• am
  • ru
  • en
Версия для печати
03.07.2017

ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

EnglishРуский

   

Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ, Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղար

Էթնիկ լոբբիզմն աստիճանաբար ավելի մեծ դեր է ստանձնում արդի աշխարհում։ Պետություններն իրենց արտաքին քաղաքականությունն իրականացնելիս հենվում են արտերկրի, մասնավորապես՝ գերտերությունների իրենց համայնքների վրա։ Եվ դաշնակից համարվող ժողովուրդները համագործակցում են ոչ միայն պետությունների, այլև սփյուռքի մակարդակով։

Ադրբեջանի և Թուրքիայի սփյուռքյան համագործակցության պտուղները հայությունը (Հայաստան, Սփյուռք) արդեն զգացել է գործնականում1։ Դրան ի հակակշիռ, հայկական սփյուռքն էլ ունի իր դաշնակիցները։ Որպես այդպիսիք հիմնականում հանդես են գալիս արտերկրի հունական, ասորական, քրդական և եզդիական համայնքները2։

Սակայն, եթե թուրք-ադրբեջանական լոբբիզմն ունի հարուստ ավանդույթներ և մեծ ճանաչում, ապա հայկական սփյուռքի համագործակցությունն իր դաշնակիցների հետ մինչ այժմ ունեցել է դիպվածային բնույթ (երբեմն համագործակցություն եղել է այս կամ այն ընդհանուր խնդրի շուրջ)։ Եվ այդպիսի համագործակցության կարևորությունը միայն վերջերս է սկսել լրջորեն գիտակցվել ինչպես հայերի, այնպես էլ նրանց դաշնակից ժողովուրդների կողմից։

2017թ. մարտի 10-ին ՀՀ և Հունաստանի արտաքին գործերի նախարարներ Էդ.Նալբանդյանը և Նիկոս Կոձիասը համատեղ մամուլի ասուլիսում շոշափեցին նաև սփյուռքում հայ-հունական համագործակցության հարցը3։ Ավելին, Հունաստանի ԱԳ նախարարը նշեց, որ մոտ ապագայում նախատեսվում է հունական և կիպրական պատվիրակությունների այց Երևան՝ քննարկելու արտերկրում երկու ժողովուրդների համագործակցության հնարավորությունների հարցը4։ Նախարարները որոշակիորեն ուրվագծեցին նաև այն ոլորտներն ու ընդհանուր խնդիրները, որոնց շուրջ նախատեսվում է համագործակցությունը՝ քաղաքականություն (ցեղասպանությունների միջազգային դատապարտում և կանխարգելում), տնտեսություն (արտաքին ներդրումների ներգրավում երկու երկրների տնտեսության մեջ), մշակույթ5։

ՀՀ և Հունաստանի արտգործնախարարների վերոհիշյալ հայտարարությունները, ինչպես նաև հունական և կիպրական պատվիրակությունների այցերն առիթ են սփյուռքում հայ-հունական համագործակցության մինչ այժմ եղած փորձն արժևորելու և համագործակցության հետագա ընդլայնման ու խորացման առնչությամբ որոշակի առաջարկություններով հանդես գալու համար։

Դիտարկելով մինչ այժմ առկա փորձը՝ կարող ենք առանձնացնել սփյուռքում հայ-հունական համագործակցության երեք մոդել՝ անհամաչափ (ասիմետրիկ), համաչափ (սիմետրիկ) և համադրական, որոնք ունեն դրսևորման իրենց ձևերը։

Անհամաչափ (ասիմետրիկ) մոդել

Սա համագործակցության այնպիսի ձև է, երբ այն տեղի է ունենում մի կողմից կառույցի (կազմակերպության), իսկ մյուս կողմից՝ անհատի միջև։ Սույն մոդելը կիրառվել է, օրինակ, Կանադայում, երբ այդ երկրի Հայ դատի հանձնախումբը համագործակցել է ազգությամբ հույն քաղաքական գործչի՝ Կանադայի խորհրդարանի նախկին պատգամավոր, ներկայում՝ Տորոնտոյի քաղաքային խորհրդի անդամ Ջեյմս Կարիգիանիսի հետ։ Համագործակցությունն ունեցել է հետևյալ դրսևորումները։

Ջեյմս Կարիգիանիսը Հայ դատի հանձնախմբի ջանքերով ժամանել է Արցախ՝ ընտրություններում որպես դիտորդ մասնակցելու համար։ Քանի որ Արցախը ճանաչված պետություն չէ, ապա միջազգային կազմակերպություններն ընտրությունների ժամանակ պաշտոնական դիտորդական պատվիրակություններ չեն ուղարկում այնտեղ՝ դրանով իսկ չճանաչելով այդ ընտրությունները (կամ դրանց օրինակարգությունը)։ Այս իրավիճակին որոշակիորեն կարող է հակակշռել ոչ պաշտոնական դիտորդական առաքելությունների այցն Արցախ՝ ընտրությունները դիտարկելու նպատակով, ինչը, թեև ոչ պաշտոնական մակարդակով, բայց գոնե հասարակական ընկալումներում (խոսքն առաջին հերթին միջազգային հասարակայնության մասին է) օրինակարգություն է հաղորդում այդ ընտրություներին և դրանց արդյունքում ձևավորված Արցախի իշխանություններին։ Այդ դիտորդական առաքելությունների ձևավորման և Արցախ այցելության գործը կազմակերպում է Հայ դատի հանձնախումբը։ Իսկ այդ գործում կարևոր նշանակություն ունի նաև բարեկամ ժողովուրդների սփյուռքի ներկայացուցիչների հետ համագործակցությունը, որոնք, զբաղեցնելով տարբեր պաշտոններ այս կամ այն երկրում, նույնպես կարող են ընդգրկվել Արցախի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակություններում։

Ջեյմս Կարիգիանիսն արդեն երկու անգամ որպես դիտորդ մասնակցել է արցախյան ընտրություններին՝ ներկայացնելով Կանադայի կառավարությունը6։ Առաջինը՝ 2012թ. նախագահական ընտրությունների և երկրորդը՝ 2017թ. փետրվարի 20-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ7։

Արցախի հարցին ի նպաստ Կանադայի Հայ դատի հանձնախմբի համագործակցությունն ազգությամբ հույն գործչի հետ առաջիկայում կարող է ստանալ նաև այլ դրսևորումներ և ունենալ այլ արդյունքներ, ինչպիսիք են՝ ա) Արցախի հետ բարեկամության պատգամավորական խմբի ստեղծումը, բ) Ստեփանակերտի հետ Կանադայի քաղաքներից մեկի (ամենայն հավանականությամբ՝ Տորոնտոյի) քույրացումը։ Այս գործընթացի շրջանակներում նախատեսվում է Տորոնտոյի քաղաքային խորհրդի պատվիրակության այցը Հայաստան՝ քույրացման պայմանագիրը կնքելու նպատակով8։ Ստեփանակերտը և Տորոնտոն քույր քաղաքներ հռչակելը կարող է ոչ միայն լուրջ նպաստ բերել Ստեփանակերտի զարգացմանը, այլև նպաստել Արցախի միջազգային ճանաչմանը՝ դառնալով այդ գործընթացի բաղադրիչներից կամ բազմաթիվ օղակներից մեկը։

Ջեյմս Կարիգիանիսի կողմից արցախյան խնդրին ի նպաստ քայլ էր նաև ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ նրա հայտարարությունը, որում նշվում էր, որ «Արցախում պատերազմը Ադրբեջանի կողմից է սկսվել»9։

Ազգությամբ հույն գործիչը զգալի ավանդ է ունեցել նաև Կանադայում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում, ինչի համար 2014թ. ՀՀ-ում արժանացել է «Մխիթար Գոշ», իսկ Արցախում՝ «Ոսկե» մեդալների10։

Անհամաչափ համագործակցության մեկ այլ դրսևորում է ԱՄՆ 115-րդ (գործող) Կոնգրեսում ազգությամբ հույն Գուս Բիլիրակիսի ընդգրկումը Հայկական հարցերով հանձնախմբի կազմում՝ որպես փոխնախագահ։ 2006թ.-ից լինելով կոնգրեսական՝ Գուս Բիլիրակիսը աչքի է ընկել իր հայանպաստ գործունեությամբ, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության դատապարտման, Թուրքիայում պետության կողմից բռնագրավված քրիստոնեական եկեղեցական գույքի վերադարձման, ինչպես նաև ԱՄՆ կողմից ՀՀ-ին և ԼՂՀ-ին հատկացվող օգնության ծավալների մեծացման հարցերում11։ Իր ծավալած ակտիվ հայանպաստ գործունեության համար հույն կոնգրեսականն արժանացել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ամենաբարձր՝ «A+» վարկանիշին12։

ԱՄՆ-ում հայ-հունական անհամաչափ համագործակցության մեկ այլ դրսևորում էլ առկա է գիտակրթական ոլորտում։ Այս ասպարեզում նշանակալի համագործակցություն է ծավալվել «Թավիթյան» հայկական հիմնադրամի և Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի միջև, որի դեկանն ազգությամբ հույն ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսն է։ Հիմնադրամի հովանավորությամբ արդեն մոտ 300 հայ պետական ծառայողներ վերապատրաստման դասընթացներ են անցել դպրոցում։ 2017թ. մայիսին «Թավիթյան» հիմնադրամի պատվիրակությունը՝ հիմնադիր նախագահ, գործարար և բարերար Ասո Թավիթյանի և Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսի գլխավորությամբ այցելել են Հայաստան և հանդիպում ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ քննարկելու համագործակցության ընդլայնման հնարավորությունները13։

Համաչափ (սիմետրիկ) մոդել

Այս մոդելի դեպքում համագործակցությունն ընթանում է կազմակերպությունների կամ անհատների միջև։ Այդպիսի համագործակցության դրսևորման ձևեր են.

Համատեղ մասնակցություն զանգվածային միջոցառումներին, որոնք շոշափում են ընդհանուր շահեր և մտահոգություններ։ Այդպիսիք են, օրինակ, Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը նվիրված միջոցառումները, որոնք կազմակերպվում են Սփյուռքի հայ համայնքներում ամեն տարի ապրիլ ամսին14։ Այդ միջոցառումներին, բացի հայկական սփյուռքի ներկայացուցիչներից, մասնակցում են նաև տվյալ երկրում այն ժողովուրդների համայնքների ներկայացուցիչները, որոնք նույնպես ցեղասպանության են ենթարկվել Թուրքիայում և որոնք այսօր նույնպես շարունակում են հալածանքների (մարդկային իրավունքների ոտնահարումներ, բռնաճնշումներ և այլն) ենթարկվել այդ երկրում։ Հունական սփյուռքն այս տեսակետից բացառություն չէ։ Օրինակ, 2017թ. ապրիլի 24-ին Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման շրջանակներում կազմակերպված Արդարության «Քայլարշաւի մասնակիցներուն միջեւ կային նաեւ ասորի, քիւրտ, հրեայ, յոյն (ընդգծումը՝ հեղ.– Վ.Հ.), եզիտի եւ մարդկային իրաւանց աւելի քան երեսուն կազմակերպութիւններու ներկայացուցիչներ»,- հղում կատարելով Լոս Անջելեսի «Ասպարեզ» օրաթերթին՝ գրում է «Նոր Մարմարան»15։ Զանգվածային միջոցառումներին տարբեր ազգային համայնքների համատեղ մասնակցությունը կարևոր նշանակություն ունի այս կան այն խնդրի (տվյալ պարագայում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցի) միջազգայնացման և հասարակական գիտակցության մեջ որպես տվյալ երկրի (այս դեպքում՝ ԱՄՆ-ի) խնդիր (նաև նրա պատմության մաս) ընկալման տեսանկյունից։

Ընտրություններում աջակցություն հայամետ և հունամետ թեկնածուներին։ Թերևս, այդպիսի համագործակցության արդյունք էր 2016թ. ապրիլին ԱՄՆ Սենատի նախնական ընտրություններում հայկական և հունական շահերի եռանդուն պաշտպան Քրիս Վան Հոլենի հաղթանակը թուրքամետ գործիչ Դոնա Էդվարդսի նկատմամբ16, չնայած վերջինիս ընտրարշավի համար ծախսված հսկայական միջոցներին17։

Աջակցություն միմյանց օրենսդրական նախաձեռնություններին։ Այսպիսի համագործակցության օրինակ է 2017թ. հունիսին հայ համայնքի նախաձեռնությամբ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի խորհրդարանի կողմից Թուրքիայում տնտեսական ներդրումներն արգելող օրենսդրական ակտի ընդունմանը18 տեղի հունական և ասորական կազմակերպությունների աջակցությունը։

Համաչափ մոդելով համագործակցության ինստիտուցիոնալացման ուղղությամբ կարևոր քայլ էր վերջերս ԱՄՆ հայկական և հունական համայնքների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

Համադրական մոդել

Համագործակցության սույն մոդելի մեջ զուգորդվում են վերոհիշյալ երկու մոդելները։ Այն դրսևորվում է հիմնականում տեղեկատվական-քարոզչական բնագավառում։

Համադրական մոդելի հետաքրքիր դրսևորումներից մեկն առնչվում է բրիտանաբնակ հույն (կիպրացի) գրող տիկին Իվ Մաքիսի՝ Հայոց ցեղասպանության թեմային նվիրված անգլերեն «The Slice Box Letter» գրքին։ Վերջինս նվիրված է Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև այն վերապրողների կյանքին։ Հընթացս ներկայացվում են նաև հայկական մշակույթը, կենցաղը և խոհանոցը։ Այսպիսով, գրքի նշանակությունը մի կողմից օտարներին Հայոց ցեղասպանության մասին իրազեկումն է (գիրքն արդեն թարգմանվել է չորս լեզուներով), իսկ մյուս կողմից՝ հայկական մշակույթի, կենցաղի ու խոհանոցի մասին տեղեկատվության տարածումը։ Մի կողմից՝ փորձ է արվում համաշխարհային հանրությանը հերթական անգամ իրազեկել Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած տառապանքների մասին, մյուս կողմից՝ գիրքը իր նպաստն է բերում հայկական «փափուկ ուժի» քաղաքականությանը, քանի որ ընթերցողին հայկական մշակույթի, կենցաղի և խոհանոցի մասին տեղեկություններ հաղորդելը նպաստելու է հայության (Հայաստանի) գրավչության մեծացմանն արտերկրում։

Հայկական սփյուռքի ներկայացուցիչներն օգնել են հույն հեղինակին ինչպես գիրքը գրելու, այնպես էլ հրատարակությունից հետո դրա մասին գովազդելու (տեղեկատվություն տարածելու) և վաճառքի հարցերում։ Գիրքը գրելու փուլում Իվ Մաքիսին օգնել է Կիպրոսի Նարեկ հայկական վարժարանների բազմամյա տնօրեն, արվեստագետ Վարդան Թաշճյանը, ում հեղինակը դիմել էր «...հայութեան եւ հայկական հարցին մասին իր տքնաջան պրպտումներու եւ հետազօտութեանց ծիրէն ներս...»19 և ով «...սիրայօժար կերպով օգնած էր հեղինակին անհրաժեշտ տեղեկութիւններ տալով հայութեան եւ հայկական ցեղասպանութեան մասին՝ թէ՛ իր հանդիպումին ընթացքին, թէ՛ ալ հեռաձայնով կամ նամակագրութեամբ...»20։

Գրքի հրատարակությունից հետո դրա գովազդման և հասարակության լայն շերտերին դրա մասին տեղեկացնելու տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցավ 2017թ. Լոնդոնում և Նիկոսիայում այդ գրքի շնորհանդեսների կազմակերպումը, որն իրականացվեց Բրիտանիայի և Կիպրոսի հայ և հույն համայնքների ջանքերով21։ Այդ շնորհանդեսների նպատակն էր գրքի մասին տեղեկատվության տարածումը հայերի և հույների շրջանում։ Բրիտանիայում դրա կազմակերպման նախաձեռնությամբ հանդես է եկել «Alkionides» բարեգործական կազմակերպության Մեծ Բրիտանիայի մասնաճյուղը՝ Կիպրոսի բարձրագույն հանձնաժողովի հովանավորությամբ։ Իսկ Կիպրոսում շնորհանդեսը կազմակերպել են Տատյանա Տեր-Ավետիսյանը, նրա մայրը՝ Գայանե Տեր-Ավետիսյանը, և ՀԲԸՄ Նիկոսիայի մասնաճյուղի ակումբը։ Ինչ վերաբերում է գրքի վաճառքին, ապա Կիպրոսի «Մուֆլոն» գրատան ներկայացուցիչ տիկին Ռութ Քեշիշյանի միջոցով սպառվեցին դրա բազմաթիվ օրինակներ։

Տեղեկատվական ասպարեզում համագործակցության կարևոր դրսևորում է նաև Կ.Պոլսում լույս տեսնող հայկական «Լույս» երկշաբաթաթերթի գործունեությունը, որում հրապարակված նյութերը Թուրքիայի «...հայ, յոյն (ընդգծումը՝ հեղ.– Վ.Հ.), հրեայ հաւաքականութիւններու ընկերային կեանքն է որ կը լուսաբանեն...»22։ Պարբերականի գործունեությունը մեր կողմից դասվել է համադրական մոդելով համագործակցության ծիրում՝ նկատի ունենալով, որ այդ գործունեությունը հնարավոր է իրականացնել միայն Թուրքիայի հունական (ինչպես նաև հրեական) համայնքը ներկայացնող անհատների ու կազմակերպությունների աջակցությամբ։ Երկշաբաթաթերթն ազատ ամբիոն է Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների համար, որը, բացի տեղեկատվական հաղորդագրություններից, նաև «...հարցազրոյցներով, զանազան ասպարէզներէն ներս համայնքայիններու ունեցած յաջողութիուններով, հայաշխարհէն հասած լուրերով կը գունաւորէ թերթը»23։ Բացի տպագիր հրատարակությունից, գործում է նաև «Լույս» համացանցային հեռուստատեսությունը։

Եզրակացություններ և առաջարկություններ

Ամփոփելով՝ կարող ենք կատարել հետևյալ դիտարկումները.

1. Սփյուռքում հայ-հունական համագործակցությունը դրսևորվում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով, որում, բացի հայկական և հունական համայնքներից, ընդգրկվում են նաև ասորական, քրդական և եզդիական համայնքները։

2. Հայ-հունական համագործակցությունը դրսևորվում է հիմնականում քաղաքական և որոշ չափով՝ տեղեկատվական-քարոզչական ոլորտներում։ Տնտեսական և գիտական բնագավառներում այն կամ գոյություն չունի, կամ աննշան է։

3. Քաղաքական ասպարեզում համագործակցության բազմաթիվ դրսևորումներին կարելի է ավելացնել նաև համագործակցությունն ընտրություններում։ Այս դեպքում երկու համայնքների լոբբիստական կառույցներն ընտրություններում (տեղական, նահանգային և համապետական) կարող են միասնաբար սատարել հայկական կամ հունական համայնքի ներկայացուցչին՝ պայմանով, որ վերջինս ընտրվելու դեպքում պետական մարմիններում պաշտպանի երկու ժողովուրդների շահերը։

4. Տեղեկատվական ոլորտում համագործակցության ինստիտուցիոնալացմանը կնպաստեր հայ-հունական լրատվամիջոցների (թերթ, հեռուստատեսություն, ռադիո կամ էլեկտրոնային կայք) հիմնումը, որոնք կլուսաբանեին երկու ժողովուրդների խնդիրները։ Դա, բացի միջոցների համախմբման օրինակ լինելուց, կնպաստեր նաև հայկական և հունական խնդիրների մասին աշխարհում տեղեկացվածության բարձրացմանը, ինչպես նաև երկու ժողովուրդների հոգևոր-մշակութային էլ ավելի մերձեցմանը։

5. Գիտական ոլորտում կարելի է զարկ տալ, ինչպես անհատ հայ և հույն մասնագետների կողմից համատեղ գիտական հետազոտությունների իրականացմանը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներով, այնպես էլ հայկական և հունական գիտական հաստատությունների (կենտրոնների) միջև տարբեր ձևաչափերով համագործակցությանը՝ համատեղ գիտաժողովների կազմակերպում, համատեղ գիտակրթական և հետազոտական ծրագրերի ֆինանսավորում և այլն։

6. Գիտության ոլորտում նույնպես կարևոր նշանակություն ունի համագործակցության ինստիտուցիոնալացումը, ինչի համար անհրաժեշտ է հիմնել հայ-հունական գիտակրթական հաստատություններ։ Այս ուղղությամբ առաջին քայլը կարող է լինել համատեղ «ուղեղային կենտրոնների» ստեղծումը, որոնք զարգանալով հետագայում կարող են վերաճել համալսարանների կամ այլ գիտական հաստատությունների։ Այս գործին էապես կարող է նպաստել Հայաստանի «ուղեղային կենտրոնների» (Օրինակ՝ «Նորավանք» ԳԿՀ-ի) մասնաճյուղերի հիմնումը Սփյուռքի համայնքներում, քանի որ վերջիններս կարող են նախաձեռնել ինստիտուցիոնալ մակարդակով հայ-հունական համագործակցություն, այդ թվում նաև՝ համատեղ գիտակրթական հաստատություների ստեղծում։

7. Տնտեսության ոլորտում այս պահին դժվար է կոնկրետ առաջարկություններով հանդես գալ, քանի որ՝ ա) նախկինում այդպիսի համագործակցության որևէ դրսևորում մեզ հայտնի չէ, բ) տնտեսությունն այն բնագավառն է, որին լավագույնս տիրապետում են հենց այդ ոլորտի գործիչները՝ գործարարները։ Այնուամենայնիվ, 1992թ. Աթենքում հայ և հույն գործարարների նախաձեռնությամբ ստեղծված Հունա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի24 օրինակով որպես առաջնային քայլ կարելի է սկսել արտերկրում հայ-հունական գործարար խորհուրդների կամ առևտրային ցանցերի ձևավորումից՝ տեղեկատվության փոխանակման և խորհրդատվական նպատակներով։

1 Որոշակիորեն սփյուռքում ադրբեջանական և թուրքական լոբբիների դաշնակից է համարվում նաև հրեական լոբբին։

2 Ավելի ակտիվ աշխատանքի դեպքում հայկական սփյուռքի դաշնակիցների թիվը կարելի է ընդլայնել՝ ընդգրկելով նաև արաբական, ռուսական և իրանական համայնքները։

3 Տե՛ս ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Նիկոս Կոձիասի համատեղ մամլո ասուլիսի տեսագրությունը,

http://www.mfa.am/hy/press-conference/item/2017/03/10/min_gr_pc/

4 Հունական և կիպրական պատվիրակությունների այցերը Երևան և բանակցությունները ՀՀ պատկան մարմինների հետ տեղի ունեցան 2017թ. հունիսին։ Տե՛ս ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն, http://hayernaysor.am/archives/250756; Քննարկվել են հայ-կիպրական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր, http://newspress.am/archives/62455; ՀՀ ազգային ժողովի նախագահն ընդունեց Կիպրոսի նախագահի հանձնակատարին, http://hayernaysor.am/archives/250817; Հույն գործընկերների հետ քննարկվեցին համագործակցության հեռանկարները, http://hayernaysor.am/archives/251471

5 Նախարար Ն.Կոձիասը որպես համագործակցության ոլորտ հիշատակեց նաև պատմությունը։ Կարծում ենք, դրանով նկատի է ունեցվել ցեղասպանությունների միջազգային դատապարտումը, որին կարելի է ավելացնել նաև բյուզանդական ժառանգության վերաիմաստա-վորումը:

6 Տորոնտոյի քաղաքային խորհրդի անդամ Ջեյմս Կարիգիանիսն այցելեց Սփյուռքի նախարարություն, http://hayernaysor.am/archives/234333

7 «Ես Ադրբեջանի «սև ցուցակ»-ում եմ և չեմ մտածում այդ մասին». Ջեյմս Կարիգիանիս,

http://hayernaysor.am/archives/234817

8 Նույն տեղում։

9 Նույն տեղում։

10 Տորոնտոյի քաղաքային խորհրդի անդամ Ջեյմս Կարիգիանիսն այցելեց Սփյուռքի նախարարություն, http://hayernaysor.am/archives/234333

11 Տե՛ս ANCA Welcomes Rep. David Trott as New Republican Co-Chair; Rep. Gus Bilirakis as Vice-Chair of the Congressional Armenian Caucus, http://hayernaysor.am/en/archives/227283

12 Տե՛ս https://anca.org/congress/gus-bilirakis-216-114/

13 Տե՛ս ՀՀ վարչապետ. «Շահագրգռված ենք, որպեսզի «Թավիթյան» հիմնադրամն ընդլայնի իր գործունեությունը», http://www.gov.am/am/news/item/12966/#

14 Թեև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման օրը պաշտոնապես ապրիլի 24-ն է, սակայն ոգեկոչման միջոցառումները Սփյուռքում չեն սահմանափակվում միայն այդ օրով։ Դրանք ընդգրկում են ավելի լայն ժամանակահատված։

15 Տասնեակ հազարաւոր հայեր ու զօրակիցներ Լոս Անճէլըսի մէջ մասնակցեցան Արդարութեան քայլարշաւին, Նոր Մարմարա, 26.04.2017։

16 Turkish Caucus Member Donna Edwards Defeated in Senate Primary, http://www.aaainc.org/in-dex.php?id=7&no_cache=1&newsID=634&utm_source=Copy+of+AAA%3A+2016+Election&utm_cam-paign=AAA%3A+British+Foreign+Secretary&utm_medium=email

17 Տե՛ս Soylu R., Turkish Lobby in US Hits Record High in Campaign Donations, https://www.dailysabah.com/columns/ragip-soylu/2015/12/24/turkish-lobby-in-us-hits-record-high-in-campaign-donations

18 Տե՛ս Գալիֆորնիոյ նահանգային խորհրդարանը վաւերացուց Թուրքիոյ մէջ նահանգին ներդրումները ետ քաշելու նախագիծը, Նոր Մարմարա, 07.06.2017։

19 Գույումճեան Ե., Հանրայայտ Գրող Իվ Մաքիս Նիկոսիոյ ՀԲԸՄ-Ի Ակումբին Մէջ,

http://hayernaysor.am/cl/archives/247283

20 Նույն տեղում։

21 Նույն տեղում։

22 «Լոյս» պարբերականի տարեկան ճաշկերոյթն ու «Ամենա...»ներու մրցանակաբաշխութիունը, Նոր Մարմարա, 29.05.2017

23 Նույն տեղում։

24 Տե՛ս Հայ-հունական առևտրատնտեսական կապերը կակտիվանան, https://b24.am/mobile/economy/40896.html


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր