• am
  • ru
  • en
Версия для печати
23.02.2018

ԻՐԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՆԴԵՊ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 1, 2018


Վահրամ Հովյան
Նորավանք ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղար, Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ

Իրանական գիտական սփյուռքի ձևավորումը պայմանավորված է եղել երկու հիմնական գործոնով՝ միջուկային և հրթիռաշինական ծրագրեր և «ուղեղների արտահոսք»։

Միջուկային և հրթիռաշինական ծրագրերը սկիզբ են առնում 1950-ական թթ., երբ շահական վարչակարգը ձեռնամուխ եղավ երկրի համապարփակ արդիականացմանը։ Այն ժամանակ Իրանը հանդիսանում էր Արևմուտքի՝ ԱՄՆ գլխավորությամբ, հիմնական դաշնակիցներից մեկը Մերձավոր Արևելքում։ Հետևաբար, վերջինս շահագրգռված էր այդ երկրի հզորացմամբ։ Եվ պատահական չէ, որ Իրանում ինչպես միջուկային, այնպես էլ բազմաթիվ այլ գիտատար ուղղությունների հիմնադրման հետևում կանգնած էր հենց ԱՄՆ-ը։

Միջուկային, հրթիռաշինական և այլ գիտատար ուղղությունների զարգացումն անխուսափելիորեն ենթադրում էր համապատասխան կադրերի պատրաստում, որի միակ ճանապարհն այդ ուղղությունները սպասարկող գիտակարգերում (ֆիզիկա, ճարտարագիտություն և այլն) իրանցի երիտասարդների ուսումնառությունն էր արևմտյան (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա և այլն) բուհերում։ Հետևաբար, «Միջուկային ծրագրի իրականացման համար իրանական ղեկավարությունը մեծ նշանակություն տվեց միջուկային ֆիզիկայի և միջուկային օբյեկտների կառավարման տեխնիկայի ոլորտում իրանցի մասնագետների պատրաստմանը»1։ Եվ ահա, 1950-ական թվականներից, Իրանի և Արևմուտքի համագործակցությամբ, սկիզբ դրվեց իրանցի ուսանողների զանգվածային ուսումնառությանն արևմտյան լավագույն համալսարաններում։ «Ապագա իրանցի մասնագետների պատրաստումն իրականացրին ԱՄՆ-ը, Բելգիան, Մեծ Բրիտանիան, ԳՖՀ-ն, Իտալիան, Շվեյցարիան և Ֆրանսիան»2։

1977թ. 30-40 հազար իրանցի (ԱՄՆ պետդեպարտամենտի գնահատականներով) սովորում էր ամերիկյան քոլեջներում3, ընդ որում՝ նրանց մի մասը սովորում էր միջուկային ֆիզիկայի և հրթիռաշինության հետ կապված մասնագիտություններով։ 1970-77թթ. ամերիկյան չորս առաջատար միջուկային արտադրանք թողարկող ընկերություններում պատրաստվել է 35 իրանցի մասնագետ4։

1977-78թթ. ուսումնական տարում արտասահմանում սովորող իրանցի ուսանողների թիվը հասնում էր մոտ 100 հազարի, որից 36 հազ. 220-ը սովորում էր ԱՄՆ-ում։ Մնացյալն ուսումը ստանում էր հիմնականում Մեծ Բրիտանիայի, Արևմտյան Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Իտալիայի բուհերում։ Հաջորդ տարի՝ 1978-79 ուստարում, ԱՄՆ-ում սովորող իրանցի ուսանողների թվաքանակը հասավ 45 հազ. 340-ի և գագաթնակետին հասավ հաջորդ տարի՝ 1979-80 ուստարում (51 հազ. 310)։ Համաձայն Կրթության միջազգային ինստիտուտի տվյալների՝ այս ժամանակահատվածում իրանցիներն ԱՄՆ-ում սովորող արտասահմանյան ուսանողների մեջ թվաքանակով առաջին տեղում էին5։ 1979թ. իսլամական հեղափոխության նախօրեին մոտ 100 հազ. իրանցի ուսանող էր սովորում աշխարհի (հիմնականում՝ ԱՄՆ) լավագույն համալսարաններում6։

Միաժամանակ, լուրջ ուշադրություն էր դարձվում նաև ռազմական կրթությանը՝ արտասահմանում Իրանի բանակի համար սպայական կադրերի պատրաստմանը։ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների ռազմաուսումնական հաստատություններում պատրաստվել է Իրանի ԶՈւ սպայակազմի նշանակալի մասը։ 1976թ., օրինակ, ԱՄՆ-ում ուսում էր ստանում գրեթե 3 հազար իրանցի զինծառայող7։

1979թ. իսլամական հեղափոխությունից հետո արտասահմանում սովորող ուսանողների այս հսկայական զանգվածի գերակշիռ մասը չվերադարձավ Իրան՝ կազմելով այդ երկրի գիտական սփյուռքը։ «Արևմուտքում պատրաստված մասնագետների մեծ մասը,- նշում է փորձագետը,- իսլամական հեղափոխությունից հետո արտագաղթեց, իսկ ուսանողները, որոնք դեռևս շարունակում էին ուսումն Արևմուտքում, կրկին մեծ մասամբ չվերադարձան հայրենիք»8։ Բացի նոր հաստատված իսլամական վարչակարգի անընդունելիությունից, մասնագետների արտագաղթի պատճառ էր նաև միջուկային ծրագրերի ժամանակավոր կասեցումը։

Հետագայում, վերսկսելով միջուկային ծրագրերը՝ համապատասխան կադրերի ապահովման խնդիրը լուծելու համար ԻԻՀ ղեկավարությունը, ի թիվս այլ ուղղությունների, փորձեց շեշտադրում կատարել նաև հետևյալ ուղղությունների վրա՝ ա) արտասահմանում գտնվող իրանցի մասնագետների հայրենադարձություն, բ) վերջիններիս հետ բացահայտ կամ քողարկված համագործակցություն և գ) երիտասարդ իրանցիների մասնագիտական պատրաստում արտերկրում9։

Իսլամական հեղափոխությունից հետո, երբ դադարեցվեց միջուկային և գիտատեխնիկական այլ ոլորտներում Արևմուտք-Իրան համագործակցությունը, որոշ ժամանակ անց Իրանը սկսեց նոր գործընկերներ փնտրել միջուկային ծրագրերի իրականացման համար։ Երկարատև փնտրտուքից և տարբեր երկրների (եվրոպական երկրներ, Ճապոնիա և այլն) հետ բանակցություններից հետո ընտրությունը կանգ առավ սկզբնական շրջանում Չինաստանի, ապա Ռուսաստանի վրա։ Վերջիններիս հետ համագործակցությունը նույնպես ենթադրում էր միջուկային ոլորտում իրանցի մասնագետների պատրաստում։ Այսպես, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման մասին» 1992թ. օգոստոսի 25-ի ռուս-իրանական համաձայնությամբ ի թիվս այլ բաների նախատեսվում էր՝ ա) միջուկային հետազոտական և էներգետիկ ռեակտորների նախագծում, կառուցում և շահագործում, բ) միջուկային ռեակտորներում և դրանց վառելիքային ցիկլերում օգտագործման համար անհրաժեշտ բաղադրիչների և նյութերի արդյունաբերական արտադրություն, գ) նախագծում և ուսուցում (ընդգծումը մերն է- Վ.Հ.)10։ Ըստ նույն համաձայնության՝ Ռուսաստանում միջուկային ֆիզիկայի ոլորտում տարեկան պատրաստում պետք է անցներ ԻԻՀ մինչև 100 քաղաքացի11։ Ռուսական մամուլում 2003թ. հրապարակված մի տեղեկատվության համաձայն՝ 1999-2003թթ. Նովովորոնեժյան ուսումնա-մարզումային կենտրոնում ուսուցում էր ստացել արդեն 707 մարդ12։

Չնայած Իրանից ուսման նպատակով երիտասարդների արտահոսքն արտասահմանյան երկրներ տեղի է ունենում հիմնականում այդ երկրի միջուկային և հրթիռաշինական ծրագրերի շրջանակներում, այնուամենայնիվ, պետությունը, ելնելով իր գերակայություններից, խրախուսում է նաև այլ ոլորտներում (ռազմագիտություն, բժշկություն և այլն) իրանցի երիտասարդների ուսումն արտերկրում։ Օրինակ՝ 2000-ական թվականներից, պայմանավորված գիտատեխնիկական ոլորտում ռուս-իրանական համագործակցության ակտիվացմամբ, Ռուսաստանի գիտակրթական հաստատություններում սովորող իրանցի ասպիրանտների թվաքանակը մեծացավ։ Վերջիններս խորացնում են իրենց մասնագիտական գիտելիքները հիմնականում կիրառական հիմնարար բնագիտական գիտակարգերում և բժշկագիտության մեջ13։

Չնայած իսլամական հեղափոխությունից հետո Արևմուտքի երկրների հետ Իրանի հարաբերությունների վատթարացմանը և գիտատեխնիկական (հատկապես միջուկային) ոլորտում համագործակցության դադարեցմանը, իրանցի ուսանողների կրթությունն արևմտյան բուհերում շարունակվեց դրանից հետո նույնպես։ Ներկայում էլ քիչ չեն արտասահմանյան բուհերում սովորող իրանցի ուսանողները։ Վերջիններիս հսկայական թվաքանակը նույնպես թույլ է տալիս պատկերացում կազմել իրանական սփյուռքի գիտական ներուժի մասին։ Այսպես, Իրանի կառավարության տվյալներով՝ 2013թ. արտասահմանյան բուհերում կրթություն ստացող իրանցի ուսանողների թվաքանակը կազմում էր 55 հազ. 686։ Ըստ երկրների՝ այն ուներ հետևյալ պատկերը։ Առաջին տեղում Մալայզիան էր, որտեղ սովորում էր 8 հազ. 883 իրանցի ուսանող, հաջորդում էին Միացյալ Նահանգները (7 հազ. 341 ուսանող), Կանադան (5 հազ. 638 ուսանող), Գերմանիան (3 հազ. 504 ուսանող), Թուրքիան (3 հազ. 364 ուսանող), Մեծ Բրիտանիան (3 հազ. 228 ուսանող)։ Մնացած հատվածը սովորում էր այլ երկրներում14։ Իսկ համաձայն Իրանի կրթության նախարարության գնահատականների՝ 2014թ. դրությամբ արտասահմանում կրթություն ստացած իրանցիների թվաքանակը կազմում էր 350-500 հազ.15։

«Ուղեղների արտահոսքը» բնորոշ է եղել Իրանից արտագաղթի բոլոր ալիքներին էլ (սկսած 1950-ական թթ.), չնայած ժամանակի ընթացքում դրա ցուցանիշների որոշակի վերելքներին ու վայրէջքներին։ Համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի 2006թ. տվյալների՝ տարեկան 150-180 հազ. կրթված մարդկանց արտագաղթի ցուցանիշով Իրանը 91 զարգացող և զարգացած երկրների մեջ զբաղեցնում է առաջին տեղը16։ Համաձայն մի փորձագիտական գնահատականի՝ միջազգային գիտական օլիմպիադաներում մրցանակներ շահած իրանցիների 80%-ը նախընտրում է մեկնել ԱՄՆ, Կանադա և Եվրոպա17։ Իսկ համաձայն Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության (Ministry of Science, Research and Technology) գնահատականների` մարդկային կապիտալի արտահոսքն այդ երկրի կառավարության վրա տարեկան արժենում է $38 մլրդ, ինչը երկու անգամ գերազանցում է նավթի վաճառքից ստացվող եկամուտը18։

Միջուկային, հրթիռաշինական և գիտատար այլ ոլորտներում արտասահմանյան երկրներում կադրերի պատրաստման, ինչպես նաև առկա կադրերի հայրենադարձության քաղաքականությունը տվել է որոշակի արդյունքներ։ Օրինակ՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության առաջին նախագահ Ա.Էթեմադը կրթություն է ստացել Ֆրանսիայում՝ Սակլեի Միջուկային հետազոտությունների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտում, և Շվեյցարիայում՝ Լոզանի պոլիտեխնիկական համալսարանում ու Միջուկային հետազոտությունների դաշնային ինստիտուտում։ Նրա հաջորդ Ռ.Ամրոլահին «միջուկային ֆիզիկա» մասնագիտությամբ կրթություն է ստացել Թեքսասի համալսարանում, իսկ հետո պրակտիկա անցել Միջուկային հետազոտությունների բելգիական կենտրոնում19։

Հետևություններ հայ իրականության համար

Հայաստանը նույնպես վերջին տարիներին վարում է տաղանդավոր երիտասարդների ուսուցումն արտասահմանյան հեղինակավոր բուհերում հովանավորելու քաղաքականություն։ Այդ նպատակով 2009թ. ստեղծվել է «Լույս» հիմնադրամը։ Սակայն, ի տարբերություն իրանական փորձի, ՀՀ քաղաքականությունն այս հարցում երկար ժամանակ թիրախավորված չի եղել։ Որպես հիմնական սկզբունք ընդունվել է բուհի վարկանիշը (առաջին տասնյակ աշխարհում)։ Անտեսվել է մասնագիտությունների հարցը, մասնավորապես, այն հարցը, թե պետության հաշվին տվյալ մասնագիտութունը ստացող ՀՀ քաղաքացին հետագայում ինչ հնարավորություններ է ունենալու՝ իր մասնագիտական գիտելիքները կիրառել հայրենիքում և հայրենադարձվել։ Թերևս, այս է եղել հիմնական պատճառը, որ «Լույս» հիմնադրամն իր շահառուների առջև իրավական պարտավորություն չի դրել ուսումն ավարտելուց հետո գոնե որոշ ժամանակ համապատասխան մասնագիտությամբ աշխատել Հայաստանում։

Կարծում ենք, նման ընդհանրական քաղաքականության փոխարեն նպատակահարմար է որոշակիորեն տեղայնացնել գիտական սփյուռքի հետ տարվող քաղաքականությունում իրանական առավել թիրախավորված փորձը։ Այսինքն՝ արտասահմանում հայաստանցի երիտասարդների ուսումը հովանավորելու հարցում շեշտադրումը կատարել այն մասնագիտությունների վրա, որոնք առավել են համապատասխանում ՀՀ տնտեսության առաջնահերթություններին։ Դրա համար անհրաժեշտ է. ա) հստակ որոշել տնտեսության, մասնավորապես՝ արդյունաբերության ոլորտի գերակա ուղղությունները (IT ոլորտ և այլն), բ) ֆինանսավորել միայն այն մասնագիտություններով հայաստանցի երիտասարդների ուսուցումն արտասահմանյան լավագույն բուհերում, որոնք առավել են համապատասխանում Հայաստանի տնտեսության և, մասնավորապես, գիտատար արդյունաբերության գերակայություններին։

Հարկ է նշել, որ «Լույս» հիմնադրամի գործունեության մեջ բոլորովին վերջերս նկատվում է ընդհանրական քաղաքականությունից ավելի թիրախավորվածին անցնելու միտում։ Այս համատեքստում հատկապես կարևորվում է երկու քայլ։ Նախ՝ այսուհետև ֆինանսավորվելու է այն մասնագիտություններով արտասահմանյան լավագույն բուհերում հայ երիտասարդների ուսումը, որոնք ընդգրկված են ՀՀ կառավարության կողմից սահմանված ցանկում։ Եվ երկրորդ՝ այսուհետև հիմնադրամի շահառուները պարտավորվում են ուսումն ավարտելուց հետո երեք տարի աշխատել Հայաստանում։

Այնուամենայնիվ, պետության գերակա ուղղությունն էլ բազմաբովանդակ հասկացություն է։ Մասնավորապես, կարող են գոյություն ունենալ գերակայության տարբեր աստիճաններ՝ առաջին, երկրորդ, երրորդ և այլն։ Հետևաբար, կարելի է արտասահմանյան կրթության համար հատկացվող ֆինանսավորման չափերը համապատասխանեցնել այդ աստիճաններին՝ հետևյալ կերպ.

• առաջին աստիճանի գերակայություն՝ 80-100% ֆինանսավորում,

• երկրորդ աստիճանի գերակայություն՝ 50% ֆինանսավորում,

• երրորդ աստիճանի գերակայություն՝ 20% ֆինանսավորում։

1 Саруханян С.Н., Россия и Иран. 10 лет ядерного сотрудничества, Ер., «Гаспринт», 2006, с. 42.

2 Նույն տեղում։

3 Sober S., The US and Iran, an Increasing Partnership, www.sedona.net (հղումը՝ ըստ Саруханян С.Н., նշվ. աշխ., էջ 42)։

4 Новиков В.Е., Состояние и перспективы развития ядерных и ракетных технологий в Иране // В сб. Иран в современном мире, М., РИСИ, 2003, с. 146 (հղումը՝ ըստ Саруханян С.Н., նշվ. աշխ., էջ 42)։

5 Shirin Hakimzadeh, Iran: A Vast Diaspora Abroad and Millions of Refugees at Home, http://www.migrationpolicy.org/article/iran-vast-diaspora-abroad-and-millions-refugees-home

6 Sam Sasan Shoamanesh, Iran is a riddle, wrapped in a mystery, inside an enigma. But what of the over three million Iranians outside Iran?, http://globalbrief.ca/blog/2009/11/01/on-the-iranian-diaspora/

7 Ермаков С.М., Перспективы развития вооруженных сил Ирана // В сб. Иран в современном мире, М., РИСИ, 2003, с. 92. (հղումը՝ ըստ Саруханян С.Н., նշվ. աշխ., էջ 42)։

8 Саруханян С.Н., նշվ. աշխ., էջ 42։

9 Задонский С.М., Ядерная программа Ирана и российско-иранские отношения, М.: ИИИБВ, «АСТИ-ИЗДАТ», 2002, с. 6-7.

10 Михайлов В.Н., Домыслы и факты о сотрудничестве России и Ирана в области мирного использования атомной энергии // www.iss.niiit.ru (հղումը՝ ըստ Саруханян С.Н., նշվ. աշխ., էջ 89)։

11 Саруханян С.Н., նշվ. աշխ., էջ 94։

12 Стажеров тренируют на настоящей АЭС, https://www.vesti.ru/doc.html?id=103287

13 Иранская община в Москве, http://islamist.ru/иранская-община-в-москве/

14 Iranian diaspora, https://en.wikipedia.org/wiki/Iranian_diaspora

15 Նույն տեղում։

16 Shirin Hakimzadeh, նշվ. աշխ.։

17 Նույն տեղում։

18 Նույն տեղում; Sam Sasan Shoamanesh, նշվ. աշխ.։

19 Хлопков А., Иранская ядерная программа в российско-американских отношениях // Научные записки ПИР-Центра, 2001, № 18, с. 40.



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր