
ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԸ՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՐԹԱԿ

Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղար, Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ
Հայրենիք-Սփյուռք համագործակցութան մոդելները կարելի է բաժանել երկու տեսակի, որոնք պայմանականորեն անվանում ենք «Միասնական ջանք» և «Միասնական օրակարգ»։
1. «Միասնական ջանք» մոդելը կարելի է բնութագրել որպես կենտրոնացված համագործակցություն։ Այս դեպքում Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները համակարգող կենտրոնից, որը, ենթադրվում է, պետք է լինի պետությունը, սփյուռքյան կառույցները բերվում են մի հարկի տակ, առաջ է քաշվում գործողությունների նպատակը, այդ նպատակներին հասնելու միջոցները, հաշվառվում են առկա և անհրաժեշտ ռեսուրսները, տեղի է ունենում գործառույթների և դերերի բաշխում՝ այդ նպատակին հասնելու համար։ Ընդհանուր նպատակը և դրան հասնելու միջոցներն ունենում են հստակ ծրագրային ձևակերպում։ Կարճ ասած՝ «Միասնական ջանք» մոդելը ենթադրում է պետության ղեկավարությամբ սփյուռքյան կառույցների սերտ համագործակցություն որևէ կոնկրետ ծրագրի (նպատակի) իրականացման ուղղությամբ։
2. «Միասնական օրակարգ» մոդելը կրկին ենթադրում է պետության կողմից ընդհանուր նպատակների սահմանում, սակայն չի ենթադրում սփյուռքյան կառույցների միջև սերտ համագործակցություն դրանց իրականացման համար։ Դրա փոխարեն ենթադրվում է, որ վերջիններից յուրաքանչյուրն առանձին պետք է հասնի սահմանված նպատակին։ Այս համատեքստում սփյուռքյան կառույցներից յուրաքանչյուրը պետք է ունենա դրված նպատակին հասնելու սեփական ծրագիր։ Այլ կերպ ասած՝ սույն մոդելի դեպքում պետությունը հանդես է գալիս միայն օրակարգ առաջադրողի դերում՝ վերջինից բխող կոնկրետ գործողությունների և ծրագրերի իրականացումը թողնելով սփյուռքյան առանձին կառույցներին։
«Միասնական ջանք» մոդելը կիրառելի է խոշոր (մեգա) նախագծերի իրականացման դեպքում, երբ դրված խնդրի լուծման համար անհրաժեշտ են մեծ միջոցներ։ Նման նախագծերի իրականացումը սովորաբար վեր է լինում որևէ առանձին կազմակերպության հնարավորություններից և, հետևաբար, ենթադրում է ջանքերի և միջոցների մեկտեղման հրամայական։
Հայ իրականության մեջ Հայրենիք-Սփյուռք համագործակցության «Միասնական ջանք» մոդելն ունեցել է դրսևորումներ ինչպես անցյալում (պատմության մեջ), այնպես էլ ներկայում։ Անցյալում սույն մոդելի դրսևորման լավագույն օրինակ կարելի է համարել 1946-48թթ. Մեծ հայրենադարձության՝ որպես խոշոր (մեգա) նախագծի իրականացման համատեքստում Խորհրդային Հայաստանի համագործակցությունը Սփյուռքի համազգային կառույցների հետ, որի շնորհիվ վերջիններս իրենց միջոցներով մեծապես նպաստեցին այդ գործընթացի իրականացմանը։
Նորագույն շրջանում «Միասնական ջանք» մոդելով Հայրենիք-Սփյուռք համագործակցության դրսևորումներ են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոնները, որոնք սովորաբար նվիրված են լինում որևէ կոնկրետ խնդրի լուծմանը։ Առայսօր կարելի է առանձնացնել երեք հիմնական խոշոր (մեգա) նախագիծ, որոնք իրականացվել են հիմնադրամի ամենամյա դրամահավաք-մարաթոններով։ Դրանք ՀՀ-ն Արցախի Հանրապետության հետ կապող, ինչպես նաև Արցախի ներքին հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հետևյալ նախագծերն են.
ա) Գորիս-Բերձոր-Շուշի-Ստեփանակերտ ավտոմայրուղին, որը ՀՀ-ն Արցախի հետ կապող առաջին ցամաքային ուղին է և կենսական նշանակություն ունի Արցախի համար,
բ) Արցախի ողնաշարը համարվող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, որը վճռական նշանակություն ունի հայկական երկրորդ հանրապետության տնտեսության, ինչպես նաև անվտանգության համար,
գ) Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին, որը ՀՀ-ն ԱՀ-ի հետ կապող երկրորդ կենսական հաղորդակցային ուղին է, անմիջական կապ է հաստատում ՀՀ-ի և ԱՀ-ի հյուսիս-արևելյան շրջանի հետ և նույնպես կարևոր նշանակություն ունի հայկական երկրորդ հանրապետության տնտեսության զարգացման և անվտանգության ապահովման տեսակետից։
2017թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված գումարն ուղղվել է Արցախի ոռոգման ցանցի զարգացմանը, ինչը վճռական նշանակություն ունի հայկական երկրորդ հանրապետության գյուղատնտեսության և, ընդհանրապես, տնտեսության զարգացման համար։
Այսպիսով, քանի որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարաթոններին մասնակցում են կառույցներ և անհատներ ինչպես Սփյուռքից, այնպես էլ ՀՀ-ից և ԱՀ-ից, այդ մարաթոնների հանգանակություններով իրականացված վերոհիշյալ խոշոր (մեգա) նախագծերը, հիրավի, կարելի է համարել Երրորդ հանրապետության պատմության ընթացքում «Միասնական ջանք» մոդելով Հայաստան-Սփյուռք համագործակցության ամենանշանակալի դրսևորումները։
«Միասնական օրակարգ» մոդելն ավելի կիրառելի է փոքր կամ միջին նախագծերի իրականացման դեպքում, որոնք չեն պահանջում հսկայական միջոցներ և կարող են իրականացվել առանձին կազմակերպությունների կողմից։ Ավելին, այս դեպքում «Միասնական օրակարգ» մոդելը ոչ միայն կիրառական է, այլև ավելի նպատակահարմար։ Եթե առաջ է քաշվում համեմատաբար փոքր որևէ խնդիր (օրինակ՝ դպրոցի հիմնում), ապա դրա իրականացումը միասնաբար կարող է ոչ միայն արդյունավետ չլինել, այլև ընդհանրապես տապալվել՝ սփյուռքյան կազմակերպությունների մրցակցության, հավակնությունների և այլ պատճառներով։ Մինչդեռ «Միասնական օրակարգ» մոդելի կիրառման դեպքում սփյուռքյան կազմակերպություններից յուրաքանչյուրը (դիցուք՝ երեք կուսակցությունները) առանձին-առանձին հիմնում են սեփական դպրոցներ։ Այսինքն՝ խնդրի իրականացումը ոչ միայն չի տապալվում, այլև հաջողվում է բազմապատիկ արդյունավետությամբ։
Այսպիսով, «Միասնական օրակարգ» մոդելի պարագայում ընդհանուր նպատակի դերում հանդես է գալիս ընդհանուր գաղափարը կամ տեսլականը, մինչդեռ դրա իրականացման ծրագրերը լինում են առանձին և փոքր-ինչ յուրահատուկ յուրաքանչյուր կազմակերպության համար։
Հայ իրականության մեջ Հայրենիք-Սփյուռք համագործակցության «Միասնական օրակարգ» մոդելի ամենաթարմ դրսևորումներից է ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից 2016թ. հոկտեմբերի 20-24-ը Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովում նախաձեռնված «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժումը։ Միասնական օրակարգի առաջադրմամբ և Սփյուռքի յուրաքանչյուր կազմակերպությանն ու անհատին այդ միասնական օրակարգի շրջանակներում անհատապես գործելու հնարավորություն տալով հնարավոր եղավ հասնել որոշակի արդյունքի։ Շարժման շրջանակներում Սփյուռքում ոմանք փորձեցին դեղորայքով օգնել Արցախի հիվանդանոցներին, ոմանք՝ բժշկական սարքավորումներ և գույք գնելով և առաքելով, ոմանք՝ շտապ օգնության մեքենաներ ձեռք բերելով և ուղարկելով, ոմանք՝ մեքենաներ նվիրաբերելով Պաշտպանության բանակին, ոմանք՝ երաժշտական գործիքներ նվիրելով Արցախի երաժշտական կրթական հաստատություններին, ոմանք՝ պարզապես գումարով և այլն։ Այս բոլորը առանձին-առանձին վերցրած փոքր նշանակություն ունեցող աջակցություն են։ Սակայն դրանց հանրագումարը զգալի նպաստ է Արցախի երիտասարդ պետականության կայացման համար։
Հայրենիք-Սփյուռք գործակցության միասնական օրակարգի ձևավորման լավագույն հարթակ կարող են լինել Հայաստան-Սփյուռք համաժողովները։ Այդպիսի փորձ արդեն իսկ գոյություն ունի։ Խոսքը 2006թ. տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովի մասին է, որի ընթացքում որպես հիմնական խնդիր ՀՀ իշխանությունների կողմից դրվեց Հայաստանի գյուղական, հատկապես սահմանամերձ համայնքների զարգացումը1։ 2017թ. Հայրենիք-Սփյուռք վեցերորդ համաժողովին նախագահ Ս.Սարգսյանի ելույթում հնչած նպատակային դրույթը 2040թ. Հայաստանի բնակչությունը չորս միլիոնի հասցնելու մասին նույնպես կարելի է դիտել որպես Հայրենիք-Սփյուռք գործակցության միասնական օրակարգի ձևավորման փորձ։
Հայաստան-Սփյուռք համաժողովներում միասնական օրակարգի ձևավորումը, այնուամենայնիվ, ենթադրում է, որ այն պետք է վերածվի՝ ա) լուրջ խոսույթի (դիսկուրս) ինչպես համաժողովի ընթացքում, այնպես էլ դրանից հետո (տեսական հարթություն) և բ) լուրջ շարժման (գործնական հարթություն)։ Այս խնդրի լուծման համար նպատակահարմար կլինի այսուհետ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոնների օրինակով Հայաստան-Սփյուռք համաժողովները կազմակերպել կոնկրետ խնդիրների շուրջ, որոնք էլ կլինեն այդ համաժողովների օրակարգը։ Դրա համար անհրաժեշտ է.
1. նախօրոք սահմանել այն գաղափար-նպատակը, որը պետք է դրվի տվյալ համաժողովի օրակարգում, և այդ մասին իրազեկել համաժողովի մասնակիցներին համաժողովից նվազագույնը երեք ամիս առաջ,
2. համաժողովների խոսույթը (ելույթներ, քննարկումներ և այլն) կառուցել երկու հիմնական բաղադրիչի վրա.
• հաշվետվություն նախորդ համաժողովում առաջադրված օրակարգային գաղափար-նպատակի իրականացման վերաբերյալ (թե կոնկրետ որ կառույցի կողմից ինչ քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ),
• նոր համաժողովում առաջ քաշված օրակարգի իրականացման վերաբերյալ նախատեսվող քայլեր2։
Այս կերպ Հայաստան-Սփյուռք համաժողովները, ինչպես նաև հայկական հանրությունը (Հայաստան, Սփյուռք) կշահեն հետևյալ առումներով.
• Համաժողովների խոսույթը վերացականությունից անցում կկատարի կոնկրետ գործնական հարթություն, ինչի արդյունքում զգացմունքային հայրենասիրությունը, որը նույնպես կարևոր է և անհրաժեշտ, կզուգակցվի նպատակային-ծրագրային քայլերի վերաբերյալ դատողություններով։
• Համաժողովների միջև ընկած ժամանակաշրջանը կդառնա կարճաժամկետ կամ միջնաժամկետ խնդիրների լուծման շրջան։ Միջնաժամկետ կամ կարճաժամկետ՝ այն պատճառով, որ այդ ժամանակահատվածում (2-4 տարի) հնարավոր է իրականացնել միայն այդպիսի ծրագրեր։ Կամ էլ՝ Հայաստան-Սփյուռք համաժողովների միջև ընկած ժամանակահատվածները կարող են լինել որևէ երկարաժամկետ ռազմավարական խնդրի առանձին փուլերի՝ մարտավարական խնդիրների իրականացման շրջաններ։
1 Ենթադրվում է, որ համաժողովից հետո Սփյուռքի կառույցները և անհատ սփյուռքահայերը պետք է յուրաքանչյուրն իր կարողության չափով նպաստ բերեր այդ խնդրի իրականացմանը։ Թե ինչ քայլեր են իրականացվել այդ համաժողովից հետո Հայաստանի գյուղական համայնքների զարգացման նպատակով Հայաստանի և Սփյուռքի կողմից՝ այլ ուսումնասիրության նյութ է։
2 Այս դրույթը չի նշանակում, որ նախատեսվող քայլերի վերաբերյալ հայտարարություններն ունեն հրամայական խոստման ուժ և պետք է անշեղորեն կատարվեն։ Գործնականում նախատեսվող քայլերի իրականացման ժամանակ թույլատրելի են նաև որոշակի շեղումներ հնչած հայտարարություններից։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ[18.12.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[03.12.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ[06.11.2018]
- ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՇՈՒՐՋ[26.10.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱ ԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[25.09.2018]
- ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ[12.09.2018]
- ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՀՈՒՆԱԿԱՆ ՓՈՐՁ[03.08.2018]
- ԱՄՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ[16.07.2018]
- ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ[19.06.2018]
- ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[06.06.2018]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ[27.04.2018]