
ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 2, 2018
Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղար, Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ
ԱՄԷ հայ համայնքը Սփյուռքի համեմատաբար երիտասարդ համայնքներից է։ Նրա ձևավորումը վերագրվում է 1960-1970-ական թթ., երբ Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից, հիմնականում՝ Լիբանանից, Սիրիայից, Իրաքից և Իրանից, տեղի է ունենում հայերի գաղթ դեպի այս երկիր։ Այս գործընթացին նպաստել են ԱՄԷ քաղաքական կայունությունը՝ ի տարբերություն Մերձավոր և Միջին Արևելքի երկրների, կրոնական սահմանափակումների բացակայությունը՝ չնայած այդ երկրի կրոնական բնույթին։
Այնուամենայնիվ, դեպի ԱՄԷ հայերի գաղթի հիմնական պատճառը գործարարությամբ զբաղվելու ավելի լայն հնարավորություններն են։ Ուստի, չնայած ՀՀ անկախացումից հետո Հայաստանից նույնպես տեղի է ունեցել որոշակի արտագաղթ դեպի ԱՄԷ, ինչպես նաև սիրիական վերջին ճգնաժամի արդյունքում (սկսած 2011թ.) որոշ քանակությամբ սիրիահայեր նույնպես հայտնվել են այդ երկրում, այնուամենայնիվ, կարող ենք ասել, որ ԱՄԷ հայ համայնքը գլխավորապես բաղկացած է գործարարությամբ զբաղվելու նպատակով Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից այստեղ տեղափոխված հայերից։
Համաձայն վերջին տվյալների՝ հայերի թվաքանակը ԱՄԷ-ում կազմում է մոտ 10 հազ.1։ Նրանք կենտրոնացած են հիմնականում Շարժայում, Դուբայում և մայրաքաղաք Աբու Դաբիում։
Համայնքը մտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների թեմի կազմում։ Այստեղ գործում է երկու Հայ Առաքելական եկեղեցի։ Առաջինը Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է, որը հիմնվել է 1998թ.։ Երկրորդը Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցին է, որի հիմնարկեքը տեղի է ունեցել 2012թ., օծումը՝ 2014թ.։ Երկու եկեղեցիներին կից գործում են մեկօրյա դպրոցներ։ Աբու Դաբիի եկեղեցու դպրոցում (գործում է 2016թ. մայիսից) սովորում է մոտ 40 աշակերտ2։
Համայնքը ղեկավարվում է հոգևոր-կրոնական իշխանության կողմից։ Բարձրագույն և օրենսդիր իշխանությունը թեմական մարմինն է։ Որպես գործադիր մարմիններ տեղերում գործում են ազգային վարչությունները3։
Համայնքում սուր չէ ինքնության խնդիրը, ինչն, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է երկու կարևոր հանգամանքով՝ ա) քաղաքացիության արգելքը ներգաղթյալների նկատմամբ, որը խոչընդոտում է միջավայրի հետ ձուլմանը4, բ) ԱՄԷ իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը հայերի նկատմամբ, որը նպաստում է համայնքային կառույցների ստեղծմանը5։ Ընդհանուր առմամբ, եթե ԱՄԷ հայ համայնքը դիտարկենք հայկական սփյուռքի առջև ծառացած մարտահրավերների տեսանկյունից6, ապա այն ներկայում կարելի է համարել Սփյուռքի առավել քիչ վտանգված համայնքներից մեկը։
Համայնքի ներուժը
ԱՄԷ հայ համայնքի ներուժը կարելի է դիտարկել երեք հարթությունում՝ տնտեսական, տեղեկատվական և գիտական։
Տնտեսական ներուժ. ԱՄԷ հայ համայնքը հիմնականում բարեկեցիկ է և ներուժի տեսակետից հետաքրքրություն է ներկայացնում առավելապես տնտեսապես։ Այստեղ առկա են մեծ թվով գործարարներ, որոնք աշխատում են շինարարության և այլ բնագավառներում։ Նշանավոր գործարարներից է, օրինակ, Արա Խանոյանը, որն Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցուն կից մեկօրյա դպրոցի բարերարն է։ Նրա պատվին դպրոցը կրում է «Արա Խանոյան» անունը։ Նշանավոր գործարար-բարերարներ են նաև Հրայր Սողոմոնյանն ու Հարություն Օհանեսյանը։ Վերջինս էլ Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից «Օհանեսյան» դպրոցի բարերարն է7։ Համայնքն ունի ոչ միայն հաջողակ գործարարներ, այլև այդ երկրի ֆինանսատնտեսական նշանավոր հաստատություններում բարձր դիրքերի հասած ներկայացուցիչներ։ Նրանցից է Շարժայի բանկի գործադիր տնօրեն և գլխավոր կառավարիչ Վարուժան Ներգիզյանը։
Տեղեկատվական ներուժ. ԱՄԷ հայ համայնքի հիմնական տեղեկատվական հաստատությունը «Այգ» առցանց ռադիոկայանն է։ Այն ավելին է, քան համայնքային հաստատությունը, քանի որ նրա հաղորդումները հեռարձակվում են նաև «Երկիր Մեդիա» և «Արմենիա» (ԱՄՆ-ում), Անթիլիասի (Լիբանան) «Կիլիկիա» հեռուստատեսություններով, ինչպես նաև «Ասպարեզ» (ԱՄՆ) և «Հորիզոն» (Կանադա) թերթի կայքերով8։ Շուրջօրյա ռեժիմով աշխատող ռադիոկայանի հաղորդումները բազմաժանր են՝ տեղեկատվական, պատմական, երաժշտական և այլն։ Ռադիո «Այգը» ակտիվ համագործակցում է ինչպես Սփյուռքի, այնպես էլ Հայաստանի լրատվամիջոցների հետ։
Որպես տեղեկատվական կառույց նշանավոր է նաև «Ազադ Հայ» կայքը (http://www.azad-hye.net)։ Անգլիալեզու այս լրատվամիջոցը նույնպես զուտ համայնքային հաստատություն չէ, քանի որ, բացի ԱՄԷ հայ համայնքից, տեղեկատվություն է տարածում նաև Սփյուռքի այլ համայնքների, ինչպես նաև համահայկական կարևոր իրադարձությունների վերաբերյալ։ Տեղեկատվական հաստատությունների թվում կարելի է նշել նաև Դուբայի և Հյուսիսային Էմիրությունների Հայկական ազգային վարչության կայքը (http://am.emahay.com), որը տեղեկատվություն է պարունակում ինչպես վարչության գործունեության, եկեղեցական կյանքի, այնպես էլ գաղութային իրադարձությունների մասին։ Երկու կայքերում էլ նյութերի թարմացման հաճախականությունը ներկայում ցածր է։ Մեկ այլ համացանցային ռեսուրս է «Նշանակ» հայագիտական ուղղվածությամբ կայքը (www.nshanag.net), որը, սակայն, վերջին անգամ թարմացվել է 2012թ.։
Բացի լրատվամիջոցներից, հայկական տեղեկատվական ներուժի մաս են կազմում նաև օտարերկրյա լրատվամիջոցներում աշխատող հայ լրագրողները։ ԱՄԷ-ում այդպիսին է «Ծոցի նորություններ» («Gulf News») օրաթերթի լրագրող Ռազմիկ Բեդիրյանը։
Գիտական ներուժ. Այն հիմնականում ներկայացնում է Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության (ՃՃՀԸ) ԱՄԷ ներկայացուցչությունը՝ որպես տեղի գիտական ներուժը համախմբող կառույց։ Ներկայացուցչության գործունեությունը համակարգում է ճարտարապետ Գյուլիզար Ջանոյանը։
Գիտական գործունեություն համայնքում ծավալվում է նաև այլ, հիմնականում՝ եկեղեցական հաստատությունների շրջանակներում և հովանու ներքո։ Այն դրսևորվում է գրքերի շնորհանդեսներով, առանձին թեմաներով դասախոսություններով։ Օրինակ՝ 2017թ. հոկտեմբերի 27-ին Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համալիրի Պիեռ Քյոսեյան սրահում տեղի է ունեցել «Երիտասարդ ընտանիքի Աստվածաշունչը» գրքի շնորհանդեսը, որը հրատարակվել էր Արաբական ծոցի Սուրբ գրոց ընկերության կողմից9։ 2017թ. հունվարի 27-ին նույն սրահում տեղի է ունեցել դասախոսություն՝ «Հայկական ինքնությունը» թեմայով։ Դասախոսությամբ հանդես է եկել Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանը10։
Կապը Սփյուռքի և Հայաստանի հետ
Համայնքն ակտիվ շփումների մեջ է Սփյուռքի այլ, մասնավորապես՝ Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների հետ։ Սերտորեն ինտեգրված լինելով այդ տարածաշրջանի հայկական սփյուռքի հետ՝ այն հանդիսանում է վերջինիս անբաժանելի մասը։ Դրա վկայություններից է 2017թ. օգոստոսին համայնքի երիտասարդների մասնակցությունը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Երիտասարդական բաժանմունքի կազմակերպած շրջանային միջթեմական երիտասարդական համագումարին11։
ԱՄԷ հայ համայնքը նաև բովանդակ մասն է կազմում ողջ Սփյուռքի, ինչի արտահայտությունն է համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը համահայկական միջոցառումներին։ 2017թ. ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Սփյուռք» ամառային դպրոցին իր մասնակցությունն է բերել նաև ԱՄԷ «Ռադիո Այգի» հիմնադիր-ղեկավար Ռուզան Մանգասարյանը՝ հեռավար (առցանց) դասախոսություն կարդալով դպրոցի ունկնդիրների համար12։ Շարժա բանկի գործադիր տնօրեն և գլխավոր կառավարիչ Վարուժան Ներգիզյանը նույն թվականի սեպտեմբերին մասնակցություն է ունեցել ՀՀ Սփյուռքի նախարարության կազմակերպած՝ Սփյուռքի գործարար և մասնագիտական ցանցերի հնարավորություններին նվիրված քննարկմանը՝ հանդես գալով «Համաշխարհային շուկաների ընձեռած նոր հնարավորությունները հայ գործարարի համար» զեկուցմամբ։
Համայնքի՝ բովանդակ սփյուռքի մասը լինելու արտահայտությունն է նաև ՃՃՀԸ տեղի ներկայացուցչության գործունեությունը։
Ակտիվ է ԱՄԷ հայ համայնքի կապը նաև մայր հայրենիքի հետ, ինչի վկայություններից են ինչպես ՀՀ բարձրագուն իշխանությունների շփումները համայնքի հետ (ԱՄԷ կատարած այցերի ընթացքում), այնպես էլ վերջիններիս կողմից համայնքի ակտիվ ներկայացուցիչների պարգևատրումները ՀՀ պետական պարգևներով։ Օրինակ՝ 2016թ. նոյեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ԱՄԷ կատարած պաշտոնական այցելության ընթացքում հանդիպումներ է ունեցել Աբու Դաբիի հայ համայնքի հետ։ Դրանից մեկ տարի առաջ ԱՄԷ հայ համայնք այցելել էր ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Նշենք նաև, որ 2017թ. համայնքի ղեկավարներից Աբու Դաբիի կիրակնօրյա վարժարանի բարերար Արա Խանոյանը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա հայրենանվեր գործունեության համար ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով13: Նույն պարգևին են արժանացել նաև բարերարներ Հրայր Սողոմոնյանն14 ու Հարություն Օհանեսյանը15։
ԱՄԷ հայ համայնքից, թեև փոքր չափով, տեղի է ունենում նաև հայրենադարձություն։ Հայրենադարձ ընտանիք է Հրաչ Գևորգյանի բազմանդամ ընտանիքը (երկու ծնող և հինգ երեխա), որոնք Հայաստան են եկել Դուբայից16։
Հիմնական խնդիրները
ԱՄԷ հայ համայնքը նաև խնդիրներ ունի, որոնք, տևական ժամանակ լուծում չստանալու պարագայում, միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում կարող են համայնքը կանգնեցնել լուրջ մարտահրավերների առջև։ Դրանք ընդհանուր առմամբ հանգում են հետևյալին.
1. Համայնքում առկա չեն ամենօրյա դպրոցներ, ինչի հետևանքով վաղ թե ուշ սրվելու է ինքնության պահպանման խնդիրը։
2. Առկա չեն հայագիտական հաստատություններ և առհասարակ հայկական գիտահետազոտական կառույցներ (բացի ՃՃՀԸ ներկայացուցչությունից), ինչը խոչընդոտում է գիտական ներուժի ինստիտուցիոնալացմանը, ինչպես նաև ապագայում կարող է սրել ինքնության պահպանման խնդիրները։
3. Բացի Հայ Առաքելական եկեղեցուց, Համազգային հայ կրթական և մշակութային միությունից և ՀՕՄ-ից, համազգային մյուս ավանդական կառույցները՝ երեք կուսակցությունները, ՀԲԸՄ-ն, ՀՄԸՄ-ն և այլն, չունեն մասնաճյուղեր ԱՄԷ-ում, ինչը նշանակում է, որ համայնքը դեռևս ըստ արժանվույն չի կարևորվում վերջիններիս կողմից։
4. Համայնքում չկան տպագիր մամուլի օրգաններ։ Չնայած «Այգ» ռադիոկայանի գործունեությանը՝ այս հանգամանքը, համադրվելով վերոհիշյալ համացանցային կայքերի խնդիրների հետ (անգլերեն լեզու, թարմացման ցածր հաճախականություն), համայնքը ոչ շահեկան վիճակում է դնում Սփյուռքի այլ համայնքների համեմատ։
5. Համայնքը գրեթե չունի քաղաքական ներուժ։ Հատկապես չկան քաղաքական նպատակներով գործունեություն ծավալող հաստատություններ։ Այդ է պատճառը, որ, բացի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ԱՄԷ հանձնաժողովի գործունեությունից17, համայնքը հիմնականում աչքի չի ընկել քաղաքական ակտիվության այլ դրսևորումներով։
1 ԱՄԷ ավելի քան 10 հազարանոց հայկական համայնքը համախմբվում է ազգային կառույցների շուրջ, http://hayernaysor.am/archives/219430
2 Աբու Դաբիի հայկական վարժարանում ուսանում է շուրջ 40 երեխա, http://hayernaysor.am/archives/219570
3 Հարությունյան Լ., Փաշայան Ա., Ծոցի արաբական երկրների հայ համայնքները. արդի հիմնախնդիրներ, Եր., «Լուսակն», 2013, էջ 37։
4 Տե՛ս նույն տեղում, էջ 49։
5 Տե՛ս Sheikh Nahyan opens Armenian church in Abu Dhabi,https://www.thenational.ae/uae/government/sheikh-nahyan-opens-armenian-church-in-abu-dhabi-1.189993
6 Մանրամասն տե՛ս Հովյան Վ., Հայկական սփյուռքի անվտանգության մարտահրավերները, 21-րդ ԴԱՐ, 2017, թիվ 3, էջ 107-125։
7 Հարությունյան Լ., Փաշայան Ա., նշվ. աշխ., էջ 43, 58։
8 «ԱՅԳ» առցանց ռադիոկայանի հիմնադիր-ղեկավարին Սփյուռքի նախարարը հանձնեց «Մայրենիի դեսպան» մեդալը, http://hayernaysor.am/archives/263447
9 «Երիտասարդ ընտանիքին Աստուածաշունչը» գիրքի շնորհանդէս, http://hayernaysor.am/cl/archives/263934
10 Շարժայի մէջ դասախօսութիւն հայկական ինքնութեան մասին, http://hayernaysor.am/cl/archives/230668
11 Տե՛ս «Վերանորոգուինք ու վերանորոգենք` մասնակցելով» Համագումարի միացեալ յայտարարութիւն, http://hayernaysor.am/cl/archives/257465
12 «Սփյուռք» ամառային դպրոց. «Լրագրողների վերապատրաստում» դասընթացի մեկշաբաթյա ընթացքը, http://hayernaysor.am/archives/252951
13 Հայաստանի Հանրապետութան նախագահի հրամանագիրը Ա.Խանոյանին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին, http://www.president.am/hy/decrees/item/3311/
14 Հայաստանի Հանրապետութան նախագահի հրամանագիրը Հ.Սողոմոնյանին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին, http://www.president.am/hy/decrees/item/3310/
15 Հայաստանի Հանրապետութան նախագահի հրամանագիրը Հ.Օհանեսյանին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին, http://www.president.am/hy/decrees/item/3312/
16 Տե՛ս «Ես իմ 5 երեխաներին բերեցի՝ իբրև նվեր Հայրենիքիս». Հրաչ Գևորգյան, http://hayernaysor.am/archives/265556
17 Տե՛ս, օրինակ, Round Table Discussion in Sharjah: Armenian Genocide Reparations File, http://www.azad-hye.net/news/viewnews.asp?newsId=621ajhj41
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ[18.12.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[03.12.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ[06.11.2018]
- ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՇՈՒՐՋ[26.10.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱ ԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[25.09.2018]
- ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ[12.09.2018]
- ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՀՈՒՆԱԿԱՆ ՓՈՐՁ[03.08.2018]
- ԱՄՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ[16.07.2018]
- ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ[19.06.2018]
- ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[06.06.2018]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ[27.04.2018]