սոցիալ-տնտեսական առաջընթաց, ինդուստրիալացում, ուրբանիզացում, կրթական մակարդակի բարձրացում, աշխարհիկացում և աշխարհաքաղաքական մարտահրավերներ։
ՓԱՓՈՒԿ ՈՒԺԻ ԲԱՂԱԴՐԻՉԸ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Հայկ ՍարգսյանԱմփոփագիր
Չնայած փափուկ ուժի հայեցակարգը սկզբնապես ձևավորվել և մշակվել է Արևմուտքում, այդուհանդերձ, ներկայում այն ներթափանցել է աշխարհաքաղաքական ամենատարբեր դերակատարների արտաքին քաղաքական գործիքների զինանոց: Այս իմաստով բացառություն չեն հայ-իրանական հարաբերությունները, որտեղ փափուկ ուժն ունի յուրատեսակ «սոսնձող» դերակատարություն՝ բարենպաստ մթնոլորտ և պայմաններ ստեղծելով հարաբերությունների զարգացման համար: Հոդվածի նպատակն է ուսումնասիրել փափուկ ուժի դրսևորումներն ու «փափուկ համագործակցությունը» հայ-իրանական փոխհարաբերություններում և ցույց տալ դրանց ազդեցությունն ու նշանակությունը
երկկողմ հարաբերությունների զարգացման համար:
ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՀՈՒՆԱԿԱՆ ՓՈՐՁ
Վահրամ ՀովյանԱմփոփագիր
Քանակական առումով հայկական և հունական սփյուռքերը համեմատելի են միմյանց հետ։ Աշխարհագրական սփռվածության տեսանկյունից կան ինչպես ընդհանրություններ, այնպես էլ տարբերություններ։ Գրեթե նույնն են երկու սփյուռքերի օրակարգային հիմնախնդիրները, ինչը լուրջ հիմք է արտերկրում երկու բարեկամ ժողովուրդների համագործակցության համար։ Հունական և հայկական սփյուռքերի համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ. ա) սփյուռքի հետ աշխատանքներ տանող պետական և հասարակական հաստատությունների գործունեության համակարգումն էլ ավելի բարձր ինստիտուցիոնալ մակարդակի հասցնելու համար նպատակահարմար է ստեղծել սփյուռքին ուղղված գործունեություն ծավալող հաստատությունների խորհուրդ՝ ՀՀ Սփյուռքի նախարարության գլխավորությամբ, բ) կարելի է հայ իրականության մեջ տեղայնացնել բազմաստիճան (քառաստիճան) կոնֆեդերալիզմի (համադաշնայնության) վրա հիմնված սփյուռքի ինքնակազմակերպման հունական մոդելը։