
ԲԱՆԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՕՐԻՆԱԿԸ

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 5, 2018
Խաչատուր Խաչատրյան, գնդապետ, Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի առաջին տեղակալ
Մարատ Բաղդասարյան, փոխգնդապետ, Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ստորաբաժանումների ամենօրյա ղեկավարման և ռազմաիրավական պատրաստության ամբիոնի ռազմական մանկավարժության և հոգեբանության ցիկլի պետ
Բանակաշինության եվրոպական մոդելները ժամանակակից մարտահրավերների ներգործությամբ շարունակ տրանսֆորմացիայի են ենթարկվում: Եվ կառավարման համակարգի արդյունավետությունը դառնում է այն հզոր ցուցիչը, որը բնութագրում է տվյալ հասարակական-քաղաքական, նաև ռազմական համակարգի առջև ծառացած հիմնախնդիրների հաղթահարման, որակական նոր հորիզոնների հասնելու կարողությունները, գլոբալիզացիայի և տարածաշրջանային սպառնալիքներին առաջանցիկ տեմպերով դիմակայելու ունակություններն ու հնարավորությունները:
Այս տեսանկյունից դիտարկելով բանակաշինության եվրոպական և մեր տարածաշրջանային գործընթացները՝ վերջինիս դեպքում ակնհայտ է դառնում հարկադրված լինելու, առաջացած անկանխատեսելի իրավիճակներից ելնելով գործելու, քաղաքական վայրիվերումների և ժամանակի զարգացումներով թելադրված պահանջներով առաջնորդվելու սկզբունքը: Լարված իրավիճակներով և Ադրբեջանի կողմից հայոց անկախությանն ու ինքնորոշմանն ուղղված մշտական սպառնալիքներով պայմանավորված՝ հայոց բանակաշինությունն առանձնահատուկ ձևով և բովանդակությամբ է զարգանում:
Որպես կանոն, եվրոպական բանակաշինության յուրաքանչյուր մոդել, այդ թվում նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության մոդելը, ունի բավական ուշագրավ կողմեր:
Զինվորական ծառայության, սպառազինության և ռազմական տեխնիկայի շարունակական զարգացումն ու կատարելագործումը զինվորական ղեկավարից, հրամանատարից պահանջում են առավել բարձրացնել ներքին կառավարման արդյունավետությունը, ավելի ուժեղ և հմուտ դարձնել ենթակա անձնակազմին, որակական նոր աստիճանի հասցնել նրանց մարտական պատրաստությունը:
Ահա այս՝ ներքին կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրն աչքի առաջ ունենալով էլ ուսումնասիրվել է ԳԴՀ բանակաշինության մոդելը: Նկատենք, որ այդ երկիրն անցյալ դարի առաջին կեսին երկու անգամ սանձազերծած համաշխարհային պատերազմներում ջախջախիչ պարտություններ կրելուց հետո շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ ոչ միայն ոտքի կանգնել, այլև դառնալ աշխարհի գերհզոր տերություններից մեկն՝ իր ինքնատիպ բանակով հանդերձ:
1950-ին ընդունված Հուշագիրը հիմք դարձավ նոր պահանջներով բանակի ստեղծման համար, որում առանցքային դեր են ստանձնում «Այլևս երբեք» սկզբունքի հետևյալ կետերը.
1. ապառազմականացում (դեմիլիտարիզացիա),
2. ապազգայնացում (դենացիֆիկացիա),
3. ժողովրդավարացում (դեմոկրատացում),
4. ապարդյունաբերականացում (դեինդուստրացում):
Այս պարագայում բանակի ձևավորման և զարգացման առաջնահերթ և հիմնական գործոններ են դառնում կրթությունը, կրոնի մատչելի դասավանդումը, աշխարհագրական դիրքը, երբ այս երկիրը սահմանակից է ոչ պակաս զարգացած այնպիսի պետություններին, ինչպիսիք են Դանիան, Նիդեռլանդները, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Ֆրանսիան, Շվեյցարիան, Ավստրիան, Չեխիան, Լեհաստանը (մեծ նշանակություն ունեն նաև Հյուսիսային և Բալթիկ ծովեր ելքի և խիտ ու ջրառատ գետային ցանցի առկայությունը, հզոր կոմունիկացիոն համակարգերով պատված լինելը), կարգապահությունը, կայունությունը:
1950թ. զինված ուժերի վերստեղծման թեման սոցիալ-հասարակական հարաբերությունների համակարգում լայն քննարկման առարկա դարձնելով՝ դրան զուգահեռ առաջ էին տանում մի գաղափար, որ այդ ոլորտում պետք է լիներ քաղաքականության գերակայությունը: Բնականաբար, ոչ վաղ անցյալի դառը պատմությունը պարտադրում էր մի պայման, որ զինված ուժերը «Այլևս երբեք» չպետք է դառնան քաղաքականության ձեռքի խաղալիք:
Նոր աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին վերածնվող երկրի նորովի կազմակերպվող և բանակաշինության գործընթացների անկյունաքար դարձան չորս պայման-պահանջներ.
1. Զինված ուժերի հրամանատարը պետք է լինի քաղաքացիական անձ:
2. Գերմանական խորհրդարանը պետք է կազմավորի հանձնաժողով բանակի հարցերը կարգավորելու համար:
3. Խորհրդարանն է որոշում բանակի ֆինանսական միջոցների ծավալը:
4. Որպես առանձին կառույց ստեղծել բանակը վերահսկող հանձնակատարի գրասենյակ:
Հետագայում, ընդօրինակելով ԳԴՀ-ում հաջողությամբ գործող գրասենյակի կառուցվածքն ու կազմակերպական առանձնահատկությունները և տեղայնացնելով այն՝ այսօր նմանատիպ մոդել է կիրառվում նաև Բոսնիա-Հերցեգովինայում:
Որքան էլ գործի իրավական դաշտում ընդունելի զինծառայության վերաբերյալ օրենքների պարտադրանքը, այնուամենայնիվ, գործընթացների շարժիչ ուժը, առանցքը մնում է սոցիալական, հասարակական անհատն իր հարուստ ու խորապես անճանաչելի ներաշխարհով: Եվ վերջինիս ներուժն ու պոտենցիալ կարողությունները ծառայությանն անհրաժեշտ ուղղությամբ տանելուն է ծառայեցվում բարեվարքության նորմերի, կանոնների ողջ համակարգը:
Նշված համակարգերի հիմքը կազմել ու կազմում է կարգապահական օրենքը, ըստ որի էլ կառուցվել է զինվորական կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկող «ներքին կարգը»: Ասել է թե` ինչպես անել, որ.
• զինվորները լավագույնս պատրաստված լինեն, տիրապետեն արտակարգ իրավիճակներում ճիշտ ինքնադրսևորմանը,
• հիմնավորված լինեն ընտրության և գործողությունների դրդապատճառները, մոտիվացիան:
Զինվորական ծառայության արդյունավետությանն ուղղված նմանատիպ ըմբռնումները դարձել են ԳԴՀ ինչպես Շտրաուսբերգի, այնպես էլ Բեռլինի վերապատրաստման մշտական դասընթացների առանցքային դիրքորոշումների հիմքը: Ավելին, ուսումնական գործընթացի պարտադիր մասն է կազմում ծրագրի 50%-ը զբաղեցնող զինծառայողների քաղաքագիտական կրթությունը: Այսպիսի մոտեցումը դասընթացներին պայմանավորված է երկու նպատակադրությամբ.
1. ներկայացնել, թե պետությունը՝ որպես քաղաքական կառույց, ինչպես է գործում: Այս տեսանկյունից ելնելով՝ ընդգծվում է այն մոտեցումը, որ իրենք չեն էլ սպասում, թե բոլոր զինծառայողները պետական կառավարման յուրաքանչյուր և բոլոր քայլերի հետ համաձայն լինեն: Միանշանակ ընդունում են տարակարծությունը;
2. զինծառայողներին հաղորդել, փոխանցել ավելի խորացված գիտելիքներ: Միտումը ոչ թե պարզապես նոր գիտելիքների չոր ու մեխանիկական փոխանցումն է, այլ մատուցվող գիտելիքներով ունկնդրին օգնելը, աջակցելը՝ հետագա քայլերը կատարելու իր իսկ տրամաբանական որոշմամբ:
Այս նկատառումով էլ յուրաքանչյուր զորատեսակ տարեկան երեք օր հատկացնում է զինծառայողների քաղաքագիտական կրթությանը: Ընդ որում, թեմաների ընտրությունը վերապահվում է ստորաբաժանումների հրամանատարներին, որոնց որոշմամբ էլ յուրաքանչյուր վաշտ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ մասնակցում է նմանատիպ սեմինարների: Իսկ այդպիսի դասընթացներն անցկացվում են տարեկան 40 անգամ:
Վերջիններս պարտադիր գործընթացներ են դարձել նաև միջազգային և երկկողմանի համագործակցության շրջանակներում, որոնց նպատակներն են.
1. ճանաչել ընդհանրությունները և հասկանալ տարբերությունները,
2. խթանել «ներքին կառավարման» ընկալումը:
Ահա այս նպատակներից ելնելով էլ, ինչպես ՆԱՏՕ, այնպես էլ երկկողմ համագործակցության շրջանակներում իրականացվում են ծրագրեր հինգ ուղղություններով: Դրանք են.
ա. զինվորական կրթության օգնություն,
բ. երկկողմանի տարեկան ծրագրերի իրագործում,
գ. զինվորական խորհրդատուներ,
դ. կրթական աջակցություն,
ե. սպառազինության օգնություն (խորհրդատուների խմբեր):
Դասընթացներում բեռնվածության նման ծավալը, իրենց իսկ գնահատմամբ, հնարավորություն է տալիս խթանել զինծառայողի քաղաքական խնդիրների գիտակցման ունակությունը, կատարելագործել քաղաքական դատողունակությունը, քաջալերել պատմաքաղաքական բանավեճերի անցկացումը:
Բանակը, պարտադիր զինծառայության վերացման պարագայում, համալրվելով հասարակության տարաբնույթ սոցիալական հանրույթները ներկայացնող անհատներով, չի կարող վերածվել այդ նույն հասարակությունից դուրս գործող անբովանդակ կառույցի: Այն իր մեջ է կլանում ողջ հասարակական-քաղաքական կյանքի ներկապնակը, որում չափազանց մեծ դերակատարում է վերապահվում կարգին ու կարգապահությանը: Սակայն «կարգ» հասկացությունը, ասոցացնելով նախկինում այլ ընկալումների հետ, գիտակցաբար փոխարինել են «ներքին առաջնորդում» եզրույթով:
Անվանափոխություններն, իհարկե, բանակային գործընթացների թե՛ որակի և թե՛ նպատակադրությունների վրա էական ազդեցություն չեն թողել: Բայցևայնպես, շեշտադրվել է առաջնորդի, ղեկավարի դերը զինվորական կարգապահության (հասկացության լայն ընդգրկմամբ) կատարելագործման հարցում:
Զինվորական ծառայության ընթացքում հրամանատարական և կառավարման համակարգում ընդգրկված ցանկացած սպա, ինքնին, որոշակի իրավասությամբ օժտված ղեկավար է: Սակայն խնդիրն այստեղ ինչպիսի ղեկավար լինելու որակական դրսևորումներին ու գնահատականներին է առնչվում:
Այս պրիզմայով դիտարկելիս, ի տարբերություն քաղաքացիական համակարգերի, այդ սպան ղեկավարում է սահմանադրորեն գործող կառույց՝ զինվորական ստորաբաժանում, զորամաս կամ զորամիավորում՝ իր ինքնատիպ անձնակազմով, մարտական խնդիրներով, բարոյական ու մարտական ավանդույթներով, ամենօրյա ծառայողական գործունեության առանձնահատկություններով, մարտական պատրաստության աստիճանով։ Եվ այս ամենում իր ինքնատիպ դերակատարումն ունի բազմաֆունկցիոնալ կապերի և միջանձնային փոխհարաբերությունների բազմաբևեռ համակարգը: Ահա թե ինչու առաջնորդման, ղեկավարման արվեստը չի կարող սահմանափակվել միայն օրենքի աստիճանի բարձրացված համազորային կանոնադրություններով: Ինդուկտիվորեն դրանց պարտադիր ավելանում են ոչ պակաս կարևոր հոգեբանական, բարոյական, իմաստասիրական, մանկավարժական հարուստ գիտելիքներն ու դրանց արհեստավարժ գործադրումը:
Զինվորական համակարգում առաջադրված մարտական խնդրի բնույթից և բովանդակությունից ու ակնկալվելիք ելքի համար անհրաժեշտ պատասխանատվությունից տրամաբանական է դառնում կառավարման միանձնյա ոճի գերակայությունը, ի հակադրություն դեմոկրատականի և լիբերալի:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության (որը բարիդրացիական հարաբերություններ ունի եվրոպական հարևան երկրների հետ) պարագայում բանակի առջև ծառացած խնդիրները և դրանցում իրականացվող գործընթացներն ու զարգացման դինամիկան չեն կարող համեմատվել հայկականի հետ:
Այստեղից հետևում է, որ բանակաշինության և ներքին կառավարման գործառույթները Գերմանիայում բավական ինքնատիպ դրսևորումներ ունեն: Եվ, որպես կանոն, դրանց վերահսկողությամբ զբաղվում է բանակի հարցերով հանձնակատարի գրասենյակը: Այսինքն՝ այդ գրասենյակը.
1. ծավալում է վերահսկողական գործունեություն,
2. այն հարթակ է, որին կարող է դիմել ցանկացած զինծառայող իրեն անհանգստացնող խնդիրների և բողոքների դեպքում:
Առաջին գործառույթի դեպքում վերահսկողությունն արտացոլվում է տեղեկություններ ստանալու և զորամասեր այցելելու անսահմանափակ իրավունքով:
Ամրագրված այս իրավունքներն անգամ ունեն իրենց սահմանափակումները՝ պայմանավորված կոնկրետ զինծառայողի անձով և պետական անվտանգությամբ: Մասնավորապես, համապատասխան տեղեկությունը ստանալու համար անհրաժեշտ է զինծառայողի համաձայնությունը, եթե խնդրո առարկա է դարձել զինծառայողի առողջությունը; եթե հարցը վերաբերում է պետական նշանակություն ունեցող հույժ գաղտնի տեղեկություններին:
Բանակի հարցերով հանձնակատարը վերահսկողական գործառույթների շրջանակներում իրավասու է տարեկան 40-50 անգամ, առանց զգուշացնելու, այցելել մշտական տեղակայման վայրերում տեղաբաշխված զորամասեր և արտասահմանյան երկրներում տարբեր առաքելություններ իրականացնող զորախմբեր:
Հանդիպումների ժամանակ քննարկման առարկա են դառնում ոչ միայն նախապես պլանավորված խնդիրները, այլև չնախատեսված հարցերը: Իսկ դրանք կարող են առնչվել զինվորական ծառայության բոլոր կողմերին: Ընդ որում, յուրաքանչյուր զինծառայող կարող է դիմել հանձնակատարին ինչպես հանդիպումների ժամանակ, այնպես էլ փոստով: Այս դեպքում գործող միակ պայմանն այն է, որ ցանկացած դիմում-բողոք անանուն չպետք է լինի, այն պետք է լինի կոնկրետ, հասցեական: Ավելին, օրենքով արգելված է դիմում-բողոք ներկայացրած զինծառայողին դրա հետ կապված որևէ կերպ նեղացնելը, որևէ կերպ պատասխանատվության ենթարկելը:
դեպի ետ