
Ա. ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ, ԻՐԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐՆ ԱՏՐՊԱՏԱԿԱՆՈՒՄ
Դերենիկ Մելիքյան
«Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր
1914թ. Առաջին համաշխարհային պատերազմում թեև Ղաջարական Իրանը Ահմեդ շահի օրոք չեզոքություն էր որդեգրել1, սակայն, կենտրոնական իշխանության տկարության պատճառով, դա իրականացնել չհաջողվեց: Երկրի հյուսիսը, հարավը, արևելքն ու արևմուտքը յուրային ու օտար բանակների ասպարեզ հանդիսացան, հատկապես պատերազմական կիզակետ դարձած Ատրպատականում, և արդյունքում՝ 4-ամյա պատերազմական շրջանում երկիրը մեծագույն վնասներ ու կորուստներ կրեց: Ըստ «Այգ»-ի մեկնաբանության՝ «Չկա մի անկյուն ամբողջ երկրագնդի վրա, ուր իր բացասական ազդեցության դրոշմը դրած չլինի ներկա համաշխարհային փոթորիկը: Մեր երկիրը (Պարսկաստանը- Դ.Մ.) ավելի սերտ կերպով կապված լինելով պատերազմող կողմերի հետ, թե՛ իր տնտեսական ու քաղաքական կյանքով և թե՛ աշխարհագրական դիրքով, բոլորովին անսպասելի չէր, որ նա էլ ենթարկվեր որոշ ցնցումների»2։
Չնայած Ա. աշխարհամարտի վերաբերյալ Պարսկաստանի կողմից ի սկզբանե չեզոք դիրք որդեգրելու հանգամանքին, այնուամենայնիվ, «...կարելի է ասել,- գրում է «Այգ»-ը,- որ ողջ աշխարհը բաժանված է երկու կռվող բանակների: Չեզոքություն բառը վաղուց արդեն կորցրել է իր իսկական իմաստը: Այդ բաժանումը տեղի է ունեցել ոչ կրոնական և ոչ էլ ցեղական կապերի հիման վրա: Այլապես մենք այսօր երբեք ականատես չէինք լինի, թե ինչպես է մահմեդական Տաճկաստանը քրիստոնյա գերմանացու հետ միասին կռվում քրիստոնյա դաշնակիցների դեմ: ...Վարվում է մի կռիվ, որի հիմքը, երեսն ու աստառը մինչև այն աստիճան ակներև ու զուտ տնտեսական են և ազգային, որ ամենահամեստ մտավոր ընդունակության տեր մարդու համար էլ կասկածելի են այն բոլոր հայտարարությունները, որոնք տրվել ու տրվում են կառավարությունների կողմից ցեղակցական թասիբի, դաշնակցային պատվի, թույլի պաշտպանության, միջազգային օրենքի պաշտպանման և շատ այս կարգի ազնիվ զգացմունքների համեմով շաղախված, որոնք ամենևին չեն սազում ժողովրդի կյանքն ու բախտը անտեսող դիպլոմատիային, որ երկրին էլ պատկանելիս լինեն դրանք:
...Մասնավորապես, մենք՝ հայերս, ինչքան շատ անգամներ ֆիզիկապես զգացել և դեռ շարունակում ենք զգալ գարշ բյուրոկրատիայի «բարեմասնությունների» բովանդակ արժեքը: Նա (բյուրոկրատիան- Դ.Մ.) ամեն երկրում էլ կա և դեռ կմնա. չգիտենք՝ այդքանը հասկանո՞ւմ են մեր պարսիկ հայրենակիցները, թե՞ ոչ: Մենք կասկածում ենք,- շարունակում է «Այգ»-ի հոդվածագիրը,- կասկածում ենք, երբ տեսնում ենք, որ կրոնական մղումով պարսիկը իր համակրանքն ու աջակցությունն է նվիրում տաճիկին: Զանազան ձրի խոտումներով, որպիսին է երկրի վերածնությունը, նրա կատարյալ անկախությունը և այլն, նույն պարսիկ ինտելիգենտը գերմանական պրովոկացիային է ենթարկվում:
Պարսիկ հրապարակագիրները չեն քաշվում նույնիսկ այդ տեսակետից իրենց արջի ծառայությունը լիուլի մատուցելու քաղաքականապես այնքան տհաս մեր պարսիկ հայրենակիցներին, որոնց աչքում տպագրական խոսքը ճանաչվում է որպես սրբություն, իսկ դրա միջոցով ասված ամեն մի անհեթեթություն իսկ՝ որպես ճշմարտություն:
Ամենից ցավալին մեր ներկա կառավարության բռնած անճարակի դիրքն է: Ամեն բան ընդունում է, ամեն բան՝ բացառում...»3։
Այսպիսով, «Այգ»-ի վերոգրյալ մենաբանությամբ առավել պարզ է դառնում այն իրողությունը, որ տվյալ պատմական պահին ղաջարական իշխանության ապիկարության և տկարության պատճառով, Պարսկաստանի չեզոքության դիրքորոշումը հետագայում մնաց ապարդյուն, և արհավիրքները դարձան անխուսափելի:
Հենց այդ իրողությունն էր հիմք հանդիսանում նույն պարսիկ ինտելիգենցիային, որպեսզի կենտրոնական իշխանությանը դատապարտելով՝ բարձրաձայնի գերմանա-թուրքական դաշինքին միանալու կողմնորոշումը, հատկապես վերջիններիս պրովոկացիային անհարկի տուրք տալով: Եվ իզուր չէր, որ նույն ժամանակաշրջանում պարսկական հաղորդակցական միջոցներում (իշխանական ընդդիմադիր թերթեր) տարածվում էին գերմանա-թուրքական պրովոկացիոն հայտարարություններ, ըստ որոնց. «...Հաղորդում են, որ Պոլսի գերմանացի դեսպան Վագենհայմը աշխատում է գլուխ բերել թուրք-պարսկական դաշնակցություն, այն մտքով, որ Թուրքիան օգնի Պարսկաստանին զորքը մարզելու գործում, իսկ Պարսկաստանը տա Տաճկաստանին Ուրմիան և Խոյը»4։ Այսպես, հակաիշխանական գրող-բանաստեղծ, «Նոբահար» թերթի խմբագիր Մալեքօլշոարայե Բահարը գովազդում էր հետևյալը. «Նաջաֆի (Իրաքում՝ կրոնական քաղաք- Դ.Մ.) հոգևորականները հրապարակել են մի հրովարտակ, որով խրախուսում են, որպեսզի աշխարհի մուսուլմանները նեցուկ կանգնեն Օսմանյան կայսրությանը՝ ներգրավվելով պատերազմում...»5։
Նույն «Նոբահար»-ը, սակայն, ճարահատ ավելացնում է նաև հետևյալը. «Թավրիզի կրոնապետ Հաջի Միրզա Հասան Թաբրիզին սույն հրովարտակը պատռել և Նաջաֆի հոգևորականներին է ուղղել այսպիսի մի հեռագիր. «...Մենք այսօր չենք կարող օսմանցուն համընթաց լինել ու կռվել Ռուսաստանի դեմ. եթե մենք փորձենք չեզոքությունը կասեցնել և անել այն, որ անում է օսմանցին, ենթարկվելու ենք աշխարհի այն կողմից եկող մտրակի հարվածներին: Օսմանցին ազատ է ու ինչ կամենում է թող անի, սակայն մենք մեր կյանքը փրկելու համար պարտադրաբար պետք է չեզոքություն որդեգրենք...»6։
Գերմանական պրովոկացիայի մեկ այլ ցուցիչ է հետևյալը, երբ պարսկերեն «Ռաադ» թերթը, վկայակոչելով «Ռոյթեր» գործակալությանը, «Գերմանացիք մուսուլման են դառնում» խորագրի ներքո գրում էր. «Գերմանացիները, որպեսզի օսմանցիների համակրությունը ապահովեն ու ներթափանցեն մուսուլմանների մեջ, հայտարարում են, որ ընդունել են իսլամի պատվիրանները և մուսուլմանների մզկիթ են այցելում ու նամազ կարդում: Նույնիսկ մզկիթների շուրջ գերմանացի պահակներ են կանգնում, որոնց թևակապերը կրում են իսլամադավանություն ընդունող արաբերեն հայտնի կարգախոսը...»7։
Այս երևույթը չի վրիպել ռուսական «Ռուսկոյե սլովո» լրատվամիջոցի ուշադրությունից. «Գերմանական գործակալները Պարսկաստանում թռուցիկներ են տարածում՝ գրգռելով ընդհանուր Սրբազան պատերազմի»8։
Գերմանա-թուրքական պրովոկացիոն գործողությունները միտում էին նաև Իրանին սիրաշահել՝ պատերազմում հակառուսական կեցվածք որդեգրելու համար:Դա էին վկայում նաև Ջուլֆայից Թիֆլիսի թերթերին հղված հեռագրերը, ըստ որոնց՝ «Ատրպատականում ուժեղանում է թուրք–գերմանական պրոպագանդը ռուսական ազդեցության դեմ»9։ Կամ, ինչպես կրկին «Այգ»-ն է վկայակոչել. «Պարսկաստանում, մանավանդ Թեհրանում և Թավրիզում գերմանական էմիսարները ազգաբնակչության մեջ եռանդուն ագիտացիա են մղում ռուսական իշխանությունների դեմ»10։
Եվ ահա, իրեն չեզոք երկիր հայտարարած Իրանի տարածքում 1914թ. նոյեմբերի 2-ին ասորիների ջարդեր իրականացվեցին: Բանն այն էր, որ գերմանական և թուրքական հրամանատարությունների մշակած ծրագրում ռազմական գործողություններ էին նախատեսվել նաև Իրանում, որի տարածքը Գերմանիան և Թուրքիան ուզում էին օգտագործել որպես միջանցք դեպի Բաքվի նավթային շրջաններն ու այնուհետև՝ Միջին Ասիան գրավելու համար: Ուստի, Հյուսիսային Իրանը ևս վերածվեց հակամարտող երկու ճամբարների ռազմական գործողությունների թատերաբեմի11։
Մյուս կողմից, երբ Թուրքիան նույնիսկ դեռևս չէր մտել պատերազմի մեջ, այդուհանդերձ, թուրքական հրամանատարությունն իր զորքերը տեղակայեց Վանի, Սարայի, Բաշկալեի և Շամդինանի տարածքներում: Ի պատասխան՝ ռուսական հրամանատարությունը 1914թ. նոյեմբերի 20- ին գեներալ Ֆ.Չերնոզուբովի գլխավորությամբ զորքեր մտցրեց Իրան: Ռազմական հաջող գործողությունների արդյունքում ռուսական բանակը շուտով գրավեց Խոյը, Ուրմիան և Թավրիզը: Իրանական կառավարությունը Մոսթոֆի-օլ-Մամալեքի գլխավորությամբ, որն իշխանության գլուխ էր եկել 1914թ. օգոստոսին, իր դժգոհությունը հայտնեց ռուսական զորքերի Իրան ներթափանցելու կապակցությամբ: Հատկանշական է, որ դեռ նախքան ռուսական զորքերի՝ Իրանի տարածք մտնելը, 1914թ. նոյեմբերի 14-ին, Ուրմիայում Ռուսաստանի փոխհյուպատոս Վեդենսկին հեռագրեց, որ թուրքերը նպատակ ունեն գրավել Ուրմիայի շրջանը՝ այստեղից երկու ուղղություններով՝ Խոյ–Ջուլֆա և Սոլդուզ–Սաուջբուլաղ, հետագայում Թավրիզի շրջան դուրս գալու համար: Այս պայմաններում ռուսական հրամանատարությունը դիմեց այնպիսի մի հակաթուրքական ուժի աջակցությանը, որպիսին Ուրմիայում և նրա շրջակայքում ապրող 70.000 ասորիներն էին: Ավելի ուշ ռուսական զորքերը գրավեցին Խոյը, Ուրմիան և Թավրիզը: Նրանց օգնում էին ասորիները, որոնց վիճակն անգամ մինչև պատերազմը, իրոք, անտանելի էր: Դա էր պատճառը, որ նեստորական ասորիների մեծ մասն ընդունել էր ուղղափառ կրոն՝ այն հույսով, որ Ռուսաստանն օգնության ձեռք կմեկնի: Հանուն դրա՝ ասորիները խոստացել էին ռուսական հրամանատարության տրամադրության տակ դնել 40.000 զինյալ: Ասորիների ռուսական կողմնորոշմանը Թեհրանը պատասխանեց թշնամական գործողություններով՝ համագործակցեց թուրքերի և քրդերի հետ: Վերջինները 1914թ. սեպտեմբերին Ուրմիայի շրջանում հրդեհեցին ավելի քան 30 հայկական և ասորական գյուղեր12։
Նման պայմաններում և նույնիսկ մինչև այդ Մոսթոֆի-օլ-Մամալեքը բողոքի նոտա է հղում Ռուսաստանի դեսպանությանը, որտեղ հայտնում էր, թե Իրանի կառավարությունը մտադիր է պահպանել չեզոք դիրքը՝ հեռու մնալով պատերազմում ներքաշվելուց. ուստի Իրանի կառավարությունը Ռուսաստանին խնդրում է, որպեսզի վերջինս իր զորքերը հետ կանչի իրանական տարածքներից, որով էլ ապացուցած կլինի իր հարգանքը Իրանի չեզոքության նկատմամբ: Մոսթոֆի-օլ-Մամալեքը շեշտադրում էր նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանի դրական պատասխանը պատճառ է հանդիսանալու, որ օսմանական բանակը ևս իրեն հեռու պահի երկրի տարածքներից ու նույնպես հաշվի նստի Իրանի չեզոքության հետ, որի մասին իբր խոստացել է օսմանցի ավագ դեսպանը13։ «Թեհրանից հեռագրում են,- գրում է «Այգ»-ը,- որ սեպտեմբերի 21-ին պարսկական կառավարությունը դիմել է Ռուսաց միսիային մի հայտագրով, որի մեջ ասում է, թե Պարսկաստանը ուզում է խուսափել համաշխարհային պատերազմին մասնակցելու կործանարար հետևանքներից՝ չեզոքություն հայտարարելով: Նա խնդրում է, որ Ռուսաստանը օգնի իրեն այս գործում՝ իր զորքերը հետ կանչելով Ատրպատականից, որպիսի դեպքում թուրքաց դեսպանն իբր թե երաշխավորում է, որ Թուրքիան կհարգի Պարսկաստանի չեզոքությունը»14։ Մինչդեռ նույն համարում «Այգ»-ը, վկայակոչելով Պետրոգրադի հաղորդումը, նշում է, որ «Մինիստրական խորհուրդը Սազանովի նախագահությամբ վճռել է մերժել Պարսկաստանի առաջարկը՝ ռուսական զորքերը հետ տանելու: Այդ մասին հայտնվել է Պարսից կառավարությանը՝ հասկացնելով, որ ռուս զորքի ներկայությունն անհրաժեշտ է՝ պաշտպանելու համար օտարահպատակների շահերը և հաստատելու ներքին կարգը»15:
Իրանի չեզոքության դիրքորոշման նկատմամբ հակամարտ ուժերի կողմից դրսևորվող արհամարհանքին բազմիցս են անդրադարձել ժամանակի թերթերը: Ընդդիմադիր «Նոբահար»-ը, հատկապես «Ի վերջո ուր է գնում Իրանը» խորագրի ներքո գրում էր. «...Թուրքիայի գործողություններն Ատրպատականում, Քերմանշահում և Արաբստանում (Խուզիստան- Դ.Մ.) և ապա՝ ռուսական պետության սանձարձակություններն Ատրպատականում, Ղազվինում, Համադանում ու Թեհրանում, առերևույթ արյունալի մրցասպարեզ են հանդիսացել չեզոք Իրանում, բայց խորքում ապացուցում են, որ մինչև Իրանը ի զորու չլինի ինքնահաստատման ու գործնապես երաշխավորելու չեզոքության պահպանումը, անհնարին է լինելու իր ինքնուրույն քաղաքականության գործադրումը»16։ Իրանի կառավարության ջանքերը չեզոքության դիրքորոշման վերաբերյալ, հատկապես գերմանա-թուրքական ուժերի կողմից դրական կեցվածքի ապահովումը, սակայն, մնում էին ապարդյուն, քանզի մայրաքաղաք Թեհրանում աշխատող թուրքական, գերմանական և ավստրիական դեսպանատներն իրենց քմահաճ քայլերն ու քարոզչությունն էին առաջ մղում: Զորօրինակ՝ «...Տաճկական դեսպանի ստացած «Սրբազան պատերազմ» գրգռող 30.000 կեղծ «ֆեթվա»-ների ցրումը Թեհրանում կառավարության կողմից արգելվեց: Ինչպես հաղորդում են՝ այդ թռուցիկները կուղարկվեն գավառներ:
Գաղտնի հավաքումները շարունակվում են, ավելի հաճախ՝ բազմամարդ: Կառավարությունը... գաղտնի հսկողություն է նշանակել տաճիկ և գերման դեսպանատների մոտ, որպեսզի զենքի ցրումն արգելվի: ...Այժմ էլ ավստրիական դեսպանատունն է սկսել զենքերի ցրումը... Վերոհիշյալ երեք դեսպանատները ամեն միջոց գործ են դնում խլրտումներ առաջացնելու և այդ նպատակով կաշառում են կառավարական պաշտոնյաներին: Նույնիսկ մինիստրներից 3-ը, որոնք նույնպես կաշառված են, աշխատում են գործել նրանց ծրագրով և ամեն հարցում թեքվում են նրանց կողմը...»17։
Այս կապակցությամբ պարսկալեզու «Նոբահար» թերթն իր 1915թ. մայիսի 4-ի համարում այսպես է բնութագրել Գերմանիայի հյուպատոսի միջամտությունները. «...Գերմանիայի նոր հյուպատոսը, որը Թուրքիայից Սպահան է գործուղվել, ճանապարհին ամենուր հակաքարոզչություն է ծավալել Ռուսաստանի և Անգլիայի դեմ և ազգաբնակչությանը իրազեկում է, թե իբր լոռերը, քրդերը և մյուս ցեղերը հաստատակամորեն հովանավորում են օսմանցիներին...»18։
Սեֆևյան Պարսկաստանի ժամանակաշրջանից ի վեր Օսմանյան կայսրության նկրտումները Իրանի և մասնավորապես Ատրպատականի նկատմամբ հետագայում ևս մնացին անփոփոխ, իսկ նորագույն ժամանակաշրջանում, այսինքն՝ 20-րդ դարասկզբին, նույն նկրտումները «Մեծ Թուրանի»19 համատեքստում իրագործելու համար՝ լավագույն խթան էր հանդիսանում Ա. աշխարհամարտը, որում ընդգրկվելու խրախուսիչ հանգամանքը հօգուտ Թուրքիայի՝ գերմանական նեցուկն էր:
Ըստ պարսիկ պատմաբան Քավե Բայաթի՝ թուրք գաղափարախոս և «Իթթիհադ վե թերաքքի» կուսակցության Կենտրոնական կոմիտեի անդամ Զիա Գոք Ալփը «Մեծ Թուրանի» նպատակի իրագործման համար երեք հանգրվան է ենթադրել. «Առաջին՝ օսմանական թուրքերի տիրապետության ամրապնդում կայսրությունում և փոքրամասնությունների թուրքացում. երկրորդ՝ պանթրքության հանգրվան, որտեղ ներգրավվում և մերվում են օսմանական թուրքերի ցեղակիցները, այսինքն՝ Իրանի ատրպատականցիները և Կովկասի մուսուլմանները. երրորդ՝ Ասիա ցամաքամասի թուրանական ցեղախմբերի և բոլոր ազգությունների միասնությունը թուրքական առանցքի շուրջ»20։
«Իրանում, սակայն,- գրում է Քավե Բայաթը,- հաշվի առնելով ռուս–անգլիական բռնաճնշումները, հասարակաց կարծիքը հակված էր Իրան-օսմանական միությանը՝ ընդդեմ դաշնակից ուժերի, և այդ իսկ պատճառով երկրում ձևավորվեց գերմանա-օսմանամետ մի ժամանակավոր իշխանություն ընդդեմ Ռուսաստանի և Անգլիայի. հետագայում, սակայն, այդ իշխանավորներից շատերն Իրանի արևմտյան շրջաններում օսմանցիների իրական գործունեությանը ականատես դառնալով՝ անդրադարձան, որ «Իսլամական միություն»-ը լոկ մի քողածածկույթ է»21։ Իսկ ինչպես վերը նշեցինք, համընդհանուր պատերազմում Թուրքիայի նպատակներից մեկն էր, ի շարս այլ շրջանների, գրավել նաև Իրանի Ատրպատական նահանգը: Այդպիսի նպատակ էր հետապնդում Օսմանյան Թուրքիան մինչև պատերազմը՝ 1905 թվականից, երբ սուլթանը փորձում էր պաշտպանվել Պարսկաստանում ծայր առած Սահմանադրական շարժումից: Սա նույնպես համընկնում էր Գերմանիայի մասնավորապես մերձավորարևելյան աշխարհաքաղաքական նպատակներին, որն Ա. աշխարհամարտի գլխավոր ասպարեզներից էր հանդիսանում ու եվրոպական հիմնական երկրների հակամարտության կիզակետը: Ընդհանուր այս համատեքստում, ահա, կարելի է արձանագրել հետևյալ փաստը. «...Հայերի տեղահանման գաղափարը թուրքերին հուշեց Բեռլինից աշխարհագրագետ դոկտ. Ռորբախը: Մերձավոր Արևելքի ժողովուրդների քարտեզը կազմելիս նա նկատել էր, որ կենտրոնական բարձրավանդակում բնակություն հաստատած հայերը մի կողմից իջնում են Սև ծով՝ Տրապիզոն, մյուս կողմից՝ Միջերկրական ծով, Կիլիկիա: Նրանք Անատոլիայում հաստատված թուրքերին անջատում են հյուսիսարևմտյան Պարսկաստանում և ռուսական Կովկասում ապրող թուրքալեզու ժողովուրդներից:
Եթե հայկական այս թումբը վերացվի, ապա դոկտ. Ռորբախը կկարողանա պատրաստել մի քարտեզ, որտեղ Գերմանիայի օսմանյան դաշնակիցները Ադրբեջանի (Ատրպատական- Դ.Մ.) և Արաքսի հովտի իրենց ազգակիցների հետ շղթայական բլոկ էին կազմելու»22։
Պատմական հետադարձ մի ակնարկ նետելով՝ պարզ է դառնում, որ «...սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը ոչ առանց հիմքի վախենում էր, որ իրանական հեղափոխությունը վարակիչ օրինակ կարող է հանդիսանալ նաև Թուրքիայի համար: Այդ պատճառով նա որոշեց դիմել կանխարգելիչ միջոցառման՝ ջախջախել հեղափոխական շարժումն Իրանում և թույլ չտալ նրա ներթափանցումը Թուրքիա: 1905թ. նոյեմբեր-դեկտեմբերից թուրքական բանակն անցնում է իրանական սահմանը և ձեռնամուխ լինում ինտերվենցիայի: Բոլոր նշաններից երևում էր, որ Աբդուլ Համիդի կառավարությունը ծրագրել էր նաև զավթողական լայն քաղաքականություն Իրանում, որի նպատակն էր ընդարձակել կայսրության սահմաններն իր արևելյան հարևանի հաշվին, մասնավորապես գրավել Իրանական Քուրդիստանն ու Ատրպատականը և իրագործել պանիսլամիստական գաղափարը՝ Սուլթան – Խալիֆի գլխավորությամբ ստեղծել միասնական մեծ մահմեդական պետություն, որի կազմի մեջ պետք է մտնեին Օսմանյան կայսրությունը, Իրանը, Կովկասը և Թուրքեստանը: ...Դիմելով արտաքին զավթումների քաղաքականության, թուրքական կառավարող շրջանները հույս ունեին նաև բորբոքել կայսրության մահմեդական բնակչության ռազմաշունչ ոգին՝ միաժամանակ խոչընդոտելով Ռուսաստանի ազդեցության մեծացումը Հյուսիսային և Հյուսիսարևմտյան Իրանում»23։
Հետագայում, երբ 1908-ին Թուրքիայում հաստատվեցին սահմանադրական կարգեր, որից էլ խանդավառվել էին Իրանում հեղափոխական շրջանակներն ու մասնավորապես Ատրպատականը, ուր նույնիսկ լուրեր տարածվեցին, որ շուտով երիտթուրքական կառավարության զորքերն օգնության ձեռք կմեկնեն ռեակցիայի դեմ մարտնչող Թավրիզի հեղափոխականներին..., բայց «...Շատ շուտով պարզվեց, որ «Նոր Թուրքիայի» կառավարող շրջանները բնավ մտադիր չեն հրաժարվել Ատրպատականի և Իրանական Քուրդիստանի նկատմամբ մեծապետական-զավթողական հավակնություններից: Առհասարակ արտաքին քաղաքականության հարցերում երիտթուրքերն ամբողջապես որդեգրեցին իրենց նախորդի ծրագրերը: «Իթթիհադ վե թերաքքի» կուսակցության նախաձեռնությամբ Ստամբուլը սկսեց հող նախապատրաստել Իրանի ներքին գործերին միջամտելու համար: 1908թ. սեպտեմբերի 13-ին Նախարարների խորհրդի արտակարգ նիստում, որին մասնակցում էին մեծ վեզիրը, ռազմական, ֆինանսների և ներքին գործերի նախարարները, որոշվեց հայտարարել իրանական կառավարությանը, որ եթե Թավրիզում հեղափոխական ֆիդայիների և կառավարական զորքերի միջև տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով թուրքահպատակները վնասներ կրեն, ապա անհապաղ Թավրիզ կուղարկվեն թուրքական զորքերը: Թեհրանում թուրքական դեսպանատունը ճնշում էր գործադրում շահական կառավարության վրա՝ պահանջելով թույլատրել Թավրիզ մտցնել «ազգային պահակախումբ», իբր թե թուրքական հյուպատոսությունը և թուրքահպատակներին պաշտպանելու համար»24։
Ատրպատականը իրանական պետության կազմից անջատելու և Թուրքիային միացնելու միտումով, ինչպես նաև Իրանի թուրքալեզու ժողովուրդներին հեղափոխության դեմ ոտքի հանելու նպատակով երիտթուրքական գործակալությունը պրովոկացիոն ագիտացիա էր մղում, որ իբր Թեհրանի սահմանադրական կառավարությունը որոշել է բնաջնջման քաղաքականություն վարել ադրբեջանցիների (ատրպատականցիներ- Դ.Մ.) և առհասարակ Իրանի թուրքալեզու ժողովուրդների նկատմամբ:
Երիտթուրքական կառավարության ինտերվենցիան վերջնականապես հօդս ցնդեցրեց Ատրպատականի հեղափոխական շրջանների այն մասի հույսերը, որոնք ենթադրում էին, թե ցարական Ռուսաստանին երկրամասից դուրս մղելու և ներքին ռեակցիայի դեմ պայքարելու համար կարելի է ապավինել «Սահմանադրական Թուրքիայի» կառավարությանը: Աստիճանաբար ուժեղանում էր իրանական հեղափոխականների դժգոհությունը երիտթուրքական կառավարության քաղաքականության և օկուպացված շրջաններում թուրքական քաղաքացիական իշխանությունների բռնությունների նկատմամբ: Ամենուրեք հեղափոխական շրջանները սկսեցին պայքար ծավալել թուրքական զավթիչների դեմ: 1910թ. վերջին կովկասյան մամուլն այդ առթիվ գրում էր, որ «ֆիդայիների գործունեությունը թուրքական ռեժիմից դժգոհ բոլոր տարրերին համախմբելու ուղղությամբ դառնում է ավելի ու ավելի ակնառու»25։
1911թ. Ատրպատականում և Իրանական Քուրդիստանում արդեն ծավալվեց զանգվածային հակաթուրքական շարժում, որը և կարևոր դեր խաղաց Իրանում Օսմանյան Թուրքիայի ագրեսիվ զավթողական քաղաքականության ձախողման գործում:
Այսպիսով, 1905-1911թթ. իրանական հեղափոխության տարիներին Օսմանյան Թուրքիան՝ հանձինս սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի և երիտթուրքական կառավարությունների, հանդես էր գալիս իրանական ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը խեղդողի դերում: Ընդ որում, եթե իմպերիալիստական Անգլիան և ցարական Ռուսաստանն Իրանում ինտերվենցիայի դիմեցին 1909թ., ապա Թուրքիան ձեռնամուխ եղավ այդ քայլին նրանցից նշանակալիորեն ավելի վաղ՝ 1905թ.26։
Փաստը է, որ Բալկանյան պատերազմի ժամանակ և նրանից հետո էլ Թուրքիան իրանական Ադրբեջանի վերաբերմամբ չթուլացրեց իր հարձակողական ձգտումները: Նա շարունակեց ավազակախմբեր կազմել թուրքասերներից, քրդական ցեղերից և Իրանում խափանարար աշխատանքներ տարավ ռուսների դեմ՝ այդ նպատակի համար հավաքագրելով նաև Ռուսաստանի դեմ թշնամաբար տրամադրված իրանցի պետական գործիչների: Այս հանգամանքը շատ լավ հայտնի էր Թեհրանի ռուսական դեսպանին, Թավրիզի, Խոյի, Ուրմիայի հյուպատոսներին, որոնք այդ մասին շարունակ ահազանգում էին Պետերբուրգին:
Իր հարձակողական ծրագրերն Իրանում լրացնելու համար թուրքական կառավարությունը քրիստոնյա բնակչության՝ հայ, ասորի և այլն, բնաջնջման ծրագիր էր հղանում: Հայտնի է, որ թուրքական իշխանավորները նման գործերի համար բավականաչափ փորձառություն ունեին: Նրանք իրանական Ադրբեջանի քրդերին զինում էին ռուսների դեմ՝ պայքարի ժամանակ օգտագործելու համար։
Իրանական Ատրպատականի նկատմամբ Թուրքիայի հավակնոտ նպատակները շարունակվեցին նույն կերպ, մինչև Ա. աշխարհամարտի տարիները:
Այսպես՝ 1913թ. հեղաշրջման արդյունքում «Միություն և առաջադիմություն» կուսակցության ծայրահեղական թևը հաջողեց չեզոքացնել երիտթուրքերի ազատական և հավասարության ջատագով հոսանքը, որով էլ ավելի ծավալեց պանթուրքական նկրտումները: Ի հետևանս դրա՝ ներկայացուցիչներ գործուղվեցին դեպի Կովկաս, Իրան, Աֆղանստան և Միջին Ասիա: Ա. աշխարհամարտի սկսմամբ «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավարները հասունացած համարեցին Ռուսաստանից վրեժխնդիր լինելու պահը և ցարական կայսրության փլուզմամբ՝ Ռուսաստանի թուրքերի ազատագրումը...27։
1914-ին, երբ հայտարարվում է ռուս-թուրքական պատերազմը, հրապարակ են գալիս համաթուրանականները՝ որպես պանիսլամիստներ: Պոլսում իսլամ կրոնապետերը, «Սանճաղը – Շերիֆը» (սուլթանական բարենորոգումների հրովարտակ) դուրս հանելով, «ջիհադ» են հայտարարում (սրբազան պատերազմ)՝ մոլեռանդներին մղելով անմեղ ժողովուրդներին կոտորելու, արյուն թափելու...28: «...Թուրքական կառավարությունը,- գրում է Զարեվանդը,- հայտարարեց սրբազան պատերազմ (ջիհադ):- Այդ հայտարարության մեջ ասվում էր.- «Մեզ հարստահարող թշվառականները բնաջնջելը սուրբ գործ մըն է՝ գաղտնի, թե հայտնի կատարվի: Ըստ Ղուրանի բառին՝ առեք զանոնք և սպաննեցեք, ուր որ կրնաք գտնել, մենք կուտանք զանոնք ձեզի և կշնորհենք ձեզ ամեն իշխանություն անոնց վրա»29։ Իսկ «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտկոմի շրջաբերականում պատերազմը սկսելու կապակցությամբ կարդում ենք. «Չմոռանանք, որ համաշխարհային պատերազմին մեր մասնակցության նպատակը մեզ սոսկ վերահաս, սպառնացող կորուստե փրկելը չէ, այլ մենք կհետապնդենք ավելի անմիջական նպատակ մը – մեր ազգային իդեալին իրականացումը: Մեր ժողովրդին և Հայրենիքին ազգային իդեալը մեզի մեկ կողմե կմղե խորտակելու Մոսկովյան թշնամին, ատով հասնելու մեր կայսրության համար բնական սահմանի մը, որուն մեջ կպարփակվին ու կմնան մեր բոլոր ազգակից եղբայրները»30։
Եվ այսպիսով, Պարսկաստանի հյուսիսային սահմանների թույլ ու անպաշտպան լինելու պատճառով ռուսական և թուրքական բանակները, ոտնակոխ անելով միջազգային ընդունված օրենքը, անարգել մուտք են գործում չեզոք Իրանի Ատրպատական նահանգ և դարձնում այն պատերազմի թատերաբեմ: Համաթուրանականները Պարսկաստանում և մասնավորապես Ատրպատականում մեծ թափով գործի են լծվում՝ պրովոկացիոն քարոզչություններով մոլեռանդներին գրգռելով քրիստոնյաների դեմ:
1 Ըստ պարսկալեզու «Ռաադ» (Ամպրոպ) թերթի՝ Իրանի ներքին գործերի նախարարությունը, վկայակոչելով Ահմեդ շահի հրովարտակը Եվրոպայի պատերազմի մասին, երկրի մակարդակով շրջանառության մեջ էր դրել մի շրջաբերական, որում, ընդգծելով իր կառավարության չեզոքությունը, հորդորում էր հասարակական լայն խավերին խուսափել հակամարտող կողմերից որևէ մեկին կողմնակցություն կամ հակադրություն ցուցաբերելուց («Ռաադ», 4 նոյ. 1914թ., հ. 19, էջ 9 ):
2 «Այգ» եռօրյա, 1915թ., հոկտ. 18, հ. 6, Թավրիզ:
3 «Այգ» եռօրյա, 1915թ., 22 հոկտ., հ. 7, էջ 1:
4 Նույն տեղում, հոկտ. 19, էջ 3:
5 «Նոբահար» (Նոր գարուն), 30 փետրվ. 1915թ., հ. 21, էջ 2:
6 Նույն տեղում:
7 «Ռաադ», 21 դեկտ. 1914թ., էջ 1:
8 «Այգ» շաբաթաթերթ, 5 հոկտ. 1914թ., Գ. տարի, հ. 21, հաղորդում «Ռուսկոյե սլովո»-ից», էջ 5:
9 «Ղարադաղ» երկշաբաթաթերթ, 1914թ., մայիս 15:
10 «Այգ» շաբաթաթերթ, 14 սեպտ. 1914թ., հ. 18:
11 Անահիտ Խոսրոևա, « Ցեղասպանության փաստագրություն», «Ասորիների ջարդերը թուրքաբնակ վայրերում Ա. աշխարհամարտի տարիներին», էջ 88:
12 Ստ. Պողոսյան, «Հայոց ցեղասպանության պատմություն», 2-րդ հատոր, էջ 443:
13 «Ռաադ», 15 հոկտ. 1914թ., հ. 10, էջ 2:
14 «Այգ» շաբաթաթերթ, 5 հոկտ., 1914թ., Գ. տարի, հ. 21 , էջ 5:
15 Նույն տեղում:
16 «Նոբահար», 13 հուլիսի 1914թ., հ. 57, էջ 1:
17 «Այգ» շաբաթաթերթ, 1914թ., դեկտ. 7, հ. 30, էջ 4:
18 «Նոբահար», 4 մայիսի 1915թ., հ. 38, էջ 2:
19 Թուրք համաթուրանականները՝ աշխարհակալական մեծ ծրագրերով, ամեն տեսակի ցանցեր նետելով, առանց կանգ առնելու որևէ զոհողության առաջ, աշխատում են տիրել Իրանին պատկանող Ատրպատական նահանգին՝ «Կովկասյան Ադրբեջանին» և ապա երկարել մինչև Թուրքմենստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղզստան ու Ղազախստան, այսպես՝ Կասպից ծովից դեպի արևելք... և դեպի հյուսիս, մինչև Վոլգայի ափերը՝ ստեղծելու համար հսկա, անպարտելի Օսմանյան հանրապետական մեծ կայսրություն (տե՛ս «Ատրպատականի գոյամարտը», հեղ. Յ.Սարո, Թեհրան, 1964թ.):
20 Բայաթ Ք., «Պանթուրքիզմը և Իրանը», էջ 18-19:
21 Նույն տեղում, էջ 19-20:
22 Ալբերտ Փարսադանյան, «Թղթապանակ 1915» (Վահան Անտոնյանի «Հայերի բնաջնջումը» հոդվածից, որը տպագրվել է 1916թ. անգլիական «Թայմս» պարբերականում), Երևան, 2005, էջ 71:
23 Վ.Ա. Բայբուրդյան, «Օսմանյան Թուրքիայի ինտերվենցիան Իրանում 1905 – 1911թթ.», էջ 93: Տե՛ս Штаб Кавказского военного округа. Сводка сведений о сопредельных странах, добытых разведкой, Тифлис, 1911, № 3, Կ 26-, ЦГВИА, ф. 2000, оп. 1, д. 1009.
24 Նույն տեղում, էջ 96:
25 Նույն տեղում, էջ 102:
26 Նույն տեղում, էջ 103 :
27 Դեհղանի Ռեզա, « Հայերը Համաշխարհային Ա. պատերազմում», էջ 228:
28 Յ.Սարո, «Ատրպատականի գոյամարտը», Թեհրան, 1964թ., էջ 5-6:
29 Զարեվանդ, « Միացյալ, անկախ Թուրանիա», Աթենք, 1988թ., էջ 105 (տե՛ս Ստ. Պողոսյան, «Պանթուրքիզմը, երեկ և այսօր»):
30 Նույն տեղում, էջ 107:
Հուլիս, 2017թ.
դեպի ետ